Սահմանին է, բայց սահմանամերձ չէ․ Նորաշենը՝  «իրավական անկլավի» կարգավիճակում

Սահմանին է, բայց սահմանամերձ չէ․ Նորաշենը՝  «իրավական անկլավի» կարգավիճակում

Տավուշի մարզի Նորաշեն գյուղը պետական սահմանից ընդամենը շուրջ 4 կիլոմետր է հեռու։ Նորաշենի հարևանությամբ սահմանամերձ Արծվաբերդ, Մովսես, Չորաթան և Վերին Կարմիրաղբյուր գյուղերն են։ Սակայն, ի տարբերություն հարևան բնակավայրերի, Նորաշենը սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ չունի։

«Բերդից էս կողմ յոթ գյուղ ունենք, յոթից մենակ Նորաշենն է, որ սահմանամերձ չէ։ Բացառիկ կարգավիճակում է գտնվում։ Նորաշենը Հայաստանում միակ գյուղն է, որ բոլոր կողմերից շրջապատված է սահմանամերձ գյուղերով, բայց ինքը սահմանամերձ չէ։ Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքում Նորաշենին կից նշված չորս գյուղերն էլ սահմանամերձ են, իսկ Նորաշենը՝ ոչ», — նշում էի Նորաշենի բնակիչ Գարիկ Փայտյանը։

Սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված պետական աջակցության ծրագրերի ընդլայնմամբ այս տարբերությունն ավելի տեսանելի է դարձել։ Նորաշենցիների դիտարկմաբ՝ ապրելով նույն անվտանգային պայմաններում՝ իրենք չեն կարող օգտվել այն հնարավորություններից, որոնք հասանելի պիտի լինեն նաև իրենց։

«Խնդիրն ավելի զգացնել տվեց հատկապես 16 միլիոնի ծրագրից հետո։ Մնացած արտոնություններն էլ կարևոր էին, բայց հենց այս ծրագիրն է ամենաէականը։ Դրան գումարվեց նաև այն, որ առևտուրը դուրս եկավ միկրոձեռնարկատիրության շրջանակից։ Գյուղի փոքր բիզնեսներն արդեն ստիպված են անհավասար պայմաններում աշխատել։ Կան նաև կոմունալների, ուսման վարձերի և այլ արտոնություններ, որոնցից Նորաշենը դուրս է մնում, որովհետև պետությունը սոցիալական քաղաքականությունը շարունակում է սահմանամերձ համայնքների սկզբունքով, իսկ մենք այդ ցանկում չենք», — ասում է Գարիկը։

Գարիկի խոսքով խնդիրն արտոնությունները չեն միայն։ Նրա համոզմամբ՝ Նորաշենի սոցիալ-տնտեսական պայմանները ոչ միայն չեն տարբերվում հարևան սահմանամերձ գյուղերից, այլ որոշ դեպքերում նույնիսկ ավելի բարդ են։

2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում, թեև գյուղի բնակելի հատվածը չի թիրախավորվել, գնդակոծության տակ են հայտնվել Նորաշենի գյուղատնտեսական հողերը։

Հարցը նոր չէ, տարիների ընթացքում այն մտահոգել է գյուղի բնակիչներին, դիմումներ են գրել, բարձրաձայնել խնդիրը տարբեր մակարդակներում։ Այժմ էլ փորձում են նոր թափով խնդրին լուծում տալ․ գյուղապետից վարչապետ դիմել են բոլորին։

«Հիմա փորձում ենք հարցին հնչեղություն տալ։ Մարզպետարանից առաջարկել են գրավոր դիմել մեր պահանջով։ Կուղարկենք նամակ, հետո արդեն, կախված պատասխանից, կմտածենք ստորագրահավաք կազմակերպելու կամ կառավարություն դիմելու մասին։

Մեր գյուղում կրթահամալիր է կառուցվում, որը սպասարկելու է նաև սահմանամերձ գյուղերին։ Բայց հիմա կարգավորումն այնպիսին է, որ եթե դպրոցի տարողունակության առնվազն 50 տոկոսը չի լրացվում, ծրագիրը չի գործելու։ Մեր դեպքում 200 տեղանոց դպրոց են կառուցում, մինչդեռ այսօր ունենք շուրջ 140 աշակերտ։ Կարծում եմ՝ Նորաշենի ներուժը ճիշտ չի գնահատվել։ Փաստացի նորից դուրս ենք մնում կարգավորումներից։ Այս հարցը պետք է լուծում ստանա, որովհետև այն, մեր կարծիքով, իրավական և սոցիալական առումով արդարացված չէ», — ասում է Գարիկ Փայտյանը։

Բերդի համայնքապետարանում խնդրին ծանոթ են, նախորդիվ ևս նամակներ ու դիմումներ են ստացել, բայց հարցի կարգավորումը համայնքի տիրույթում չէ։ Սահմանամերձ գյուղի կարգավիճակը տրվում է վարչական որոշմա՞մբ, թե՞ այն իրականությամբ, որով ամեն օր ապրում են մարդիկ։ Այս հարցի պատասխանն են ակնկալում Նորաշենում՝ պետությունից։

 




«Նման կարկուտ երբեք չենք տեսել». աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերին

Աննախադեպ կարկուտը մեծ վնասներ է հասցրել Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերին

«Ահավոր էր, նման բան 60 տարվա մեջ չէինք տեսել»․ այսպես են հունիսի 20-ի երեկոյան տեղի ունեցած կարկտահարությունը նկարագրում Նոյեմբերյան համայնքի բնակիչները։

Հունիսի 20-ին՝ ժամը 19:30-ից հետո, Տավուշի մարզում տեղացած ինտենսիվ կարկուտը զգալի վնասներ է հասցրել Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար, Բաղանիս, Ջուջևան, Ոսկեվան և Կոթի բնակավայրերին։ Տուժել են այգիները, տնամերձ հողատարածքները, ինչպես նաև բնակելի տների տանիքները։ Քաղաքացիների ահազանգերի հետքերով Տավուշ Մեդիան այցելել է կարկուտից տուժած սահմանամերձ բնակավայրեր՝ տեղում արձանագրելու տարերքի հետևանքներն ու բնակիչների կրած վնասները։

Տուժած բնակավայրերի բնակիչները պատմում են, որ կարկուտը կարճ ժամանակում ոչնչացրել է գյուղատնտեսական մշակաբույսերի զգալի մասը և վնասել բազմաթիվ շինություններ։

Հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով պատճառված վնասների գնահատման նպատակով Նոյեմբերյանի համայնքապետարանում ձևավորվել է հատուկ հանձնաժողով։ Համայնքային և վարչական ներկայացուցիչներն այցելում են տուժած բնակավայրեր, ընդունում քաղաքացիների դիմումներն ու իրականացնում վնասների նախնական գույքագրում։

Բնակավայրերի վարչական նստավայրերում այս օրերին մարդաշատ է։ Բնակիչները հերթագրվում են՝ բնական աղետից կրած վնասները պաշտոնապես արձանագրելու համար։ Վնասների գույքագրումը շարունակվում է, և միայն ամբողջական հաշվառումից հետո հնարավոր կլինի գնահատել տարերքի հասցրած վնասների իրական չափերը։

Հատկանշական է, որ 2026 թվականին Տավուշի մարզում սա կարկուտի առաջին դեպքը չէր։ Նախորդ օրերին կարկուտ էր տեղացել նաև Բերքաբեր, Ոսկեպար և Կիրանց բնակավայրերում։ Իսկ հունիսի առաջին տասնօրյակում անբարենպաստ եղանակային պայմաններից տուժել էին Իջևան համայնքի Խաշթառակ, Լուսաձոր, Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան, Աճարկուտ և Կիրանց բնակավայրերը։

Մինչ վնասների ամբողջական գնահատումն ու հնարավոր աջակցության ծրագրերի հստակեցումը, բնակիչներն արդեն սեփական ուժերով փորձում են վերացնել կարկուտի հետևանքները՝ նորոգելով վնասված տանիքներն ու մաքրելով այգիներն ու տնամերձ տարածքները։

Կարդացեք նաև՝




Քո իրավունքը | Սահմանամերձ բնակավայրերի բնակչության իրավական խնդիրները

Սահմանային-անվտանգային խնդիրների շարքում նաև իրավական հարցերն են․ «Քո իրավունքը» հաղորդաշարի շրջանակում իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վիկտորյա Սիմոնյանը ներկայացնում է սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց իրավական խնդիրները։




ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ․ «Սահմանազատում, հեռանկարներ, մարտահրավերներ, լուծումներ»

