Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը`սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 31-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Գրիգորյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, թե հանձնաժողովների հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին` կրկին Իջևանի և Ղազախի հատվածում:




Տավուշում սահմանային իրավիճակը հանգիստ է

Տարածվող տեղեկությունը՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքի ուղղությամբ կրակոցների մասին չի համապատասխանում իրականությանը։ Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

– Տարածվող լուրերը, իբրև Պառավաքարի ուղղությամբ հրաձգություն է՝ ապատեղեկատվություն է, – հավելեց համայնքապետը։

Իր հերթին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հավաստմամբ՝ սահմանի՝ իրենց տարածաշրջանի հատվածում ևս այս պահին լարվածություն չկա։