«Տավուշը հանուն հայրենիքի». հավաք Ոսկեպարում

«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպմամբ Ոսկեպարի գյուղամեջում ապրիլի 13-ին հավաքվել էին մի խումբ քաղաքացիներ՝ պետությանը տեր լինելու իրենց հանձնառությունը արտահայտելու համար։

Ի սատարումն հանրահավաքին, Ոսկեպար էին եկել Հայաստանի տարբեր մարզերից ու մայրաքաղաքից։ Երգիչ Արսեն Գրիգորյանի կարծիքով սա ամբողջ հայության խնդիրն է, ոչ թե ոսկեպարցիների կամ տավուշցիների։

Արդեն մեկ ամիս շարունակ Ոսկեպարի շուրջ ծավալվող իրադարձությունները անհանգստություններ են պատճառում տարածաշրջանի բնակչությանը։ Բնակիչների հորդորը գյուղի կենսական նշանակության գնահատումն ու կարևորումն է։

Հարյուրավոր քաղաքացիներ իրենց աջակցությունն ու պատրաստակամություն հայտնեցին՝ վերահաստատելով՝ Տավուշը հանուն հայրենիքի։




Սուրբ Հարության ավետիսը հնչեց Ոսկեպարի Սբ. Աստվածածին եկեղեցում

Մարտի 31-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը:
Տոնը ընդունված է կոչել նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված։ Քրիստոսի Հարության ավետիսը հնչեց նաև սահմանամերձ Ոսկեպարի 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հայաստանի տարբեր շրջաններից ու աշխարհի տարբեր կետերից մի խումբ ուխտավորներ Ոսկեպարում աղոթք արեցին՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիսապետությամբ։

Վերջին շրջանում Ոսկեպարի շուրջ ծավալված իրադարձությունների մասին խոսելիս ոսկեպարցիները ընդգծում են՝ գյուղը, 7-րդ դարի եկեղեցին Հայաստանի դարպասն են։

Աղոթքից հետո եկեղեցու բակում ընթացավ ավանդական հավկիթախաղը՝ կրկին ավետելով Քրիստոս հարյավ ի մեռելոց․ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։




Ֆրանսիական Le Figaro պարբերականը Ոսկեպարի շուրջ ծավալված իրադարձությունների մասին

«Մենք վերադարձրել ենք այդ հողերը մեր արյունը հեղելով». տավուշցիների ընդվզումը Հայաստանում

Մենք պատրաստ ենք զենքը ձեռքներիս պաշտպանել մեր գյուղերը, – հայտարարում են այս տարածաշրջանի բնակիչները, որը Երևանն ուզում է հանձնել Բաքվին

Ոսկեպարի ներքին թաղամասում, ադրբեջանական ճակատի գծից երկու քայլ հեռու, թռչուններն իրենց գեղգեղանքով ողջունում են հայկական գարունը։ Լիլիթ Մ.-ն իր տան շեմին արծաթե խաչը ամուր կախում է վզից։ Մի քանի օր հետո իր տան առջևով անցնող խճուղին կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի հերթական սահմանը։ «Ես կառուցել եմ այս տունը տասնութ տարի առաջ»,- փլվում է գեղջկուհին, հանուն դստեր համակերպվելով հեռանալու մտքի հետ։

Հայաստանի հյուսիս-արևելքում, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ներքևում նրա անասնագոմն է։ Դա այն տարածքն է որի նկատմամբ հավակնություններ ունի Ադրբեջանը, և որը պլանավորում է զիջել Հայաստանի վարչապետը։ Նրա տան դեմ դիմաց, հայկական կողմում մնում է նրա զարմիկի տունը։ Իսկ այն որ պատկանում է նրա քեռուն և հարևանին՝ Արտեմ Մ.-ին կարող է անցնել Ադրբեջանին։

Ծերունին (Արտեմ Մ.) այստեղ ապրել է 32 տարի։ «Մենք այստեղ մեր տանն ենք, մենք 1992 թվին վերադարձրել ենք մեզ այս հողերը մեր ընտանիքների արյան գնով։ Այս հողերը մեր պապենական հողերն են»,– ասաց ծերունին։ Այս սահմանային տարածքներում արդեն հարյուր տարի թագավորում է անորոշությունը։ 1920թ.-ից մինչև 1991թ. ընթացքում ադրբեջանական ԽՍՀ-ի և Հայաստանի մեջև տեղի են ունեցել բազմաթիվ սահմանային, հաճախ չփաստաթղթավորված փոփոխություններ։ Մարտի սկզբին կովկասյան երկու հարևանները շարունակեցին 2023թ.-ի սեպտեմբերին սկսված սահամանային երկխոսության 7-րդ փուլը, որի արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պահանջեց Տավուշի մարզի չորս հայկական Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց և Բերքաբեր գյուղերի «Անհապաղ հանձնում»։

Որից հետո Հայաստանի վարջապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին այցելեց Ոսկեպար։ «Եթե մենք չզիջենք այդ տարածքները, ապա Ադրբեջանը կգրավի այն ուժով, և մենք չենք կարող դիմադրել»,- հայտարարեց նա գյուղի բնակիչներին՝ տարածելով խուճապ ողջ երկրով մեկ։ Դրանից հետո Ոսկեպարում սկսվեց կազմակերպվել դիմադրություն։ Մարտի քսանի առավոտյան գյուղի հրապարակում հավաքվել էր տղամարդկանց հոծ բազմություն «Մենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր հայրենիքը, կկանգնեք մեր բանակի կողքին և կպայքարենք մինչև վերջ,- ասում էին Ոսկեպարի տղամարդիկ,- մեր գյուղի ճակատագիրը մեր ձեռքերում է։ Ցանկացած պահի կարող են տեղի ունենալ մարտական գործողություններ հակառակորդի կողմից մեզ այսստեղից հեռացնելու նպատակով։ Պատրաստ եղեք։»


«
Կարող են լինել առևանգումներ»

Վերջին շարքում նստած 70 ամյա գյուղացին ուշադիր լսում է իր նախկին մարտական ընկերոջը, նա և իր ընկերները 1991-1992 թվականներին հենց այստեղ մասնակցել են այս տարածքների ազատագրմանը։ «Մենք բոլորս պատրաստ ենք ինչպես 32 տարի առաջ մի անգամ ևս հետ շպրտել ադրբեջանցիներին այն կողմ։ Նրանք ուզում են խլել մեզնից այն հողերը, որտեղ մենք ծնվել ենք։ Մենք պայքարելու ենք»,- հաստատում է 70 ամյա տղամարդը իր ընկերների լուռ համաձայնությամբ…

 

Ժողովում դպրոցի ուսուցիչը բացատրեց. «Խնդիրը ոչ միայն տարածքների վերադարձն է, այլ նաև այն, որ այդ հողերը կպած են Ոսկեպարի բնակելի տներին, այնտեղ են գտնվում նաև յոթերորդ դարի եկեղեցին և մեր պապերի գերեզմանները»։ 1992 թվականին Հայաստանի կողմից ազատագրված այդ տարածքները ի օգուտ Ադրբեջանի զիջելու մասին բարձրաձայնվել է ՀՀ վարջապետի կողմից։ 2021 և 2022 թվականներին Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք և գրավել 200 քառակուսի կմ. տարածք։ Սակայն ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է որ ոչինչ չի պատրաստվում վերադարձնել։ Դա բավարար հիմք է գյուղի բնակիչների մտավախություններն ուժեղացնելու համար։ Նոր սահմանի այսքան մոտիկությունը հատկապես անհանգստացնում է ուսուցչին։ «Գյուղական դպրոցը գտնվելու է ճակատի գծից 100 մետր հեռավորության վրա,- անհանգստանում է նա,- երեխանները ստիպված կլինեն դպրոց գնալ ադրբեջանցիների հայացքի ներքո։ Կարող են լինել առևանգումներ, ծնողները չեն ցանկանա իրենց երեխաններին ուղարկել դպրոց»…

Գյուղի հրապարակի կողքին իր մթերային խանութի վաճառասեղանի հետևում վաճառողուհին դուրս է գալիս ափերից. «Ի՞նչպես կարող եմ ես ապրել նրանց կողքին, ովքեր սպանել են իմ ընտանիքի անդամներին»։ 1991-1992 թվականների պատերազմի ժամանակ այս կինը հողին է հանձնել իր երեք հարազատներին։ Նրա խոսքերով  ինքն այն եզակի կանանցից է, որ մնացել էր այստեղ զինվորներին կերակրելու համար. «Այսօր ես 77 տարեկան եմ, բայց տարիքը նշանակություն չունի, ես պատրաստ եմ նույնը անել ևս մեկ անգամ» ,-ասում է տատիկը…

Հայաստանի կիրառական քաղաքագիտության գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Բենյամին Պողոսյանի կարծիքով «Կյանքը այդ գյուղերում կդառնա չափազանց բարդ, և հազարավոր բնակիչներ ստիպված կլինեն լքել երկիրը»։ Ադրբեջանը պատահականորեն չի ընտրել այդ չորս տարածքները։ «Նրանք գտնվում են Հայաստանը Վրաստանին կապող առանցքային ճանապարհներից մեկի վրա։ Երկիրը ստիպված կլինի կառուցել այլընտրանքային ճանապարհ»,- բացատրում է հետազոտողը և ավելացնում, որ այդ գյուղերի հանձնումը կբերի նրան, որ ադրբեջանը կվերահսկի Ռուսաստան-Վրաստան-Հայաստան գազատարի գրեթե մեկ կիլոմետրանոց հատվածը։ «Իլհամ Ալիևը այդ կերպ կարող է փակել հայերի գազը այնպես, ինչպես դա արեց 2023 թվի հունվարից սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Լաչինի միջանցքում»,- մտավախություն հայտնեց նա։

Ոսկեպարում հնչած հակառակվելու կոչը դուրս է եկել Տավուշի սահմաններից։ Հայկական խոշոր քաղաքների խաղաղ բնակիչները պատրաստակամություն են հայտնել իրենց խմբերով միանալ գյուղացիններին և պատրաստ են պայքարել նրա համար որպեսզի Տավուշը չդառնա հաջորդ Լեռնային Ղարաբաղը։

Լրագրողներ՝
Théodore De kerros
Sarah Gros

Լե Ֆիգարո պարբերական
Հրատարակվել է՝ 27.03.2024թ.

Նյութը` voskepar.com կայքից:

 




Գյուղն ու մարդիկ սահմանին․ Բերդավան

Շաբաթ առավոտյան գործընկերներով ճանապարհ ենք ընկնում դեպի Բերդավան։

Թեպետ օրը շաբաթ էր, սակայն գյուղում աշխուժություն կար՝ երեխաների խաղի աղմուկ, գյուղամիջյան զրույցներ, շինարարություն, մշակույթի տնից լսվող հայրենասիրական երգ։

ԲԵՐԴԱՎԱՆԻ ԱՄՐՈՑԸ

Բերդավանում մեզ ասացին, որ ով առաջին անգամ է ոտք դնում գյուղ, ուրեմն իր այցը պիտի սկսի Ղալինջաքար ամրոցից։ Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական բերդն է Ղալինջաքարը, թվագրվում է 12-րդ դար։

Բերդի անվան ստուգաբանությունը բացահայտվում է Տավուշի բնակչության բարբառում այժմ էլ կիրառական «ղալին» բազմիմաստ բառի հետ: Այն ունի խիտ, շատ, հաստ, հորդ, վարար իմաստները:

Առաջին երեքը լիովին համահունչ են բերդի անվանը՝ շատ քարերով, խիտ շարվածքով և հաստ պատերով ամրոց: Ամրոցը կարևոր դեր է խաղացել ոչ միայն գյուղի, այլև տարածաշրջանի բնակչության պաշտպանության գործում:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Հեղինակ` Էռնեստ Խանումյան




Ցուցահանդես Նոյեմբերյանում՝ նվիրված կանանց միամսյակին

Թաղիքագործության և գորգագործության ցուցահանդես՝ նվիրված կանանց միամսյակին։ Նոյեմբերյանում օրերս ներկայացվեց վարպետ, թաղիքագործ Դիանա Մամյանի և մանկավարժ, գրող, գորգագործ Անուշ Ալեքսանյանի աշխատանքները:

Հեղինակ` Հրանուշ Անանյան:




Սահմանն ու մարդիկ․ Կոթի

Ինչպես են ապրում և ինչ են մտածում սահմանամերձ գյուղի մեծն ու փոքրը:

Տեսանյութի հեղինակը Նոյեմբերյանի տարածաշրջանից մեր թղթակից Հրանուշ Անանյանն է։




Տավուշեցի հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանի պատմությունը

Մեր հայրենակից, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը ՏավուշTV-ին ներկայացրել է իր ստեղծագործական ճանապարհի պատմությունը՝ սկսած այն ժամանակից, երբ կիթառ ունենալը միայն անհաս երազանք էր թվում, մինչև այսօր արդեն իր սեփական սաներին ոգեշնչելը։
Կարինեն ասում է, Երևանից դուրս ստեղծագործելու առավելությունն այն է, որ բնության հետ իր կապը շատ սերտ է եղել, և այդ կապն է, որ թույլ է տվել բնության մեջ տալ հարցեր ու գտնել դրանց պատասխանները։ Իր իսկ երգի խոսքերով՝

«Միայնությունը հասցրել է խորին ինքնահասկացման,
Եվ լռությունը իր գաղտնիքներն է շռայլել անգին․․․»




Սոցիալ-տնտեսական մարտահրավերները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում

Քննարկման օրակարգում սահմանամերձ բնակավայրերի խնդիրներն են․ ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը «Կանաչ գյուղ» ձեռնարկության տնօրեն Գագիկ Աղաբաբյանի, Նորաշենի «Զովակ» հյուրատան հիմնադիր Գարիկ Փայտյանի ու «Աղստևի հովիտ» տեղական ակտիվ խումբ ՀԿ տնօրեն Կարինե Սարիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա մարտահրավերները, որոնք հետևանքներ են թողնում բնակչության սոցիալ-տնտեսական դրության վրա։

 




Տյառնընդառաջի նախատոնակը Նոյեմբերյանում

Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորիս։ Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու տոնը՝ Տյառնընդառաջը։

Տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակը: Եկեղեցու կանթեղից վերցված կրակով խարույկ է վառվում իբրև լույսի խորհրդանիշ։

Տավուշի մարզի համայնքներում Տյառնընդառաջի խորհրդով արարողություններ են կատարվել. ներկայացնում ենք լուսանկարներ Նոյեմբերյանից:




Սահմանամերձ բնակավայրի այգեգործ-գինեգործը ահազանգ է հնչեցնում

Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ բնակավայրում շուրջ 40 տարվա գինեգործական փորձ ունեցող Գագիկ Աղաբաբյանին ոչ միայն սերն է ձգում գինու հանդեպ, այլև ամենակարևորը՝ անսահման սերն ու հավատը Հայրենիքի և նրա ուժեղ ու անկախ ապագայի նկատմամբ:

«Ուզում եմ խոսել մեր մի քանի խնդիրների մասին, որ մի գուցե կհետաքրքրի շատերին:
Մենք գտնվում ենք Հայաստանի հյուսիս-արևելյան գոտում` Տավուշի մարզի Կողբ գյուղում: Մեր գործարանը հիմնադրվել է 2021թ., արտասահմանում բնակվող հայ, հայրենասեր իմ գործընկերոջ հայրենանվեր ներդրմամբ, սահմանից հեռու է ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր, իսկ մեր խաղողի այգիները գտնվում են հենց սահմանին: Այգի ունենք, որի կողքով սահմանն է անցնում:

Մշակում ենք մեր տարածաշրջանի տեղածին խաղողները, հատապտուղները, ստանում տերուարային գինիներ և բնական հյութեր: Հայտնաբերել և կործանումից փրկել ենք տեղածին խաղողի էնդեմիկ տեսակներ` «Կանաչ Կենի», «Ջրջրուկ», «Ջրալի», «Կողբենի», կատարել գիտական ուսումնասիրություններ, ստեղծել կոլեկցիոն տնկարան, ստացել գինիներ: Նորաստեղծ գործարանի համար բավական լավ «տեղավորվել ենք» շուկայում, ստեղծել պահանջարկ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, շուտով հավանաբար արտահանում կունենանք ԱՄՆ և Անգլիա:
Սա մի փոքր մեր մասին: Հիմա խնդիրների մասին:

