Սարիգյուղում բացվեցին ՀԲԸՄ կամավորների նորոգած մանկապարտեզի դռները

Վերանորոգված, բարեկարգ ու լուսավոր մանկապարտեզը պատրաստ է ընդունել սարիգյուղցի փոքրիկներին. հուլիսի 27-ին Սարիգյուղում բացվեցին արդեն նորոգված մանկապարտեզի դռները։

Հայ բարեգործական ընդհանուր միության օգնությամբ ֆրանսիահայ ու ֆրանսիացի կամավորները մանկապարտեզի՝ դեռևս 1980-ականներից չվերանորգված մասնաշենքը վերանորոգել են, մասնավորապես՝ փոխվել է շենքի տանիքն ամբողջությամբ, կատարվել են կահավորման ու ներքին հարդարման աշխատանքներ։

ՀԲԸՄ կամավորները երրորդ անգամ են Սարիգյուղում․ մինչև մանկապարտեզի նորոգման աշխատանքները նախկինում աջակցել են դպրոցի դասասենյակների նորոգմանը։

«2017 և 2019 թվականներին եկել էինք գյուղ, վերանորոգել Սարիգյուղի միջնակարգ դպրոցը։ Մենք շատ ենք սիրում Տավուշի մարզը․ բնակիչներն այստեղ շատ բարեհամբույր են։ Երբ առաջին անգամ եկանք Սարիգյուղ, սիրահարվեցինք այս գյուղին և բնակիչներին։ Մեզ համար շատ կարևոր է նրանց համար շարունակական և երկարաժամկետ կապեր ստեղծելը», – ասում է «Հայաստան՝ կյանքի երկիր» ծրագրի տնօրեն, ՀԲԸՄ կամավոր Սիմոն Օվղեն։

Սարիգյուղի մանկապարտեզում գործում է երկու խումբ։ Գյուղում վստահ են՝ վերանորոգումից հետո խմբերը կշատանան․ արդեն դիմումներ կան նաև հարևան գյուղերից։

Կատարված աշխատանքների համար Իջևանի համայնքապետի կողմից կամավորներին շնորհակալագրեր ու հուշանվերներ են հանձնվել։






Մտքեր մշակույթի մասին․ ոլորտի խնդիրները Տավուշի մարզում

Տավուշ հեռուստաընկերության եթերում ընթացող քննարկումների չորրորդ թեման մշակույթն է։ Ներկայացնում ենք թեմայի մասին մեր հայրենակիցների մտքերը, իսկ բացման այս հաղորդմանը կհաջորդի ավանդական կլոր սեղան-քննարկումը։

Մշակույթի տների ոչ բարվոք վիճակ, երիտասարդների ներգրավվածության խնդիր, ռեսուրսների ու միջավայրի առկայություն․․․մեր զրուցակիցները վեր են հանում Տավուշում մշակույթի զարգացման առաջ կանգնած մարտահրավերները, դրանք հաղթահարելու և դրանց արմատների մասին իրենց պատկերացումները։