Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով․ եղանակը Տավուշում

Հունվարի 10-ին, 11-14-ը հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, հունվարի 10-14-ին տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Տավուշում, Լոռիում և Սյունիքում կնվազի 10-12 աստիճանով։




Ճրագալույցի պատարագին Նոյեմբերյանի Սբ․ Սարգիս եկեղեցում հնչեց Սուրբ Ծննդյան ավետիսը

Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսը անսահման սիրով, լույսով ու ջերմությամբ լցնի բոլորի սրտերն ու հոգիները։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ։
Ձեզ և Մեզ մեծ Ավետիս։
———
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի։








Տեխնոլոգիայի դասասենյակները հանձնվեցին բերդավանցի դպրոցականներին

Տավուշի մարզի Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի տեխնոլոգիայի երկու դասասենյակ պաշտոնապես դեկտեմբերի 22-ին հանձնվեց աշակերտներին: Հայ օգնության ֆոնդի «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում վերանորոգված ու կահավորված դասասենյակները ավելի լավ պայմաններ են ստեղծում Բերդավանի դպորցի շուրջ 400 դպրոցականի համար:
Դասասենյակների վերանորգմանը սպասում էին հատկապես դպրոցի 5-7-րդ դասարանների աշակերտները․ այստեղ կարող են սովորել կարուձև, փայտի փորագրություն, և այն ամենը՝ ինչ նախատեսված է տեխնոլոգիայի կրթական ծրագրով։ Դասասենյակի կարիքը դպրոցում շատ էր զգացվում, նշում է դպրոցի տնօրենը․ մինչ այս տեխնոլոգիա առարկայի պրակտիկ դասերը ապահովվում է «Արար» հայ մշակույթի պահպանման կենտրոնը։
Հարմարավետ կրթական միջավայրում՝ լուսավոր ու կահավորված դասասենյակներում բերդավանցի դպրոցականները կարող են սովորել, ստեղծագործել ու արարել։ Տեխնոլոգիայի դասասենյակի նորոգումն ու կահավորումը իրականություն է դարձել «Մարդիգյան ընտանիքի» նվիրատվությամբ։




Փրկարար ծառայությունը՝ ճանապարհների մասին․ կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ 

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ  և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Դիլիջան-Երևան, Դիլիջան-Վանաձոր, Նոյեմբերյան-Իջևան, Իջևան-Բերդ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար (մերկասառույց)։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (բուք է և ձյուն) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մարդատար ավտոմեքենաների համար։ Սպիտակի  և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։ Մերկասառույց է նաև Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհները։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը (բուք է) դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Ծիլքար  ավտոճանապարհներին, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ կրթության հիմնահարցեր

Կրթության ոլորտի հիմնահարցերը Տավուշի սահմանամերձ բնակավայրերում։

ՏավուշTV-ի տաղավարում Էռնեստ Խանումյանը Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցի ուսուցչուհի Արևիկ Մելիքյանի, Այգեպարի դպրոցի ուսուցչուհի Տաթև Գրիգորյանի և Կոթիի դպրոցի աշակերտական խորհրդի նախագահ Լիա Ազիբեկյանի հետ վերհանում է Տավուշի սահմանամերձ բնակավայրերում առկա անվտանգային խնդիրները, որոնք հետևանքներ են թողնում կրթության որակի ու հասանելիության վրա։

Մեկնաբանություններում կիսվե՛ք թեմայի վերաբերյալ ձեր դիտարկումներով․ գրե՛ք և միացե՛ք քննարկմանը։




Տավուշի նկարիչների միասնական ցուցահանդեսը՝ Իջևանի «Վերնատանը»