Առաջինը և ամենացավալին դա անտարբերությունն ու մեր ստեղծածի նկատմամբ արհամարական վերաբերմունքն է. մեր շենքը, ունեցվածքը գնահատվում է կոպեկներ (գրոշներ), ինչ է թե սահմանին ենք, հողը, ընդհանրապես, 0 (զրո) դրամ:

Երկրորդը. Հայաստանում ընդունված է գինի կամ գինեգործություն ասելիս հասկանալ Արարատյան դաշտ, Վայոց ձոր, Արագածոտն… Եվ միայն Կանգուն, Ոսկեհատ, Արենի և այդ տարածքներում աճող այլ տեսակներ…

Մեր տարածքի և խաղողների էնդեմիկ տեսակների նկատմամբ ուշադրությունը «կենացային» մակարդակից այն կողմ չի գնում: Հետզհետե կործանվում է մեր գյուղատնտեսությունը շուկայական մրցակցության պայմաններում, տարեցտարի ավելանում են չմշակվող հողերը, ամայանում սահմանամերձ տարածքները…

Մեր գինիները անցել են համտեսի լուրջ քննություն ԱՄՆ-ում և Անգլիայում, ստացել բավարար գնահատական: Ընդունել ենք արտասահմանցի գործընկերներին, որոնց բավական հետաքրքրել է մեր կատարած ծավալուն աշխատանքները և նախապատրաստվում ենք կնքել պայմանագրեր:
Տարօրինակ և զարմանալի, որ այդ նույն գինիները, այդ նույն աշխատանքները մեր երկրում, մեր պատկան մարմիններին, գինու ոլորտի կարգավորող կազմակերպություններին բացարձակ չեն հետաքրքրում, բացի լավ խոսքերից` «վայ, ինչ լավ աշխատանք եք անում», առաջ չենք գնում: Ավելին, հիմա ունենք Հադրութի Խնդողնու այգի, պատրաստվում ենք հիմնել «Կանաչ Կենու», «Ջրջրուկի», «Բանանցի» և այլ այգիներ: Մեր անտառներում հայտնաբերել ենք մի գուցե 1000 տարեկան խաղողի վազեր…
Եթե որևէ լրատվական կազմակերպություն էլ լսում է մեր մասին, զանգում մի կլոր, շատ մեծ կլոր գումարով լրատվություն են առաջարկում:
Էս 3-4 տարում դեռ չեմ տեսել , որ մեկը մի փոքր իր գործից հասկացող պաշտոնյա, վերևներում նստած մասնագետ զանգի ու հալում-հարցում անի մեզանից, բացառությամբ խաղողի սեզոնին մթերված խաղողի քանակության մասին:

Երևանյան գինու մասնագիտական խանութները հրաժարվում են մեր գինին դնել ցուցափեղկին` թե բա անծանոթ գինի է, Կանգուն, Ոսկեհատ բերեք: ԱՄՆ-ում, Անգլիա ընդունվում է, այստեղ ոչ, ավելին, շուտով հետաքրքիր ներկացուցչական միջոցառում է լինելու և ԱՄՆ-ում և Լոնդոնում:
Հայաստանում ռեստորան կա, որտեղ ամենաշատ վաճառվող գինին մերն է, բայց հենց հերթը գալիս է գինու ոլորտի կարգավորումներով զբաղվող կազմակերպություններին` անմիջապես լսում ենք` «վայ ինչ լավ աշխատանք եք արել», մի քանի տարի էլ առաջ գնանք հետո համագործակցենք, ասել կուզի տեսնենք կենդանի եք մնում: Մնալու ենք: Մնալու եմ: Մնալու են»

Գագիկ Աղաբաբյան
«Կանաչ գյուղ» ձեռնարկության հիմնադիր, «Կողբա գինիներ» բրենդի հեղինակ