«Հովնանյան» հիմնադրամն օգնում է վերակենդանացնել սահմանամերձ գյուղերը և բարելավել կենսաապահովման միջոցները

2020 թվականից Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամը՝ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրի հետ համագործակցությամբ, ակտիվորեն ներգրավված է Տավուշի սահմանամերձ գյուղերի՝ ջրի հետ կապված ճգնաժամային խնդիրների լուծման գործում: Այս շարունակական պետություն-մասնավոր դաշտ համագործակցությունը ձգտում է ոռոգման և մաքուր խմելու ջրերով ապահովել դրանցից զրկված գյուղերին: Վերջնական նպատակն է հիմնովին բարելավել տարածաշրջանի սոցիալ-տնտեսական պայմանները` աշխուժացնելով բնակչությունը և հնարավորություն տալով աճեցնել գյուղատնտեսական տարբեր մթերքներ։

Հունիսի 2-ին Նոյեմբերյան համայնք էր այցելել Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի տնօրեն Էդիլ Հովնանյանը․ այցի շրջանակում քննարկվել են նախորդ տարիներին համայնքում իրականացված ծրագրերը, բնակիչների արձագանքները և հետագա զարգացման հնարավորությունները։ Այցը նպատակ ուներ գնահատելու համայնքում իրականացված աշխատանքների արդյունավետությունն ու զարգացման նոր ուղղությունները։

Այցելություններ են եղել մի շարք տարածքներ, որտեղ իրականացվել են խմելու ջրի և ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրեր։ Դրանք կյանքի են կոչվել համայնքի և «Հովնանյան» հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Մասնավորապես, 2022-2025 թվականներին շուրջ 260 միլիոն դրամի ներդրմամբ բարելավվել են ջրամատակարարման համակարգերը հետևյալ բնակավայրերում․

  • Բերդավան 2՝ Բերդավան գյուղում,
  • Զեյթուն 1՝ Բագրատաշենում,
  • Լալվարի ոռոգման համակարգ՝ Դեբեդավանում,
  • Խմելու ջրի ներքին ցանց՝ Կողբում։

Հանդիպման ավարտին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը համայնքի կարևորագույն ոլորտների զարգացմանը նպաստելու համար Էդիլ Հովնանյանին շնորհել է Նոյեմբերյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչումը։ Կոչումը տրվել է համայնքային կարիքների շուրջ ցուցաբերած երկարամյա աջակցության և մարդասիրական արժեքների տարածման համար։

Իր խոսքում Է․ Հովնանյանը վստահեցրել է, որ «Հովնանյան» հիմնադրամը շարունակելու է գործունեությունը Նոյեմբերյան համայնքում՝ հատկապես կենտրոնանալով այն ուղղությունների վրա, որոնք կարևոր են համայնքի բնականոն կյանքի և կայուն զարգացման համար։




Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ այսօր վաղ առավոտյան կրակոցներ են լսվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` առավոտյան 15-20 րոպե ինտենսիվ կրակոցներ են եղել:

Ինչ իրավիճակ է այս պահին Մովսեսում. Տավուշ Մեդիան փորձեց ճշտել բնակիչներից և պատկան մարմիններից:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ժամը 9-ից հետո կրակոցներ չկան։ Էական կրակոցների դեպքում Պաշտպանության նախարարությունը կտեղեկացնի: Համայնքի ղեկավարը վստահեցրեց՝  այս պահին Բերդ համայնքում իրավիճակը հանգիստ է, բնակիչության շրջանում խուճապային տրամադրություններ չկան:




Տավուշը հիշում է Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներին

«Տավուշը հիշում է․․․» Այս խորագիրն էր կրում մայիսի 9-ին Բերդ քաղաքում անցկացված միջոցառումը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին։ Միջոցառումը մեկնարկեց հանդիսավոր երթով, որին մասնակցում էին Բերդի տարածաշրջանի բոլոր 17 բնակավայրերի ներկայացուցիչները։ Հավաքված բազմությունը քայլում էր միասնականությամբ ու հարգանքով՝ կրելով հաղթանակի հիշողությունը սրտերում։ Երթից հետո միջոցառումը շարունակվեց Բերդի համայնքապետարանի հարակից բակում։
Տոնական միջոցառման մշակութային մասը հարստացրին Բերդի համայնքային մշակույթի տան սաները՝ պարային և գրական-բանաստեղծական գեղեցիկ համարներով։

Բեմում իրենց ստեղծագործ աշխատանքներով հանդես եկան նաև փոքրիկները, որոնց աշխատանքների ցուցադրությունը յուրահատուկ տրամադրություն էր հաղորդում միջոցառմանը՝ պատկերելով խաղաղության կարոտը և հայրենասիրական ոգին։

Ներկաները հարգանքի տուրք են մատուցել բոլոր ժամանակներում նահատակված հայորդիների հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով Արցախյան պատերազմների ընթացքում նահատակված տավուշցիների, 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողների և Անհայտ զինվորի հուշարձանի մոտ:

Հեղինակ՝ Անահիտ Մակյան




Բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք սահմանամերձ գյուղերին

«Վիվա» բարեգործական հիմնադրամի կամավորները երկու օր շարունակ Արծվաբերդ և Այգեգձոր գյուղերում բնակչությանը տրամադրեցին նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություն և անհրաժեշտ դեղորայք։

Չնայած գյուղերում գործում են բուժհաստատություններ, սակայն առկա է նեղ մասնագետների պակաս, ինչը հաճախ սահմանափակում է բնակիչների լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորությունները։

Հիմանդամի նպատակն է բարձրացնել բնակչությանը տրամադրվող բժշկական աջակցության որակն ու հասանելիությունը, խթանելով առողջապահական հավասար հնարավորությունների ստեղծումը սահմանամերձ համայնքներում։

Հեղինակ` Անահիտ Մակյան




Դովեղն ահազանգում է

Սահմանամերձ Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցը դեռևս գտնվում է հիմնանորոգման փուլում, իսկ շինարարական աշխատանքները հետաձգվում են։ Նախատեսված էր, որ նոր դպրոցը շահագործման պետք է հանձնվի 2024 թվականի դեկտեմբերին, սակայն ներկայիս վիճակը մտահոգում է համայնքի բնակիչներին։

Ստեղծված իրավիճակում ահազանգում է Դովեղի միջնակարգ դպրոցը․
«Ահա մեր դպրոցի նոր կառուցվող շենքի վիճակը, այս ամենն արդյունք է շինարարի «բարեխիղճ» վերաբերմունքի և հետևողականության։ Շենքը պետք է պատրաստ լիներ 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։ Նույնիսկ նկարելու պահին ճանապարհի այս հատվածը նորից փլուզվեց, որին նպաստում են ամենօրյա անձրևները։ Այսքան ապրանքները` արդեն ոչ պիտանի շինարարական աշխատանքի համար, դարձել են շինարարական աղբ։

Հուսանք, գուցե, մի օր այս ամենը հուշ կդառնա և մեր աշակերտները դպրոց կգնան նոր ու հարմարավետ դպրոցում, նրանք ևս ունեն այդ իրավունքը»,- նշված է դպրոցի հայտարարության մեջ։

Կարդացեք նաև՝




Բարեկամավանն ահազանգում է

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի միջնակարգ դպրոցը գրում է․

«Դպրոցն ապրում է, երբ շունչ կա սահմանում…
Այսօր մեր համայնքը կանգնած է լրջագույն վտանգի առաջ՝ փակման եզրին է Բարեկամավանի դպրոցը։ Դպրոց, որը ոչ միայն կրթության օջախ է, այլև համայնքի հոգին։ Այն միակ լույսն է, որ փայլում է մեր սահմանին՝ ապացուցելով, որ հայրենիքը չի լքվել, որ հայ մարդը ապրում, արարում, սովորում ու սովորեցնում է։ Փակել դպրոցը՝ նշանակում է փակել մի ամբողջ պատմություն, ապագա ու երազանքներ»։

Բարեկամավան գյուղը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 1000 մետր։ 1930-ական թվականներին գյուղի բնակչությունը կազմում էր շուրջ 900 մարդ, իսկ այսօր Բարեկամավանում 150 մարդ է ապրում։


 

«Տավշո աշխարհում, բարձրաբերձ լեռների մեջ, այնտեղ, որտեղ հողն ու երկինքը ձուլվում են, հպարտ կանգնած է Բարեկամավանի դպրոցը։ Սա պարզապես շենք չէ՝ քարերով ու պատերով կառուցված. սա գիտելիքի ջահն է, որ լուսավորում է սերունդների ճանապարհը, ուժ է տալիս համայնքին ու պահպանում գյուղի շունչը։

Այս դպրոցում ամեն դասասենյակ պատմություն ունի՝ լի երազանքներով, հաջողություններով ու անկոտրում կամքով։ Այստեղ աշակերտները միայն տառերը չեն սովորում, այլև հայրենիքի սիրո դասերը, որովհետև սահմանին գիտելիքը ոչ միայն ուժ է, այլև զենք։

Դպրոցի պատերից ներս անցյալի ու ապագայի ձայները խառնվում են իրար. առաջին ուսուցիչների խորհուրդներն ու նոր սերնդի նպատակները միաձուլվում են այստեղ։ Եվ քանի դեռ այս դպրոցում ծիծաղում են երեխաները, արձագանքում են զանգերը, և ուսուցիչները ջանասիրաբար փոխանցում են իրենց գիտելիքը, Բարեկամավանը կապրի, կշնչի ու կշարունակի իր պատմությունը գրել․․․»

Բարեկամավանի միջնակարգ դպրոց

 

Կարդացեք նաև՝




Սահմանի Արծվաբերդը

Սահմանի Արծվաբերդը

Չնայած մի շարք խնդիրների, այնուամենայնիվ, մարդիկ աշխատում են չհեռանալ հարազատ գյուղից և փորձում են այնպես անել, որ այլ վայրերից այցելեն ու վայելեն Արծվաբերդի բնությունը ու ծանոթանան իրենց գյուղի հարուստ պատմությանը։




«Կարոտը վրձնի վրա․ Կալիֆորնիական շարք». տավուշեցի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Կարոտը վրձնի վրա․ Կալիֆորնիական շարք ցուցահանդեսը

«Այն էներեգիան, որ զգում եմ Հայոց աշխարհում, որևէ տեղ չեմ զգում։ Այս երկիրը աստվածատուր երկիր է», – նշում է գեղանկարիչը։

Ցուցահանդեսի մասին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութում։




«Ամետիստ» պարային համույթի բարեգործական համերգը Կողբում

Կողբի Մշակույթի կենտրոնում անցկացվել է «Ամետիստ» պարային համույթի բարեգործական 3-րդ համերգը։

«Յուրաքանչյուր երեխա իր անհատականությունն ունի, նրանք հատուկ նշանակություն ունեն, պարզ են, մաքուր ու տարբերվող», – նշում է պարային համույթի գեղարվեստական ղեկավարը։




Տներ, որոնք արդեն հայրենիքում չեն

voskepar

Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացից հետո ոսկեպարցի Գրիշա Գեւորգյանը սեփական տնից դուրս գալ չի կարողանա․ դարպասին հասնելու համար նա ստիպված կլինի հատել հայ-ադրբեջանական սահմանը։

Փողոցը, որտեղ ապրում է, նոր սահմանագծով երկու մասի է բաժանվելու։ Մի քանի տուն նույնպես «կիսվելու» են։

«Մեզ քոչացնում, վերացնում են էստեղից։ Վարչապետն ասում ա՝ տունդ ծախի, առնեմ։ Գյուղը դատարկում ա, որ հեշտությամբ տա։ Դիրքերում, որ թուրքը էկավ, նստեց, ո՞նց ա պահելու էս տարածքը։ Չի՛ պահելու, բրախիլ տի, տա իրանց, մեզ էլ թուրքերը տանեն։ Տեղի ժողովուրդը լավ պատկերացնում ա, թե ինչ կարա ըլի, ղրաղի (կողքի – հեղ․) մարդիկ չեն պատկերացնում»,- սրտնեղելով ասում է Գրիշա Գեւորգյանը։

Հարեւաններից ոմանց դեպքում էլ սահմանը դարպասից այն կողմ է, գոնե խանութ, գյուղամեջ դուրս գալու հնարավորություն կունենան։ Բայց որոշել են՝ երեխաներին կհանեն գյուղից։

«Էրեխեն ըստի ի՞նչ անի, էս գազի տրուբեն ա սահմանը։ Եթե չմոտենան, մենք կմնանք, կապրենք։ Բայց եթե էկան, խանգարեցին, իմաստ չունի էստեղ մնալը»,- ասում է ոսկեպարցի Գագիկը։

Փողոցի վերջում՝ ամենավերեւում, երեք առանձնատուն կա։ Մեկը դատարկ է։ Ռուսաստանում ապրող տանտերն այն կառուցելիս հաստատ չի հաշվարկել, որ մի օր հայրենի գյուղի այդ կտորն իր տան հետ միասին, հնարավոր է, Ադրբեջանին տան։

Մյուս երկու տները բնակեցված են։ Դրանց տերերը նույնպես իրենց արած-դրածից ինքնակամ հրաժարվելու հաշվարկներ գոնե երեսուն տարի չեն արել։ Մտահոգություններ վերջին շրջանում՝ 44-օրյա պատերազմից հետո են ունեցել։

«2021 թվին ենք Նոյեմբերյանի կադաստր գնացել, որ վկայական հանենք, մտիկ արին քարտեզ-մարտեզ, ասին՝ թուրքի տարածք ա։ Ու ասին՝ եթե սահմանազատում տեղի ունենա, հայկականացնեն, էն ժամանակ էլ վկայական կտան», — պատմում է Ոսկեպարի բնակիչ Սիրվարդ Բեգլարյանը՝ նշելով, որ տան հետ կապված այլ փաստաթուղթ չունեն․ տարածքը դեռ 1990-ականներին գյուղապետարանն է տրամադրել։ Ասել են՝ գնացե՛ք, տուն սարքեք, ապրեք։

Հիմա, երբ սահմանազատման գործընթացն իրողություն է, տարածքների «հայկականացում» չի արվում։ Ավելին՝ նախատեսվում է Ոսկեպարի երկրորդ փողոցի առաջին նրբանցքից երեք տուն հանձնել Ադրբեջանին։ Փողոցն Իջեւան-Բագրատաշեն մայրուղու՝ Կիրանց-Ոսկեպար հատվածից թշնամու դիտակետում է լինելու։

«Էն կարմիր տան մոտով, մեր էս երկու տներն էլ հետը, մի քիչ աջով բարձրանում ա, մինչեւ Կիրանցի դրոշակը։ Էս վերեւը գլխավոր ճանապարհն ա՝ դեպի Իջեւան, Դիլիջան։ Չորս օրում քարտեզ չեն գծում, սա շուտվա պայմանավորված բան ա։ 29,800-ից քիչ-քիչ հանում ա»,- ասում է Սիրվարդի որդին՝ Անդրանիկը։

Ոսկեպարցի երիտասարդը վստահ է՝ թուրքը եկավ՝ մայրուղին փակելու է, «վիճելի տարածքներից» էլ մի գրամ հող չի զիջելու։

Տիկին Սիրվարդը, որ օրեր առաջ վստահ էր՝ տնից ոչ մի գնով չի հեռանալու, հիմա արդեն տունն այրելու մասին է մտածում։ Հակասական մտքերն, ասում է, վերջին օրերի տագնապից են գալիս։

«Մինեքը հանել են, բա ո՞նց չվախես։ Իրիկունը անց կացավ՝ թուրքը էկավ, տենող չելավ։ Գալու ա, մորթի, գնա, ո՞վ ա մեր տերը»։

Ոսկեպարում փորձում, բայց չեն կարողանում հասկանալ՝ «վիճելի եռանկյունուն», Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից՝ նախկինում ադրբեջանցիներով բնակեցված գյուղին, մայրուղու մի հատվածին այդ ինչպե՞ս գումարվեցին փողոցն ու տները։

Կիրանցի բնակիչ Մհեր Սիմոնյանն արդեն պայմանավորվել է՝ եթե պայքարը չհաջողեն, եւ սահմանը գծվի, տրակտորիստ է գալու, տունը քանդի։ Տունը, որ 21 տարվա արտագնա աշխատանքի արդյունքում է կառուցել։ Ծառերն էլ, հավանաբար, պտուղ տալ չեն հասցնի․ ծաղկած այգին էլ մտադիր է հատելու․․․ «որ թուրքին չմնա»։

«1975 թվին ա կառուցվել էս տունը։ Սովետմիության ժամանակ էլ չէիր կարա Ադրբեջանի տարածքում ինչ-որ բան անես։ Կադաստրի վկայականը ձեռիս, արխիվ կա վերջապես, թե ումից եմ առել, որտեղ ա էդ տունը։ Բայց կադաստրի փաստաթուղթն էլ հիմք չի։ Այսինքն, մենք անօրինական, ապօրինի զավակներ ենք էս երկրի համար, ովքեր ապօրինի ընտրություն են արել, բանկից փող վերցրել։ Ստացվում է՝ ադրբեջանի քաղաքացի եմ, կարամ, օրինակ, էդ փողը չտամ», — ասում է Մհերը։

Վերջին օրերին Կիրանցի երեք տասնյակից ավելի բնակիչներ համացանցում իրենց պատկանող տների, շինությունների եւ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների կադաստրային վկայականներն են հանրայնացրել՝ ցույց տալու համար, որ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին լրիվ կամ մասնակի տրվող տարածքները որեւէ աղերս չունեն այդ երկրի հետ։ Եվ չեն ունեցել։ Ինչպես որ ադրբեջանական չեն գյուղի պատմական կենտրոնը, եկեղեցին, գերեզմանոցը, որոնց միջով էլ անցնելու է հայ-ադրբեջանական նոր սահմանագիծը։

Իսկ Կիրանցի դպրոցի նորակառույց շենքն այդ գծից ընդամենը 20 մետր է հեռու։ «Ո՞ր մի խելացի ծնողը կթողի իրա էրեխեն էստեղ դպրոց գնա»,- հարցնում է Մհերը։

Իրենք տանը դպրոցական չունեն։ Տղան, որ օրեր առաջ էր ՌԴ մեկնել՝ աշխատելու, վերադարձել է։ Աղջիկն էլ հարեւան Ծաղկավանից է երեխայի հետ հայրական տուն շտապել, որ նաեւ գերեզման՝ տատին այցելի։ Գուցե վերջին անգամ, ասում է։

Հեղինակ` Տաթևիկ Ճուղուրյան, Ալիք Մեդիա