Պառավաքարում այրվել է ավտոմեքենա․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տունը
Օգոստոսի 26-ին, ժամը 02։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պառավաքար գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:10-ին, մարվել՝ 03:35-ին: Այրվել է ավտոմեքենան: Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա տունը:
Պառավաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում
Հուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Տղերքը․ Հենզել Բաղդասարյան
«Նրա առաքելությունն էր Հայրենիքին ծառայելը»․ Հենզել Բաղդասարյան
Հենզել Սաշիկի Բաղդասարյանը ծնվել է 1981 թվականի հունիսի 9-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում: Սաշիկ և Ռոզա Բաղդասարյանների ընտանիքի երրորդ որդին էր։ Դեռ մանկուց աչքի է ընկել իր աշխույժ ու հետաքրքրասեր բնավորությամբ։ Տան փոքրն էր, և նրա շուրջը միշտ սեր ու ջերմություն էր։
1988-1998 թվականներին սովորել է Պառավաքարի միջնակարգ դպրոցում։ 90-ականների Արցախյան շարժման տարիներին, դեռ պատանի Հենզելը, հայրենիքի նվիրյալների կողքին կանգնած, օգնում էր զինամթերք բեռնաթափել։ Այդ տարիներին նրա մեծ սերը երգն էր։ Չունենալով երաժշտական կրթություն՝ ինքնուրույն սովորել է ակորդեոն նվագել ու տարիներ անց արդեն հիանալի երգում և նվագում էր։
Դպրոցն ավարտելուց հետո Հենզելը զորակոչվել է պարտադիր ժամկետային ծառայության՝ Արցախում։ Ծառայության ընթացքում աչքի է ընկել որպես լավագույն նշանառու, արժանացել է շնորհակալագրերի։
2005 թվականին որոշում է շարունակել իր ծառայությունը՝ անցնելով պայմանագրային զինվորական ծառայության։ Նա մեծ պատասխանատվությամբ էր մոտենում հայրենիքի պաշտպանի առաքելությանը։ Իր ծառայության ընթացքում Հենզելը բազմաթիվ մեդալների է արժանացել։ 2006 թվականին հաջողությամբ անցել է դիպուկահարների հատուկ դասընթաց Երևանում, որից հետո ավելի հաճախ էր բացակայում տնից՝ հերթապահելով ու մասնակցելով կարևոր առաջադրանքների։
Հետախույզ-դիպուկահարի մասնագիտությունը նրա համար ոչ միայն աշխատանք էր, այլև կոչում։ Տարիների ընթացքում Հենզելը անցել է բազմաթիվ վերապատրաստումներ, որոնցից վերջինը՝ 2019 թվականին Չինաստանում։ Վերադառնալով՝ շարունակել է ծառայությունը հատուկ նշանակության զորքերում, մասնակցել է Տավուշյան մարտերին: 16 տարի եղել է թշնամու ահ ու սարսափը։ Ասում են՝ մեկ փամփուշտով խոցել է երկու թիրախ…
2020 թվականի սեպտեմբերի 17-ին Հենզելը գտնվել է արձակուրդում։ 10 օր անց սկսվում է 44-օրյա պատերազմը։ Նա չէր կարող մնալ տանը. անմիջապես միանում է մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 5-ին՝ Ջրականում, Հենզել Բաղդասարյանը ընկավ հերոսաբար՝ մինչև վերջին շունչը պաշտպանելով հայրենի հողը։ Նրա մարմինը գտնվեց միայն 5 ամիս անց…
Հենզել Բաղդասարյանի կյանքն ու կենսագրությունը նվիրումի, արիության ու հայրենասիրության մասին են։
Հրդեհ Պառավաքարում․ այրվել է խոտածածկույթ
Մարտի 15-ին, ժամը 11։18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հրշեջ-փրկարարական խմբից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:58-ին, մարվել՝ 19:04-ին: Այրվել է խոտածածկույթ և մացառուտ։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը:
—
Հոկտեմբերի 29-ին, ժամը 15։39-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի 15-րդ փողոցի 2-րդ փակուղում այրվում է անասնակեր. մոտակայքում կա բնակելի տուն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:36-ին, մարվել՝ 18:04-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր:
Պառավաքարում կգործարկվի էլեկտրաշչակ․ իրազեկում
Հուլիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Պառավաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
Խնդրում ենք չանհանգստանալ։
Ընթացիկ աշխատանքներ՝ Բերդ և Դիլիջան համայնքների բնակավայրերում
Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:
Բերդում
Իրականացվում են երկրորդային(թաղամասային) ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ:
Պառավաքարում
Իրականացվել են խմելու ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Վարագավանում
Իրականացվել են ոռոգման ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
_______
Աշխատանքներն իրականացրել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը(Վարագավանում՝ «Տավուշ» ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ):
Դրա հետ մեկտեղ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկել է բնակավայրի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների հիմնանորոգման նախագիծը:
Վերականգնվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1,5 կմ է: Նախատեսվում է տուֆապատել ճանապարհը: Այս պահին իրականացվում են հողահարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն սալարկման աշխատանքները:
Աշխատանքները կավարտվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք ավելի ուշ:
Պառավաքար գյուղում այրվել է խոտածածկ տարածք
Մարտի 12-ին, ժամը 12։21-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պառավաքար գյուղի ջրամբարին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։18-ին, մարվել՝ 18։43-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք:
Մատուռի օծում և կիսանդրու բացում՝ 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի հիշատակին
Նոյեմբերի 23-ին Պառավաքար գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի կիսանդրին։ Գյուղի բարձունքում օծվել է նաև Կարենի հիշատակին կառուցված մատուռը։
Կարեն Մարգարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ 2006 – 2018 թվականներին գերազանցությամբ սովորել է Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների, ունեցել հաջողություններ, ստացել մրցանակներ։ 2014-2015 թվականներին հաճախել է Դիլիջանի Թումո կենտրոն, իսկ 2016 թվականին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիա։
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, սակայն 2019 թվականի հունվարի 30-ին, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է Հայոց բանակ։
Գերազանց ծառայության համար արժանացել է «Բանակի գերազանցիկ» մեդալի, ստացել շնորհակալական նամակներ։ Մինչև վերջ անառիկ պահելով Հայրենիքի սահմանի իրեն վստահված մասը՝ Կարենը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Գթության մայր», «Առյուծ ֆիդայի» մեդալներով:
Պառավաքար գյուղում բացվել է 44-օրյայում զոհված Կարեն Մարգարյանի կիսանդրին (ֆոտոշարք)
Նոյեմբերի 23-ին Պառավաքար գյուղում բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Կարեն Մարգարյանի կիսանդրին։
Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը, Կարեն Մարգարյանի ծնողները, այլ պաշտոնատար անձինք և գյուղի բնակիչներ։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է Կարեն Մարգարյանի կյանքն ու մարտական ուղին:
Այնուհետեւ տեղի է ունեցել Կարեն Մարգարյանի հիշատակին կառուցված մատուռի օծման արարողությունը` Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ։
Արցախում թշնամու ագրեսիան ետ մղելիս զոհված 19-ամյա Կարեն Վահրամի Մարգարյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։
Կարենը տան փոքրն էր, իրենից մեծ եղբայր ու քույր ուներ: Ապագայի հետ կապված շատ ծրագրեր ուներ, առաջին կիսամյակը գերազանց գնահատականներով է ավարտել ու պատրաստվում էր բանակից հետո ուսումը շարունակել:
Հավերժ փառք Հայրենիքի խաղաղության համար ընկած մեր բոլոր հերոսներին…….