Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին

Նոյեմբերյանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել` վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:

Նոյեմբերյան համայնքի Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները պարունակում են ծայրահեղ վտանգավոր ռիսկեր։ Մասնավորապես, նոր սահմանի առկայությունը համայնքի տարածքի կարևորագույն հատվածներ դարձնում է խոցելի, որը էական վտանգ է ներկայացնելու համայնքի բնակչության համար։ Մենք աջակցում ենք խաղաղության հաստատմանը, սակայն սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է, այն պարագայում, երբ ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տարածքներ շարունակում է պահել օկուպացված, այդ թվում Տավուշի մարզում։ Այս պարագայում իրատեսական չէ խոսել մի քանի գյուղի տարածքում խաղաղության մասին։

Մեզ համար ընդունելի չէ նման ձևաչափով սահմանազատման իրականացումը, հետևաբար Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան:




Կիրանցի ճանապարհը փակ է. բնակիչների ընդվզումը՝ սահմանազատման դեմ

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ապրիլի 19-ին կայացած նիստին հաջորդած հայտարարությունից ժամեր անց բնակիչները փակել էին Կիրանց գյուղի ճանապարհը: Բնակչության ընդվզումը շարունակվում է. 3-րդ օրն է փակ է գյուղի ճանապարհը, բնակիչները դեմ են սահմանազատմանը:




Ականազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն Ոսկեպարում. ՊՆ

Ապրիլի 22-ին՝ ժամը 20:10-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ոսկեպար – Աշաղը Ասկիպարա միջտարածքում` գետից ձախ հատվածում և Բաղանիս Այրումից 750մ հյուսիս-արևելք հատվածում, ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի կունենան պայթեցման աշխատանքներ՝ վերը նշված հատվածներից յուրաքանչյուրում մեկական պայթյուն. ՀՀ ՊՆ

Հարակից հատվածի բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել:




Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը`սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հերթական հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 31-ին՝ հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում: Այդ մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Գրիգորյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նախնական պայմանավորվածությունների համաձայն, հանդիպմանը նախ քննարկվելու է հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի նախագիծը, որում պետք է հստակ սահմանվեն համատեղ աշխատանքներում օգտագործվելիք իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի և իրավական ակտերի տեսակները և տիպերը, նույնականացվեն ԽՍՀՄ ժամանակաշրջանի վերջին տոպոգրաֆիկ քարտեզները, որոնք պատշաճ իրավական հիմքերով կազմվել և տպագրվել են իրավասու մարմինների կողմից, և այլ նմանատիպ հարցեր: Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, թե հանձնաժողովների հանդիպման «օրակարգում մեկ՝ Ղազախ-Թովուզ հատվածի սահմանազատման հարցն է»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023 թվականի նոյեմբերի 30-ին` կրկին Իջևանի և Ղազախի հատվածում: