Սահմանապահ զորամասում կայացավ «Թմկաբերդի առումը» պոեմի երաժշտական ներկայացման առաջնախաղը

«Թմկաբերդի առումը» պոեմը՝ նոր մեկնաբանությամբ՝ Տավուշի սահմանապահ զորամասի զինծառայողների ներկայացմամբ:

Զորամասում վերջերս ձևավորված գեղարվեստական ինքնագործունեության խմբի կատարմամբ դեկտեմբերի 16-ին կայացավ Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի երաժշտական ներկայացման առաջնախաղը:

Ժամկետային զինծառայող Ալեքսանդր Գաբրիելյանը մեզ հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ծնվել Թումանյանի պոեմը ներկայացնելու գաղափարը։

«Մերօրյա զինվորը ամուր կանգնած է սահմանին, ստեղծագործող է և ունի ասելիք իր համայնքին և հասարակությանը»,- իր խոսքում նշում է զորամասի գնդերց Հովհաննես սարկավագը:

Բերդ քաղաքում ներկայացումը բեմադրելու նախաձեռնությունն իրականություն է դարձել զորամասի հրամանատարի՝ բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալի աջակցությամբ:  Ներկայացման նպատակը բանակ-հասարակություն կապի առավել ամրապնդումն է։






Մակարդակով կոֆե Հատիկ բենդի տղաների հետ

Այս տարվա վերջին և նախաամանորյա «Մակարդակով կոֆե»-ին հրավիրված են Տավուշում գործունեություն ծավալող յուրահատուկ անունով և ասելիքով Հատիկ բենդի անդամները։ 

Աշոտ Մանուչարյանը, Մխիթար Ամիրխանյանը, Գուրգեն Դալյանը և Արտակ Մադաթյանը պատմում են ինչպես բենդի, խնջույքներին միշտ «լսվող» երաժշտությանն այլընտրանք դառնալու, այնպես էլ մարզում արվեստի զարգացման, կարծրատիպեր կոտրելու և Տավուշի՝ «թունելից դեսը աշխարհի» մասին։ 






«Հայագիտությունն այնպես, ինչպես կա»․ 10-օրյա աշնանային դպրոց Կողբում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Նոյեմբերյան խոշորացված համայնքը Կողբի գեղարվեստի դպրոցում կազմակերպել էին «Հայագիտությունն այնպես, ինչպես կա» 10-օրյա աշնանային դպրոցը 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացավարները մասնակիցներին փոխանցեցին մասնագիտական հմտություններ հայոց մշակույթն արդյունավետ ուսումնասիրելու, պահպանելու և պաշտպանելու համար։

«Կողբում մեր անցկացրած և՛ ամառային, և աշնանային դպրոցների նպատակը հիմնականում այն է, որ տեղի բնակչությունը տեղյակ լինի ամբողջ Հայաստանի մշակույթի մասին։ Բայց, իհարկե, դա առերես նպատակն է, իսկ ավելի թաքուն նպատակն այն է, որ հատկապես երիտասարդների մեջ սեր արթնացնենք հայրենի մշակույթի հանդեպ, իրենց համար ապագայում Հայաստանն ուսումնասիրելու համար նախադրյալներ ստեղծենք»,- նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը։

Ծրագիրը բաղկացած էր «Հեթանոսությունը և քրիստոնեությունը հայոց մշակույթում», «Հայկական մանրանկարչության արխետիպիկան», «Խորհրդանիշները հայկական մշակույթում», «Տիեզերքի, բնության, ժամանակի մասին պատկերացումները հայոց մեջ», «Հուշարձանների ուսումնասիրության ձևերը», «Ժողովրդական երգ-երաժշտություն, «Հայագիտությունը գրողների և արվեստագետների երկերում», «Բանահյուսություն» և «Ամփոփում» թեմաներից։

Դասախոսություններն ուղեկցվեցին պատկերային նյութի ցուցադրությամբ, ձայանագրությունների ունկնդրումով։ Այն մասնակիցներին, ովքեր հաճախել են 8 և ավելի դասսխոսությունների, տրվելու են վկայականներ։






Նոյեմբերյանի ստվերների թատրոն․ կայացել է «Ամենակարևորը» ներկայացման պրեմիերան

Օրեր առաջ Նոյեմբերյան համայնքի Մշակույթի կենտրոնում կայացավ արդեն մեկ տարի գործող ստվերների թատրոնի «Ամենակարևորը» վերնագրով ներկայացման պրեմիերան։

Ստվերների թատրոնն ամբողջությամբ կյանքի է կոչվում տեղացի մանուկների և պատանիների ջանքերով․ հեքիաթի կերպարները նկարում, կտրում են Գեղարվեստի դպրոցի սաները, ներկայացումն էլ խաղում են մանկապատանեկան թատերախմբի անդամները։

Դիտե՛ք Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի տեսանյութում։






Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը Կողբում

Կողբի Գեղարվեստի դպրոցում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին հեղինակը պատմեց իր գործունեության մասին և ներկայացրեց գիրքը։

Գիրքը հաջողության, անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման մասին է։ Գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, որոշ գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված մեթոդներ։

Շնորհանդեսի ավարտին ներկաները ձեռքբերեցին հեղինակի մակագրությամբ գրքերը։






Վերաբացվել է Կոթիի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի դասասենյակը

«Տարածքը ևս մեկ անգամ վերածնունդ առավ մեր երեխաների համար՝ որպես մշակույթի հետ կապված լավ օջախ»․ նոյեմբերի 11-ին Կոթի գյուղի Մշակույթի կենտրոնում վերաբացվեց գեղարվեստի դասասենյակը։

Նորաբաց դասասենյակում սովորելու և իրենց հմտությունները կատարելագործելու հնարավորություն են ունենալու 35-ից ավելի սաներ։

Մանրամասները պատմում է մեր թղթակից Հրանուշ Անանյանը:






Տավուշի մարզպետարանում կայացավ Լիլիթ Չիբուխչյանի երեք գրքերի շնորհանդեսը

«Գթության մայր» միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանի  գրած գրքերը կրկին Տավուշի մարզը միավորել էին մեկ հարկի տակ։ Լույս տեսած 3 նոր գրքերում ներկայաված են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների կյանքի պատմությունը, նրանց մարտական ուղին ու սխրագործությունները: Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցան Լիլիթ Չիբուխչյանի «Պահիր վերջին փամփուշը, որդիս», «Սիրո ուժը, երկինք, երկիր» և  «Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք» գրքերի շնորհանդեսները:

«Պահիր վերջին փամփուշը, որդիս» վերնագրով  գիրքը նվիրվում է բոլոր հերոսածին մայրերին: Այս միջոցով հեղինակն իր երախտագիտությունն ու խոնարհման խոսքն է հղում բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի համար դաստիարակեցին նվիրյալ զավակներ: 

«Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք»․ այս վերնագրով գիրքը պատմում է մեր անմահացած տղերքի՝ նրանց կյանքի ու հերոսությունների, երազանքների ու նպատակների մասին, իսկ «Սիրո ուժը, երկինք, երկիր» գիրքը հերոսների կանանց` այրիների մասին է:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի սաները, «M» պարային համույթը և ԵՊՀ ԻՄ ուսանողները:

Միջոցառման վերջում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողներին «Գթության մայր» Միջազգային միության կողմից հանձնվեցին գրքերից օրինակներ, պատվոգրեր ու մեդալներ: 






«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ համերգը Բերդում

Օգոստոսի 24-ին Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ, հաշվետու համերգը: Համերգը մեկնարկել է Բերդ համայնքի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերից։

Հանդիսատեսներըը համույթի ելույթի ընթացքում ունկնդրեցին և վայելեցին հայկական, ազգային, ժողովրդական և աշուղական երաժշտություն ու երգեր:

«Ժողովրդական երգարվեստը և պարարվեստը տավուշյան արմատներում սերմանված են, և այն սերնդեսերունդ կրում ենք և պարտավոր ենք կրել»,- իր ելույթում նշում է «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի համահիմնադիր Արմեն Մելիքյանը:

«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթը ստեղծվել է «Բերդ մշակույթի կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից՝  Բերդի համայնքային մշակույթի տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համույթի նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական, ազգային, ժողովրդական  երգարվեստը: Այն նպատակ ունի նաև ժողովրդական երգի միջոցով նպաստել սերդունդների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, և այդ նպատակով է, որ  համույթի կազմում ներգրավված են Բերդ համայնքի և շրջանի բնակավայրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ:






Իջևան համայնքից շուրջ 120 դպրոցականներ հանդիպեցին ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և աջակցությամբ «Երախաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թ. իրականացնում է «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Ծրագրի շրջանակում հոկտեմբերի 12-ին Իջևանում կայացավ հանդիպում ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյանի հետ: Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպմանը մասնակցում էր շուրջ 120 դպրոցական Գանձաքարի, Գետահովիտի, Խաշթառակի,Ա կնաղբյուրի և Իջևանի 6 դպրոցներից: 

Ծրագրի շրջանակում կազմակերպվող հանդիպումներին ընդհանուր առմամբ մասնակցելու է 3500 դպրոցական` 450 դպրոցից: Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, մասնակցություն են ունենում հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում տեղի է ունենում հարցուպատասխան, որը նպաստում է   աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը: «ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈՒՄ. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 11-14-ը տեղի է ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում: 






Իջևանի Arm Studio-ն մեկ տարեկան է․ թատերական խմբակի սաներն ամփոփեցին տարին

Arm Studio թատերական խմբակը 1 տարեկան է․ հոկտեմբերի 16-ին Իջևանի Մշակույթի տանը խմբակի սաները հանդես եկան մեկամյա գործունեությունն  ամփոփոխ ներկայացմամբ։

Ներկայացման ծրագրում ընդգրկված էր Հոբհաննես Թումանյանի «Կիկոսի մահը» և «Բարեկենդան» հեքիաթները, երգ, պար և խաղարկություն, որի արդյուքնում հանդիսատեսից 5 երեխա ստացան անակնկալ նվերներ։

Տոնական ներկայացմանն Arm Studio-յի սաների հետ Մշակույթի տան բեմում հանդես եկան նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թատերական խմբի ուսանողները և M dance Studio-յի սաները։

Arm Studio թատերական խմբակը հիմնադրվել է 2021 թվականի աշնանը։ Խմբակի նպատակը Իջևան քաղաքում թատրոնի զարգացումն է։ Խմբակում երեխաները ստանում են խորացված գիտելիքներ թատրոնի, դերասանական գործի, խոսքի վարպետության ու բեմական խոսքի մասին։ Arm Studio-յի սաների հետ աշխատում են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը, Երևանի պետական կամերային թատրոնի դերասան Անդրանիկ Հարությունյանն ու պրոդյուսեր Զոհրաբ Հայրապետյանը:

Arm Studio թատերական խմբակը շարունակելու է իր աշխատանքները և խոստանում է ներկայանալ նոր ներկայացումներով։