Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար Ռեմիկ Մարդանյանը կդառնար 68 տարեկան
Տավուշի մարզի Գանձաքար գյուղում փետրվարի 16-ին կայացավ միջոցառում` նվիրված Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատար, գնդապետ Ռեմիկ Մարդանյան ծննդյան օրվան:
Զինվորի հետ հավասար կռվող հրամանատարի մասին լեգենդներ են հայտնի: Զինակիցները պատմում են, որ Ադրբեջանը 1992թ.-ին 60 մլն ռուբլի էր խոստանում նրա գլխի համար: Ռեմիկ Մարդանյանը բանակի իրական նվիրյալ էր:
Գերազանցությամբ ավարտել էր Մոսկվայի ռազմաքաղաքական ակադեմիան և նվիրվել բանակային գործին: 1992թ.-ին կամավոր մեկնել է Լաչինի մարդասիրական միջանցքը պաշտպանելու: Այդ ժամանակ իր կատարած սխրանքների համար նրան արտահերթ շնորհվել է գնդապետի կոչում: Նրա հրամանատարությամբ մարտնչող մոտոհրաձիգային բրիգադը մեծ ներդրում է ունեցել Մարտակերտի, Քելբաջարի ազատագրման գործում:
1999 թ.-ին Մարդանյանը նշանակվել է Հայոց բանակի մարտական գործողությունների բաժնի պետ, 2000թ-ին` բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ: 2000 թվականի հոկտեմբերի 11-ի ՊՆ պաշտոնական հաղորդագրությամբ հայտարարվեց, որ ռազմական գործիչ, ՀՀ բանակի գնդապետ (1993) Ռեմիկ Մարդանյանը Սիսիան-Գորիս ճանապարհին զոհվել է ավտովթարից՝ ծառայողական պարտքը կատարելիս:
«Ռեմիկն անմահ էր, ո´չ թուրքից էր վախենում, ո´չ գյուլլից: Նրա կռիվը պարտք չէր հայրենիքի հանդեպ, այլ՝ վրեժ: Վրեժ իր ազգի արյունաներկ պատմության համար»,-պատմում է Ռեմիկ Մարդանյանի եղբայրը: Լեգենդար հրամանատարին նվիրված միջոցառմանը Գանձաքարի մշակույթի տան ներկայացվեց գնդապետի կենսագրությունն ու անցած ուղին: