«Սարերում կյանք կա…». թատերական ներկայացման պրեմիերա Կողբի Մշակույթի կենտրոնում

Հոկտեմբերի 23-ին Կողբ գյուղի Մշակույթի կենտրոնի թատրոնում կայացավ Լիանա Անթառանյանի պիեսի հիման վրա բեմադրված «Սարերում կյանք կա…» ներկայացման պրեմիերան։ 

Դահլիճը լեփ-լեցուն էր թատերասեր նոյեմբերյանցիներով, ովքեր երկար էին սպասել թատրոնի վերաբացմանը։

Ներկայացումը ծնողի ծանր ապրումներն են, որ որդիները հեռացել են հայրենիքից և  սփռվել աշխարհով մեկ։ 

Պրեմիերային ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում` պիեսի հեղինակը և Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը։ 

Ներկայացումը, բացի պրեմիերայից, ևս երկու օր ցուցադրվել է Կողբի Մշակույթի կենտրոնում ևս երկու օր, ապա նաև ներկայացվել է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում, Ոսկեպարի և Կոթիի Մշակույթի տներում։






Տավուշյան զրույց Նունե Պողոսյանի հետ

Հրավիրում ենք մեզ հետ «տեղափոխվելու» Բերդի տարածաշրջան՝ տավուշյան զրույցի:

Տիկին Նունեի հետ խոսել ենք տարածաշրջանի կյանքին միշտ կապված իր կյանքի ճանապարհի, որպես կին հաղթահարած դժվարությունների, պատասխանատու աշխատանքի և ընտանիքի, ստեղծագործելու և նորից ու նորից Տավուշի մասին։ 

Նունե Պողոսյանը նախկին Շամշադինի շրջանի առաջին կին փաստաբանը, դատախազը և ապա՝ դատավորն է եղել, Բերդ քաղաքում բացել է փաստաբանական առաջին գրասենյակը։ Ասում է՝ պատմելու շատ բան ունի․ 2013 թվականից՝ վաստակած հանգստի անցնելուց հետո ստեղծագործում է, իսկ տարածաշրջանի համն ու հոտն արդեն առանց նրա զրույցների անհնար է պատկերացնել։






Յուրա Ամիրխանյանի «Կոթի» գրքի շնորհանդեսը հեղինակի հայրենի գյուղում

Կոթի գյուղի մշակույթի տանը հոկտեմբերի 9-ին կայացավ Յուրա Ամիրխանյանի «Կոթի» գրքի շնորհանդեսը` լրացված ու վերամշակված տարբերակով:

Գրքի հեղինակ Յուրա Ամիրխանյանը Կոթի գյուղից է. մեզ հետ զրույցում պատմեց, որ նպատակը Կոթիի դարերի պատմության ամբողջացումն ու դրա ներկայացումն է հանրությանը: Թեև գյուղը երկար տարիներ ու մինչ օրս 3 կողմից շրջապատված է ադրբեջանական գյուղերով, երբեք չի դատարկվել ու չի կորցրել իր հայկական դիմագիծը:

Շնորհանդեսի միջոցառմանն ներկա էին ու եկել էին շնորհավորելու Կոթի գյուղի բնակիչները, հեղինակի գործընկերներն ու մեր հայրենակիցները` Հայաստանի այլ վայրերից, իսկ Կոթի բնակավայրի վարչական ղեկավարը գյուղի անունից շնորհակալագիր հանձնեց Յուրա Ամիրխանյանին` կատարած աշխատանքի համար:

Միջոցառումն իրենց ազգային երգուպարով զարդարեցին Կոթիի մշակույթի տան սաները․ երեխաները մեջբերումներ կատարեցին նաև հեղինակի գրքից:






Չինարիի դպրոցի տիկնիկային թատրոնը շուտով այցի կգա ձեզ․ տիկնիկագործության խմբակ սահմանապահ գյուղում

Չինարիի դպրոցի շրջիկ տիկնիկային թատրոնը շուտով այցի կգա ձեզ

Էլիզա Ամիրխանյանը 2021 թվականից «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակներում Երևանից տեղափոխվել է սահմանապահ Չինարի՝ գյուղի դպրոցում դասավանդելու։

Առօրյա դասերից բացի, նա նաև տիկնիկագործության խմբակ է հիմնադրել, և այժմ երեխաների հետ միասին շրջիկ տիկնիկային թատրոն ունենալու առաջին քայլերն են անում․ ստեղծում են սեփական տիկնիկները՝ աշխարհի ամենագունագեղ ու բարի կերպարներին։

Էլիզան միտք ունի երեխաների հետ շրջել Տավուշի գյուղերում և հանդես գալ մանկական տիկնիկային ներկայացումներով։






«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ համերգը Բերդում

Օրերս Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ, հաշվետու համերգը: Համերգների շարքի մեկնարկը տրվել էր Բերդ համայնքի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր և Տավուշ գյուղերից:

Հանդիսատեսը համույթի ելույթի ընթացքում ունկընդրեց և վայելեց հայկական, ազգային, Ժողովրդական և աշուղական երաժշտություններ ու երգեր:

«Ժողովրդական երգարվեստը և պարարվեստը տավուշյան արմատներում սերմանված են, և այն սերնդեսերունդ կրում ենք և պարտավոր ենք կրել»,- իր ելույթում նշում է «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի համահիմնադիր Արմեն Մելիքյանը:

«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթը ստեղծվել է «Բերդ մշակույթի կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից՝ Բերդի համայնքային մշակույթի տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Տավուշ ՀԸ-ի գործընկերությամբ: Համույթի նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական, ազգային, ժողովրդական երգարվեստը: Այն նպատակ ունի նաև ժողովրդական երգի միջոցով նպաստելու սերդունդների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորմանը․ հենց այդ նպատակով է, որ համույթի կազմում ներգրավված են Բերդ համայնքի և տարածաշրջանի բնակավայրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ:






«Ապրեցնող երկխոսություն» Նոյեմբերյանում

«Տղե՛րք, առանց ձեզ դժվար է, բայց կապրենք, դժվար է երազել, բայց կերազենք, դժվար է հավատալ, բայց կհավատանք, տղե՛րք»։

«Մետրո» թատրոնի թատերախումբը Նոյեմբերյանում ներկայացրեց 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի պատմվածքների հիման վրա բեմադրված «Ապրեցնող երկխոսություն» ներկայացումը։ Պատմվածքները, որոնք Վարդանը գրել է 11-13 տարեկանում, ոչ թե բեմադրված էին, այլ բեմից պատմվում էին և հանդիսատեսին հասցնում Վարդանի ուղերձները։

Բեմադիչ-ռեժիսոր Էդգար Մեհրաբյանի խոսքով՝ «Ներկայացման վերնագիրն էլ պատահական չի ընտրված, որովհետև իսկապես յուրաքանչյուր բառ ապրեցնում է․ կվերցնենք դա մեկ ժամվա համար, թե տասը օրվա համար, թե մեր ամբողջ կյանքի համար՝ դա արդեն երևի մեր անձնական խնդիրն է»։

Թատերախմբի անդամները խոստովանում են, որ ներկայացումների ընթացքում մշտապես զգում են Վարդանի ներկայությունը և նրա հոգևոր ուժը։

Դերասանուհի Էվելինա Ստեփանյանն ասում է, որ «ներկայացումը կոչ է ապրելու՝ շարունակելու ապրել, ու ապրել լրիվ ուրիշ կերպ՝ պատերազմից հետո»։

Ներկայացման ընթացքում պատմվածքներին զուգահեռ անդրադարձ է կատարվում պատերազմի թեմային և այդ ժամանակվա ապրումներին։






Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն․ Տավուշի ձայները Մարզահամերգային համալիրում

Դեռևս մեկ ամիս առաջ՝ Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախմբի տարեվերջյան ամփոփիչ համերգին, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ Queen խմբի երգացանկից ընտրանու կատարումը կարող է ճակատարգրական լինել․ հենց այս կատարումն էր, որի շնորհիվ փոքրիկ տավուշեցիները հասան Մարզահամերգայինի մեծ բեմ։

Սեպտեմբերի 7-ին՝ Starmus VI փառատոնի շրջանակներում կայացած Another World համերգի ընթացքում արդեն մանկապատանեկան երգչախումբը «ցնցեց» համալիրն ու գրավեց հանդիսատեսի սրտերը։ Բեմից նրանց ներկայացրեց Queen-ի լեգենդար կիթառահար Բրայան Մեյը։

Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը հիմնադրվել է դեռ 2016 թվականին՝ թեմակալ առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնությամբ և նախաձեռնությամբ։ Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան է՝ հոգևոր և հայրենասիրական երաժշտությունից մինչև ժամնակակից էստրադա և ռոք։

Երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն այժմ Մարիա Գալստյանն է․ յուրաքանչյուր պարապմունքի և փորձի համար նա մայրաքաղաք Երևանից է հասնում Տավուշի թեմի առաջնորդարան, ինչպես ինքն է ասում՝ «ժամադրելու երեխաներին գեղեցիկի հետ»։

Տավուշի թեմի առաջնորդարանում «ճակատագրական» կատարումից մինչև Starmus փառատոն երգչախմբի անցած ճանապարհի և մանուկների զգացումների մասին պատմել ենք տեսանյութով՝ ստորև։

Նաև՝ ահա թե ինչ էր ասում Բրայան Մեյը երգչախմբի ելույթի մասին․

Իսկ այս տեսանյութում էլ վավերագրել ենք երգչախմբի՝ Իջևան վերադառնալուց հետո առաջին պահերը․




44-ի Վերածնունդը. Իջևանում բեմ է բարձրացել Մերի Չիբուխչյանի և M Dance Studio-ի նոր ներկայացումը

«Պատերազմից հետո մոտ երկու տարի է անցել, ու շատ հերոսների ընտանիքներում զավակներ են ծնվում, շատ աղջիկներ փորձում են նոր ընտանիքներ կազմել, շատ մայրիկներ փորձում են ապրել այս դժվար ժամանակներում, և դա ինձ համար վերածննդի լավագույն օրինակն է․․․»․ պարուսույց Մերի Չիբուխչյանի նոր ներկայացումը կրում է «44-ի Վերածնունդը» խորագիրը։

Սա Մերիի և M Dance Studio-ի երկրորդ ներկայացումն է, որ կայանում է Իջևանի Մշակույթի պալատում։ Նախորդ տարի նույն վայրում բեմին էր մեկ այլ՝ «Չբացված հույսի առավոտը» խորագրով պարային ներկայացումը։

Մերին պատմում է, որ կան զգացմունքներ, որոնք հնարավոր է արտահայտել միայն արվեստի լեզվով, և այդ զգացմունքերից կազմված պատմության մասերից էլ ծնվել են երկու ներկայացումները։ 44-օրյա պատերազմում անմահացած Մանվելի նորածին եղբորը՝ Էմանուելին և նրա՝ կրկին ապրող ընտանիքը տեսնելով է Մերին հասել վերածննդի պատկերին, որին էլ նվիրված է նոր ներկայացումը։

«Ինձ համար ամենակարևոր խորհուրդն այն է, որ յուրաքանչյուրիս մեջ էլ տղերքն ապրում են․ այսինքն՝ քանի դեռ մենք կանք, քանի դեռ հիշում ենք, խոսում իրենց մասին՝ իրենց պատմություններն անավարտ չեն մնացել»․ ասում է Մերին։

Ուղիղ եթերով հեռարձակված ներկայացումը՝ այստեղ։

 




Մուլտֆիլմերի ցուցադրություն Նոյեմբերյանի Մշակույթի տանը

Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ ժամը 17:00-ին, Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը մանուկներինն է։

Մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի նախաձեռնությամբ Նոյեմբերյան համայնքի մանուկների համար մեծ էկրաններին ցուցադրվում են հայկական և արտասահմանյան սիրված մուլտֆիլմեր։

Մանրամասները պատմում է Նոյեմբերյան համայնքից մեր թղթակից Հրանուշ Անանյանը։






Կինոդիտում մանուկների ու պատանիների համար․ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերն Իջևանում էին

Հայաստանում 18-րդ անգամ մեկնարկեց «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը։

Հուլիսի 29-ին Տավուշի թեմի առաջնորդարանում Իջևան համայնքի բնակավայրերի երեխաները, պատանիները, ծնողները հնարավորություն ունեցան դիտել միջազգային մրցանակների դափնեկիր ֆիլմարտադրողների ֆիլմեր։

Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի տնօրեն Մերի Գևորգյանի խոսքերով՝ «Իջևանի հանդիսատեսը մեծ ոգևորությամբ և ակտիվությամբ է մասնակցել դիտումներին, հատկապես՝ ամառային, արձակուրդային այս շրջանում։ Փառատոնի շրջանակներում ընդգրկված կինոշարքը մեծ հնարավորություն էր ընտանիքով գեղեցիկ ժամանակ անցկացնելու համար»։

Կինոփառատոնի շրջանակում Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող երեխաները և պատանիներն ակտիվորեն ներգրավվեցին և մասնակից եղան նախատեսված ծրագրին։

«Մեզ համար շատ կարևոր է, որ երեխաները ֆիլմերի և անիմացիայի միջոցով կարողանում են նոր աշխարհներ ճանաչել։ Դա այլոց մշակույթն է, սեփական մշակույթն է և այն ամենը, ինչ որ այսօր իրենց հետաքրքրելու է։ Եթե երեխաները մանկուց կարողանում են հետաքրքիր սյուժեներով ապրել այն, ինչ կոչվում է և ինչ որ իրենց համար լինելու է կյանքը, նրանք արդեն պատրաստ են լինելու․․․»․ նշում է Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը։

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի շրջանակներում այս տարի ցուցադրվել է 75 ֆիլմ՝ 28 երկրներից։

Փառատոնի նպատակն է երեխաների, պատանիների և երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ ստեղծել նպաստավոր պայմաններ՝ օգտագործելով այն որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ։