Սահմանամերձ բնակավայրի այգեգործ-գինեգործը ահազանգ է հնչեցնում
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ բնակավայրում շուրջ 40 տարվա գինեգործական փորձ ունեցող Գագիկ Աղաբաբյանին ոչ միայն սերն է ձգում գինու հանդեպ, այլև ամենակարևորը՝ անսահման սերն ու հավատը Հայրենիքի և նրա ուժեղ ու անկախ ապագայի նկատմամբ:
«Ուզում եմ խոսել մեր մի քանի խնդիրների մասին, որ մի գուցե կհետաքրքրի շատերին:
Մենք գտնվում ենք Հայաստանի հյուսիս-արևելյան գոտում` Տավուշի մարզի Կողբ գյուղում: Մեր գործարանը հիմնադրվել է 2021թ., արտասահմանում բնակվող հայ, հայրենասեր իմ գործընկերոջ հայրենանվեր ներդրմամբ, սահմանից հեռու է ուղիղ գծով ընդամենը մի քանի հարյուր մետր, իսկ մեր խաղողի այգիները գտնվում են հենց սահմանին: Այգի ունենք, որի կողքով սահմանն է անցնում:
Մշակում ենք մեր տարածաշրջանի տեղածին խաղողները, հատապտուղները, ստանում տերուարային գինիներ և բնական հյութեր: Հայտնաբերել և կործանումից փրկել ենք տեղածին խաղողի էնդեմիկ տեսակներ` «Կանաչ Կենի», «Ջրջրուկ», «Ջրալի», «Կողբենի», կատարել գիտական ուսումնասիրություններ, ստեղծել կոլեկցիոն տնկարան, ստացել գինիներ: Նորաստեղծ գործարանի համար բավական լավ «տեղավորվել ենք» շուկայում, ստեղծել պահանջարկ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, շուտով հավանաբար արտահանում կունենանք ԱՄՆ և Անգլիա:
Սա մի փոքր մեր մասին: Հիմա խնդիրների մասին:
Առաջինը և ամենացավալին դա անտարբերությունն ու մեր ստեղծածի նկատմամբ արհամարական վերաբերմունքն է. մեր շենքը, ունեցվածքը գնահատվում է կոպեկներ (գրոշներ), ինչ է թե սահմանին ենք, հողը, ընդհանրապես, 0 (զրո) դրամ:
Երկրորդը. Հայաստանում ընդունված է գինի կամ գինեգործություն ասելիս հասկանալ Արարատյան դաշտ, Վայոց ձոր, Արագածոտն… Եվ միայն Կանգուն, Ոսկեհատ, Արենի և այդ տարածքներում աճող այլ տեսակներ…
Մեր տարածքի և խաղողների էնդեմիկ տեսակների նկատմամբ ուշադրությունը «կենացային» մակարդակից այն կողմ չի գնում: Հետզհետե կործանվում է մեր գյուղատնտեսությունը շուկայական մրցակցության պայմաններում, տարեցտարի ավելանում են չմշակվող հողերը, ամայանում սահմանամերձ տարածքները…
Մեր գինիները անցել են համտեսի լուրջ քննություն ԱՄՆ-ում և Անգլիայում, ստացել բավարար գնահատական: Ընդունել ենք արտասահմանցի գործընկերներին, որոնց բավական հետաքրքրել է մեր կատարած ծավալուն աշխատանքները և նախապատրաստվում ենք կնքել պայմանագրեր:
Տարօրինակ և զարմանալի, որ այդ նույն գինիները, այդ նույն աշխատանքները մեր երկրում, մեր պատկան մարմիններին, գինու ոլորտի կարգավորող կազմակերպություններին բացարձակ չեն հետաքրքրում, բացի լավ խոսքերից` «վայ, ինչ լավ աշխատանք եք անում», առաջ չենք գնում: Ավելին, հիմա ունենք Հադրութի Խնդողնու այգի, պատրաստվում ենք հիմնել «Կանաչ Կենու», «Ջրջրուկի», «Բանանցի» և այլ այգիներ: Մեր անտառներում հայտնաբերել ենք մի գուցե 1000 տարեկան խաղողի վազեր…
Եթե որևէ լրատվական կազմակերպություն էլ լսում է մեր մասին, զանգում մի կլոր, շատ մեծ կլոր գումարով լրատվություն են առաջարկում:
Էս 3-4 տարում դեռ չեմ տեսել , որ մեկը մի փոքր իր գործից հասկացող պաշտոնյա, վերևներում նստած մասնագետ զանգի ու հալում-հարցում անի մեզանից, բացառությամբ խաղողի սեզոնին մթերված խաղողի քանակության մասին:
Երևանյան գինու մասնագիտական խանութները հրաժարվում են մեր գինին դնել ցուցափեղկին` թե բա անծանոթ գինի է, Կանգուն, Ոսկեհատ բերեք: ԱՄՆ-ում, Անգլիա ընդունվում է, այստեղ ոչ, ավելին, շուտով հետաքրքիր ներկացուցչական միջոցառում է լինելու և ԱՄՆ-ում և Լոնդոնում:
Հայաստանում ռեստորան կա, որտեղ ամենաշատ վաճառվող գինին մերն է, բայց հենց հերթը գալիս է գինու ոլորտի կարգավորումներով զբաղվող կազմակերպություններին` անմիջապես լսում ենք` «վայ ինչ լավ աշխատանք եք արել», մի քանի տարի էլ առաջ գնանք հետո համագործակցենք, ասել կուզի տեսնենք կենդանի եք մնում: Մնալու ենք: Մնալու եմ: Մնալու են»
Գագիկ Աղաբաբյան
«Կանաչ գյուղ» ձեռնարկության հիմնադիր, «Կողբա գինիներ» բրենդի հեղինակ