Մշակույթի ոլորտի խնդիրները՝ սահմանամերձ բնակավայրերում

Մշակույթի ոլորտի խնդիրները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում․ Քննարկում ՏավուշTV-ի եթերում

Տավուշ TV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի ու երիտասարդության բաժնի պետ Լիլիթ Ղալումյանի, Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանի ու Ոսկեվանի մշակույթի կենտրոնի տնօրեն Արթուր Մելքոնյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում մշակույթի զարգացմանն խանգարող մարտահրավերները, դրանք հաղթահարելու ճանապարհներն ու հեռանկարները։
Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր կարծիքներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Իջևանի «M» պարային համույթը՝ «Հայասա» մրցույթ-փառատոնի հաղթող

Իջևանի «M» պարային համույթը, մասնակցելով «Հայասա» ազգային մշակույթի պահպանման առաջին համահայկական մրցույթ-փառատոնի բոլոր փուլերին, հաղթող է ճանաչվել եզրափակչում՝ Իջևան բերելով փառատոնի ոսկե մեդալը: «Հայասա» մրցույթ-փառատոնը անցկացվել է մի քանի բաժիններով՝ երգարվեստ, ասմունք, ստեղծագործական, կերպարվեստ և պարարվեստ:
Պարային համույթի սաները նախ մասնակցել են փառատոնի նախընտրական փուլին, որից հետո ստացել են հնարավորություն մասնակցելու բուն մրցույթ-փառատոնին՝ ներկայացնելով «Նազանի» հայկական պարը: Սաներից շատերը առաջին անգամ էին մասնակցում նմանատիպ մրցույթի, և նման հաղթանակը առաջին հերթին ոգևորության նոր աղբյուր է:

Պարային համույթը գործունեություն սկզբից առ այսօր բազում մրցույթների է մասնակցել. այդ մասին վկայում են նաև պատին փաքցված պատվոգրերն ու մասնակցության հավատագրերը: «Հայասա» ազգային մշակույթի պահպանման առաջին համահայկական մրցույթ-փառատոնի կողմից պարային համույթը ստացել է ոսկե մեդալ ու շնորհակալագիր՝ հայ արվեստի պահպանման գործում ներդրած ավանդի համար:




«Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը՝ Իջևանի երաժշտական դպրոցում

Հոկտեմբերի 6-ին Իջևանի երաժշտական դպրոցը «Քույր-դպրոցներ» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Երևանի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաներին և մանկավարժներին:
Իջևանի երաժշտական դպրոցն արդեն արդեն 4-րդ քույր դպրոցի հետ է համագործակցում: Այս տարի համերգային ծրագրին մասնակցում են նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի երաժշտական դպրոցների աշակերտները: Համերգի ընթացքում հնչել են հայ և համաշխարհային հեղինակների ստեղծագործություններ: Մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտառկա ու գործող հարթակ:
Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն են ստանում մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով: Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 3-ից մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի աշնանային շրջափուլը:




Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Վալանս, Ֆրանսիա

ՏավուշTV-ի եթերում «Աշխարհի Ծայրերից» հաղորդաշարն է` ֆրանսիական շնչով:
Այս հաղորդման ընթացքում Ասպրամ Սարատիկյանին է միացել Հրանտ Ղազումյանը. նրանք պատմում են Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքի մասին, որն Իջևանի քույր քաղաքն է:

Վալանսի մշակույթի, տեղի տաղանդավոր հայերի ու շատ ավելիի մասին` միացե՜ք ու հետևեք «Աշխարհի Ծայրերից» ձեզ հասնող ֆրանսիական պատմություններին։

Իսկ մեր հաջորդ ֆրանսիական հաղորդումը հենց Ռասթկելենյան ընտանիքի մասին կլինի: Եղեռնից փրկված մի ընտանիք, որ արհավիրքներն ու փորձությունները հաղթահարելով, հայտնվել է Ֆրանսիայում՝ Վալանսում, վերընձյուղվել, սերնդեսերունդ փոխանցելով հայի ինքնությունը, լեզուն, հավատը, մշակույթը, արվեստն ու արհեստները:

Բաց չթողնեք արևմտահայ Ռաստկելենյանների ընտանիքի պատմությունը, որն ասես հավաքական մի կենսագրություն է հարյուր հազարավոր հայերի: Նրանք այսօր Ֆրանսիայի հարգարժան քաղաքացիներ են՝ մշտապես կապված ու հանգուցված Հայաստանի Հանրապետությանը:




Արևելյան գործընկերության երկրների ցանցային համաժողովը Վրաստանում

Վրաստանի Թելավ քաղաքում հոկտմբերի 5-ին մեկնարկեց է Արևելյան գործընկերության երկրների թվով 3-րդ համաժողովը, որին մասնակցում են 14 քաղաքներ՝ 5 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ Իջևան քաղաքի իր պատվիրակությամբ։

Իջևանը համայնքը մասանակցելով EU4Culture ծրագրին հաղթող է ճանաչվել և ստացել դրամաշնորհ՝ իրականացնելու համայնքային մշակութային ռազմավարությունը, որը գրվել է Իջևանի բնակիչների հետ միասին։ Արդեն իսկ մեկնարկել է ռազմավարության գործողությունների իրականացումը և մինչ այս կազմակերպվել է դասընթացներ, վերապատրաստումներ՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների կարողությունների հզորացման համար, իրականացվել են մշակութային միջոցառումներ, որոնցից ամենախոշորը ապակենտրոնացված «Մենք ենք, մեր սարերը» եռօրյա փառատոնն էր։ EU4Culture ծրագրի մասնակից 14 քաղաքները՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայի:

Հանրապետությունից և Ուկրաինայից հոկտեմբերի 5-6-ը Վրաստանում մասնակցեցին Տարածաշրջանային ցանցային 3-րդ համաժողովին, որը հիմքում փորձի փոխանակման նպատակն է։

Խոսելով Իջևան քաղաքում և Խաշթառակ, Աչաջուր, Բերքաբեր գյուղերում անցկացված համաիջևանյան փառատոնը, համաժողովի մասնակիցներին ներկայացվեց իրականացման ընթացքում հանդիպած մարտահրավերները, նաև՝ ունեցած ձեռքբերումները։ Երկօրյա համաժողովը ուղեկցվեց գործնական աշխատանքներով, միջազգային փորձագետների բանախոսություններով։ Համաժողովը կազմակերպվել էր «Գյոթե» ինստիտուտի և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից։




Վալանսում անցկացվեց գաստրոնոմիական փառատոնը․ Մերոնք Ֆրանսիայից

Հաջորդ տարի՝ 2024 թվականին կլրանա 30 տարին՝ ինչ Իջևանն ու Վալանսը մտերմիկ ու հարազատ՝ քույր քաղաքներ են։ Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը Վալանսի քաղաքապետի հրավերով Վալանս քաղաքում էր․ այնտեղ անցկացվում է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գաստրոնոմիական փառատոն, որն արդեն ավանդույթ է դարձել։

Վալանս քաղաքի մշակույթի մեջ կարևոր տեղ ունեն ֆրանսիական ազգային երգ-երաժշտությունը, պարերը, հասարակական, ազգակցական ու ընտանեկան ավանդույթները, նաև պատմաճարտարապետական շենք-շինությունները, որոնք քաղաքի ու բնակչության մշակույթի անբաժանելի բաղադրիչներն են։ Ֆրանսիայի մշակույթի մեջ նշանակալի դեր ունի նաև բազմահամ ազգային խոհանոցը։ Սեպտեմբերի 8-ից Վալանսի սրտում՝ կենտրոնական հրապարակում մեկնարկեց եռօրյա գաստրոնոմիական փառատոնը՝ նպատակակետում պահելով տարածաշրջանի արտադրողների խոհարարական հմտությունների բարելավումը, գիտելիքների օգտագործումը՝ փառատոնի շրջանակում կայանալիք իրադարձություններում։

3 օր շարունակ Վալանսի քաղաքացիները հավաքվում էին՝ վայելելու համեղ , թարմ ուտեստները, դիտելու խոհարարական շոուները, համտեսելու և զգալու ֆրասիական խոհանոցի համերն ու բուրմունքը։ Մասնակիցները անմասն չէին մնում հաճելի ու ջերմ երեկոների։ Տաղավարնում իրենց արտադրանքները ցուցադրողների շարքերում կային նաև հայեր, ովքեր ներկայացնում էին հայկական ուտեստներ։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը եզակի հնարավորություն է, որը արդեն 7-րդ անգամ առաջարկում է բացահայտել տեղացի արտադրողներին, համտեսել, վայելել ու փոխանակվել լավագույն փորձով։ Այս միջոցառումը նաև մասնավոր ընկերություն և տեղական իշխանություն համատեղ համագործակցության օրինակելի դրսևորում է։

Վալանսի գաստրոնոմիական փառատոնը այս տարի կրկին միավորեց նորարարությունն ու գեղեցիկը, համերն ու բույրերը, ժամանցն ու հանգիստը։ Եռօրյա փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էր նաև Վալանսի քույր քաղաքների՝ այդ թվում Իջևանի խոհանոցը՝ հայկական ուտեստներով ու տավուշյան համերով ու իջևանյան շնչով։




«Նկարչական սիմպոզիում 2023»-ի ավարտը՝ Կողբի գեղարվեստի դպրոցում

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որը ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները տասը օր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Արվեստասեր հասարակությանը համախմբել բնության, արվեստի, հայրենասիրության գաղափարների և քրիստոնեական արժեքների շուրջ․ հենց այս կարևոր ու մշակույթի անկյունաքարեր հանդիսացող նպատակներն է հետապնդում նկարչական սիմպոզիումը։ Տասնօրյա ստեղծագործական աշխատանքների ավարտին օգոստոսի 22-ին Կողբի գեղարվեստի դպրոցում բացվեց գեղանկարիչների կողմից ստեղծված աշխատանքների ցուցահանդեսը:

Գեղանկարիչները ստեղծագործական օրերին տպավորվել են․ Տավուշի մարդկանց առանձնահատուկ ջերմությամբ, բնության ինքնատիպությամբ և ուրախությամբ են նշում, որ Հայաստանի այս անկյունը իրենց համար հարազատ է ու հայրենի։ Նրանց հատկապես տպավորել է մարդկանց հյուրասիրությունը։
Գեղանկարիչների գործերը նվիրաբերվել է Նոյեմբերյանի համայնքապետարանին, որոնք իրենց տեղը կգտնեն համայնքի պատկերասրահում։ Արվեստագետները կրկին նույն վայրում կհամախմբվեն արդեն հաջորդ տարի՝ դարձյալ նկարչական սիմպոզիումի շրջանակներում։




Գորգագործության և թաղիքագործության ցուցահանդես Նոյեմբերյանում

Օրերս Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ  գորգագործության և թաղիքագործության ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի պատվավոր հյուրերն էին «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի տնօրեն Լևոն Դեր Բեդրոսսյանը, հիմնադրամի մյուս անդամները և Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը: 

Հանդիպման ընթացքում կատարվեց հիմնադրամի կողմից հատկացված տորքի ավանդական հինումը, ինչպես նաև  «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից գորգագործ Ռիմա Անանյանի աշակերտի ավարտած գորգի կտրման արարողությունը, որն ուղեկցվեց մասնակիցների բարեմաղթանքներով, ազգային երգերով ու պարերով:

Հանդիպումը կարևորվեց ծրագրի հետագա զարգացման միտումով:

Միջոցառման մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․






«Վերադարձ արմատներին»․ միջոցառում Բերդավանի Գեղագիտական կենտրոնում

Մոռացված ժողովրդական խաղերին ու ավանդույթներին նոր շունչ հաղորդելու նպատակով Բերդավանի Գեղագիտական կենտրոնը հունիսի 30-ին նախաձեռնել էր «Վերադարձ արմատներին» խորագրով միջոցառումը, որը հագեցած էր հայկական ժողովրդական խաղերի ներկայացմամբ, ազգային ժողովրդական երգերով ու պարերով։

Ներկաների կարծիքով ժողովրդական ու ազգային խաղերը ոչ միայն ժողովրդի մշակույթն ու պատմությունն են, այլ նաև` հայրենասիրության, ընկերասիրության ձևավորման հիմքն ու մշակութային արժեքների պահպանման հենասյունը, որը առավել մեծ նշանակություն ունի սահմանամերձ շրջանի պատանի-երիտասարդների համար։

Բերդավանում մշակութային կյանքը ակտիվ է և որպես սահմանամերձ բնակավայր գյուղում կարևոր նշանակություն ունի մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին։

Միջոցառման մասնակիցները վստահ են, որ «Վերադարձ արմատներին» միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ արմատները չմոռանալով միշտ կհիշվի հայ ժողովրդի ինքնության պահպանման անկյունաքարերը։






Գորգերի ամենամյա ցուցադրություն՝ «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակում

Օրերս Երևանում «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կենտրոնում կայացավ գորգերի ցուցադրությունը, որին մասնակցում էին «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից 11 մշակութային կենտրոնները, որոնց թվում էին նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը և Իջևանից՝ «Թելիկ» կենտրոնը։ 

«Տորքի որդեգրում» ծրագիրը իրականցվում է 2016 թվականից Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ գորգագործությունը զարգացնելու նպատակով։ 

Ցուցադրությունից հետո քննարկվեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր, կատարվեցին խորհրդատվություններ, փոխհամարգործակցական կապը ամրապնդվեց` հետագայում մի շարք ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Ցուցադրության մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․