Տավուշի նկարիչների աշխատանքները կրկին ցուցադրվում են Իջևանի «Վերնատանը»․ Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղը՝ նկարիչների միջազգային օրվա առթիվ նախաձեռնել էր տարեվերջյան միասնական ցուցահանդես՝ մեկ հարկի տակ միավորելով Տավուշի ստեղծագործող նկարիչներին։
Տավուշի նորաստեղծ նկարիչների միությունը գրեթե 5 տարիների ընթացքում կարողացել է աշխուժացնել Տավուշի մշակութային դաշտը, որը նաև հնարավորություն է տվել արվեստի ոլորտում գտնել նոր անուններ։
Ցուցահանդեսում ներկայացված են ավելի քան 20 տավուշցիների արվեստի գործերը, որոնցում  հիմնականում Տավշո բնաշխարհն է՝ իր երփներանգ ներկապնակով։
Ցուցահանդեսը «Վերնատուն» պակերասրահում այցելուների առջև բաց կլինի 1 ամիս շարունակ։




Տավուշի սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Դովեղ

Տավուշի մարզի Դովեղ գյուղը շուրջ 15 կմ երկարությամբ սահմանակից է Ադրբեջանին։ Սահմանամերձ Դովեղը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ամենահին բնակավայրերից մեկն է, կարելի ասել, որ դովեղցիները ապրում են  հակառակորդի դիտակետում։

Չնայած մի շարք խնդիրների, այնուամենայնիվ, դովեղեցիները աշխատում են չհեռանալ հարազատ գյուղից և փորձում են այնպես անել, որ այլ վայրերից գան և վայելեն Դովեղի բնությունը, այցելեն հնադարյան եկեղեցիներն ու ծանոթանան իրենց գյուղի հարուստ պատմությանը։

Նոր դպրոցի կառուցումը Դովեղում բնակիչների համար կարևոր իրադարձություն է , այն առավել անվտանգ տեղանքում է  և ապահովված է  թաքստոցներով :
Գյուղի փոքրաքանակ  երիտասարդները ջանք չեն խնայում լինել ակտիվ և հանրության ուշադրությունը գրավել դեպի իրենց հարազատ Դովեղը:




«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի միջոցառումը Իջևանում էր

Ներքին գործերի նախարարության «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» հանրային իրազեկման արշավի հերթական միջոցառումը դեկտեմբերի 1-ին Իջևանում էր։ Ոստիկանության նվագախմբի երաժշտության հնչյունների ներքո ներքին գործերի նախարարի, Տավուշի մարզային ու համայնքային իշխանությունների, ուժային կառույցների ներկայացուցիչների հետ մի խումբ քաղաքացիներ քայլերթով շարժվեցին դեպի Իջևանի կենտրոնական հրապարակ։ Իր ելույթում  Ներքին գործերի նախարարը նշեց, որ Պարեկային ծառայության կազմավորումը Հայաստանում կարևոր ձեռքբերում էր, և այս ծառայությունը հետագայում պետք է զարգանա։

Հանրային իրազեկման արշավը մինչ այս իրականացվել է մայրաքաղաքում, Լոռու և Արագածոտնի մարզերում, Տավուշից հետո հաջորդ կանգառը Գեղարքունիքն է։ Մայոր Ալիխանյանը հանրապետության առաջին կին դասակի հրամանատարն է, ով իր ծառայությունն իրականացնում է Դիլիջանում։ Նա իր փորձառությունն էր կիսում հայրենակիցների հետ։

Իրազեկման արշավի ժամանակ Տավուշի մարզային գումարտակի պարեկները քաղաքացիներին ներկայացրեցին իրենց ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև օգտագործվող  տեխնիկական միջոցները։ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար  Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում  ուսուցման ընդունելության դիմումներն ընդունվում են մինչև այս տարվա դեկտեմբերի 15-ը։

 




Սահմանամերձ բնակավայրերի խնդիրները․ Բարեկամավան

Սահմանամերձ բնակավայրեր Բարեկամավան

Ճանապարհը տանում է դեպի Բարեկամավան․ հայ-ադրբեջանական սահմանից մոտ 1000 մետր հեռավորությամբ գտնվող Բարեկամավանում այսօր մոտ 150 մարդ է ապրում։  Գյուղական անխռով լռությունը մեր նկարահանման պահին մերթընդմերթ ընդմիջում էին «Արջուկն» իր հաչոցով ու գյուղամիջի շինարարական աղմուկը։ Այստեղ ջրի, էլէեկտրաէներգիայի, ճանապարհների, գազի ու ենթակառուցվածքների խնդիրներից զատ՝ սահմանային ու անվտանգային խնդիրն է առաջին տեղում, և ըստ գյուղացիների դա է հիմնական պատճառը, որ նախկինում 1500 բնակիչ ունեցող գյուղի մարդկանց թիվը նվազել է առնվազն 10 անգամ։

Գյուղամեջում գտնվող փակ խանութները, դատարկ փողոցներն ու փակ տների հողատարածքներում ծառերի չհավաքած բերքը Բարեկամավանի «ծերացող գյուղ» լինելու մասին են վկայում։ Գյուղի դպրոցում վերջին շրջանում աշխուժություն կա՝ Արցախից 5 աշակերտ են միացել բարեկամավանցի դպրոցականներին։ Դպրոցն այժմ 20 աշակերտ ունի։ Դպրոցի պատերին իրազեկման պաստառներ են՝ առաջին օգնության, արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների մասին, որոնց Բարեկամավանում տիրապետում են բոլորը՝ անկախ տարիքից։ Բազմաթիվ նյութական կարիքներ ունեցող դպրոցը նաև աշակերտների կարիք ունի։ Ընդարձակ դասասենյակները վկայում են, որ ոչ վաղ անցյալում դպրոցը աշակերտական մեծ հոսք է ունեցել։

Այս տարի դպրոցը 4 շրջանավարտ է ունենալու․ Դիանան պատրաստվում է իրավաբան դառնալ․ նա ցանկանում է իրավական դաշտում բարձրաձայնել սեփական գյուղի խնդիրներն ու կարիքները։ Նրանց առօրյան գրեթե անփոփոխ է․ առավոտյան դպրոցն է, հետո գյուղի եկեղեցու բակում հավաքվելը ու ընտանիքին օգնելը։

Բարեկամավանում հիմա խաղաղ է, վերջին տարիներին այստեղ կրակոցներ չեն լսվել, սակայն գյուղի պատկերը տխուր ու մտահոգիչ է։ Բարեկամավանը դատարկվում է։ Գյուղի միակ երիտասարդը՝ Գագիկը, ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Բարեկամավան։ Տխրությամբ, բայց հույսով նա պատմում է գյուղի անտեսված լինելու պատճառների մասին։

Բնակչության հիմնական մտահոգությունը օր-օրի խորացող սոցիալական ծանր իրավիճակն է։ Խորհրդային տարիներին գյուղացիները զբաղվում էին այգեգործությամբ, անասնապահությամբ, իսկ հիմա չեն անում ոչինչ միայն մտահոգիչ պատճառաբանությամբ՝ հողերի մեծ մասը հակառակորդի դիտարկման տակ են, մյուս մասն էլ՝ ականապատ է: Ջուրն այնքան քիչ է, որ նույնիսկ տնամերձ հողերին չի հերիքում և դրանք անմշակ են մնում: Բարեկամավանը ուշադրության ու «բարեկամության» խիստ կարիք ունի․ հարցն այստեղ կարծես թե հռետորական չէ՝ ինչպես սահմանապահ բնակչությանը պահել գյուղում։ Բոլորիս աչքի առաջ, խաղաղ ու հանգիստ, երբեմնի մարդաշատ Բարեկամավանի բնակչությունը ծերանում ու նոսրանում է։




Սղնախից՝ Հաղթանակ․ Սարգսյանները բնակություն են հաստատել Տավուշում

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից հետո բռնի տեղահանված Վարսիկ Սարգսյանի բազմազավակ ընտանիքը Ասկերանի Սղնախ գյուղից էր: Ընտանիքը այժմ ապրում է Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։

Հեղինակ՝ Նոյեմբերյան համայնքից Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյան։