Նոյեմբերյանում նշվեց գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանի 75-ամյակը

«Նպատակը, նվիրումը մեկն է՝ լինել մշակույթի հետ, լինել մշակույթի մեջ և մարդկանց, ժողովրդի, հայրենակիցների հետ հարաբերվել, խոսել մշակույթի լեզվով։ Դա աստվածային է․․․դա անփոխարինելի զգացողություն է», – ասում էր գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանը։ Նոյեմբերյանում նշվեց գրող, բանաստեղծ Սամվել Բեգլարյանի 75-ամյակը։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։

Կարդացեք նաև՝




«Սիրենք ու պահպանենք մեր բարբառը․ այն մեր մշակույթի մասն է»․ Արճիսի դպրոցականների տեսանյութը

Մարիա Մուսայելյան, Նանե Ալավերդյան, Թագուհի Գալստյան, Արճիս գյուղ, Նոյեմբերյան




Նոյեմբերյանում դադարեցվել են բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ․ Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի Տավուշի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29 փողոց, 25/2 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտ՝ հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի և Նոյեմբերյան համայնքի Մ-4 ճանապարհ հասցեում գտնվող «Կ. Ա.» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում նշված լցակայաններում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության համար։ Հաշվի առնելով խախտումների ռիսկայնության ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են նշված լցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցնելու որոշումներ։
Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության և Տավուշի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից տարված համատեղ աշխատանքի արդյունքում տնտեսավարողները սեփական միջոցներով ապամոնտաժել են ՀԱԳ լցակայանները։




«Ինչքան խոսենք՝ կխոսվի, ինչքան հիշենք՝ կհիշվի»․ Անիտայի ու Էմիլիի տավուշյան զրիցը՝ համեմված հին հուշերով

Անիտա Հովհաննիսյան, Էմիլի  Հովհաննիսյան, Կողբ, Նոյեմբերյան




Սեպտեմբերի 13-ից 3 տարի անց․ Դավիթ Գիշյանի հոր նամակը՝ որդու հիշատակին

Սեպտեմբերի 13-ից 3 տարի անց․ Դավիթ Գիշյանի հոր նամակը՝ որդու հիշատակին

2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված Դավիթ Գիշյանի հայրը` Բարսեղ Գիշյանը նամակ է հրապարակել` որդու հիշատակին։

«Հայրս Դավիթին շատ խոր ու նուրբ էր սիրում․․. երբ Դավիթը զոհվեց, հայրս կենդանի չէր․․․ նա ինձ ասում էր, որ ուշադիր լինեմ Դավիթի հանդեպ, ասում էր՝ «Դավիթը իր հոգուց, էներգիայից շատ-շատ բան է տալիս կողքի մարդկանց, նրան պետք է շատ սիրեք, որ այդ ամենը մի քիչ փոխհատուցվի»։ Տղաս ծնվել էր Երևանում, բայց շատ խոր զգում էր աշխարհից հեռու Տավուշի մթամած անտառներում ապրող պարզ մարդկանց, իր արձակուրդին կապվում էր նրանց հետ ու նրանցից վերցնում նրանց աշխարհը, դարձնում իրենը։ Սիրում էր ծունկ չոքել սարերի գուշերի առաջ ու խմել սառնորակ ջուրը կամ պառկել խոր անտառով հոսող ջրերի մոտ ու խմել այդ ջրերից, սարվորներից էր սովորել:

Ինձ հետ վառվող մոմերի լույսի տակ երկար նստում էր Լյուքսեմբուրգի Նոտր-Դամ տաճարում, ֆրանսիական, գերմանական տաճարներում, որոշել էի իրեն ցույց տալ Եվրոպայի միջնադարը՝ երգեհոնի ծանր հնչյունների տակ, հետո ինքը բողոքում էր, որ այդ ամենը ճնշող է ու դուրս էր գալիս արևի տակ, արև շատ էր սիրում: Ես միշտ զարմանում էի, թե ինչքան լավ են նրա մեջ միացած քաղաքը, Երևանը և Տավուշի խոր անտառները․․․

