ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին

Ապրիլի 27-ին, ժամը 16:58-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին բախվել են «Opel Astra F» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1967 թ․) և «Mercedes-Benz Sprinter» (վարորդ՝ Գ․ Խ․, ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները: Շտապօգնության աշխատակիցն արձանագրել է Ա. Հ.-ի մահը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն

 

 

 

 




Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված երթ-մոմավառություն Նոյեմբերյանում

Ապրիլի 23-ի երեկոյան Նոյեմբերյանում կայացել է երթ-մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Նոյեմբերյանից հաղորդում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




Մարզային հանդիպում Իջևանում՝ «Միասին հանուն սոցիալական համայնքների» ծրագրի շրջանակներում

2021 թվականից Տավուշի մարզում իրականացվում է «Միասին հանուն սոցիալկան համայնքների» ծրագիրը, որի շրջանակում Իջևան ու Նոյեմբերյան համայնքներում կատարվել է կարիքների գնահատում, սոցիալական խնդիրների վերհանման ու լուծման նպատակով ձևավորվել է մինչգերատեսչական հանձնաժողով, որում ընդգրկված են քաղհասարակության, տեղական ինքնակառավարման, հանրային ոլորտների պատասախանատուները:

Ապրիլի 25-ին Իջևանում կայացավ մարզային հանդիպում՝ ծրագրի շրջանակում իրականացաված աշխատանքների ներկայացման նպատակով:




Ամենամեծ արվեստը գեղեցիկ ու ճիշտ ապրելն է․ Կարինե Ալեքսանյան

Կիթառահար, հեղինակ-կատարող Կարինե Ալեքսանյանը պատմում է Նոյեմբերյան համայնքում իր կյանքի ու գործի՝ բությունից սովորելու, սիրով իր արվեստը կիսելու և ամեն պահ, անհոգնել ստեղծագործելու մասին, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «մուսան միևնույն բանը երկրորդ անգամ չի բերում»։ 

Բացի ստեղծագործելուց՝ Կարինեն աշխատում է նաև համայնքի երաժշտասեր պատանիների ու երեխաների հետ․ նրանց հետ միասին ստեղծել են «Ծիածան» երաժշտական խումբը։

«Արվեստը ձևավորում է մտածելակերպ և արժեհամակարգ, և քանի որ մարդու գործերն էլ նրա մտքերի արդյունքն են, որակյալ արվեստը չափազանց կարևոր է»,- ասում է Կարինեն։

Դիմանկարի հեղինակ՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյան




Տավուշյան բանջարով ճաշ կամ եղինջ

Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը ներկայացնում է բանջարի (եղինջի) պատրաստման տավուշյան գաղտնիքները։




Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի. Նաիրա Աբրահամյան

«Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի»։

Դերասանուհի Նաիրա Աբրահամյանը Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում է 1991 թվականից, խաղացել է 30-ից ավելի ներկայացումներում, վերջերս պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութը գծում է Նաիրա Աբրահամյանի դիմանկարը՝ այն նվիրյալներից մեկի, ում շնորհիվ կենդանի և բաբախող է Նոյեմբերյան համայնքի մշակութային սիրտը։




Կողբի գեղարվեստի դպրոցում բացվել է «Քեզ համար» խորագրով խմբակային ցուցահանդեսը

«Քեզ համար»․ այս խորագիրն է կրում մարտի 20-ին Կողբում բացված խմբակային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մի շարք արվեստագետների աշխատանքներ։

Կողբի գեղարվեստի դպրոցում ընթացող ցուցահանդեսի խորագիրը՝ «Քեզ համար», ընտրված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու ներկայացված աշխատանքներում և միջավայրում գտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է՝ գույները, նախասիրությունները, տրամադրությունը։ 

Ցուցահանդեսը բաց կլինի 20 օր, այնպես որ շտապե՛ք այցելել։

Բացման մասին մանրամասները պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




Տավուշյան զրույց Սամվել Բեգլարյանի հետ

«Նպատակը, նվիրումը մեկն է՝ լինել մշակույթի հետ, լինել մշակույթի մեջ և մարդկանց, ժողովրդի, հայրենակիցների հետ հարաբերվել, խոսել մշակույթի լեզվով։ Դա աստվածային է․․․դա անփոխարինելի զգացողություն է»։

Թատրոնի օրվա առթիվ մեր մշակութային «Տավուշյան զրույց»-ը արվեստագետ, ռեժիսոր, դերասան, գրող Սամվել Բեգլարյանի հետ է։ Նա պատմում է Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնին շաղկապված իր կյանքի և մարզում մշակույթի հեռանկարների մասին։

Ու թեև, ինչպես ինքն է ասում՝ Նոյեմբերյանում «վերջին մոհիկանն» է, սակայն «մեկն էլ լինի՝ դա կայծ է լինելու, որ մշտավառ է պահելու այս բեմի լույսը»։




Շրջայց և փորձի փոխանակում երիտասարդների համար. Տավուշ ՀԸ-ն ընդունեց դպրոցականներին

Տավուշ Մեդիան կրկին մարդաշատ էր։ Վորլդ Վիժն Հայաստան բարեգործական կազմակերպության Տավուշի մարզային մասնաճյուղի Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչները, և մեդիագրագիտություն խմբակի երեխաները, Այրում և Հաղթանակ բնակավայրերի շուրջ 30 պատանի եկել էին ծանոթանանալու Տավուշ ՀԸ աշխատանքներին:

Տավուշ Մեդիայի աշխատակազմը ծանոթացրեց նրանց հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերին, ներկայացրեց հեռուսատահաղորդումների պատրաստման, մոնտաժման, եթեր հեռարձակման գործընթացը:
Երեխաները նաև ծանոթացան տաղավարային հաղորդումների պատրաստման փուլերին: Գործնականաորեն աշխատեցին տեսախցիկների հետ՝ կիրառելով նախապես ստացած գիտելիքները:

Այցի ընթացքում մեր հյուրերին պատմեցինք նաև Տավուշ Մեդիայի աշխատանքների ու առաջիկա անելիքների մասին:




Ծեծի ենթարկված 94-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

Մարտի 2-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, գլխի սալջարդ և պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կողբ գյուղի 94-ամյա մի բնակիչ: Տարեց կնոջ հարևանուհին ոստիկաններին հայտնել էր, որ նրան տեսել էր հյուրասենյակի հատակին ընկած:

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել էին 94-ամյա կնոջը մարմնական վնասվածքներ պատճառողի ինքնությունը: Կողբ բնակավայրի 21-ամյա բնակիչը հայտնաբերվել և ձերբակալվել էր:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մարտի 7-ին, ժամը 00։45-ին, «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հաղորդում է ստացվել, որ համագյուղացի երիտասարդի կողմից ծեծի ենթարկված 94-ամյա կինը մահացել է:

Քրեական վարույթը շարունակվում է: