Սարիգյուղում ճանապարհի կառուցման համար պայթեցում են իրականացրել. 1 անձ մահացել է

Սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ Սարիգյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նյութի աղբյուր` shamshyan.com




Սարիգյուղի մշակույթի տան կիսավթարային իրականությունը

Սահմանամերձ Սարիգյուղն է` հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց շարքում մտահոգիչ ու խնդրահարույց է անմխիթար ու կիսավեր մշակույթի տունը: Այն շահագործման է հանձնվել 1984 թվականին, իսկ 2007թվականից արդեն դադարեցրել է իր գործունեությունը: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչ բազմամարդ միջոցառումներ էին անցկացվում գյուղում. դրոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։ Տավուշ Մեդիան 2021 թվականից  գնաց Սարիգյուղի մշակույթի տան ավերակի վերածած թալանի հետքերով: Տեղեկություն ունեինք, որ դրամահավաք է իրականացվել, ինչպես նաև՝ միջամտել են տեղական ինքնակառավարման մարմինները:

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է, և հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ պահպանված նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության ու փառքի մասին։ Ավելին՝ այսպես շարունակվելու և մաս մաս տարհանվել-տեղահանվելու դեպքում շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։ Նախկինում Սարիգյուղի մշակույթի տան նորոգման գումարը հավաքելու նպատակով միջոցառումների շարք էր սկսվել՝ «Սարի FEST» խորագրով։ Նախաձեռնողները հույս ունեին ներդրողների, նվիրատվությունների, դրսում բնակվող գյուղի նախկին բնակիչների միջոցով հավաքել շենքի նորոգման համար անհրաժեշտ գումարը։ Տեղեկանալով այս մասին, Տավուշ հեռուստաընկերությունը Սարիգյուղի մշակույթի տան հիմնախնդրին անդրադարձ կատարեց դեռևս 2022 թվականի տարեսկզբին,  որից հետո համայնքային ու պատկան կառույցների ուշադրության սլաքը ուղղվեց խնդրի շուտափույթ կարգավորմանը։ Ձևավորվեց համայնքային ակտիվ նախաձեռնող խումբ՝ բնակչության մասնակցությամբ։ Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր:

Իջևանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնը՝ որպես համայնքային համախմբան և ջատագովության արշավներ իրականացնող կառույց, սկսեց ուսումնասիրել հիմնախնդիրը, ստեղծեց  երկխոսության հարթակ՝ բնակչության ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև։ Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2022 թվականի ընթացքում որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում հույս ունեն, ոմանք էլ վստահ են, որ շատ շուտով խնդիրը  լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ են ունենալու: Տավուշ Մեդիան էլ վստահություն է հայտնում, որ իր ուշադրության կիզակետում կպահի մշակութային այս օջախի և բազում այլ լուծման կարոտ խնդիրները:

 

 




Սարիգյուղում կգործարկվի էլեկտրաշչակ. իրազեկում

Հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Սարիգյուղի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Ցողիկ Մանուկյանը ծննդյան 100-ամյակն է տոնել

Սարիգյուղի միջնակարգ դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Ցողիկ Մանուկյանը օրերս տոնել է ծննդյան 100-ամյակը: Հարյուրամյա հոբելյանը Ցողիկ Մանուկյանը նշել է իր հարազատ ու սիրելի կրթոջախում՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ դասավանդել է ավելի քան 50 տարի: Վասատակաշատ մանկավարժի աշակերտները, համագյուղացիները հոկտեմբերի 30-ին հավաքվել էին Սարիգյուղի դպրոցում՝ շնոհավորելու ընկեր Մանուկյանի 100 ամյակը: Պետք է սիրել աշխատանքը՝ բարձր արդյունքների համար, – այս միտքն է ուսուցչուհու կեսդարյա աշխատանքի ուղերձը:

Ցողիկ Մանուկյանը դպրոցում դասավանդել է քիմիա և կենսաբանություն առարկաները: Որպես երկարամյա աշխատանքի գնահատական դպրոցի քիմիայի և կենսաբանության կաբինետը անվանակոչվեց վաստակաշատ ուսուցչուհու անվամբ: Վաստակաշատ մանկավարժ և պատվավոր սարիգյուղացի Ցողիկ Մանուկյանը Իջևանի համայնքապետի կողմից ստացավ շնորհակալագիր՝ սերունդների կրթության ու դաստիարակության գործում անմնացորդ նվիրման և 50 տարվա մանկավարժական գործունեության համար:




Վերանորոգվել է Սարիգյուղի մանկապարտեզի մասնաշենքը

Սարիգյուղի փոքրիկներն այսուհետ կհաճախեն բարեկարգված ու լուսավոր մանկապարտեզ։ Հուլիսի 24-ին Սարիգյուղում բացվեցին վերանորոգված մանկապարտեզի դռները։ Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ ֆրանսահայ ու ֆրանսիացի կամավորները դեռևս 1980-ականներից չվերանորգված մասնաշենքը վերանորոգել են, մասնավորապես կարգի են բերել սենյակները, կահավորել դրանք․ կատարվել է նաև ներքին հարդարման աշխատանքներ։

ՀԲԸՄ կամավորների 4-րդ այցն է Սարիգյուղ, մինչ մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները, նախկինում աջակցել են նաեւ դպրոցի դասասենյակների նորոգմանը, իսկ նախորդ տարի փոխել էին մանկապարտեզի տանիքը, բարեկարգել մասնաշենքը։

Սարիգյուղի մանկապարտեզում գործում է 2 խումբ, աշխատակիցենրը վստահ են՝ վերանորոգումից հետո խմբերը կշատանան, արդեն դիմումներ կան նաև հարևան գյուղերից։

Ի երախտագիտություն կատարած աշխատանքների, Իջևանի համայնքապետը շնորհակալագրեր ու հուշանվերներ հանձնեց ֆրանսիացի կամավորներին, միջոցառումը ավարտվեց Սարիգյուղի փոքրիկների երաժշտական կատարմամբ։






Համայնքի նախաձեռնող խումբը՝ փոփոխությունների շարժիչ ուժ․ Սարիգյուղի նախաձեռնող խումբն աշխատում է հանուն գյուղի մշակույթի տան «վերակենդանացման»

Սահմանամերձ Սարիգյուղն է`հայ-ադրբեջանական սահմանից 2 կիլոմետր հեռավորության վրա: Չնայած որ Սարիգյուղը զարգացման ներուժ ու ռեսուրսներ ունեցող բնակավայր է, սակայն այսօր էլ գյուղում առկա են բազմաթիվ ու բազմակողմանի խնդիրներ, որոնց շարքում ամենամտահոգիչն ու խնդրահարույցը մշակույթի տան անմխիթար, կիսավեր վիճակում գտնվելն է:

2007 թվականին իր գործունեությունը դադարեցրած Մշակույթի տունը շահագործման է հանձնվել 1984 թվականին: Մշակույթի տունը երկար ժամանակ հանդիսացել է սարիգյուղցիների ու հարակից գյուղերի բնակիչների մշակութային կյանքի կենտրոնը։ Այսօր էլ գյուղի ավագ սերունդը ջերմությամբ է հիշում, թե ինչպես էր ժամանակին մշակույթի տունըն իր տանիքի ներքո հյուրընկալում Հայաստանի վաստակաշատ արտիստների, մշակութային գործիչների, ինչպիսի բազմամարդ միջոցառումներ էին անց կացվում գյուղում, որոնք կարող էին համեմատվել միայն մայրաքաղաքում  կազմակերպվող միջոցառումների հետ։ Գյուղացիները հպարտությամբ նշում են, որ չնայած մարզկենտրոնը Իջևանն էր, սակայն մշակութային կյանքի զարկերակն անցնում էր իրենց գյուղով․ բոլորը գալիս էին Սարիգյուղ՝ իրնեց աչքով տեսնելու և զգալու մշակույթի անհավանական ուժը։

Այսօր էլ երբեմնի աշխույժ ու հարուստ անցյալ ունեցող մշակույթի տան դռները փակ չեն, սակայն ոչ այն պատճառով, որ մշակութային կյանքն առաջվա նման եռում է եւ հադիսատեսների հերթեր են գոյանում մուտքի մոտ, այլ շենքի դռներն ու պատուհանները, ինչպես նաև ողջ գույքը ավերվել է, անհետացել և լոկ մամռակալած ու կիսաավեր պատերի վրա մնացած հատուկենտ նկարազարդումներն են հուշում շենքի երբեմնի ճոխության մասին։ Ավելին՝ շարունակ մոռացության մատնվելով շենքը կարող է դասվել վթարային կարգավիճակ ունեցող կառույցների շարքին։

2021 թվականին գյուղի բնակիչներից բաղկացած նախաձեռնող ակտիվ խումբ ձևավորվեց: Խմբի նպատակը տեղական իշխանությունների և շահագրգիռ ու մտահոգ այլ կառույցների հետ համագործակցությամբ խնդրի լուծումների գտնելն էր: 

Որպես համայնքային համախմբան եւ ջատագովության արշավներ իրականացնող կառույցի՝ ՔԵԿ ներկայացուցիչներին սարիգյուղցիները պատմել են մշակութային տան խնդրի մասին: Կենտրոնի ղեկավարը նշում է` այնպես չէ, որ Սարիգյուղի մշակույթի տան խնդիրը միակն է. համանման կամ մի փոքր ավելի բարվոք վիճակում են գտնվում Հայաստանի տարբեր մարզերում գտնվող մշակույթի տները: Կառույցի համար առանձնահատուկ էր գյուղի սահմանամերձ լինելու փաստը, և մշակույթը սահմանում կենդանի պահելը ռազմավարական նշանակություն ունի: Այն իսկապես տպավորիչ մասշատբների է եւ անգամ զուտ պրակտիկ տեսանկյունից կարող է հիանալի համայնքային ռեսուրս կենտրոն դառնալ՝ ծառայելու համայնքի կարիքներին։ 

Որպես օժանդակություն՝  2021 թ․ նախաձեռնող խմբի երկու անդամների հնարավորություն է տրվել համայնքային հիմնախնդիրների լուծման լավագույն օրինակները ուսումնասիրել Չեխիայում։ Չեխական NESEHNUTÍ կազմակերպությունը, որը բնապահպանական, գենդերային հարցերով հանրային արշավներ կազմակերպելու մեծ փորձ ունի, փորձի փոխանակման նպատակով հյուրընկալել է հայկական պատվիրակությանը:

Նախաձեռնող խմբի և համայնքային իշխանությունների ջանքերով 2021 թ․ որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել․ ծածկապատվել է շենքի տանիքը, որը ժամանակավոր կարող է փրկել  շենքը վերջնական փլուզումից։ Սակայն դեռևս բաց է մնացել ջրհորդանների տեղադրման հարցը, և հետևաբար, անձրևաջրերն առաջվա նման շենքի համար մեծ ռիսկ են ներկայացնում։

Գյուղի երիտասարդները միայն մեծերի պատմածներով են պատկերացում կազմում գյուղի մշակութային հարուստ անցյալի մասին, բայց և միևնույն ժամանակ հույս փայփայում, որ իրենք էլ մի օր իրենց գյուղի մշակույթի տան բեմում գեղեցիկ միջոցառումներ կտեսնեն ու մեծերի պես կհպարտանան իրենց գյուղով։ Իսկ մինչ այդ երիտասարդները ամեն օր Սարիգյուղից հասնում են Իջևան՝ երաժշտական, պարի ու մի շարք այլ խմբակիների դասերին հաճախելու, հատուկենտ համերգային միջոցառումներին մասնակցնելու համար։

Սարիգյուղում վստահ են, որ շատ շուտով խնդիրը համապատասխան լուծում կունենա, բնակիչներն էլ պատրաստակամ են`փրկելու իրենց գյուղի մշակույթը, նաև վստահեցնում են, որ մշակութային Սարիգյուղ ունենալու ենք:






Շչակի գործարկում Սարիգյուղ բնակավայրում

Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Փետրվարի 6-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտու՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 3․1 մագնիտուդով երկրաշարժ

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։




Հրդեհ Սարիգյուղ գյուղում

Հունվարի 6-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է հունվարի 7-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։05-ին։ Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 60 հակ անասնակեր։




Սովորականից՝ յուրահատուկ․ Էդիտա Էլլարյանի բիզնեսը սահմանամերձ Սարիգյուղում

3 տարի առաջ դեռևս 15-ամյա Էդիտան մասնակցում էր բիզնես ծրագրեր կազմելու դասընթացի և այդ ժամանակ մտածեց՝ կարող է սեփական բիզնեսն ունենալ: Այժմ  արդեն 18-ամյա սարիգյուղցի Էդիտա Էլլարյանն ունի սեփական բիզնեսը․ կտորի վրա նկարում է՝ կյանք տալով իր պատկերացումներին և, վաճառելով սեփական ձեռքի աշխատանքները, գումար է վաստակում:

Առաջին աշխատանքն իր հագուստի վրա է կատարել, ապա արդյունքից գոհ մնալով՝ սկսել է պատվերներ ընդունել: Աշխատելու ընթացքում էլ երգում է՝ դրական տրամադրություն փոխանցելով իր հաճախորդներին:

Էդիտան նպատակ ունի ընդլայնել իր բիզնեսը՝ ճանաչելի դարձնելով նաև իր գյուղը՝ սահմանամերձ Սարիգյուղը: Նա վստահ է, որ աշխատանք կարող ենք ստեղծել բոլորս՝ չլքելով մեր գյուղերը և ապրելով ու ստեղծելով հենց սահմանին։