Տավուշը սահմանազատումից հետո․ առկա խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են։
ԿՅԱՆՔԸ ՍԱՀՄԱՆԻՆ․ «Սահմանազատում, հեռանկարներ, մարտահրավերներ, լուծումներ»
Հանրային հանդիպման ընթացքում պարզաբանվում են մտահոգիչ հարցերը, բարձրաձայնվում առկա խնդիրները։

Կարդացեք նաև՝
«Կյանքը սահմանին»․ հանրային հանդիպում Նոյեմբերյանում




Պտղավան. համերաշխության ու փոխօգնության օրինակ

Պտղավան գյուղ

Հայ-վրացական սահմանի հարևանությամբ է տեղակայված քաղցրահամ մրգերով հայտնի Պտղավան գյուղը: Բերքի քաղցրության նման գրավիչ է այս գյուղի հողը, որն անվտանգության և ապահովության զգացողություն է տալիս վերջին երեք տասնամյակների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանված և այստեղ հաստատված տարբեր սերունդների:

Գյուղի պատմությունը, խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև ապագայի հանդեպ սպասումները ներկայացված են Տավուշ Մեդիայի մուլտիմեդիա պատմությունում։
———
Նախագիծն իրականացվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Հեղինակ` Հրանտ Ղազումյան

Ամբողջական պատմությունը կարդացեք այս հղմամբ։




Պտղավան գյուղի ինքնությունը. 1950-ականներից մեր օրեր

Պտղավան Նոյեմբերյան

Պտղավան. մեր օրեր, մտահոգություններ, ձեռքբերումներ, երազանքներ, մարտահրավերներ:

Տեսանյութում գյուղի մարդիկ ներկայացնում են իրենց՝ համայնքային կյանքում ինտեգրվելու ու Պտղավանի պատմությունը: Նոյեմբերյանի Պտղավան գյուղը հիմնադրվել է 1950-ական թվականներին: Գյուղի բնակիչների մեծ մասն այստեղ են գաղթել 1980-ական թվականների վերջերին Ադրբեջանի հայահոծ տարբեր շրջաններից:




Նորաշեն․ Գարիկ Փայտյան, Էսթեր Զաքարյան

Նորաշեն․ Գարիկ Փայտյան, Էսթեր Զաքարյան

Մայրաքաղաք Երևանից՝ Տավուշի Նորաշեն գյուղ՝ տեսնել ու ապրել իրական կյանքն ինչպես որ կա։ Գարիկ Փայտյանն ու Էսթեր Զաքարյանը թողել են Երևանն իր բոլոր հեռանկարներով, տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ՝ նպատակ ունենալով իրենց գիտելիքները, ուժն ու եռանդը ծառայեցնել ի նպաստ իրենց համայնքի զարգացման։
Գարիկը սովորել է ԵՊՀ-ի Քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնում, իսկ Էսթերը՝ ԵՊՀ Միջազգային հարաբերություններ բաժնում:

Միապաղաղ թե՞ հետաքրքիր ու բազմազան կյանք

«Ես ինձ միշտ հայրենասեր եմ համարել, բայց երբ ամուսինս խոսում էր գյուղ տեղափոխվելու մասին, ես ինձ երբեք չէի պատկերացնում գյուղում ու սա իմ հայրենասիրության համար մեծ ու դժվար մարտահրավեր էր: Մի անգամ, երբ դեռ չէինք ամուսնացել Գարիկը հարցրեց ուզում ես սովորական միապաղաղ կյանք, թե՞ հետաքրքիր ու բազմազան, ես էլ բնականաբար ընտրեցի երկրորդը ու որոշեցինք տեղափոխվել Տավուշի մարզի Նորաշեն գյուղ ու այստեղ մեր կյանքը հետաքրքիր անցկացնել:

Չգիտեմ մոտիվացիա է թե ոչ, բայց մենք մեր այս քայլով սրտանց ցանկացել ենք, որևէ բան փոխել մեր երկրում դեպի լավը՝ մեր ուժերի չափով և միգուցե ավելի, ինչպես նաև ուզում ենք օրինակ լինել այն մարդկանց համար, ովքեր միայն գյուղից տեղափոխվելով են իրենց ապագան պատկերացնում, ուզում ենք մեր աշխատանքով ու կյանքով հաջողվել գյուղում ու ցույց տալ, որ հնարավոր է ապրել գյուղում, աշխատել, չձանձրանալ և կյանքը լիարժեք վայելել»:

Շարունակությունը կարդացեք այստեղ։

Հեղինակ` Հրանտ Ղազումյան




Գյուղն ու մարդիկ սահմանին․ Բերդավան

Շաբաթ առավոտյան գործընկերներով ճանապարհ ենք ընկնում դեպի Բերդավան։

Թեպետ օրը շաբաթ էր, սակայն գյուղում աշխուժություն կար՝ երեխաների խաղի աղմուկ, գյուղամիջյան զրույցներ, շինարարություն, մշակույթի տնից լսվող հայրենասիրական երգ։

ԲԵՐԴԱՎԱՆԻ ԱՄՐՈՑԸ

Բերդավանում մեզ ասացին, որ ով առաջին անգամ է ոտք դնում գյուղ, ուրեմն իր այցը պիտի սկսի Ղալինջաքար ամրոցից։ Գյուղի ամենանշանավոր ու խորհրդանշական բերդն է Ղալինջաքարը, թվագրվում է 12-րդ դար։

Բերդի անվան ստուգաբանությունը բացահայտվում է Տավուշի բնակչության բարբառում այժմ էլ կիրառական «ղալին» բազմիմաստ բառի հետ: Այն ունի խիտ, շատ, հաստ, հորդ, վարար իմաստները:

Առաջին երեքը լիովին համահունչ են բերդի անվանը՝ շատ քարերով, խիտ շարվածքով և հաստ պատերով ամրոց: Ամրոցը կարևոր դեր է խաղացել ոչ միայն գյուղի, այլև տարածաշրջանի բնակչության պաշտպանության գործում:

Շարունակությունը կարդացեք այստեղ:

Հեղինակ` Էռնեստ Խանումյան




Սահմանն ու մարդիկ․ Կոթի

Ինչպես են ապրում և ինչ են մտածում սահմանամերձ գյուղի մեծն ու փոքրը:

Տեսանյութի հեղինակը Նոյեմբերյանի տարածաշրջանից մեր թղթակից Հրանուշ Անանյանն է։




Սարիգյուղի մշակույթի տան կիսավթարային իրականությունը

Սահմանամերձ Սարիգյուղն է` հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց շարքում մտահոգիչ ու խնդրահարույց է անմխիթար ու կիսավեր մշակույթի տունը: Այն շահագործման է հանձնվել 1984 թվականին, իսկ 2007թվականից արդեն դադարեցրել է իր գործունեությունը: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչ բազմամարդ միջոցառումներ էին անցկացվում գյուղում. դրոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։ Տավուշ Մեդիան 2021 թվականից  գնաց Սարիգյուղի մշակույթի տան ավերակի վերածած թալանի հետքերով: Տեղեկություն ունեինք, որ դրամահավաք է իրականացվել, ինչպես նաև՝ միջամտել են տեղական ինքնակառավարման մարմինները:

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է, և հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ պահպանված նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության ու փառքի մասին։ Ավելին՝ այսպես շարունակվելու և մաս մաս տարհանվել-տեղահանվելու դեպքում շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։ Նախկինում Սարիգյուղի մշակույթի տան նորոգման գումարը հավաքելու նպատակով միջոցառումների շարք էր սկսվել՝ «Սարի FEST» խորագրով։ Նախաձեռնողները հույս ունեին ներդրողների, նվիրատվությունների, դրսում բնակվող գյուղի նախկին բնակիչների միջոցով հավաքել շենքի նորոգման համար անհրաժեշտ գումարը։ Տեղեկանալով այս մասին, Տավուշ հեռուստաընկերությունը Սարիգյուղի մշակույթի տան հիմնախնդրին անդրադարձ կատարեց դեռևս 2022 թվականի տարեսկզբին,  որից հետո համայնքային ու պատկան կառույցների ուշադրության սլաքը ուղղվեց խնդրի շուտափույթ կարգավորմանը։ Ձևավորվեց համայնքային ակտիվ նախաձեռնող խումբ՝ բնակչության մասնակցությամբ։ Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր:

Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը՝ որպես համայնքային համախմբան և ջատագովության արշավներ իրականացնող կառույց, սկսեց ուսումնասիրել հիմնախնդիրը, ստեղծեց  երկխոսության հարթակ՝ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2022 թվականի ընթացքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում հույս ունեն, ոմանք էլ վստահ են, որ շատ շուտով խնդիրը  լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ են ունենալու: Տավուշ Մեդիան էլ վստահություն է հայտնում, որ իր ուշադրության կիզակետում կպահի մշակութային այս օջախի և բազում այլ լուծման կարոտ խնդիրները: