Նամակ Մատնաչափիկին․ 23-ամյա զինծառայող Ալեքսանդրի գրքի շնորհանդեսը սահմանապահ Բերդում
Դեկտեմբերի 30-ին Բերդ Մշակույթի Կենտրոն ՀԿ-ում տեղի է ունեցել ժամկետային զինծառայող Ալեքսանդր Գաբրիելյանի «Նամակ Մատնաչափիկին» գրքի շնորհանդեսը։
23-ամյա Ալեքսանդր Գաբրիելյանը մասնագիտությամբ դերասան է։ Մեկ տարուց ավել է, ինչ նա իր զինվորական պարտքն է կատարում հանուն Հայրենիքի։ Մինչ բանակ զորակոչվել Ալեքսանդրը սովորել ու ավարտել է ԵԹԿՊԻ-ն, աշխատել է «Բոհեմ» թատրոնում։ Ասում է՝ որպեսզի ծառայության ընթացքում արվեստի հետ կապը չխզվի, որոշել է գրի առնել բանակային առօրյան։
«Մեր զինվորի օրինակով մենք փորձում ենք և՛ հասարակությանը, և՛ նաև իր ընկերներին և իրեն ճանաչողներին ցույց տալ, որ կարելի է գտնվել բանակում և ստեղծագործել, կարելի է լինել զինվոր և միաժամանակ ստեղծել արժեք»,- նշում է գրքի խմբագիր, գնդերեց Հովհաննես սարկավագ Ավետիսյանը։ Նա ընդգծում է, որ զինվորական ծառայությունը ոչ թե սահմանափակում է մարդուն, այլ տալիս է ավելի մեծ հնարավորություններ․ մնում է միայն օֆտվել դրանցից։
Ալեքսանդրի՝ 55 էջից բաղկացած այս գրքույկը սիրային նամակ է զինվորից իր սիրած աղջկան, որտեղ ներկայացված է հայ զինվորի առօրյան՝ համեմված ծառայողական հումորային դրվագներով։
«Փորձել եմ այս դժվարին օրերին մի փոքր ռոմանտիզմ, մի փոքր սեր հաղորդել այս գրքի միջոցով»,- պատմում է ինքը՝ Ալեքսանդրը։
Գրքի վաճառքից ստացված հասույթն ամբողջությամբ ուղղվելու է բարեգործության։