Վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորում Տավուշի մարզում

«Արտակարգ Ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը և Տավուշ Մեդիան՝ Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ,  իրականացնում են ծրագիր, որի նպատակը Տավուշի մարզում ապատեղեկատվության և կեղծ լուրերի դեմ պայքարն է, մեդիամանիպուլյացիայի կանխարգելումը, մեդիագրագիտության տարածումն ու բարձրացումը, ուսուցողական և խորհրդատվական միասնական տեղեկատվական հարթակի ստեղծումը:

Կեղծ ու սուտ լուրերին դիմակայելը պահանջում է վճռականություն և գիտելիք՝ ճշգրիտ ու վստահելի տեղեկատվական հոսքերի ապահովման համար։ Սա հատկապես կարևոր է Տավուշի մարզի համայնքներում, որտեղ ապատեղեկատվությունը կարող է ապակողմնորոշել բնակչությանը ու առաջացնել բացասական տրամադրություններ, վախ ու անկայունություն։

Նոյեմբերի 18-ին Նոյեմբերյանի համայնքում անցկացվեց հանրային հանդիպում՝ «Մեդիագրագիտություն և ապատեղեկատվության դեմ պայքար» խորագրով։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն դարձվեց մեդիագրագիտության կարևորությանը և դրա հիմնական սկզբունքներին։ Տավուշ Մեդիայի լրագրող Էռնեստ Խանումյանը ներկաներին առաջարկեց քննարկելու մարզում առկա իրական դեպքերը։ Նա ներկայացրեց օրինակներ, որոնք արտահայտիչ կերպով ցույց են տալիս, թե որքան վնասակար կարող են լինել կեղծ լուրերը և ինչ մեխանիզմներով կարելի է կանխարգելել դրանց տարածումը։ Հանդիպման առանցքում էին նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք կարող են օգնել բնակիչներին տարբերակել հավաստի տեղեկությունները կեղծ լուրերից։

Մասնակիցները ակտիվորեն մասնակցեցին հարցուպատասխանին՝  ներկայացնելով Նոյեմբերյանում շրջանառվող ապատեղեկատվության օրինակները։ Դրանք հիմնականում վերաբերում են սահմանային-անվտանգային թեմաներին։  Քննարկվեցին նաև կեղծ լուրերի աղբյուրները, դրանց տարածման հնարավոր դրդապատճառները և դրանց հակազդելու հնարավոր միջոցները։

Սիրելի տավուշեցիներ,

Տավուշի մարզում մեդիագրագիտության մակարդակի գնահատման և բարելավման նպատակով իրականացնում ենք հանրային հարցում Ձեր կարծիքը և փորձառությունը չափազանց կարևոր են մեզ համար՝ համայնքներում տեղեկատվական անվտանգության ամրապնդման և ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ մշակելու համար։ Խնդրում ենք պատասխանեք նշված հարցերին:

Իսկ հանրային հանդիպումներն իրականացվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում: Նպատակը նույնն է՝  բարձրացնել Տավուշի բնակչության իրազեկվածությունն ու զարգացնել նրանց կարողությունները՝ դիմակայելու տարատեսակ ապատեղեկատվական վտանգներին։ Մասնակցելու համար դիմեք՝ info@tavushmedia.am հասցեին կամ զանգահարեք 060 460202 հեռախոսահամարով։


Այս հանդիպումն իրականացվել է Freedom House միջազգային կազմակերպության աջակցությամբ։ Այս հոդվածում արտահայտված բովանդակությունը և կարծիքները հեղինակների պատասխանատվությունն են և պարտադիր չէ, որ արտահայտեն Freedom House միջազգային կազմակերպության տեսակետները։

Կարդացեք նաև՝




Կոթիում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Կյանքը սահմանին»․ հանրային հանդիպում Նոյեմբերյանում

Արտակարգ ալիքն ու Տավուշ Մեդիան շարունակում են աշխատանքները Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակչության դիմակայունության բարձրացման ուղղությամբ։
Նոյեմբերի 14-ին Նոյեմբերյանում «Կյանքը սահմանին» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում՝ «Սահմանազատում, հեռանկարներ, մարտահրավերներ, լուծումներ» թեմայով։

Քննարկման նպատակն էր Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի դիմակայունության բարձրացումը՝ բնակիչների իրազեկվածության բարձրացման և առկա խնդիրների ու մարտահրավերների բարձրաձայնման միջոցով:

Հանդիպումն անցկացվեց Տավուշի մարզում վերջին իրադարձությունների, մեր հարցումների ամփոփ վերլուծության և բնակիչների դիտարկումների հիման վրա՝ նպատակ ունենալով իրազեկելով բնակչությանն՝ ընդգծել սահմանամերձ բնակավայրերի դիմակայունության բարձրացմանը ուղղված քայլերը։

Հանդիպմանը մասնակցում էին տեղական ինքնակառավարման մարմինների, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ։ Հիմնական խոսնակը՝ քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, մանրամասն ներկայացրեց սահմանազատման գործընթացի հետ կապված մարտահրավերները, հնարավոր հեռանկարները, խոչընդոտները և դրանց լուծման ուղիները։
Քննարկման ընթացքում մասնակիցները բարձրաձայնեցին առանցքային հարցեր, որոնք վերաբերում էին Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների անվտանգությանը, բնակիչների սոցիալական-տնտեսական պայմաններին։

Սահմանամերձ բնակավայրերն իրենց առաջին հերթին՝ անվտանգային ու դիմակայունության խնդիրներով մեր առաջնահերթություններից են և առաջիկայում սպասեք հաղորդումների քաղպաշտպանական, աղետների ռիսկի կառավարման, առողջապահական, կրթական, աշխատանքով ապահովվածության, մարդու իրավունքների, մեդիագրագիտության և այլ օրախնդիր թեմաներով: Ով իրազեկված է, նա պաշտպանված է:




Զրույց մեդիայի մասին․ Կողբի դպրոցների աշակերտները Տավուշ Մեդիայում

Նոյեմբերի 11-ին և 13-ին Տավուշ Մեդիայի ստուդիան հյուրընկալեց Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի թիվ 1 և թիվ 2 դպրոցների մի խումբ աշակերտների և ուսուցիչների՝ նրանց ծանոթացնելու մեդիայի գործունեության բազմազան ուղղություններին: Ուսումնաճանաչողական այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էին սոցիալական մեդիայի անվտանգ և նպատակային օգտագործման, ինչպես նաև կեղծ լուրերը տարբերակելու և ստուգելու մեխանիզմները:

Տավուշ Մեդիայի աշխատակազմը դպրոցականներին ներկայացրեց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերը՝ անդրադառնալով հաղորդումների պատրաստման, մոնտաժման և եթեր հեռարձակման գործընթացներին: Աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացան տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին։

Այցի ընթացքում աշակերտները ներկայացրին իրենց գաղափարներն ու առաջարկները, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ ՀԸ եթերում:

«Այս փորձառությունը ոգևորիչ էր․ ծանոթացանք հեռուստատեսային աշխատանքի նրբություններին, ու հնարավորություն ունեցանք հասկանալու մեդիայի կարևորությունն ու ազդեցությունը՝ հանրային կյանքում»,- վերջում նշեց աշակերտներից մեկը։




Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Բարեկամավանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Գրող Աշոտ Աղաբաբյանի գրքի շնորհանդեսը Նոյեմբերյանում․ հանդիպումը ընթերցասերների հետ

Այսօր Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ գրող Աշոտ Աղաբաբյանի առաջին հանդիպումը իր հայրենի համայնքում՝ գրքի շնորհանդեսի ձևաչափով: Լեփ-լեցուն դահլիճը ջերմ ընդունեց սիրելի գրողին, իսկ ընթերցասերները՝ ուրախությամբ բեռնավորված Աղաբաբյանի գրքերով, հեռացան մշակութային օջախից: Հանդիպմանը ներկա էին նրա ընկերները, հարազատները, ուսուցիչները, գրչի սիրահարները, ինչպես նաև Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:

Կողբ հիմնադրամի և համայնքապետարանի աջակցությամբ՝ միջոցառման ընթացքում Աղաբաբյանի գրքերից կազմված կապոցներ նվիրվեցին համայնքի դպրոցներին, գրադարաններին և զորամասին՝ նպաստելով Նոյեմբերյանում գրականության տարածմանը և ընթերցասիրության զարգացմանը։




