Շիրակ Գասպարյանի հիշատակին կառուցված եկեղեցու բակում ծառատունկ կատարվեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Շիրակ Գասպարյանը երազանք ուներ՝ հայրենի գյուղում՝ Աչաջրի սրտում եկեղեցի կառուցել։ Նրա զոհվելուց հետո Շիրակենց տան բակում նրա ընտանիքի և հատկապես հոր ջանքերով եկեղեցի է կառուցվել։

Ապրիլի 14-ը Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում օրը համարվում է «Կանաչ կիրակի», որը խորհրդանշում է ծաղկած, կանաչած եկեղեցին։ Օրվա խորհրդով եկեղեցու բակում նաև ծառատունկ կատարվեց։

Ապրել իսկական արժեքներով և զոհաբերել ամենաթանկը, զոհաբերել վստահորեն ու գիտակցել որ «առանց զոհաբերության երբևէ հաղթանակ չի կերտվել»․ այսպիսինն է Շիրակի կյանքի ու նահատակության նկարագիրը։

Շիրակ Գասպարյանի հիշատակն հավերժացվող նորակառույց եկեղեցին նախատեսվում է օծել այս տարվա հունիսի 6-ին՝ Շիրակի ծննդյան օրը։




Շիրակ Գասպարյանի հիշատակին եկեղեցի է կառուցվում

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Շիրակ Գասպարյանի ծնողներն իրենց որդու և արցախյան պատերազմի բոլոր հերոսների հիշատակն հավերժացվող եկեղեցի են կառուցում իրենց գյուղի՝ Աչաջուրի սրտում։

Եկեղեցու զանգը նվիրաբերել է Գևորգ Սայադյանը, ով՝ իր ընկերների հետ միասին, 2 տարի առաջ, լսելով եկեղեցու կառուցման մասին լուրը, միանգամից հանձն էր առել՝ նվիրաբերել գմբեթի խաչը։
_____

Շիրակ Գասպարյանը ծնվել է 1998 թ․, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ Շիրակը տան փոքր զավակն էր, ում ծնունդը երկար սպասված է եղել։

2005 թ․ ընդունվել է Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոցը։ 2016 թ․ ավարտում է դպրոցը, ապա ընդունվում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Պատմության բաժին։ 2020 թ․ բուհն ավարտել է բարձր առաջադիմությամբ։ Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ ավելի քան 15 բուհից հրավեր է ստացել, բայց ընտրել է Չեխիայի Կարլովի անվան համալսարանը։
Շիրակը նախընտրեց ծառայել բանակում՝ իր պարտքը հանձնել Հայրենքին, այնուհետև միայն մեկնել Չեխիա։

Ծառայության է մեկնել 2020 թ․ հուլիսի 29-ին, ծառայության է անցել Ջրականում՝ Մեխակավանում։ Մի քանի ամսում ստացել է սերժանտի կոչում։ Պատերազմին մասնակցել է առաջին իսկ օրից։ Շիրակը նահատակվել է թշնամու հրազենի կրակոցից։ Նրան զինվորական կարգով հողին են հանձնել հայրենի գյուղում՝ Աչաջրում։

 

«Տղերքը». Շիրակ Գասպարյան