«Ֆուտբոլը բոլորի համար». անցկացվեց ներառական մարզական միջոցառումը

Դեկտեմբերի 3-ին, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը համատեղ կազմակերպեցին «Ֆուտբոլը բոլորի համար» ներառական մարզական միջոցառումը։

Միջոցառման նպատակն էր խթանել ներառական սպորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների մասին և ստեղծել հավասար մասնակցության հնարավորություններ։

Միջոցառմանը մասնակցեցին տարբեր հանրակրթական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների ֆուտբոլային թիմեր՝ Երևանի Վ. Վաղարշյանի անվան Հ. 80 հիմնական դպրոցը, «ArevModels» ՀԿ-ն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցը և «Հույսի կամուրջ» ՀԿ-ն։

Տավուշի մարզի Իջևան համայնքից ժամանած «Հույսի կամուրջ» ՀԿ-ի թիմն առանձնացավ թիմային խաղով, արագ արձագանքմամբ և տեխնիկապես հագեցած մոտեցմամբ։ Թիմի կազմում էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի և Գանձաքարի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Թիմը պարգևատրվեց Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի կողմից, ով ընդգծեց ներառական ֆուտբոլի կարևորությունն ու նման նախաձեռնությունների շարունակականության անհրաժեշտությունը։

Միջոցառման ավարտին բոլոր թիմերը ստացան խրախուսական պարգևներ՝ իրենց ակտիվ մասնակցության և ներառական արժեքների տարածման համար։

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի աշխատակից Վահե Առուստամյանն իր խոսքում նշեց. ««Ֆուտբոլը բոլորի համար» միջոցառումը դարձավ այն հարթակը, որտեղ սպորտը դարձավ հավասարության, հարգանքի և փոխընդունման գաղափարների տոն», և շնորհակալություն հայտնեց գործընկերներին նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

« of 7 »




20 տարի՝ հանուն արժանապատիվ կյանքի․ Նոյեմբերյանի «Հույսի կամուրջը» 20 տարեկան է

Պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների, երիտասարդների իրավունքներն ու արժանապատվությունը ու նպաստել նրանց սոցիալական ներառմանը. «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղը տոնում է գործունեության 20-ամյակը։

Խթանելով կրթության ներառականությունը՝ «Հույսի կամուրջը» ստեղծում է կրթական միջավայր, որտեղ վերացված են ամեն տեսակի խոչընդոտները, և ստեղծված են պայմաններ, որպեսզի երեխան՝ անկախ իր ունեցած հաշմանդամության և առանձնահատուկ կարիքներից, ունենա ուսումնական գործընթացին մասնակցելու և կրթական արդյունքների հասնելու հավասար հնարավորություններ։

Իր գործունեությամբ «Հույսի կամուրջը» պաշտպանում, կրթում և կարողունակ է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխաներին ու երիտասարդներին, որպեսզի նրանք օգտագործեն իրենց ներուժն ու ապրեն արժանապատիվ ու անկախ կյանքով։




Ֆուտբոլը՝ որպես ներառման կամուրջ. «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրն արդեն հասել է 800 երեխայի

Տավուշի մարզի 32 գյուղական բնակավայրերում ֆուտբոլը վերջին երկու տարիներին դարձել է ոչ միայն սիրելի սպորտաձև, այլև հույսի, համերաշխության ու հավասար հնարավորությունների խորհրդանիշ։ 2023 թվականից մեկնարկած «Ֆուտբոլ՝ հանուն հավասար հնարավորությունների» ծրագիրը նպատակ ունի զարգացնել ներառական սպորտը՝ խթանելով սոցիալական հավասարությունն ու երեխաների ներգրավվածությունը համայնքային կյանքում։ Ծրագիրը իրականացվում է «ՈւԵՖԱ-ն երեխաների համար» հիմնադրամի աջակցությամբ և «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից։

Այս ընթացքում նախաձեռնությանը միացել է արդեն շուրջ 800 երեխա՝ Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի խոշորացված համայնքներից։ Ծրագրի հիմնական շահառուներն են Տավուշի մարզի շուրջ 480 խոցելի խմբերի երեխաներ, որոնց թվում են նաև հաշմանդամություն ունեցող և Արցախից տեղահանված ընտանիքների երեխաներ։ Ֆուտբոլային հանդիպումները միայն մարզական չեն․ դրանք կրթական ու հոգեբանական բաղադրիչներ ունեն՝ երեխաներին սովորեցնելով համագործակցել, աջակցել միմյանց և հաղթահարել դժվարությունները՝ միասին, խաղի միջոցով։

Բացի երեխաներից, ծրագրում ընդգրկվել են նաև 82 դպրոցի ավելի քան 250 ուսուցիչներ, նրանց օգնականները և դպրոցների հոգեբանները։ Նրանք անցել են վերապատրաստումներ՝ սովորելով ներառական միջավայրում սպորտի դերը, աշխատանքի նոր մեթոդներ և համբերատարության վրա հիմնված մոտեցումներ։

Ծրագրի առանձնահատկություններից է անվտանգ և ուրախ մթնոլորտը։ Ինչպես նշում է ծրագրի օգնական Վահե Առուստամյանը, անգամ խաղադաշտում նկատողությունները արվում են ժպիտով։

«Արա՜, վայրի ես, թե ինձ թվաց», – ժպիտով ու տավուշյան բարբառին հատուկ տոնայնությամբ ասում է խաղացողներից մեկն իր ընկերոջը՝ հիշեցնելով, որ խաղում նաև աղջիկներ կան, և պետք է ավելի նրբորեն խաղալ։

Ֆուտբոլը դարձել է նաև ինքնավստահության աղբյուր՝ հատկապես այն երեխաների համար, որոնք նախկինում դժվարությամբ էին շփվում կամ ակտիվ մասնակցություն ունենում։

«Նրանք հիմա գիտեն, որ կարող են ու պետք է փորձեն։ Սպորտը այստեղ միայն մարզանք չէ, դա ուղի է՝ դեպի հզորացում ու ներառում», – նշում է թիմերից մեկի մարզիչը։

Այս նախաձեռնությունը վերածվում է մի իրական ուժի, որը մարզերում ապրող երեխաների կյանքում փոխում է ոչ միայն առօրյան, այլև ապագայի պատկերացումները։ Վերջին խաղը տեղի ունեցավ Գանձաքարի միջնակարգ դպրոցի մարզադաշտում, որտեղ անցկացվեց ծրագրի 2025 թվականի աշնանային խաղաշրջանի մարզային փուլը։ Խաղադաշտում էին Գետահովիտի, Թեղուտի, Արծվաբերդի միջնակարգ և Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը։

 

Կարդացեք նաև՝




Տավուշեցի երեխաները՝ երազանքների իրականացման ճանապարհին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 2026 թվականի եվրոպական ընտրական մրցաշարի Հայաստան-Պորտուգալիա և Հայաստան-Իռլանդիա հանդիպումների ժամանակ մարզադաշտը նաև երազանքների իրականացման վայր էր «Հույսի կամուրջ» ՀԿ սաների համար։ Կազմակերպության՝ «Ֆուտբոլ` հանուն հավասար հնարավորությունների» նախագծի մասնակից-երեխաները Տավուշից, Հայաստանի այլ մարզերից ներկա գտնվելով ֆուտբոլային հանդիպումներին ուղեկցեցին ֆուտբոլիստներին «Հանրապետական» մարզադաշտ և մասնակցեցին ազգային օրհներգի կատարմանը։

Երեխաների համար սա առաջին անգամն էր, երբ նրանք կանգնեցին նման մեծ խաղադաշտում՝ միասին ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ, այդ թվում նաև աշխարհի հայտնի ֆուտբոլիստների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Բրունո Ֆերնանդեսի, Դիոգո Կոստայի և այլոց կողքին։

«Ես երբեք չէի պատկերացրել, որ կհանդիպեմ Ռոնալդուին ու կանգնած կլինեմ նման  խաղադաշտում, – ասում է 13-ամյա Մանեն Դիլիջան քաղաքից, – դա կարծես երազանք էր, որ դարձավ իրականություն»:

«Անսպասելի էր, ամեն ինչ այնքան իրական թվաց, կարծես ֆիլմում ենք, – պատմում են Վահե և Վոլոդյա եղբայրները, – մենք տեսանք սիրելի ֆուտբոլիստներին ու նրանց հաղթանակ մաղթեցինք»։

Երեխաների մասնակցությունը ավելացրեց հանդիպումների յուրահատուկ մթնոլորտը. դաշտը լցված էր ոգևորությամբ, իսկ մարզադաշտի հանդիսատեսը ևս սկսեց զգալ երեխաների էներգիան և ոգևորությունը։ «Հույսի կամուրջ» կազմակերպության համար  նման նախաձեռնությունները կարևոր են երեխաների սոցիալական ներառման տեսանկյունից, նաև հանրության համար, քանի որ նրանք տեսնում են, թե ինչպես մեծ երազանքները կարող են իրականություն դառնալ։ Երեխաների հուզմունքը, ժպիտները դարձել են գեղեցիկ հիշողություններ, որ ամեն անգամ կամուրջ կլինեն փոքր քայլերից դեպի մեծ երազանքներ տանող ճանապարհին։

