Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների ընդհանուր պատկերում նվազել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները, աճել՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունները։ Աճել են նաև ապօրինի թմրաշրջանառության բացահայտումները, ինչը դրական է գնահատվում լատենտային համարվող հանցագործությունների շարժընթացում։

Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում գրանցված 664 հանցանքից բացահայտվել է 562-ը։ Նվազել են մարդու դեմ ուղղված ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը ևս պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներով։

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում գրանցվել է հանցագործության 159 դեպք, բացահայտվել՝ 82-ը։ Նվազել են մարդու և հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ տնտեսական գործունեության ու սեփականության դեմ ուղղվածները։

Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպասարկման տարածքում ևս մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են, աճել՝ շրջակա միջավայրի դեմ ուղղվածները։ Անցած 6 ամսվա ընթացքում գրանցված 166 դեպքից բացահայտվել է 138-ը։

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնում գրանցված 100 հանցանքից էլ բացահայտվել է 68-ը։ Նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, աճել՝ բնակչության առողջության դեմ ուղղվածները, ինչը ևս պայմանավորված է ապօրինի թմրաշրջանառության դեպքերի բացահայտումներով։

Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակը հաշվետու կիսամյակում սպասարկել է 2921 ահազանգ՝ 365-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տարբեր վարչական իրավախախտումների փաստերով Տավուշի պարեկները կազմել են ընդհանուր 27․029 արձանագրություն՝ 2437-ով ավելի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացի այդ, նրանք բացահայտել են 171 հանցանք, որոնց թվում քիչ չեն ապօրինի ծառահատման ու փաստաթղթի կեղծիքի դեպքերը։

Արփինե Սարգսյանն, անդրադառնալով շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործություններին, հանձնարարել է պարբերաբար իրականացնել շրջայցեր և ուժեղացված հսկողություն սահմանել թիրախային հատվածներում՝ ապօրինի ծառահատումների դեպքերի կանխման ու օպերատիվ բացահայտման, ինչպես նաև ապօրինի գործունեություն ծավալող փայտածուխի արտադրամասերի հայտնաբերման համար՝ կարևորելով էկոպարեկային ծառայության հետ համագործակցված միջոցառումները։

Այս համատեքստում նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է, օրենսդրությամբ ամրագրված գործիքակազմերի կիրառմամբ, միջոցներ ձեռնարկել նաև ապօրինի ծառահատումներով ապացույցների կորստի դեպքերի բացառման ուղղությամբ, որպեսզի անտառահատները չկարողանան խուսափել քրեական պատասխանատվությունից։

Մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու մասով՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ինտենսիվացնել համագործակցությունը դատախազական ու քննչական մարմինների հետ՝ անհրաժեշտ ապացուցողական բազայի ձևավորման ու հանցանք կատարած անձանց մեղադրյալ ներգրավվելու հարցերի պատշաճ լուծման համար։

Նախարար Սարգսյանն անձնակազմից պահանջել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել հետախուզվող անձանց հայտնաբերման ու ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավման միջոցառումները, որոնց արդյունավետ իրականացումը կրում է կանխարգելիչ բնույթ։

Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Տավուշը զբոսաշրջային մարզ է՝ հանձնարարելելով արտաքին ծառայությունը կազմակերպել և իրականացնել այնպես, որ բացառվեն հասարակական կարգի խախտման դեպքերը։

Պարեկային ծառայության աշխատանքի հետ կապված գոհունակություն հայտնելով՝ նախարար Սարգսյանը ստորաբաժանման ղեկավարներից պահանջել է իրականացնել աձնակազմի բովանդակային հրահանգավորում՝ հիմնվելով մարզի ավտոճանապարհներին արձանագրված դեպք-պատահարների խորքային վերլուծության վրա, ինչը հնարավորություն կտա ծառայությունը կազմակերպել առավել արդյունավետ և արձանագրել ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում։

Նախարար Սարգսյանի Ոստիկանության ծառայություններին ուղղված հանձնարարականների շրջանակում ներառվել են նաև տեսական գիտելիքների և գործնական հմտությունների մշտական զարգացմանը վերաբերող հարցեր։

Նույն օրը Արփինե Սարգսյանը, Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի ուղեկցությամբ, այցելել է Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացել շենքային ու գույքային պայմաններին, տեխնիկական ու մասնագիտական սարքավորումների հագեցվածությանը։ Նախարարը շնորհակալություն է հայտնել մարզի հրշեջ-փրկարարներին անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ տարվող ակտիվ միջոցառումների համար։

Այնուհետև ՆԳ նախարարը, տեղակալ Արմեն Ղազարյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի ուղեկցությամբ, այցելել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Իջևանի բաժին, ծանոթացել մեկ պատուհանի սկզբունքով մատուցվող ծառայություններին, զրուցել սպասարկվող քաղաքացիների հետ՝ հետաքրքրվելով ծառայությունների որակից։

Նախարարը եղել է նաև ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Իջևանի հաշվառման-քննական բաժնում, վարչության պետ Արարատ Թևոսյանի ուղեկցությամբ շրջել հաստատության տարածքում և հաղորդակցվել քաղաքացիների հետ, որոնք գոհունակություն են հայտնել մատուցվող ծառայությունների որակի կապակցությամբ:




Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով

սողանք

Հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունք: Ձևավորված խաղարկման խմբերում ներգրաված էին շահագրգիռ ստորաբաժանումներն ու անձնակազմը:

Միջոցառման նպատակն էր ստուգել սողանքի ակտիվացման դեպքում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակներում մշակված «Ճգնաժամային հաղորդակցման և աղետների կանխարգելման իրազեկման կարողությունների բարելավմանն» ուղղված գործողությունների ստանդարտ ընթացակարգով
սահմանված գործողությունների պլանի իրատեսականությունը, մասնակիցների հմտություններն ու ունակությունները:

Գործնական պարապմունքի շրջանակում մշակվել էր սցենար, որի համաձայն Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հովք բնակավայրում տեղի է ունեցել սողանք: Հողազանգվածն իր ամբողջ երկայնքով սահել էր Մ-4 միջպետական մայրուղու ուղղությամբ` աստիճանաբար լցվելով Աղստև գետի հունը: Գյուղում վնասվել էին բազմաթիվ առանձնատներ, շինություններ` իրենց տնտեսություններով, կենսապահովման ենթակառուցվածքներ, իսկ մի մասն ամբողջությամբ հայտնվել էր հողաշերտի տակ:

Վարժանքի սցենարով ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով ձևավորվել և դեպքի վայր էր գործուղվել մասնագիտական խումբ՝ տեղում սողանքի գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Գործնական պարապմունքը սկսվեց ու ավարտվեց համաձայն սցենարի. 911 ահազանգման կենտրոնի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները կազմակերպեցին ահազանգերի գրանցումը, տվյալների մշակումը և համակարգումը՝ ըստ սահմանված ձևաչափի։
Օպերատիվ հերթափոխերի բաժնի ծառայողները համակարգեցին մարզի կողմից տրամադրված առաջնային, ինչպես նաև հետևանքների, ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ծառայողների կողմից մշակվեց ստացված օպերատիվ տեղեկատվությունը, հրապարակվեց պաշտոնական հարթակներում և տրամադրվեց ԶԼՄ-ներին։ Խաղարկման ընթացքում իրականացվեց նաև մշտադիտարկում՝ ապատեղեկատվության կանխարգելման, կեղծ, խուճապ առաջացնող, ստահոդ լուրերի տարածման կանխման և ՓԾ գործառույթների պատշաճ լուսաբանման նպատակով, իսկ պաշտոնական տիրույթներում զետեղվեցին օգտակար նյութեր հնարավոր վտանգների և վարվելականոնների վերաբերյալ:

Մոնիտորինգի և կանխատեսման բաժնի ծառայողներն ապահովեցին իրավիճակն արտապատկերող թեմատիկ քարտեզները, առանձին ներկայացրեցին սողանքի գտնվելու հնարավոր տարածքը, սահքի ենթակա հողազանգվածը և տարածման դեպքում զբաղեցրած մակերեսը։

Գործնական պարապմունքի ավարտից հետո անցկացվեց արդյունքների ամփոփում։ Անդրադարձ կատարվեց աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու հսկողությանը՝ նշվեցին դրական կողմերն ու առկա բացթողումները, տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:




«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի միջոցառումը Իջևանում էր

Ներքին գործերի նախարարության «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումը դեկտեմբերի 1-ին Իջևանում էր։ Ոստիկանության նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո ներքին գործերի նախարարի, Տավուշի մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ մի խումբ քաղաքացիներ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանի կենտրոնական հրապարակ։ Իր ելույթում  Ներքին գործերի նախարարը նշեց, որ Պարեկային ծառայության կազմավորումը Հայաստանում կարևոր ձեռքբերում էր, և այս ծառայությունը հետագայում պետք է զարգանա։

Հանրային իրազեկման արշավը մինչ այս իրականացվել է մայրաքաղաքում, Լոռու և Արագածոտնի մարզերում, Տավուշից հետո հաջորդ կանգառը Գեղարքունիքն է։ Մայոր Ալիխանյանը հանրապետության առաջին կին դասակի հրամանատարն է, ով իր ծառայությունն իրականացնում է Դիլիջանում։ Նա իր փորձառությունն էր կիսում հայրենակիցների հետ։

Իրազեկման արշավի ժամանակ Տավուշի մարզային գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործվող  տեխնիկական միջոցները։ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում  ուսուցման ընդունելության դիմումներն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։