Առաջարկ՝ Ազգային տոն սահմանելու մասին․ Նիկոլայ Գրիգորյան

Առաջարկ՝ Ազգային տոն սահմանելու մասին․ Նիկոլայ Գրիգորյան

Դիմակայունության ազգային ծրագրի շրջանակում ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման միջազգային փորձագետ, լրագրող, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը հանդես է գալիս առաջարկով՝  Սասունցի Դավթի էպոսի օրը պետական տոն սահմանելու վերաբերյալ։

Նիկոլայ Գրիգորյանն առաջարկը ներկայացնում է ազգային դիմակայունության գաղափարի խորքային, մշակութային հիմքերի վրա։ Ըստ նրա՝ ինչպես Ֆինլանդիան ձևավորեց իր ազգային դիմակայունությունը ու ինքնությունը «Կալեվալա» էպոսի միջոցով, Հայաստանը նույնպես կարող է իր ազգային էպոսով՝ Սասունցի Դավթով, ամրապնդել ինքնությունն ու ձևավորել դիմակայունության մշակույթ։

«Մեր էպոսը մեր այբբենարանն է, մատենադարանը, մեր Կաթնաղբյուրն է։ Էպոսը մենք ենք՝ երեկ, այսօր ու վաղը։ Այն կարող է դառնալ ոչ միայն ազգային հպարտության խորհրդանիշ, այլև՝ դիմակայունության մշակութային շաղախը»,- նշում է Նիկոլայ Գրիգորյանը։

Նիկոլայ Գրիգորյանն արդեն քառասուն տարի ուսումնասիրում է Սասունցի Դավթի էպոսը՝ համեմատելով այն աշխարհի ավելի քան քառասուն էպոսների հետ։ Այժմ նա նաև ստեղծում է երեխաների համար հեքիաթ-դյուցազնապատում՝ «Սուպեր Դավիթի – Սասունցի Դավիթի» մասին՝ հիմքում ունենալով անվտանգության մշակույթի և ազգային դիմակայունության գաղափարը։

Դիմակայունության մշակույթը՝ որպես ազգային ռազմավարություն

Սպիտակի երկրաշարժից հետո, երորրդ հանրապետության ստեղծման տարիներին՝ անկախության, անիշխանության, պատերազմի ու հաղթանակի միջով անցնելով, Նիկոլայ Գրիգորյանը ձևավորել է Հայաստանի ՆԳՆ ու ԱԻՆ լրատվական ծառայությունները, մասնակցել է ՀՀ ՊՆ ստեղծմանը, հիմնել լրատվամիջոցներ, դասավանդել բուհերում և իրականացրել բազմաթիվ հանրային իրազեկման ծրագրեր, իսկ 2019 թվականին եկել սահմանամերձ Տավուշ։

«Այս բոլորի հիմքում մեր երկրի անվտանգությունն էր, դիմակայունությունը, մեր խոցելիության նվազեցումը և բնակչության իրազեկման ու պատրաստվածության բարձրացումը»,- գրում է նա։

Ըստ Գրիգորյանի՝ աղետներից ու պատերազմներից դասեր չքաղելը մեզ դարձնում է առավել խոցելի։ Նա կարևորում է ոչ միայն զոհերի հիշատակը սգալը, այլև այն վերածելը կառուցողական ու կենսունակ մշակույթի։

«Երկրաշարժի զոհերի լավագույն հիշատակը նրանց երկիրը սեյսմակայուն ու աղետակայուն կերտելն է։ Մենք պետք է Դեկտեմբերի 7-ը դարձնենք ոչ միայն հիշատակի, այլև՝ պատրաստվածության և դիմակայունության օր։»

Դիմակայունության ազգային ծրագիրը, ըստ նրա, պետք է դառնա ռազմավարական ուղղություն՝ ընդգրկելով կրթությունը, մշակույթը, կառավարումը, մեդիան և տնտեսությունը։

Նախաձեռնության հիմնական նպատակն է Սասունցի Դավթի օրը դարձնել պետական տոն՝ ամրապնդելով ազգային ինքնությունը, դիմակայունությունն ու մշակութային համախմբվածությունը։

«Ֆիններն իրենց էպոսի՝ «Կալեվալայի» միջոցով, ոտքի կանգնեցին, միավորվեցին և այսօր էլ ամեն տարի նշում են այդ օրը՝ ազգային երգ ու պարով, հանդերձներով մշակութային բազմաբնույթ միջոցառումներով և կրթական ծրագրերով»,- գրում է Գրիգորյանը։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանման և սերունդներին փոխանցման կարևորությունը, ինչպես նաև ազգային ինքնության ամրապնդման և պետական արժեքների ձևավորման ռազմավարական անհրաժեշտությունը՝ ներկայացվում է առաջարկ՝ Սասունցի Դավթի օրը սահմանել որպես պետական տոն՝ ներառելով ՀՀ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածում։

Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ուսումնասիրելուց հետո դիտողություն-դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները կարող եք ուղարկել nik@emergency.am էլ․ հասցեին։