Ամռանը, արձակուրդին, երբ քրոջ հետ սարերում էր, ամեն օր մի քանի անգամ զանգում էի, երբ հայրս էր պատասխանում, առաջինը ասում էր՝ «գիտեմ ինչի համար ես անհանգստանում, հանգիստ եղիր,- ասում էր,- բոլոր կացինները պահել եմ, չի կարողանում գտնել»։ Դավիթը մի առանձնահատուկ հակում ուներ փայտ կտրելու սուր, բերանը փայլուն մեծ կացինների հանդեպ, որոնք սովորեց վարպետորեն օգտագործել: Կարդում էր Ռեմարկ, բանակ գնալուց առաջ վերջին կարդացած գիրքը երևի Ջեկ Լոնդոնի Մարտին Իդենն էր, դրանից առաջ իր համար հայտնագործել էր Հրանտ Մաթևոսյանի «Մենք ենք մեր սարերը», «Աշնան արևը»․․․ ֆիլմերը նայում էր, համեմատում ամռանը սարերում իր տեսած կերպարների հետ․․․ ինձ հետ ծիծաղում, քննում էր նմանությունները։
Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 12-ը, նրա տեսած վերջին լրիվ օրն էր, 13-ի լուսաբացին հեռացավ այս աշխարհից՝ Սյունիքի լեռներում՝ Շիկահողից վերև սարերում տեղավորված 122 դիրքում: Ինձ համար նա միայն իմ որդին չէր, նա իմ լավագույն ընկերներից էր ու կյանքում իմ տեսած լավագույն մարդկանցից մեկը»։
ԲԱՐՍԵՂ ԳԻՇՅԱՆ



Խախտումներ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի անտառտնտեսությունում. հայտնաբերվել է ապօրինի հատված 236 ծառ

Համաձայն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2025 թվականի ստուգումների ծրագրի՝ ստուգում է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում, որը ներառել է 2021թ. հոկտեմբերից 2025թ. օգոստոս ժամանակահատվածը:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 236 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 25․432․500 դրամ: Այս մասին տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Կնքվել են հողօգտագործման վարձակալական պայմանագրեր, որոնք չեն համապատասխանում անտառտնտեսության կառավարման պլանին, բուսական աշխարհին պատճառվել է 343․500դրամի վնաս։

Արձանագրվել է 1156քմ մակերեսով անտառային հողի զավթում, որի տարածքում առանց համապատասխան կառուցապատման թույլտվության կառուցվել է 2 շինություն՝ բուսական աշխարհին պատճառելով 365․120դրամի վնաս։

Անտառտնտեսության տարածքում արձանագրվել է ապօրինի ընդերքօգտագործում, որի հետևանքով անտառային ֆոնդի հողային ռեսուրսներին պատճառվել է 7.492․500դր. վնաս։

Անտառկառավարողի կողմից չեն պահպանվել նաև հակահրդեհային անվտանգության կանոնները։

Ստուգման արդյունքներով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։




Մեր օրերի ամենափնտրված գրքերի հեղինակ, տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը հանդիպեց հայրենի համայնքի ընթերցասերներին

Աշոտ Աղաբաբյան

Նոյեմբերյանի Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանում տեղի ունեցավ գրող, բազմաթիվ բեսթսելերների հեղինակ, տավուշեցի Աշոտ Աղաբաբյանի հանդիպումն ու գրողի «Նմանակը» գրքի քննարկումը համայնքի ընթերցասերների հետ։

Պատմում է Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




Բերդավանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Բերդավանում այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Օգոստոսի 25-ին, ժամը 00։11-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղի 4-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:37-ին, մարվել՝ 00:47-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:




Երկրաշարժ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ

Երկրաշարժ

Օգոստոսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին), ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է  հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։




Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։