Նոյեմբերյանում իր դռները բացեց վերանորոգված արվեստի դպրոցը

Նոյեմբերյանում իր դռներն է բացում վերանորոգված արվեստի դպրոցը։ Վերանորոգ շենքը կարող է ծառայել շուրջ 300 սաների։ Դպրոցի վերանորոգումը կարևոր քայլ էր՝ համայնքի կրթական և մշակութային կյանքում, քանի որ այստեղ համայնքի երիտասարդները կունենան հնարավորություններ զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները։ Արվեստի դպրոցը հիմնանորոգվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների, ինչպես նաև Նոյեմբերյանի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։

«Մենք օժանդակում ենք Հայաստանի կառավարությանը՝ դառնալու ավելի կանաչ, բարգավաճ ու կայուն երկիր դառնալուն, որտեղ արժե ապրել ու ստեղծագործել։ Մենք եկանք այստեղ ու երեխաններն ասացին, որ ցանկանում են ունենալ բարենպաստ պայմաններով դպրոց և մենք վերակառուցեցինք այն՝ դարձնելով երեխաների երազանքի դպրոցը։ Նոյեմբերյանի վերանորգոված արվեստի դպրոցը մեկն է այն 48 ընթացիկ ծրագրերից, որոնք մենք իրականացնում ենք Հայաստանում։ Սա շարունակական գործընթաց է GIZ-ի աշխատանքները շարունակվում են»,- Տավուշ Մեդիայի հետ զրույցում նշեց GIZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգեր

Վերանորոգումից բացի արվեստի դպրոցի շենքում տեղադրվել է 5 կՎտ հզորությամբ արևային վահանակների համակարգ՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ GIZ-ի կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի շրջանակում։ Համակարգը նպաստելու է արվեստի դպրոցի և նույն շենքում գտնվող գրադարանի էներգետիկ պահանջների բավարարմանը և համայնքում վերականգնվող էներգիայի օգտագործման խթանմանը։ Դպրոցը նպաստելու է երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանն ու ստեղծելու մի հարթակ, որտեղ նրանք կարող են հանդիպել, համախմբվել ու փոխանակվել գաղափարներով։ Արվեստի դպրոցը ոչ միայն կրթական հաստատություն է, այլև մշակութային կենտրոն, որտեղ անցկացվելու են ցուցահանդեսներ, մշակութային այլ միջոցառումներ՝ ստեղծելով ակտիվ մշակութային կյանք։

Նոյեմբերյանի արվեստի դպրոցի բացմամբ նշանավորում են համայնքի կրթական և մշակութային աշխուժացումը՝ ապահովելով երիտասարդների համար նոր հնարավորություններ։




Արկոյի վերադարձն իր մանկություն. ցուցահանդես Նոյեմբերյանում

Նոյեմբերյանցի նկարիչ Արկադի Հովհաննիսյանի «Մանկության հետքերով» խորագրով ցուցահանդեսը Նոյեմբերյանում։




Նոյեմբերյանում գործարկվելու է էլեկտրաշչակ. իրազեկում

Նոյեմբերյան

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Արտակարգ օրեր․ աղետի հետևանքները՝ Տավուշի մարզում

Աղետ Տավուշի մարզում

Մայիսի 26-ին տեղատարափ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարումը առաջացրեց մի շարք արտակարգ դեպքեր ու պատահարներ։ Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում բազմաթիվ ահազանգեր էին ստացվել շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրերի մեջ արգելափակումների վերաբերյալ։ Անհապաղ մեկնարկեցին որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները, որոնցում ներգրավվեցին 324 փրկարարներ։

Մայիսի 26-ի օպերատիվ տեղեկագրի համաձայն աղետի գոտում 4 զոհ կար,  որոնցից մեկը Տավուշի մարզից․ Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս էր բերվել Հաղթանակ գյուղի բնակիչ Ավագ Ավագյանի դին։ Հեղեղումների հետևանքով Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել է 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։

Հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներ հայտարարվեցին որպես աղետի գոտի: Աղետի գոտիներում օպերատիվ աշխատանքային խմբերը սկսեցին կազմակերպել բնակչության պաշտպանության անհրաժեշտ հիմնական միջոցառումների իրականացումը:

Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում Աղստևի վարարումը 3 տուն փլուզեց, գետի ափամերձ տարածքի տները, շենք-շինությունները ջրալցվեցին, փլուզվեց Մ4 Իջևան-Դիլիջան-Երևան միջպետական ճանապարհի Հաղարծին գյուղի ճանապարհահատվածը։

Հեղեղումները վնասեցին Իջևան քաղաքի Պռոշյան-Ղարագյոզյան փողոցների հատվածի գազատար խողովակը, որն արագորեն վերականգնվեց: Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը վնասվեց Խաշթառակ գյուղի կամրջի հենասյունը և մասնակի փլուզվեց: Անվտանգությունից ելնելով, երթևեկությունը  տվյալ կամրջով դեռ արգելվում է։

Խաշթառակի ու Լուսահովիտի բնակիչները գյուղերից դուրս գալու համար օգտվում են այլընտրանքային-գրունտային ճանապարհից։

Դեբեդ գետի վարարումը վնաս է հասցրել Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքին ու հարակից բնակավայրերին։ Աղետի հետևանքները Նոյեմբերյանում ավելի շատ են՝ փլուզվել է Այրումի կայարանի կամուրջը, որի հետևանքով վնասվել է գազատարը և դադարեցվել գազամատակարարումը, ավերվել են ենթակառուցվածքները, վնասվել հողատարածքները, մարդկանց ավտոմեքենաները։ Ժամերի ընթացքում գետի ջրերը լցվել են տներ, ոչ պիտանի դարձրել մարդկանց գույքը, կենցաղային իրերը` տարիների աշխատանքը: Դեբեդի վարարման հետևանքով վնասներ են հասցվել Բագրատաշեն և Դեբեդավան բնակավայրերի գյուղացիական տնտեսություններին՝ ջրածածկվել են այգիներ, տնամերձ հողատարածքներ: Ոչնչացվել են ընտանի կենդանիներ։ Մեծ վնասներ է կրել Բագրատաշենի մաքսատունը։

Այս արտակարգ օրերին, Տավուշ Մեդիան աշխատելով աղետի գոտիներում, ներկայացրել է իրավիճակի հետևանքները՝ առաջացած խնդիրները, կարիքները, կատարված ու կատարվելիք աշխատանքները։

Սիրելի տավուշցիներ, աննախադեպ աղետից տուժած հայրենակիցներ, հատկապես վնասների ու կարիքների գնահատման խմբերի անդամներ,

Տավուշ Մեդիան մեկ անգամ ևս հիշեցնում է՝ միջազգային հրատապ ու արդյունավետ աջակցություն ստանալու առաջին նախապայմանը տեղի ունեցածի հետևանքների տեսա և ֆոտո վավերագրություններն են, որոնք պիտ կցվեն գրավոր նկարագրերին: Հետամուտ եղեք, որ վնասներն իրենց վավերագրությունն ունենան: Դրանք կարող  եք ուղարկել մեզ՝ նշված հասցեներով։ (Facebook – Տավուշ ՀԸ / Tavush TV կամ info@tavushmedia.am)

Դա պետք է իրականացնել և վթարաորոնողական, և փրկարարական, և անհետաձգելի վթարավերականգնողական, ինչպես նաև՝ վերակառուցման աշխատանքների ժամանակ:

Վերստին տեղեկացնում ենք՝ Տավուշի մարզին սպառնացող աղետների ու դրանց ռիսկերի նվազեցման վարքականոններին կարող եք ծանոթանալ այցելելով tavushmedia.am կայք։ Այցելեք, կարդացեք, դիտեք ու եղեք իրազեկ։ ՈՎ ԻՐԱԶԵԿՎԱԾ Է, ՆԱ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է։

 

Հեղինակներ` Էռնեստ Խանումյան, Անգելինա Մանուկյան, Վաղարշակ Ալավերդյան, Արտյոմ Դալյան


«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱ-ի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։