Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնը շուտով կբացի իր դռները

Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում շուտով իր դռները կբացի Կողբի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը;

Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ Հայաստանում ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։

Կողբի ԹՈՒՄՈ կենտրոնի ղեկավարի դերը ստանձնելու համար ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է բարձր մոտիվացիայով, ճկուն և հավատարիմ անհատի, ով պատասխանատու կլինի կենտրոնի ամենօրյա գործունեության համար, կհամակարգի  Թումոյի կրթական ծրագրի և գործունեության իրականացումը՝ կապի մեջ լինելով Երևանի գլխավոր գրասենյակի հետ: Մանրամասների համար սեղմեք այստեղ:

 




Երկրաշարժ Վրաստանի Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք

Մարտի 1-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:52-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.38⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4․0 մագնիտուդով երկրաշարժ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում՝ 3-4 բալ և Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




Գիրք նվիրելու օրը Նոյեմբերյանում

Գիրք նվիրելու տոնին ընդառաջ Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի մանկական գրադարանը հյուրընկալել է Բաղանիսի մանկապարտեզի սաներին։

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան քաղաքային գրադարանն իր հերթին գրադարանի ֆոնդից պատրաստել է մի քանի կապոց գրքեր՝ Ջուջևանի և Դովեղի գրադարանների, ինչպես նաև Կարմիր գյուղի սարվորների գրադարանի համար։

Տեսանյութը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանից։




6-ամսյա առցանց ուսումնական ծրագիր Նոյեմբերյանում

Ուրախությամբ հայտնում ենք, որ մեկնարկում է Adobe Academy-Noyemberyan նախագիծը։ Համագործակցելով Whiz Code Academy-ի հետ՝ մեկնարկում է Adobe-ի կողմից հովանավորվող 6-ամսյա առցանց ուսումնական ծրագիր Նոյեմբերյան-ի այն աղջիկների համար, ովքեր հետաքրքրված են Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտով։

Թիմերն իրենց նախագծերով մասնակցելու են 𝐆𝐨𝐨𝐠𝐥𝐞-ի կողմից կազմակերպվող “Տեխնովացիա Աղջիկներ” միջազգային մրցույթին՝ ներկայացնելով Հայաստանը։

Եթե դու՝

  •  10 – 16 տարեկան ես
  •  Բնակվում ես Նոյեմբերյանում
  • Հետաքրքրված ես Տեղեկատվական Տեխնոլոգիաներով
  • Ունես տարրական համակարգչային գիտելիքներ
  • Դպրոցում սովորում ես անգլերեն

Ապա այս ծրագիրը հենց քե’զ համար է։

 

Ուսումնական ծրագրում`

‼️ Ծրագրավորման հիմունքներ

‼️ Հավելվածների մշակում

‼️ Բիզնես և Նորարարություն

‼️ Դիզայն մտածելակերպ

‼️Նախագծային աշխատանք և Գաղափարի ներկայացում (Startup pitching)

 

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է՝

👉Լրացնել հայտադիմումը մինչև մարտի 2-ը https://forms.office.com/r/VgWimk8jE0

👉Անցնել նախնական ընտրության փուլը

👉Պատրաստակամ լինել քո հասակակից այլ աղջիկների հետ 6 ամիս շարունակ սովորել և աշխատել քեզ ոգեշնչող նախագծի շուրջ6-ամսյա առցանց ուսումնական ծրագիր Նոյեմբերյան

Դասընթացները լինելու են շաբաթական 2 կամ 3 անգամ, 1 ժամ տևողությամբ։ Դասընթացները վարելու են Whiz Code Academy -ի փորձառու մասնագետները։ Դասերը լինելու են առցանց, սակայն թիմերն աշխատելու են միասին Նոյեմբերյանի ավագ դպրոցի տարածքից (հասցեն՝ Դպրոցականների 13)։




Մահացել է Նոյեմբերյանի նախկին համայնքապետ Կարեն Աբազյանը

Երկարատև ու ծանր հիվանդությունից փետրվարի 13-ի երեկոյան մահացել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի նախկին ղեկավար Կարեն Աբազյանը։

Կարեն Աբազյանը 46 տարեկան էր. հասարակության մեջ հայտնի էր որպես համեստ, ժողովրդական ղեկավար, իր հող ու ջրին նվիրյալ մարդ։ Տավուշ Մեդիան ցավակցում և զորակցում է Կարեն Աբազյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։




Ձմեռային զորակոչը Տավուշում․ Նոյեմբերյան

Տավուշում շարունակվում է ձմեռային զորակոչը։

Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը Նոյեմբերյան համայնքում ներկա է եղել հայկական բանակի հերթական համալրման առաջին փուլին և իր տեսախցիկով մեզ փոխանցել նորակոչիկների հույզերը։




Ոստիկանները բացահայտել են Բերդի համայնքապետարանի տերմինալից կատարված գողությունը

Հունվարի 13-ի առավոտյան ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում տված անհատ ձեռնարկատերը հայտնել էր, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Բերդ համայնքի համայնքապետարանի շենքի առաջին հարկում տեղադրված տերմինալի դուռը և գողացել դրամարկղը, որի մեջ մոտ 260 հազար դրամ կար:

Մեկնել էր բաժնի օպերատիվ խումբը, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Բերդի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվեց հունվարի 28-ին. հայտնաբերվեց և ձերբակալվեց Երևանի 31-ամյա մի բնակիչ: Նա ներկայացվել է Բերդի քննչական բաժին, որտեղ նրան առաջադրվել է մեղադրանք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ հունվարի 28-ին Նոյեմբերյան-Ջուջևան ճանապարհին Տավուշի մարզի պարեկները ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա։ Տրանսպորտային միջոցի սրահում ատրճանակ և դանակներ են եղել։ Մեքենան և վարորդը տեղափոխվել են տարածքային քննչական բաժին։
Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ոստիկանները զենք են հայտնաբերել նաև հունվարի 30-ին: Նրանք Նոյեմբերյանի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցիկում «ՍԿՍ» տիպի հրացան կար:

21-ամյա վարորդը և մեքենան տեղափոխվել են Նոյեմբերյանի բաժին:Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են:




Տարածաշրջանային վերջին հանդիպումը՝ Նոյեմբերյան համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ

Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականացվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում հունվարի 31-ին կայացավ տարածաշրջանային վերջին հանդիպումը՝ Նոյեմբերյան համայնքում գործող քաղհասարակության, տեղական ու պետական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման նպատակն էր բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Հանդիպման սկզբում ներկաներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը:

Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանը նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Ներկաները կիսվեցին նաև իրենց դիտարկումներով ու առաջարկություններով՝ Տավուշ ՀԸ գործունեության հետ կապված։

«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ:

Հադիպումները կազմակերպվել են Տավուշի մարզի բոլոր՝ Իջևան, Դիլիջան,Բերդ ու Նոյեմբերյան համայնքներում։ «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:




Հայտարարություն բաց մրցույթի մասին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից

Մրցույթի ծածկագիրը ՀՀ/Հ-01/23

Պատվիրատուն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը /ք․Երեւան, Բաղրամյան պող. 26/1/, հայտարարում է բաց մրցույթ, որն անցնելու է մեկ փուլով։

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ք․Նոյեմբերյան «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի ԲԿ» ՓԲԸ-ի ինֆեկցիոն մասնաշենքի վերակառուցման աշխատանքների պայմանագիր։

Մրցույթի հրավեր ստանալու համար անհրաժեշտ է փոխանցել 500 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում ունեցած N 1930001437120100 հաշվեհամարին եւ դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամ՝ ս․թ․հունվարի 27-ից մինչեւ ս․թ․ փետրվարի 13-ը՝ ժ․ 17.00-ն Սոս Գևորգյանին, հեռ․ 010 587392, էլ.փոստ: s.gevorgyan@himnadram.org։

Մրցույթի հայտերը՝ էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել tender@himnadram.org հասցեով՝ մինչեւ ս․թ․ փետրվարի 15-ը, ժ․ 11․00-ը։




«Աստղերը մեզ հետ են»․ Նոյեմբերյանում աստղադիտության խմբակ է մեկնարկում

Հունվարի 12-ին Նոյեմբերյան համայնքում տրվեց «Աստղերը մեզ հետ են» արտադպրոցական կրթության նոր ծրագրի մեկնարկը։

Ծրագիրը ներկայացրեց խորհրդակցական մարմնի համակարգող Անահիտ Փարսադանյանը։ Այն իրականացվելու է համայնքի 19 բնակավայրերի դպրոցահասակ երեխաների հետ։ Ծրագիրը հնարավորություն է տալու աստղային դիտումներ կատարել համայնքի տարբեր գյուղերից, գործելու է նաև աստղադիտության խմբակ։

Մանրամասներն իր ռեպորտաժում պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։