«Տավուշը մենք ենք»․ արվեստագետների աշխատանքների ցուցահանդեսը Դիլիջանում

Տավուշի նկարիչների միության նախաձեռնությամբ Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում մեկնարկել է «Տավուշը մենք ենք» ցուցադրությունը, որտեղ ներկայացված են 18 արվեստագետների ստեղծագործությունները: Այս անգամ ցուցադրությունը հարմարեցվել է նոր ձևաչափի, որի նպատակն է տարածել արվեստը և բարձրացնել դրա ճանաչելիությունը հանրության շրջանում:

Այս ձևաչափով միջոցառումն արդեն 4-րդն է, որ անցկացվում է Դիլիջանի «Ռեստարտ» հյուրանոցում՝ մաս կազմելով «RestArt» ցուցահանդեսների շարքին: Հյուրանոցն այս կերպ դառնում  է արվեստի ու մշակույթի միջավայր, որտեղ արվեստագետները կարող են ներկայացնել իրենց աշխատանքները, իսկ այցելուները՝ ավելի խորը ընկղմվել արվեստի ու բնության ներդաշնակության մեջ:

«Տավուշը մենք ենք» ցուցադրության մեջ ներկայացված աշխատանքներում մեծ մասամբ տավուշյան բնապատկերներն են՝ ներկայացնելով մարզի բնությունը, մարդկանց ու հետաքրիր անկյունները:

18 արվեստագետների աշխատանքներն այցելուների համար ստեղծում են լավ հնարավորություն՝ գնահատելու տեղական արվեստը և ծանոթանալու Տավուշի բնաշխարհին:

Ավելին՝ մեր տավուշյան ռեպորտաժում։




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում

ՀՀ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրման 4-րդ ամյակի կապակցությամբ հունիսի 19-ին նախաձեռնել էր Տավուշի մարզի 4 համայնքների նկարիչների միասնական ցուցահանդեսը։ 

Ցուցահանդեսին ներկայացված էր Տավուշի մարզի տարածաշրջանների բոլոր անհատ ստեղծագործողների աշխատանքները։ Նկարիչների Միության Տավուշի մասնաճյուղը հիմնադրումից ի վեր բազմիցս նախաձեռնել և իրականացրել է տարբեր մրցույթներ, ցուցահանդեսներ, որոնց մասնակցություն են ունեցել Տավուշի մարզի շնորհալի ստեղծագործողները՝ տարբեր տարիքային խմբերից։ 

Ցուցահանդեսի ավարտին Սուրեն Սաֆարյանը եւ Արմինե Թումանյանը ներկայացրին Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի նոր նախագահին՝ Հայաստանի նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Ռոմեո Մելիքյանին։ Այնուհետեւ Նախագահ Սուրեն Սաֆարյանը շնորհակալագիր հանձնեց Արմինե Թումանյանին Տավուշի մարզում Հայաստանի նկարիչների միության մասնաճյուղը հիմնադրելու եւ այն անձնվեր ղեկավարելու համար:

 Տավուշի արվեստագետների աշխատանքները կցուցադրվեն մեկ ամիս շարունակ՝ Իջևանի «Վերնատուն» պատկերասրահում