Վեոլիա Ջուր ընկերությունը ջրի մատակարարման նոր համակարգ է կառուցում Իջևան քաղաքի համար
Ավարտին է մոտենում Տավուշի մարզի «Լաստիվեր» տեղանքում Վեոլիա Ջուր ընկերության կողմից նոր ջրի մատակարարման համակարգի կառուցման աշխատանքները, ինչի շնորհիվ Իջևանը կստանա վայրկյանում 30 լիտր հավելյալ ջուր:
Ընդհանուր առմամբ քաղաքը ջուր է ստանում 28 մեծ ու փոքր աղբյուրներից, սակայն ամռան ու ձմռան սակավաջուր ամիսներին աղբյուրներից ջրի ելքը մեծ տատանումների է ենթարկվում: Օրինակ՝ Իջևանը սնող հիմնական «Անապատ» աղբյուրից ջրառը վայրկյանում 60 լիտրից կարող է նվազել մինչև 5 լիտրի, ինչը բնականաբար հանգեցնում է ջրամատակարարման անկանոնության ու անկայունության: Դրա համար ջրի սպառման պիկերին քաղաքին մատակարարվող ջրաքանակը ավելացնելու և Իջևանում հաստատուն ջրամատակարարում ապահովելու համար Վեոլիա Ջուրը քաղաքից 8 կմ հեռավորության վրա՝ Լաստիվերի «Պաղ ջուր» կոչվող գետակի վրա նախ կառուցեց նոր ջրընդունիչ, ապա չնայած լեռնային բարդ պայմաններին՝ կառուցեց նաև 2300 մետրանոց խողովակաշար, որով ջուրը գետակից հասցնելու է ջրի մաքրման կայան (ՋՄԿ)՝ վերամշակման և քլորացման: Նոր կառուցված համակարգը կհամարվի պահուստային նաև եղանակային արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսին եղավ օրեր առաջ Իջևանում։
60 լիտր վայրկյան հզորությամբ Ջրի մաքրման կայանի շենքի շինարարական աշխատանքներն ավարտված են: Տեղադրված են արտասահմանից ներկրված գործարանային արտադրության մաքրման կառուցվածքները և ներկայումս ընթանում են դրանց կարգաբերման աշխատանքները: Ջրի նոր մաքրման կայանում կգործեն 30 լիտր վայրկյան հզորությամբ կվարցային ավազով մաքրող 2 ավտոմատ ֆիլտրեր, որոնցից մեկը մշտապես կգտնվի աշխատանքային վիճակում, իսկ երկրորդը կլինի պահուստային և կգործարկվի «Անապատ» աղբյուրից հոսող ջրերի պղտորման դեպքում:
Այս ամենի արդյունքում Իջևան քաղաքի բնակիչը կստանա որակյալ և մաքուր ջուր՝ անկախ եղանակային պայմաններից։ Ծրագրի իրականացման համար Վեոլիա ջուր ընկերությունը ծախսել է 205 մլն դրամ:
Ընկերության՝ Պարտադիր կապիտալ աշխատանքների 2023 թվականի ծրագրի հաջորդը կարևոր բաղադրիչը Իջևան քաղաքի Ասլանյան փողոցի և 13 փակուղիների ջրամատակարարման ցանցի վերակառուցումն է։ Ընդհանուր 1100 գծամետր ջրագծի փոխարինման աշխատանքներից հետո՝ 140 բաժանորդի ջրաչափեր կվերատեղադրվեն սահմանազատման կետում կառուցված ջրաչափական հորերում:
Շինաշխատանքները կավարտվեն օգոստոսի մեկին, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 49 մլն դրամ։ Վեոլիա Ջուր ընկերությունը վստահ է, որ համակարգի նորացման ու բարելավման արդյունքում բաժանորդները կունենան կայուն ու հուսալի ջրամատակարարում։