Ավետյաց Երկրի Տեսիլքի ճամփորդությունը շարունակվում է

Հետաքրքիր վերլուծություններ են մարդիկ կատարում Բագրատ Սրբազան-ի նոր՝ «ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՏԵՍԻԼՔՈՎ» գրքի բովանդակության վերաբերյալ։
Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը Նոյեմբերյան համայնքում տեղի ունեցած պանելային քննարկում-շնորհանդեսի ժամանակ ասաց․ «Եթե գիրքը կարդա Բագրատ Սրբազանին չճանաչող մեկը, կարող է մտածել, որ այն գրել է տնտեսագետ, քանի որ գրքում խորը տնտեսական վերլուծություն է արվել մեր աշխարհի տնտեսական զարգացման մասին»։

Լեզվաբան Փարսադան Ալեքսանյանը տասը բառ է գտել գրքում, որոնք նորույթ են և մինչ այս որևէ բառարանում չեն արձանագրվել։
Բանասեր Ռուսլան Մալինյանն անդրադարձավ գրքում տեղ գտած բազմաթիվ բանաձևային ձևակերպումներին։
Մեկ բան բոլորն են արձանագրում՝ այս գիրքը մեզ ճանապարհ է ցույց տալիս՝ վերադառնալու սեփական ինքնությանը, հայության իսկատիպ նկարագրի, որի միջոցով է միայն հնարավոր կառուցել մեր Ավետյաց Երկիրը, որը բոլորիս երազանքն ու ձգտումն է:

Ավետյաց Երկիրը մեր բոլոր իղձերի, մեր ձգտումների, երջանկության և անսպառ ուրախության երկիրն է, որը կառուցելու ճանապարհի մեջ կոչված է լինել յուրաքանչյուր հայ՝ որպես առանձին անձ, և որպես հավաքականություն՝ ազգ, ժողովուրդ:
———
Գրքի շնորհանդեսներ արդեն տեղի են ունեցել Երևանում, Իջևանում և Նոյեմբերյանում։ Սպասեք հաջորդներին
———
Նոյեմբերյանում շնորհանդեսը տեղի կայացավ Կողբի գեղարվեստի դպրոցում։
Շնորհակալ ենք բոլորին և՛ կազմակերպման, և՛ մասնակցության համար։




«Վերադարձ արմատներին»․ միջոցառում Բերդավանի Գեղագիտական կենտրոնում

Մոռացված ժողովրդական խաղերին ու ավանդույթներին նոր շունչ հաղորդելու նպատակով Բերդավանի Գեղագիտական կենտրոնը հունիսի 30-ին նախաձեռնել էր «Վերադարձ արմատներին» խորագրով միջոցառումը, որը հագեցած էր հայկական ժողովրդական խաղերի ներկայացմամբ, ազգային ժողովրդական երգերով ու պարերով։

Ներկաների կարծիքով ժողովրդական ու ազգային խաղերը ոչ միայն ժողովրդի մշակույթն ու պատմությունն են, այլ նաև` հայրենասիրության, ընկերասիրության ձևավորման հիմքն ու մշակութային արժեքների պահպանման հենասյունը, որը առավել մեծ նշանակություն ունի սահմանամերձ շրջանի պատանի-երիտասարդների համար։

Բերդավանում մշակութային կյանքը ակտիվ է և որպես սահմանամերձ բնակավայր գյուղում կարևոր նշանակություն ունի մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին։

Միջոցառման մասնակիցները վստահ են, որ «Վերադարձ արմատներին» միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ արմատները չմոռանալով միշտ կհիշվի հայ ժողովրդի ինքնության պահպանման անկյունաքարերը։




Գորգերի ամենամյա ցուցադրություն՝ «Տորքի որդեգրում» ծրագրի շրջանակում

Օրերս Երևանում «Ժողովրդական Արվեստի Հանգույց» հիմնադրամի կենտրոնում կայացավ գորգերի ցուցադրությունը, որին մասնակցում էին «Տորքի որդեգրում» ծրագրի մասնակից 11 մշակութային կենտրոնները, որոնց թվում էին նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը և Իջևանից՝ «Թելիկ» կենտրոնը։ 

«Տորքի որդեգրում» ծրագիրը իրականցվում է 2016 թվականից Հայաստանի տարբեր մարզերում և համայնքներում՝ գորգագործությունը զարգացնելու նպատակով։ 

Ցուցադրությունից հետո քննարկվեցին բազմաթիվ մասնագիտական հարցեր, կատարվեցին խորհրդատվություններ, փոխհամարգործակցական կապը ամրապնդվեց` հետագայում մի շարք ծրագրեր իրականացնելու ակնկալիքով:

Ցուցադրության մասին պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը․




«Ձոն ծաղկանց» փառատոնը Նոյեմբերյանում

Ամառնամուտին Նոյեմբերյանում առաջին անգամ տեղի է ունեցել «Ձոն ծաղկանց» խորագրով փառատոնը՝ նվիրված տարածաշրջանի հրաշագործ բնաշխարհին, ծաղկերանգ դաշտերին ու ծաղկավետ լեռներին։

 «Ձոն ծաղկանց» միջոցառումն հագեցած էր ժողովրդական խաղերով, երգ ու պարով։

Ծաղկատոն-փառատոնի մասին պատմում է Նոյեմբերյան համայնքից մեր թղթակից Հրանուշ Անանյանը․




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 22-ին, ժամը 13։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին՝ Ներքին Ծաղկավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Մ., ծնված 1993 թ.) և «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդ՝ Կ. Հ., ծնված 1965 թ․). վերջինիս ուղևորներ Հ. Մ.-ն (ծնված 1972 թ․), Ա. Ն.-ն (ծնված 1982 թ․), Կ. Մ.-ն (ծնված 1979 թ․), Է. Ու.-ն (ծնված 1983 թ․), Լ. Ո.-ն (ծնված 2003 թ․) և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Շ.-ն (ծնված 1969 թ․) հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը:




Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը

Նոյեմբերյանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային միկրոավտոբուսի խափանման հետևանքով Արճիս-Նոյեմբերյան և հետադարձ Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը։




Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու և նպաստի տրամադրման ժամկետը երկարաձգելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար հիշյալ անձանցից կաշառք է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ին:

Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի մեկ այլ բնակչից՝ Յ. Գ.-ից: Վերջինս, իր բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար Լ. Ա.-ին տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք ստանալու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով(2 դրվագ), իսկ կաշառք տալու համար Ա. Ա.-ին և Յ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով




Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ «Վարդատոն» ամենամյա փառատոնին

Ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը Թբիլիսիում հատուկ օր է։ Մայիսի 28-ին 109-րդ անգամ Թբիլիսիի կենտրոնում աշուղական երգ ու պարով նշվեց արդեն ավանդույթ դարձած «Վարդատոն»-ը, որը նվիրված է Սայաթ-Նովայի հիշատակին։

Ավելի քան մեկ դար առաջ հայ և վրացի մտավորականները Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ աշուղի շիրիմին վարդեր խոնարհելով և նրա երգերը երգելով՝ հիմք դրեցին թբիլիսահայության այս սիրելի տոնին։

Այս տարի տոնին մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնը, մի շարք այլ երաժշտախմբեր, ինչպես նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը՝ ասմունքի ելույթով։

Միջոցառմանը ներկա էին մի շարք վրացի պաշտոնյաներ, մտավորականներ, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Ավանդական տոնին հնչեցին աշուղի ոչ միայն հայ, այլև վրացերեն երգերը։




Նոյեմբերյան համայնքում անկլավներ չկան․ Նոյեմբերյան համայնքի ղեկավար

Նոյեմբերյան համայնքում անկլավներ չկան, նոյեմբերյանցիներն ապրում են հայկական, իրենց հողում։ Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Աղաբաբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի, Հայաստանի տարածքային ամբողջականության մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն։

«Նոյեմբերյան համայնքի ամբողջ վարչական տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Ձեր նշած «անկլավները» մեզ համար հայրենիք է։ Մենք թշնամուն զիջելու գյուղեր և հողեր չունենք, ու նոյեմբերյանցիները չեն պատրաստվում որևէ մեկին տարածքներ հանձնել այն պարզ պատճառով, որ այդ անկլավ կոչվածի հարևանությամբ մեր վարելահողերը գտնվում են թշնամու վերահսկողության տակ։ Ի դեպ, նրանց հսկողության տակ գտնվող մեր տարածքն ավելի կարևոր ռազմավարական նշանակություն ունի»,- հայտարարեց Արսեն Աղաբաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կմ տարածքով, իսկ դրա մեջ, ըստ նրա, մտնում են անկլավները՝ Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը։



Հրաչ Շահվերդյան․ Պոչատ աղվեսի հեքիաթը

Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղից չորսամյա Հրաչ Շահվերդյանը Տավուշ TV-ի եթերում պատմում է «Պոչատ աղվեսի հեքիաթը»։

Եթե Ձեր երեխան ևս ունի բացառիկ որևէ տաղանդ՝ լավ երգում է, նվագում է, ասմունքում, ունի մարզական կամ այլ նվաճումներ, ապա նա կարող է հայտնվել մեր եթերում։ Ուղարկե՛ք երեխայի հմտությունները ներկայացնող տեսանյութը մեր info@tavushmedia.am հասցեին, և նախնական ընտրությունն անցնելու դեպքում՝ այն կհայտնվի մեր եթերում, յութուբյան էջում և կայքում։