Նոյեմբերյանում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը

Հունվարի 7-ին Նոյեմբերյանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը։

Զորակոչիկներին ճանապարհելու էին եկել նրանց ընտանիքի անդամները, ընկերները, քաղաքացիները, որոնց բարեմաղթանքը մեկն է՝ արժանապատիվ ու խաղաղ ծառայություն հայրենիքի զինվորներին։

Լուսանկարները՝ Նոյեմբերյանի համայնքապետարանի։




Կողբ գյուղում անցկացվեց «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը

Դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում կայացավ «Երիտասարդաց ուժ» երիտասարդական ֆորումը, որը կազմակերպվել էր «Մարզերի երեխաները մարզերում» կազմակերպության Տավուշի մարզային թիմի և Կողբ հիմնադրամի համագործակցությամբ։

Ֆորումը համախմբել էր շուրջ 50 երիտասարդների Իջևան և Նոյեմբերյան համայնքներից, ինչպես նաև տարբեր ոլորտների փորձառու մասնագետների։ Միջոցառման ընթացքում խոսնակները ներկայացրել են իրենց մասնագիտական փորձը, կիսվել օգտակար խորհուրդներով և պատասխանել երիտասարդներին հուզող կարևոր հարցերին։

«Այսպիսի միջոցառումները նպաստում են երիտասարդների ակտիվացմանը և նպատակ ունեն աշխուժացնել երիտասարդներին՝ խթանելով նրանց ներգրավվածությունն ու նախաձեռնողականությունը», — նշում է կազմակերպիչներից Մոնիկա Փաշիկյանը։

Ֆորումը նպաստել է երիտասարդների կարողությունների զարգացմանը, համայնքային ակտիվության խթանմանը և փորձի փոխանակմանը։ Օրը եզրափակվել է հայկական ազգային երաժշտական կատարումով՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։




Տավուշ Մեդիան հյուրընկալել է Բագրատաշենի թիվ 1 դպրոցի աշակերտներին

Դեկտեմբերի 17-ին Տավուշ Մեդիայի ստուդիայում հյուրընկալեցինք Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրի թիվ 1 դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին: Այցի նպատակն էր նրանց ծանոթացնել մեդիայի գործունեության հիմնական և բազմազան ուղղություններին։

Ուսումնաճանաչողական այցի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց մարզային մեդիայի դերին և կարևորությանը։ Տավուշ Մեդիայի աշխատակիցները ներկայացրեցին հեռուստատեսային արտադրանքի ստեղծման փուլերը՝ սկսած հաղորդումների պատրաստումից մինչև մոնտաժ և եթերային հեռարձակում։

Աշակերտներն ու ուսուցիչները ծանոթացան նաև տաղավարային հաղորդումների ստեղծման ձևաչափին և մեդիայում կիրառվող տեխնիկական միջոցներին։

Այցի ավարտին աշակերտները կիսվեցին հեռուստաընկերության վերաբերյալ իրենց տպավորություններով, ներկայացրին գաղափարներ և առաջարկներ՝ նշելով, թե ինչպիսի հաղորդումներ կցանկանային տեսնել Տավուշ հեռուստաընկերության եթերում։

 




Հայաստանում Հունաստանի դեսպանն այցելել է Տավուշի մարզ

Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը դեկտեմբերի 15-ին Տավուշի մարզում էր:

Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Տավուշի մարզպետ Հ. Ղալումյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ մասնավորապես մշակութային, կրթական և տնտեսական ոլորտներում։ Կողմերը անդրադարձել են նաև համագործակցության զարգացման հեռանկարներին և համատեղ ծրագրերի իրականացման հնարավոր ուղիներին։

Այնուհետև դեսպանն այցելել է Նոյեմբերյան համայնք, հանդիպել համայնքի ղեկավար Ա. Աղաբաբյանի հետ։ Այցի ընթացքում դեսպանը հանդիպել է նաև տեղի հույն համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և քննարկել հնարավոր համագործակցության հարցեր։

Նոյեմբերյանում իրականացվել է նաև շրջայց մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Թումո տեխնոլոգիական կենտրոնում, Կողբի գեղարվեստի դպրոցում և նորաբաց մարզասրահում։

Այցի ընթացքում կատարվել է նաև այցելություն նոյեմբերյանցիների և հույն համայնքի համատեղ ստեղծած այգու հուշակոթող։

 




Առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութի տեղափոխման դեպք Նոյեմբերյանում

Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 8:25-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Անտառագործների փողոցում Տավուշի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են փայտանյութով բեռնված «ԶԻԼ» մակնիշի բեռնատար։

