Ավարտվեց ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունները

Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան 2022-23 թվականի առաջնությունները ավարտված են․ Տավուշի մարզի ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստները առաջնության ընթացքում գրանցել են հաջողություններ՝ արժանանալով մրցանակների։ 

Առաջնությանը մինչև 16 տարեկանների B խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Պավել Մելիքջանյանը, լավագույն ռմբարկու՝ Յուրի Հակոբյանը, իսկ մինչև 14 տարեկանների C խմբի լավագույն խաղացող է ճանաչվել Վալերի Դավթյանը։ Պատանի ֆուտբոլիստները մեզ հետ կիսվեցին իրենց տպավորություններով։ 

ՀՖՖ հատուկ մրցանակները լավագույններին հանձնեց անկապատանեկան մրցումների անցկացման պատասխանատուն․ Բաբկեն Ղալոյանի կարծիքով առաջնություններում մարզերի ներգրավման արդյունքում նոր ֆուտբոլային տաղանդներ են բացահայտվում։

Տավուշի ֆուտբոլային ակումբների տղաներն ու աղջիկները շարունակելու են մասնակցել ֆուտբոլային առաջնություններին․ պատանիները խոստանում են՝ գրավելու են ֆուտբոլային նոր բարձունքներ։






Հասմիկ Ղազարյանը «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին Իջևան համայնքի Ազատամուտի Արվեստի դպրոցի աշակերտ Հասմիկ Ղազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Հասմիկ Ղազարյանը սովորում է Ազատամուտի Արվեստի դպրոցի վոկալի բաժնի 2-րդ դասարանում: Փառատոնի ընթացքում նրան նվագակցել է դպրոցի տնօրեն Ս. Էլիբեկյանը:
Հասմիկի ուսուցիչը Վարդուհի Օթարյանն է:

«Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես էլ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ իրենց կատարումներով պայքարեցին լավագույնի կոչման համար` 12 անվանակարգերում:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:




Գնդակը ձեր դաշտում է. միջազգային ճամբարին Տավուշի մարզից մասնակցելու է շուրջ 30 պատանի

Ամերիաբանկի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը` մարզաբնակ պատանիներին ևս մեկ քայլով առաջ մղելու, նրանց ֆուտբոլային կարողությունները զարգացնելու նպատակով:

Ֆուտբոլասեր պատանիների համար իրականացվող բարեգործական այս նախաձեռնության կյանքի կոչմանն են միացել Հայաստանի առաջատար բրենդները՝ Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: Ընկերությունները համախմբվել են՝ միասին օգնելու պատանիներին խփել իրենց ամենակարևոր գոլը:

Մայիսի 28-ինց Երևանում կմեկնարկի միջազգային ճամբարը, որը տվելու է մինչև հունիսի 1-ը և հունիսի 3-ից հունիսի 7-ը: Ճամբարի մասնակից պատանի ֆուտբոլիտները հավատում են՝ սա լինելու է կարևորագույն քայլերից մեկը՝ իրենց ֆուտբոլային կարիերայում:




Հունիսի 1-ին Իջևանի մշակույթի տան բեմում էր «Հույսի կամուրջ» ՀԿ մանկապատանեկան թատերախումբը

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտապանության միջազգային օրվա առթիվ Իջևան խոշորացված համայնքի մեծերին ու փոքրերին շնորհավորելու էր եկել «Հույսի կամուրջ» ՀԿ մանկապատանեկան թատերախումբը: Իջևանի մշակույթի տանը ներկայացվեց Դ. Դեմիրճյանի «Քաջ Նազար» պատմվածքը:

Թատերական ներկայացման հանդիսատեսը «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի երեխայի զարգացման և սոցիալական ներառման կենտրոնի երեխաներն ու նրանց ծնողներն էին, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ, համայնքի բնակիչներ:

Ներկայացման ավարտին Հույսի կամուրջի աշխատակիցներն ու կամավորները միացան համաքաղաքային միջոցառմանն ու դրսում երեխաներին գունազարդեցին՝ պահպանելով տոնական տրամադրությունը։

Թատերախմբի ղեկավար Հասմիկ Խաչերյանը նշում է․ «Բեմում ելույթ են ունենում հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները միասին։ Սա առաջնահերթ բեմ բարձրացող երեխաների համար է մեծ օգուտ, իսկ հանդիսատեսի համար՝ ևս մեկ անգամ ապացույց, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են ամեն ինչ, ուղղակի պետք է իրենց համար հավասար պայմաններ ստեղծել»։




Պատանիները՝ հանուն համայնքային զարգացման. ԵՊՀ ԻՄ-ում կայացավ UPSHIFT ծրագրի BootCamp-ը

Մայիսի 25-ին և 26-ին ԵՊՀ ԻՄ-ում «UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանման ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «BootCamp» համայնքային երիտասարդական ծրագրերի ներկայացման երկրորդ՝ երկօրյա հանդիպումը:

Իջևանի և հարակից համայնքների 50 պատանիներ աշխատեցին իրենց ծրագրային գաղափարների վրա և պատրաստեցին նորարարական մոտեցումներով համայնքային խնդիրների լուծման իրենց ծրագրային գաղափարների ներկայացումները:

«BootCamp»-ի 2-րդ օրը թվով 10 թիմեր իրենց ծրագրային գաղափարները ներկայացրեցին ժյուրիի անդամներին: Ամենաբարձր միավորներ հավաքած 5 թիմերը ծրագրի շրջանակներում ստացան 120,000 ՀՀ դրամ ֆինասավորում՝ իրենց գաղափարները իրականություն դարձնելու նպատակով։

Ծրագրերի իրականացման փուլի մեկնարկը տրված է։

«UPSHIFT Գավառ և Իջևան» դեռահասաների զարգացման և համայնքային ներգրավվածության խթանում ծրագիրն իրականացնում է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ և Եվրոպական միության աջակցությամբ: