Սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարար ծառայողի մասնագիտական օրը

Փրկարար ծառայողի օր

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին նշվում է Փրկարար ծառայողի օրը:

1988 թվականի Սպիտակի երկրաշարժը բացահայտեց Հայաստանում քաղաքացիական պաշտպանության համակարգի շատ հիմնահարցեր և դարձավ այդ համակարգի արմատական վերակազմավորման ու ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ստեղծման հիմնական ազդակը:

1991 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի ԽՍՀ Մինիստրների խորհրդի թիվ 462 որոշմամբ, Սերգեյ Բալասանյանի, Վարդան Ամիրբեկյանի և մյուսների ջանքերով, ստեղծվեց ՀՀ կառավարությանն առընթեր Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՀՀ ՍՊԱԾ): Գերատեսչությունը կազմակերպելու էր բնակչության, շենքերի և կառույցների սեյսմիկ պաշտպանությունը: Շատ կարճ ժամանակամիջոցում ՀՀ ՍՊԱԾ-ը հասավ բարձր արդյունքների՝ ճանաչվելով տարածաշրջանում ոլորտի առաջատար:

1991 թվական. ստեղծվում է Արտակարգ իրավիճակների վարչությունը, որի պետ է նշանակվում Ստեփան Բադալյանը: Հայաստանում 1961 թվականից գործող Քաղաքացիական պաշտպանության շտաբն իր բոլոր կազմավորումներով 1991թ. վերջին դրվում է Արտակարգ իրավիճակների վարչության ենթակայության տակ: Վարչությունը, ի տարբերություն քաղպաշտպանության գործունեության ոլորտի նեղ շրջանակի, թե’ հայեցակարգային, թե’ մասնագիտական, թե’ իրավական տեսակետներից նոր, լայն մոտեցում էր ցուցաբերում համակարգի ողջ աշխատանքի կազմակերպմանը` ելնելով Հայաստանում հավանական խոշոր աղետների ու վթարների առկայությունից, դրանց դասակարգումից և ռիսկի գնահատումից:

ՀՀ կառավարության 1997 թ. սեպտեմբերի 4-ի թիվ 359 որոշմամբ ստեղծվում է արագ արձագանքման փրկարարական ջոկատը, որի գլխավոր խնդիրներն էին՝

 

  • աղետի գոտում փրկարարական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև արտակարգ պատահարների դեպքում բնակչությանը հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան մասնագիտական օգնության ցուցաբերումը,
  • աղետների և վթարների դեպքում վերականգնողական աշխատանքների կատարումը:

 

1997 թվականին Արտակարգ իրավիճակների վարչությունը հանվում է ՀՀ կառավարության կառուցվածքից, վերանվանվում ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության:

2005 թվականի դեկտեմբերին Արտակարգ իրավիճակների վարչությունը վերանվանվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության:

2008 թվականին ՀՀ նախագահի որոշմամբ ստեղծվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը 2023 թվականից վերանվանվել է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն:

Այսօր մենք ունենք կայացած, հզոր  փրկարար ծառայություն, որտեղ ընդգրկված հրշեջ փրկարարական ստորաբաժանումները համալրված են ժամանակակից տեխնիկայով և գույք-սարքավորումներով:

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը

Տավուշի մարզային փրկարարական վարչությունը ստեղծվել է 1992 թվականի դեկտեմբերին: Սկզբից այն ժամանակ կոչվում էր Հյուսիս-Արևելյան տարածաշրջանային Քաղաքացիական պաշտպանության շտաբ: Ժամանակի ընթացքում անվանումը կրել է բազմաթիվ փոփոխություններ, սակայն նույնն է մնացել աշխատանքի էությունը և գլխավոր սկզբունքը` բնակչության և նյութական արժեքների պաշտպանության կազմակերպումը պատերազմական ժամանակաշրջանում  և արտակարգ իրավիճակներում:

Ստեղծվելով պետության համար ծանր և դժվարին ժամանակաշրջանում, անցնելով ժամանակի և փորձությունների միջով, աշխատանքը սկսելով ութ հոգանոց անձնակազմով, մարզային փրկարարական վարչությունն այժմ իրենից ներկայացնում է մի կուռ կառույց` հագեցված պրոֆեսիոնալ անձնակազմով, ժամանակակից գույքով և տեխնիկական միջոցներով, պատրաստ ամեն պահի և ցանկացած իրավիճակներում հասնելու օգնության:

Տավուշի մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները համալրված են 34 միավոր փրկարարական տեխնիկայով, մոտ 170 փրկարարական ծառայողներով: Հատկանշական է 2015 թվականին հիմնված և միջազգային որակավորում ստացած Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմի դերը: Այն իրենից ներկայացնում է միջազգային կանոններին համապատասխանող որոնողափրկարարկան միավորում, որը համալրված է գերժամանակակից փրկարարական գույքով և սարքավորումներով,  կարող է ինքնաբավ աշխատել աշխարհի ցանկացած երկրում: Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմը ակտիվ մասնակցել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերացմանն ու որոնողափրկարարական աշխատանքներին, ինչպես նաև 2023 թվականի փետրվարի 6-ին Սիրիայի Արաբական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի որոնողափրկարարական աշխատանքներին:

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունը, ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին»  ՀՀ օրենքներով և այլ օրենսդրական ակտերով՝ իրականացնում է  միջոցառումներ արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման, օպերատիվ նախապատրաստման, քաղպաշտպանության հարցերով մեթոդական օգնության ցուցաբերման, մարզի քաղպաշտպանական համակարգի ղեկավար կազմի, մարզային փրկարարական վարչության անձնակազմի ուսուցման ուղղությամբ: Անցկացված միջոցառումներում և աշխատանքներում ընդգրկվում են մարզի համայնքները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները և ազգաբնակչությունը:

Այսօր փրկարարները, գտնվելով մշտական պատրաստության վիճակում, իրենց գործընկերների հետ միասին շնորհավորանքներ են ընդունում իրենց մասնագիտական տոնի առթիվ: Ի պատասխան շնորհավորանքների՝ փրկարարները շնորհակալություն են հայտնում և հիշեցնում․ «Ամենադժվար պահին մենք Ձեր կողքին ենք Ձեր կողքին՝ կյանքի բոլոր պահերին»




Երիտասարդները՝ Փրկարար ծառայությունում

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում Տավուշի մարզային փրկարար ծառայության վարչությունը հյուրընկալեց մի խումբ երիտասարդների՝ նրանց հնարավորություն տալով մոտիկից ծանոթանալ փրկարարական գործին։

Այցի առաջին պահից երիտասարդները հայտնվեցին իրական գործողությունների մթնոլորտում. նրանք տեսան, թե ինչպես է ստացվում ահազանգը, ինչպես է կազմավորվում արձագանքման խումբը և ինչ արագությամբ են փրկարարները հասնում դեպքի վայր։

Հանդիպման ընթացքում փրկարարները կիսվեցին իրենց ամենադժվար և հիշարժան դեպքերի պատմություններով՝ ընդգծելով, որ այս մասնագիտությունը մասնագիտական գիտելիքներից զատ պահաջում է նաև կամք և տոկունություն:

Երիտասարդների բազմաթիվ հարցերը վկայում էին նրանց անկեղծ հետաքրքրության մասին՝ թե՛ մասնագիտության, թե՛ ծառայության հանդեպ։ Շատերը խոստովանեցին, որ այցից հետո ավելի հստակ պատկերացրին՝ ինչ մեծ պատասխանատվություն է կրում փրկարարը և ինչպիսի նվիրում է պահանջում այս ճանապարհը։

Փրկարարների ու երիտասարդների հանդիպումն ավարտվում է խորհրդնշական խոստումով՝ Ձեր կողքին՝ կյանքի բոլոր պահերին։




Տավուշի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է հունիս ամիսը

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի պլան-ժամանակացույցի համաձայն` ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից կազմակերպվել և անց են կացվել վերջիններիս պատրաստվածության աստիճանի բարձրացմանը և հանրային իրազեկմանն ուղղած մի շարք միջոցառումներ:

Հունիսի 21-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անց է կացվել «Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շենքերում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժությանը մասնակցել են ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի ոստիկանության բաժնի խումբը, պարեկային ծառայության 1 հաշվարկ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի Դիլիջանի տեղամասի վթարավերականգնողական, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տավուշի գազաֆիկացման և գազամատակարարման Դիլիջանի մասնաճյուղի վթարավերականգնողական, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Հարավ» ՇՏ «Դիլիջան» տեղամասի վթարավերականգնողական և Դիլիջանի բժշկական կենտրոնի շտապօգնության խմբերը:

Նմանատիպ ուսումնավարժանքները նպատակ են հետապնդում․
• կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման դեպքում,
• կատարելագործել փոխհամագործակցությունը արձագանքող ուժերի միջև։

Ուսումնավարժության ընթացքում ծավալվեցին որոնողափրկարարական, վթարավերականգնողական, հրդեհաշիջման, տուժածների հայտնաբերման, դուրսբերման և օգնություն ցուցաբերման աշխատանքներ։

Ավարտին տեղի ունեցավ արդյունքների անփոփում, ուսուցանվողների գործողությունների գնահատում. մատնանշվեցին ուժեղ և թույլ կողմերը, տրվեցին հանձնարարականներ դրանց վերացման ուղղությամբ։

Ամսվա ընթացքում Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի կողմից հունիսի 18-ին Բերդ համայնքի «Տավուշ տեքստիլ» գործարանի մասնաճյուղում անց է կացվել նաև հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը արտադրական օբյեկտներում» թեմայով:

Հրշեջ-փրկարարների ուժերով իրականացվեցին`
• բացազատում, հետախուզություն, իրավիճակի գնահատում,
• փրկարարական աշխատանքներ,
• հրդեհաշիջում:

Քանի որ սողանքը տարածաշրջանին սպառնացող բնական աղետներից մեկն է, մեծ ուշադրություն է դարձվել նաև տվյալ թեմային նվիրված կանխարգելիչ, շահագրգիռ ստորաբաժանումների հմտություններն ու ունակությունները զարգացնող միջոցառումներին, ինչպես նաև գործողությունների ստանդարտ ընթացակարգով սահմանված գործողությունների պլանի իրատեսականությանը։ Տավուշի ՄՓՎ աշխատանքային խումբը մասնակցել է Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից անցկացված «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը սողանքների ակտիվացման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժությանը:

Մասնակցություն է ցուցաբերվել նաև ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից անցկացվող «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունքին։

Բացի այդ հունիս ամսվա ընթացքում բնակչության պաշտպանությունը, պատրաստվածությունը ապահովելու և բարձրացնելու, արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները ուսուցանելու նպատակով Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար, Մովսես, Չինչին, Վերին Կարմիրաղբյուր և Վարագավան բնակավայրերում անց են կացվել «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանքներ:

Տավուշի մարզպետարանում նաև մարզի Քաղպաշտպանության ծառայությունների շտաբի պետերի մասնակցությամբ տեղի են ունեցել հրամանատարական պատրաստությանը նպատակաուղղված դասախոսություն-քննարկումներ «Բնակչության պատսպարման կարգը», «ՔՊ կառույցների տեսակները, դերը և նշանակությունը» և «ՀՀ Տավուշի մարզի ՔՊ համակարգը» թեմաներով։

Ինչպես նաև ՄՓՎ ստորաբաժանումների կողմից մարզի բնակավայրերում, հանգստյան գոտիներում և մարդաշատ վայրերում իրականացվել են հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ իրազեկման աշխատանքներ՝ ուղղված անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելմանը, և փակցվել են թվով 45 հուշաթերթեր:




Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության

Փրկարար ծառայություն

Կանխատեսվող հնարավոր հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Դրա շրջանակում՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, ինչպես նաև ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻԿ-ի անձնակազմերի համար այսօր՝ ժամը 15.00-ից հայտարարվել է հավաք։ Փրկարարական տեխնիկան բերվել է հատուկ պատրաստության՝ ըստ անհրաժեշտության իրականացնելու փրկարարական միջոցառումներ։

Միևնույն ժամանակ ՆԳՆ Փրկարար ծառայության անունից նույն մարզերի պաշտոնատար շուրջ 1500 անձանց (համայնքների, բնակավայրերի ղեկավարներ, ծառայությունների պետեր, դպրոցի տնօրեններ և այլն) ուղարկվել են իրազեկող կարճ հաղորդագրություններ։

ՆԳ նախարարության կողմից նույն մարզերում իրազեկումներ են իրականացվում նաև բարձրախոսներով, զանգվածային լրատվամիջոցներով տարածվում են հեղեղումներից առաջ, ընթացքում և հեղեղումներից հետո վարքագծի կանոնները։

Հորդորում ենք պահպանել զգոնություն, հետևել ներկայացված վարքագծի կանոններին, միևնույն ժամանակ կոչ ենք անում չտրվել խուճապային տրամադրություններին, իսկ անհրաժեշտության դեպքում զանգահարել 911։




Օպերատիվ իրավիճակը Տավուշում և Լոռիում | 19:30

Տեղատարափ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն (19:30, 26, մայիսի)

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում:

Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:
Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։
Տավուշի մարզում մարզպետարանի կողմից աշխատանքներին ներգրավվել է 25 միավոր ինժեներական տեխնիկա (20 ինքնաթափ և 5 ամբարձիչ)։

Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։
Լոռի մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ, սակայն դեպի բոլոր այդ բնակավայրեր կան այլընտրանքային ճանապարհներ, և հնարավորություն կա առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու համար։ Այդ աշխատանքներին ներգրավված են նաև փրկարարները, որոնք անհրաժեշտ իրերն ու պարագաները փոխանցում են գետանցման միջոցով։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ Լոռու մարզի Ալավերդի քաղաքում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի խորհրդակցություն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչության պետն ու այլ պաշտոնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ փակ են Վանաձոր–Ալավերդի–Այրում–Բագրատաշեն և Դիլիջան–Իջևան երթուղիները։

 




Հորդառատ անձրևից Տավուշի և Լոռու մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացվող տեղեկատվություն

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։

Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։

Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։

Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։

Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանոմներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։

ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։

Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։

Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ – 2 դեպքում իրականացրել են քարշակում։

Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։

Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։




Այց Փրկարար ծառայության Տավուշի մարզային վարչություն

Մարտի 20-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Այցի նպատակն էր անհրաժեշտ մեթոդական և մասնագիտական օգնություն ցուցաբերել մարզային ստորաբաժանումներին՝ ուղղված մարտունակության բարձրացմանը, արդյունավետ և օպերատիվ աշխատանքի ապահովմանը, ինչպես նաև համալիր ստուգումների իրականացմանը:

Տավուշի մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էր վարչության և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը։
Խորհրդակցության ընթացքում Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վ․ Փիրումյանը ներկայացրեց կատարված աշխատանքների արդյունքները, վարչության գործունեությանն առնչվող ընթացիկ հարցեր։

Խորհդակցության շրջանակներում քննարկվեցին մեթոդական օգնության ցուցաբերման հիմնական ուղղությունները, մատնանշվեցին օպերատիվ-տակտիկական, ինչպես նաև ամենօրյա գործունեության ապահովմանն ուղղված ընթացիկ աշխատանքները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պլանային միջոցառումների պատշաճ իրականացմանը։
Այնուհետև Փ/Ծ տնօրենի տեղակալը շրջայց կատարեց մարզային փրկարարական վարչությունում, ինչպես նաև այցելեց Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներ։ Ե. Կարապետյանը տեղում ծանոթացավ ծառայության կրման պայմաններին, նյութատեխնիկական ապահովվածությանը, հետևեց հերթապահություն իրականացնող ծառայողների աշխատանքին։

Հրշեջ-փրկարարական ջոկատներում հայտարարվեց անձնակազմի տագնապ, տրվեց հավաք, ստուգվեց ծառայողների ընդհանուր պատրաստվածությունը, տագնապային պայուսակների առկայությունն ու համալրվածությունը, հրշեջ-փրկարարական տեխնիկայի և գույք-սարքավորումների տեխնիկական վիճակը։

Տնօրենի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը Իջևանի և Տաուշի հրշեջ-փրկարարական ջոկատներում հետևեց «Հրդեհաշիջումը ճյուղավորումով» և «Մարտական բացազատում օղակի կազմով» թեմաներով տակտիկական պարապմունքների անցկացման ընթացքին։

Ավարտին՝ աշխատանքային խմբի ղեկավարը հանձնարարեց շարունակել աշխատանքները ենթակա ստորաբաժանումներում՝ առկա խոչընդոտների վեր հանման և կարողությունների բարելավման ուղղությամբ։




Հրդեհ Ոսկեպար գյուղում. 85-ամյա մարդ է մահացել

Փետրվարի 13-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեպար գյուղում այրվում է տուն. հավանական է ներսում լինի դի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Գ.-ի (ծնված 1939 թ.) դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 14:09-ին: Այրվել է երկհարկանի տան 2-րդ հարկի ննջասենյակը (մոտ 20 քմ)՝ գույքով և ջերմահարվել մոտ 60 քմ հատվածը:




Ավտոճանապարհները Տավուշի մարզում. տեղեկացնում է Փրկարար ծառայությունը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:

Փակ է նաև Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը, Գորիս-Տաթև և Գորիս-Սիսիան ավտոճանապարհները փակ են (բուք է) բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:




Դժվարանցանելի ճանապարհները Տավուշի մարզում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Տավուշի մարզում Դիլիջանի ոլորանները, Դիլիջան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան, Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածում բուք է:

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։