Նոյեմբերյանի բնակիչ 74-ամյա վարորդը հայտնել է, թե մեքենան բեռնված է 5 խմ վառելափայտով, որն ինքը պատրաստել է «Միսխանա» կոչվող տարածքում և ցանկանում էր տեղափոխել իր տուն։ Վարորդը, սակայն, փայտի ձեռքբերման կամ պատրաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

Փայտանյութով բեռնատարը տեղափոխվել է բաժնի հարակից տարածք, իսկ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Նոյեմբերյանի քննչական բաժին։




Արճիսի հին ու նոր սերունդները միասին նշեցին դպրոցի հիմնադրման 85-ամյակը

Արճիսի դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը։ 1940 թվականին, Երկրորդ աշխարհամարտի դժվարին տարիներին հիմնված 7-ամյա դպրոցը հետագայում դարձել է միջնակարգ Փոքրիկ, բայց կենսախինդ այս դպրոցը Արճիսի գյուղական կյանքի զարկերակն է արդեն 85 տարի։

Հոբելյանական միջոցառմանը դպրոցի բակը կրկին լեցուն էր մտերիմ ու հարազատ դեմքերով․ տարբեր սերունդների շրջանավարտները հավաքվել էին հարազատ կրթօջախում՝ նշելու իրենց դպրոցի հիմնադրման օրը։ Նրանք միասնաբար ծառատունկ իրականացրին շրջանավարտների պուրակում։ Տնկված ծառերն առաջին հերթին կանաչապատման կարևոր քայլ են, ապա նաև խորհրդանշական հիշեցում․ պետք է հավատարիմ մնալ արմատներին:

Ծառերը դպրոցին էր նվիրել տարածաշրջանում գործող «Գանձոր» տեղական ակտիվ խումբը։ Կազմակերպությունը կարևորում է, որ յուրաքանչյուր աշակերտ սովորի խնամված, անվտանգ ու բարեկեցիկ միջավայրում, և իրենց այս աջակցությամբ նպատակ ունեն նպաստելու այդ պայմանների ձևավորմանը։ Դպրոցի բակում կտեղադրվեն նաև նստարաններ։

Արճիսի դպրոցի հիմնադրման 85-ամյակի առթիվ շնորհավորելու էին եկել Նոյեմբերյանի համայնքապետարանի, Տավուշի մարզպետարանի, համայնքում գործող կառույցների ներկակացուցիչները:

Արճիսի դպրոցում այսօր սովորում է 154 աշակերտ՝ աշխույժ, նախաձեռնող, մասնակցային։ Նրանց լուսավոր ու ժպտուն հայացքներում, այնուամենայնիվ, մի ընդհանուր մտահոգություն կա․ դպրոցը հրատապ վերանորոգման կարիք ունի։ Տոնական օրը, սակայն, լի էր ուրախությամբ. ներկայացվեց դպրոցի 85-ամյա տարեգրությունը, իսկ աշակերտների ազգային պարերն ու երգ-երաժշտական կատարումները յուրահատուկ գունազարդում հաղորդեցին օրվան։

«Դպրոցի ճամփան միշտ կարճ է, սիրուն՝ ձմեռ թե գարուն»․ 85 տարիների արձանագրումը նաև ակնարկ է՝ դպրոցը շարունակելու է ապրել, շնչել ու կերտել իր նոր էջերը:




Զորականում ուսանողին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ 5 անչափահասի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Նոյեմբերի 27-ի երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։ Օգտատերը նաև գրել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի երիտասարդ:

ՀՀ քննչական կոմիտեից Տավուշ Մեդիային հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

«Մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առեւանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:   

Նշենք, որ դեպքը նոր չէ, տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դեպքի առթիվ հայտարարություն է տարածել:

«Տավուշի մարզում բարձր դասարանի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը մատնանշում է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են մեր հասարակական միջավայրում՝ բռնության նկատմամբ վերաբերմունքի, դրա կանխարգելման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:

Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույլատրելի, այլ վկայում են հարցին առնչվող խորքային խնդիրների առկայության մասին:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անընդունելի է, իսկ պետությունն ունի պարտավորություն ապահովելու անչափահասների անվտանգությունը դպրոցում, ուսումնական այլ հաստատություններում և դրանցից դուրս։

Սույն դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն։

Պաշտպանը կարևորում է նաև պետական մարմինների, հատկապես իրավապահ համակարգի, խնամակալության և հոգաբարձության մարմինների ակտիվ, համակարգված և անհապաղ գործողությունների իրականացումը։ Վերոնշյալ մարմինները պարտավոր են ոչ միայն համակողմանի գնահատել տեղի ունեցածը, այլ նաև ապահովել՝ տուժած ուսանողի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական և սոցիալական աջակցությունը, ինչպես նաև համայնքում և ուսումնական հաստատություններում բռնությունը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ:

Պաշտպանն ընդգծում է, որ կրթական հաստատություններում բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման արդյունավետ մեխանիզմների բացակայությունը նպաստում է նման անընդունելի միջադեպերի առաջացմանը։ Այս իմաստով անհրաժեշտ է անհապաղ՝ երեխաների հետ աշխատող և երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման, բացահայտման և արձագանքման պարտավորություն ունեցող բոլոր մասնագետների համար պարտադիր դասընթացներ և պարբերական վերապատրաստումներ անցկացնել, ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ թեմաներ ներառել, երեխաների նկատմամբ բռնության դեպքերի հայտնաբերման, դրանց կանխարգելման և արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքների հստակ մեթոդաբանության, գործիքակազմերի և ուղեցույցների պարտադիր կիրառությունն ապահովել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների և պետական մարմինների աշխատողների կողմից երեխայի նկատմամբ որևէ տեսակի բռնություն կիրառելու դեպքերի հաղորդման և արձագանքման համար հստակ կառուցակարգեր ներդնել՝ ապահովելով գաղտնիությունն ու բացառելով երեխայի թիրախավորումը:

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ է անում անհապաղ հեռացնել և չտարածել բռնության տեսարաններով տեսանյութը՝ ելնելով երեխայի լավագույն շահի ապահովման և «Մի՛ վնասիր» սկզբունքներից։

Պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակելու պաշտպանել երեխայի իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել անվտանգ ու հանդուրժող միջավայրի ձևավորմանը», – նշված է հայտարարության մեջ:




Նոյեմբերյանից տիկին Լաուրան արքայանարնջի չիր է պատրաստում

Տարվա այս եղանակին Տավուշի մարզում հաճախ կտեսնեք «քաղցր վարագույրներ»․ տարեշրջանում օրը սկսվում ու ավարտվում է չիր պատրաստելու իրարանցման մեջ։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




Գազամատակարարման պլանային անջատում Նոյեմբերյան համայնքում

Նոյեմբերյան գազամատակարարում

Պլանային աշխատանքներ («Այրում» չափիչ հանգույցի ընթացիկ նորոգում) իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 30-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի, Այրում, Կողբ, Բերդավան, Հաղթանակ, Զորական, Դովեղ, Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Արճիս բնակավայրերի գազասպառողների, Լոռու մարզի Շնող, Թեղուտ բնակավայրերի գազասպառողների, «Գազարդի», «Զևս», «Կայծոն», «Դեբետ-1», «Դեբետ-2», «Սպեց» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, «Մասիս Տոբակո» ՍՊԸ-ի, «Լևոն 2» ՍՊԸ-ի, «Հովսեփ-Նարեկ» ՍՊԸ-ի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, Բագրատաշենի մաքսատան, «Պլատին» ՍՊԸ-ի, «Զեոլիտ Պրո» ՓԲԸ-ի, «Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ի, «Արարատ Գիշյան» ԱՁ-ի, «Գրետա Բարսեղյան» ԱՁ-ի, «Ռիմա Վարդումյան» ԱՁ-ի, «Նաիրա Ալեքսանյան» ԱՁ-ի, սեփականատեր Մեխակ Հարությունյանի, սեփականատեր Արփինե Գիշյանի, սեփականատեր Էդիկ Հարությունյանի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։




«Դարձ՝ պապենական խաղերին». ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը նշվեց Նոյեմբերյանում

Հոկտեմբերի 17-ը համաշխարհային մշակութային օրացույցում նշանավորվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը լավ առիթ է՝ ընդգծելու ոչ նյութական մշակութային ժառանգության կարևորությունը ազգային և համաշխարհային մշակութային տարածքում, արժևորելու ժողովրդական արվեստը, ազգային ավանդույթները, ծեսերը, բարբառները, մի խոսքով՝ ստեղծագործական և ինքնարտահայտման բոլոր այն դրսևորումները, որոնք ամբողջացնում են ազգի մշակութային էությունն ու դիմագիծը։ Հայ ժողովուրդը դարեր շարունակ ձևավորել ու սերնդեսերունդ փոխանցել է մշակութային հսկայական ժառանգություն, որը մեր հավաքական հիշողության և ազգային ինքնության անկյունաքարերից է, մեր ազգի դիմադրողականության և շարունակականության գրավականներից։