Ցուցահանդես Նոյեմբերյանում՝ նվիրված կանանց միամսյակին

Թաղիքագործության և գորգագործության ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Նոյեմբերյանում օրերս ներկայացվեց վարպետ, թաղիքագործ Դիանա Մամյանի և մանկավարժ, գրող, գորգագործ Անուշ Ալեքսանյանի աշխատանքները:

Հեղինակ` Հրանուշ Անանյան:




Սարիգյուղի մշակույթի տան կիսավթարային իրականությունը

Սահմանամերձ Սարիգյուղն է` հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց շարքում մտահոգիչ ու խնդրահարույց է անմխիթար ու կիսավեր մշակույթի տունը: Այն շահագործման է հանձնվել 1984 թվականին, իսկ 2007թվականից արդեն դադարեցրել է իր գործունեությունը: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչ բազմամարդ միջոցառումներ էին անցկացվում գյուղում. դրոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։ Տավուշ Մեդիան 2021 թվականից  գնաց Սարիգյուղի մշակույթի տան ավերակի վերածած թալանի հետքերով: Տեղեկություն ունեինք, որ դրամահավաք է իրականացվել, ինչպես նաև՝ միջամտել են տեղական ինքնակառավարման մարմինները:

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է, և հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ պահպանված նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության ու փառքի մասին։ Ավելին՝ այսպես շարունակվելու և մաս մաս տարհանվել-տեղահանվելու դեպքում շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։ Նախկինում Սարիգյուղի մշակույթի տան նորոգման գումարը հավաքելու նպատակով միջոցառումների շարք էր սկսվել՝ «Սարի FEST» խորագրով։ Նախաձեռնողները հույս ունեին ներդրողների, նվիրատվությունների, դրսում բնակվող գյուղի նախկին բնակիչների միջոցով հավաքել շենքի նորոգման համար անհրաժեշտ գումարը։ Տեղեկանալով այս մասին, Տավուշ հեռուստաընկերությունը Սարիգյուղի մշակույթի տան հիմնախնդրին անդրադարձ կատարեց դեռևս 2022 թվականի տարեսկզբին,  որից հետո համայնքային ու պատկան կառույցների ուշադրության սլաքը ուղղվեց խնդրի շուտափույթ կարգավորմանը։ Ձևավորվեց համայնքային ակտիվ նախաձեռնող խումբ՝ բնակչության մասնակցությամբ։ Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր:

Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը՝ որպես համայնքային համախմբան և ջատագովության արշավներ իրականացնող կառույց, սկսեց ուսումնասիրել հիմնախնդիրը, ստեղծեց  երկխոսության հարթակ՝ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2022 թվականի ընթացքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում հույս ունեն, ոմանք էլ վստահ են, որ շատ շուտով խնդիրը  լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ են ունենալու: Տավուշ Մեդիան էլ վստահություն է հայտնում, որ իր ուշադրության կիզակետում կպահի մշակութային այս օջախի և բազում այլ լուծման կարոտ խնդիրները:

 

 




Տավուշեցի հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանի պատմությունը

Մեր հայրենակից, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը ՏավուշTV-ին ներկայացրել է իր ստեղծագործական ճանապարհի պատմությունը՝ սկսած այն ժամանակից, երբ կիթառ ունենալը միայն անհաս երազանք էր թվում, մինչև այսօր արդեն իր սեփական սաներին ոգեշնչելը։
Կարինեն ասում է, Երևանից դուրս ստեղծագործելու առավելությունն այն է, որ բնության հետ իր կապը շատ սերտ է եղել, և այդ կապն է, որ թույլ է տվել բնության մեջ տալ հարցեր ու գտնել դրանց պատասխանները։ Իր իսկ երգի խոսքերով՝

«Միայնությունը հասցրել է խորին ինքնահասկացման,
Եվ լռությունը իր գաղտնիքներն է շռայլել անգին․․․»




Թեյախմություն և զրույց՝ «Նովել» արվեստանոց-թեյարանի նախաձեռնությամբ

Թեյախմություն և զրույց մշակութային միջավայրում. Դեկտեմբերի 27-ին Նովել արվեստանոց-թեյարանը համախմբել էր մի խումբ արվեստասերների:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ գեղանկարչության վարպետաց դաս, ամանորյա տոնավաճառ, համերգային ծրագիր:
Միջոցառումը կազմակերպվել էր Նովել արվեստանոց-թեյարանի կողմից՝ EU4Culture-ի «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում՝ Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի աջակցությամբ։




«Տավուշն իմ աչքերով». նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես-փառատոն Դիլիջանում

Դեկտեմբերի 22-ին Դիլիջանի արվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Տավուշն իմ աչքերով» խորագիրը կրող Երիտասարդ նկարիչների մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնը։

Ցուցահանդես-փառատոնին մասնակցում էին Տավուշի մարզ Իջևան, Բերդ, Նոյեմբերյան և Դիլիջան տարածաշրջանների մշակութային հաստատություններն իրենց տարբեր մասնագիտական բաժիններով:

Դիլիջանի արվեստի պետական քոլեջի նախասրահում ցուցադրվել էին փառատոնի մասնակիցների աշխատանքները, իսկ համերգային մասում լավագույնս ներկայացան երաժշտական, պարարային համույթներն ու անհատ կատարողները:
«Տավուշն իմ աչքերով» մարզային, մշակութային ցուցահանդես – փառատոնն իրականացվել է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։




«Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը

Տավուշի թեմի առաջնորդարանում գործող «Թելիկ» կենտրոնի ստեղծագործ կանանց ձեռքի հերթական աշխատանքը հայկական «շուլալ» կարպետն է։ Կարպետի այս ձևը յուրահատուկ է հատկապես Տավուշի տարածաշրջանում։ Հավատարիմ մնալով կարպետ կտրելու ավանդույթի արարողությանը, դեկտեմբերի 16-ին «Թելիկ» կենտրոնում տեղի ունեցավ գորգ կտրելու խորհրդավոր արարողությունը։

Կարպետի պատվիրատուն Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրն է։ «Շուլալ» կարպետը բնորոշ է նաև Սյունիքին ու Արցախին,  նմանօրինակ նմուշներ եղել են նաև Շուշիի գորգերի թագարանում։

Տավուշյան ձեռագործության ավանդույթները վերականգնող ու հանրահռչակող այս կենտրոնում արարվում են կարպետներ, որոնք ունեն դարերի պատմություն։ «Թելիկի» աշխատանքի շնորհիվ մոռացության մատնված կարպետները վերածնվում և ներկայանում են նորովի։




«Իմ բնաշխարհի գույները»․ ցուցահանդես Նոյեմբերյանում

Նոյեմբերի 22-ին Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ Դովեղ գյուղից գեղանկարիչ Հրանտ Կիրակոսյանի «Իմ բնաշխարհի գույները» խորագրով անհատական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին ներկայացված էին գեղանկարչի վերջին 6 տարիների աշխատանքերը, որոնք արտացոլում էին Նոյեմբերյանի բնաշխարհը։
Ցուցահանդեսի ընթացքում Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը բարձր գնահատեց նկարչի վաստակը և հանձնեց պատվոգիր` արդի հայ մշակույթին մատուցած ծառայությունների և իր ստեղծագործություններում հայրենի բնաշխարհը լավագույնս ներկայացնելու համար:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




«Արվեստի ուժը»․ ինքնուս արվեստագետների աշխատանքների ցուցահանդես Բերդավանում

«Արվեստի ուժը» խորագրի ներքո Բերդավանի Գեղագիտական կենտորնում իրականացավ բերդավանցի ինքնուս արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը: Բերդավանը հայտնի է ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլև այդ բնության գույները արվեստի տարբեր բնագավառներում արտացոլող տաղանդաշատ արվեստագետներով, և հենց այդ արվեստագետների աշխատանքների ներկայացման ու տարածման նպատակով էլ գեղագիտական կենտրոնը կազմակերպել էր ցուցահանեսը։

Միջոցառմանը ներկայացված էր տարաբնույթ արվեստի գործեր՝ քանդակներ, կտավներ, ձեռագործ աշխատանքներ. Ցուցահանդեսը ևս մեկ առիթ էր ճանաչելու ինքնուս արվեստագետներին, ճանաչել ու և արժևորելու նրանց գործերը:
Մեծ ու փոքր բերդավանցիները՝ իրենց աշխատանքներով կարողացան փոխանցել արվեստի մասին սեփական պատկերացումները և արտահայտել «Արվեստի իրենց ուժը»:

Ցուցահանդեսի ընթացքում երաժշտական ու պարային կատարումներով ներկայացան նաև գեղագիտական կենտրոնի սաները: Ցուցահանդեսը տևելու է 1 շաբաթ. արվեստասերները կարող են ուսումնասիրել ինքնուս արվեստագետների աշխատանքները միչև նոյեմբերի 30-ը:




Հաղարծնի դպրոցը և Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը մասնակցեցին ստվերախաղքի փառատոնին

Ստվերախաղքի 3-րդ ազգային փառատոն միտված էր նոր շունչ տալ հին արվեստի տեսակին: Փառատոնին մասնակցում էին 13 թատերական խմբեր Հայաստանի տարբեր մարզերից` այդ թվում Տավուշի մարզից` Հաղարծին գյուղը և Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնի ստվերախաղքի թատրոնը:




«Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսություն Իջևանում

Նոյեմբերի 19-ին Տավուշի թեմի առաջնորդարանի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնում կայացավ «Հայկական տարազ և հայկական զարդանախշերի խորհրդաբանություն» խորագրով բանախոսությունը, որը վարեց ազգագրագետ, ոճաբան-դիզայներ Վահե-Սեմա Քոթանյանը: Էթնիկ հայկական տարազի և զարդանախշերի աշխարհը հարուստ է և բազմազան, իսկ դրանց խորհրդաբանական մեկնությունը՝ առավել հետաքրքական։ Բանախոսության նպատակն էր ներկաներին իրազեկել և ծանոթացնել հայկական յուրահատուկ տեքստիլ և ճիշտ տարազային մշակույթի հետ ՝ թիրախավորելով Սյունիք-Արցախյան տարազախումբը , բարձրացնելով մեդիա դաշտում մշակույթի հանդեպ մեդիագրագիտությունը, որը կանխելու ձև է ներկայիս թշնամական մշակութային ինտեգրմանն ու կեղծիքին :

Ծրագիրը կազմակերպել էր VANI ART Studio-ն՝  EU4Culture ծրագրի շրջանակներում։