Կայուն և խելամիտ գյուղատնտեսության մոդել՝ Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնում

Հովքի Կանաչ ուսուցման կենտրոնը կայուն և խելամիտ գյուղատնտեսության վարման յուրահատուկ մոդել է, որը տրամադրում է կրթական և հետազոտական հնարավորություններ ֆերմերներին, ուսանողներին և գյուղատնտեսներին: Կանաչ արահետի առաջին համանման կենտրոնը արդեն մի քանի տարի է՝ մեծ հաջողությամբ գործում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում: Հովքի Ուսուցման կանաչ կենտրոնը գործում է 2021թ.-ից․ վերջինիս ստեղծման նպատակն է նորարարական մեթոդների ու տեխնոլոգիաների օգնությամբ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների պարզ եւ արդյունավետ լուծումներ գտնելը՝ որպես առանցքային սկզբունք ունենալով բնական ռեսուրսների խնայողությունը, օրգանական գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաեւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հարցում գյուղաբնակ երիտասարդությանը խրախուսելը:

Կենտրոնում մշակվում են ավանդական և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի և տնկիների 150-ից ավելի տեսակներ, որոնք մշակվում են բացառապես խելամիտ գյուղատնտեսության սկզբունքներին համապատասխան:

Այցելուներն այստեղ կարող են գտնել 100-ից ավելի խոտաբույսեր, դեղաբույսեր, տեսնել խելամիտ և անվտանգ գյուղատնտեսության բոլոր բաղադրիչները, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, հակակարկտային ցանցերը, արևային էներգիայի կայանները, նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ջերմոցները, ջերմատները և այլն:

Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող EU4Youth SEED «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրականացնում է Կանաչ արահետ ՀԿ-ն՝ գյուղական զբոսաշրջությունը խթանելու նպատակով։ Այս տարվանից շահագործման են հանձնվել նաև փայտե տնակները, որոնք հնարավորություն կտան կենտրոն այցելած մարդկանց մնալ, գիշերել և ծանոթանալ հաստատության գործունեությանը, սովորել ընտրել մշակաբույսեր ու ճիշտ աճեցնել դրանք։

Իր կառուցվածքի, արտաքին տեսքի և տեղադիրքի շնորհիվ կենտրոնը շատ հարմար է նաև բազմատեսակ միջոցառումների կազմակերպման համար։