Կարդացեք նաև՝




Միշտ ժպտանք ու սիրով լինենք. ամանորյա շնորհավորանք

Տեսողական խնդիրներ ունեցող Վաչե Գրիգորյանն ապրում և ստեղծագործում է Դիլիջանում։ Չնայած բոլոր դժվարություններին, նա անվերջ շարունակում է երգեր գրել և ներկայացնել դրանք բեմերում՝ կիսելով իր հոգու ստեղծագործությունները։

Վաչեն մեզ է ուղարկել ամանորյա իր շնորհավորանքը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ առողջ լինենք, միշտ ժպտանք, սիրով լինենք։ Թող նոր տարին իր հետ խաղաղություն, երջանկություն, սեր և համերաշխություն բերի, թող լինի աշխատանքի և բարեկեցիկ տարի։ Թող բոլորիս տներում թևածի ուրախությունը և լցվի մանկան ավետաբեր ճիչով։ Ուզում եմ մեր շրջապատում չլինեն հարազատի և մարդկային անժամանակ կորուստներ, իսկ եթե լինեն, ապա թող լինեն միայն ժամանակին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց բանակին, սահմանին կանգնած հայ զինվորներին, որոնց կյանքի շնորհիվ խաղաղ են բացվում մեր առավոտները։  Փա՜ռք մեր հայ զինվորին, հավերժ փա՜ռք մեր քաջորդիներին և լույս պատերազմներում զոհված մեր Հերոս տղերքին։ Թող կատարվեն Ձեր հոգու խորքում թաքնված նվիրական երազանքները ու նպատակները։ Ապրեք հրաշքի իրականացման քաղցր բերկրանքով։  Հավատացեք Ձեր երազանքներին, որովհետև տարեմուտի գիշերը դրանք իրականանալու հատկություն ունեն։ Պահեք Ձեր ներսում մանկության հեքիաթը, որպեսզի կարողանաք հաղթահարել կյանքի դժվարությունները։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հաշմանդամություն ունեցող անձինք ոչ թե օգնության կարիք ունեն, այլ՝ իրենց հնարավորությունների օգտագործման: 

https://www.facebook.com/watch/?v=3646533415587434&rdid=Is6Tksb9qGi8vEEK




  «Շախմատը հանուն հավասար հնարավորությունների»․ մրցաշար Իջևանում

Դեկտեմբերի  5-ին Լոֆթ Իջևանում տեղի ունեցավ  «Շախմատը հանուն հավասար հնարավորությունների» շախմատի մրցաշար, որը միտված էր հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքներ ունեցող երեխաների համար հավասար և ներառական սոցիալ-կրթական միջավայրի ստեղծմանը։

Մրցաշարին մասնակցում էին Իջևանի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1, թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցների, Գետահովիտի, Գանձաքարի, Այգեհովիտի, Ազատամուտի միջնակարգ դպրոցների աշակերտները ։

Միջոցառումն իրականացվեց  «Հույսի Կամուրջ» ՀԿ-ի, Հայաստանի Շախմատի ակադեմիայի Տավուշի մարզային գրասենյակի, «Լոֆթ Իջևան»-ի և «ԻննոԻջևանի» համագործակցության արդյունքում։




«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը

«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղում մեկնարկել է «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը։ Մարտի 22-ին կայացավ ծրագրի մեկնարկի ազդարարման հանդիպումը։

Այս նախագծի նպատակն է ֆուտբոլի միջոցով խթանել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը։ Ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող երեխաներին հնարավորություն կտրվի զբաղվել սպորտով, ինչն էականորեն կբարելավի նրանց ֆիզիկական ու մտավոր կարողությունները, կնպաստի սոցիալական հմտությունների ձևավորմանը ու զարգացմանը։

Ներառական ֆուտբոլային թիմերի ստեղծման միջոցով ծրագիրը կնպաստի նաև հանարկրթական դպրոցների երեխաների և պատանիների ինքնագնահատականի, ինքնավստահության բարձրացմանը, նոր ընկերների ձեռքբերմանն ու իրենց առջև դրված նպատակների իրականացմանը: Կբարելավվեն ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների գիտելիքներն ու հմտությունները ներառական ֆուտբոլի վերաբերյալ:

«Սպորտը հանուն հավասար հնարավորությունների Հայաստանում» ծրագիրը իրականացնում է «Հույսի կամուրջ» ՀԿ-ը՝ «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամի» (UEFA foundation for children) ֆինանսական աջակցությամբ։




Հունան Մխիթարյան




Մարիամ Եսայան




Լիա Ղազարյան