Պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում փրկարարներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր

Հուլիսի 28-ի ժամը 15։00-ի դրությամբ, Հանրապետությունում եղանակային իրավիճակով պայմանավորված, պոտենցիալ սողանքավտանգ հատվածներում, գետերի ափամերձ հատվածներում Փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումներն իրականացնում են ուսումնասիրություններ և շրջայցեր։ Սողանքային երևույթներ չեն արձանագրվել, Դեբետ, Աղստև, Արփա, Եղեգիս, Ողջի, Որոտան և Վաչագան գետերի մակարդակը նորմայի սահմաններում է։ Արձանագրվել է գետի վարարումից տուժած տարածքի 1 դեպք: Աշխատանքները շարունակվում են։




Գործնական պարապմունք՝ «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով

սողանք

Հունիսի 21-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվեց «Տավուշի մարզում սողանքի ակտիվացում» թեմայով գործնական պարապմունք: Ձևավորված խաղարկման խմբերում ներգրաված էին շահագրգիռ ստորաբաժանումներն ու անձնակազմը:

Միջոցառման նպատակն էր ստուգել սողանքի ակտիվացման դեպքում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրի շրջանակներում մշակված «Ճգնաժամային հաղորդակցման և աղետների կանխարգելման իրազեկման կարողությունների բարելավմանն» ուղղված գործողությունների ստանդարտ ընթացակարգով
սահմանված գործողությունների պլանի իրատեսականությունը, մասնակիցների հմտություններն ու ունակությունները:

Գործնական պարապմունքի շրջանակում մշակվել էր սցենար, որի համաձայն Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ Հովք բնակավայրում տեղի է ունեցել սողանք: Հողազանգվածն իր ամբողջ երկայնքով սահել էր Մ-4 միջպետական մայրուղու ուղղությամբ` աստիճանաբար լցվելով Աղստև գետի հունը: Գյուղում վնասվել էին բազմաթիվ առանձնատներ, շինություններ` իրենց տնտեսություններով, կենսապահովման ենթակառուցվածքներ, իսկ մի մասն ամբողջությամբ հայտնվել էր հողաշերտի տակ:

Վարժանքի սցենարով ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի հրամանով ձևավորվել և դեպքի վայր էր գործուղվել մասնագիտական խումբ՝ տեղում սողանքի գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Գործնական պարապմունքը սկսվեց ու ավարտվեց համաձայն սցենարի. 911 ահազանգման կենտրոնի և ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ծառայողները կազմակերպեցին ահազանգերի գրանցումը, տվյալների մշակումը և համակարգումը՝ ըստ սահմանված ձևաչափի։
Օպերատիվ հերթափոխերի բաժնի ծառայողները համակարգեցին մարզի կողմից տրամադրված առաջնային, ինչպես նաև հետևանքների, ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությունը:

Տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ծառայողների կողմից մշակվեց ստացված օպերատիվ տեղեկատվությունը, հրապարակվեց պաշտոնական հարթակներում և տրամադրվեց ԶԼՄ-ներին։ Խաղարկման ընթացքում իրականացվեց նաև մշտադիտարկում՝ ապատեղեկատվության կանխարգելման, կեղծ, խուճապ առաջացնող, ստահոդ լուրերի տարածման կանխման և ՓԾ գործառույթների պատշաճ լուսաբանման նպատակով, իսկ պաշտոնական տիրույթներում զետեղվեցին օգտակար նյութեր հնարավոր վտանգների և վարվելականոնների վերաբերյալ:

Մոնիտորինգի և կանխատեսման բաժնի ծառայողներն ապահովեցին իրավիճակն արտապատկերող թեմատիկ քարտեզները, առանձին ներկայացրեցին սողանքի գտնվելու հնարավոր տարածքը, սահքի ենթակա հողազանգվածը և տարածման դեպքում զբաղեցրած մակերեսը։

Գործնական պարապմունքի ավարտից հետո անցկացվեց արդյունքների ամփոփում։ Անդրադարձ կատարվեց աշխատանքների արդյունավետ կազմակերպմանն ու հսկողությանը՝ նշվեցին դրական կողմերն ու առկա բացթողումները, տրվեցին համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: