«Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհանդեսը բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս, ռազմական բժիշկ, կապիտան Հարություն Չոբանյանին նվիրված «Բժիշկ Հարութը: Իմ զինվորներին ես եմ պետք» գրքի շնորհանդեսը:
Ռազմական բժիշկն 44-օրյա պատերազմի ընթացքում իր սիրելի զինվորների ու ընկերների կողքին էր։ Հարյուրավոր կյանքեր էր հասցրել փրկել։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այսօր յուրահատուկ օր է մեր կյանքում. «Այս օրը լուսավոր կետերից մեկն է, որովհետև լուսավոր մարդու մասին է: Ես մեր հերոսների մասին անցյալով երբեք չեմ խոսում, նրանց հիշատակի համար մենք փորձում ենք գրքերով, խաչքարերով, զանազան այլ մարմնավորումներով ինչ-որ բաներ կազմակերպել, որոնք նրանց ոչ մի բան չեն տալու, այս ամենը մեզ համար ենք փորձում անել, սակայն կիսատ, ամբողջականը կլինի այն ժամանակ, երբ մենք նրանց հայրենիք վերադարձնենք»,-ասաց նա:

Ռազմաբժշկական ֆակուլտետի համազորային ցիկլի պետ փոխգնդապետ Գալուստ Թումասյանը նշեց. «Մեր հերոսացած տղաների հետ առօրյա ենք կիսել, բախտ է վիճակվել շատ լավ ճանաչել նրանց: Ցավոք սրտի, մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առջև՝ սողալ կամ սավառնել: Պետք է հիշել, որ մենք սավառնող ազգ ենք»,-նշեց փոխգնդապետը:

Միջոցառումն ամփոփվեց գրքի հեղինակի` բժիշկ Հարութի տիկնոջ Արմինե Եղիազարյանի խոսքով: Ամուսնու՝ փետրվարի 18-ին կայանալիք 30-ամյա հոբելյանին ընդառաջ, նա հարազատների հետ թղթին է տվել Հարութի մասին իր և այլոց հուշերը` դրանք որպես կյանքի և գործունեության հրաշալի, հերոսական օրինակ պատգամ փոխանցելով զավակներին` Սառային և Ռուբենին:

«Մեզ մոտ մտավախություն կար, որ ինչ-որ մի պահ, ինչ-որ բան կարող ենք մոռանալ Հարութի հետ կապված, բոլորիս նպատակը մեկն էր՝ հիշողություններով և պատմություններով գիրքը Սառային ու Ռուբենին փոխանցել: Երբ սկսեցի մեր սիրո պատմությունը գրել, ընթացքում մտածեցի, որ Հարութն իր երկրային կյանքն այնքան բազմաբովանդակ է անցկացրել, որ կարող է մի ամբողջ գիրք գրվել: Մեր հարազատները, երբ գալիս էին մեր տուն տարբեր պատմություններ էին պատմում, և ամեն անգամ Հարութի մասին նոր պատմություն լսելիս մի նոր դրական հատկանիշ էի ինձ համար պարզում»- նշեց Արմինեն:

Արմինեն հորդորեց օրինակ վերցնելով Հարութից՝ դահլիճից փորձել հեռանալ ժպիտով:

Տավուշ ՀԸ-ն իր «Տղերքը» հաղորդաշարի շրջանակներում առանձին հաղորդում է նվիրել ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանին․ «Սպիտակ բանակի» հավատարիմ մարտիկը, բժիշկը, որ մինչև վերջին պահը վստահ էր՝ իր տեղը ռազմաճակատում է․ ամուր, պատվախնդիր ու արժանապատիվ։




Արկադի Մելիքբեկյանի հիշատակին նվիրված «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդես

44-օրյա պատերազմում զոհված Արկադի Մելիքբեկյանի ընտանիքը հրավիրում է փետրվարի 10-ին՝ժամը 14:30 Ազատամուտի մշակույթի տուն, որտեղ տեղի կունենա 44-օրյա պատերազմում անմահացած Արկադի Մելիքբեկյանի հիշատակին նվիրված «Հադրութի հերոս Արկոն» գրքի շնորհանդեսը։

Ցանկացողները կարող են ներկա գտնվել շնորհանդեսին։