«39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել»․ Գորայքի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնում
Հուլիսի 11-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին որոշ մանրամասներ է հաղորդել Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը։
Գորայք բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը Տավուշ Մեդիայի հետ զրույցում զորացրված զինծառայողներին տեղափոխող մեքենայի ավտովթարի հետ կապված հայտնեց, որ տվյալ ճանապարհահատվածը ուղիղ է եղել, և ոչ մի խոչընդոտ չի եղել, որը կդառնար մեքենայի գլորվելու պատճառ։
Կ․ Պետրոսյանի խոսքով՝ Մեղրիից տղաները տուն էին վերադառնում․ 6 զինծառայողներից միայն մեկն է ի վիճակի եղել իջնել մեքենայից, ձորից դուրս գալ ու առաջին օգնություն կանչել։ Վարչական ղեկավարը կարծում է, որ 39-ամյա վարորդը կամ քնած է եղել, կամ հանկարծամահ է եղել։ «Չեմ բացառում, որ շատ արագ է եղել ու հանդիպակաց մեքենա է դուրս եկել դիմացից, որն էլ փորձել է շրջանցել, բայց այս դեպքում արգելակման հետքեր չկան»,- ասում է Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում՝ Գորայք բնակավայրի հատվածում, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Սիսիան-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 300 մ գլորվել հարակից ձորը:
Լուսանկարները` Գորայքի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանի:
Քննությունը կպարզի ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառն ու նպաստող հանգամանքները: