Պարզ լճի հարակից անտառում քաղաքացի է վնասել ոտքը

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 16։30-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը և չի կարողանում շարունակել ճանապարհը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները և շտապօգնության բժիշկը քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն, այնուհետև փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է։




Սեպտեմբերի 18-ին Evocabank-ը մեծ համերգով կնշի «Դիլիջան» մասնաճյուղի բացումը

Սեպտեմբերի 18-ին Դիլիջանի Կենտրոնական հրապարակում տեղի կունենա Evocabank-ի նոր մասնաճյուղի բացումը՝ մեծ բացօթյա համերգով։
Բանկից հայտնել են, որ երեկոն կսկսի DJ Jokey-ը, այնուհետեւ կշարունակի Ռեինկարնացիա խումբը։

«Այս երեկոն բանկը կազմակերպել է հատուկ ձեզ համար, որպեսզի Evoca-ի՝ Դիլիջան գալը նշվի ոչ միայն նոր մասնաճյուղի բացումով, այլ լավ երաժշտությամբ ու բարձր տրամադրությամբ», — ասվում է բանկի հաղորդագրության մեջ։

Մուտքն ազատ է։

 




«Տավուշը հիասքանչ է՝ իր բնությամբ, մարդկանցով և համայնքներով»․ Շվեդիայի դեսպանի հարցազրույցը

Սեպտեմբերի 10-ին և 11-ին ՀՀ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիսթն գտնվում էր Տավուշի մարզում։ Այցի շրջանակում դեսպանը հանդիպումներ ունեցավ մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ։

«Ես արդեն մեկ տարի է՝ Հայաստանում Շվեդիայի դեսպանն եմ, և սա իմ առաջին պաշտոնական այցն է Տավուշի մարզ։ Այցի ընթացքում հանդիպումներ եմ ունեցել մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկել ենք Տավուշի մարզի և Շվեդիայի միջև համագործակցության հնարավորություններն ու ընդհանուր ծրագրերը», — նշեց դեսպանը։

Տավուշ կատարած այցի ընթացքում դեսպանը կարևորեց նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործընթացները։

«Կարծում եմ՝ այսօր խաղաղությունն ավելի է գնահատվում, և տարածաշրջանում կա կայունություն, որին իր կարևոր ներդրումն ունի նաև Եվրոպական միությունը», — ասաց Էվա Սունդքվիստը։

Նա դրական է գնահատել նաև ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը՝ ընդգծելով, որ Իջևանի կենտրոնում հիմնականում շվեդ դիտորդներ են ներգրավված։ Դեսպանի խոսքով՝ Տավուշ կատարած այցից իր տպավորությունները շատ դրական են։

«Տավուշը հիասքանչ է՝ իր բնությամբ, մարդկանցով և համայնքներով», — նշեց դեսպանը։

Անդրադառնալով Հայաստան-Շվեդիա հարաբերություններին՝ Էվա Սունդքվիստը հայտնեց, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ։

«Հայաստան-Շվեդիա հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են և կայուն զարգանում են։ Այս առումով լավ նորություններ ունենք․ ավելանում են մեր ծրագրերը, ընդլայնվում է նաև դեսպանատան աշխատակազմը, և առաջիկայում համագործակցության լավ հեռանկարներ կան», — նշեց Շվեդիայի դեսպանը։

Նրա խոսքով՝ Շվեդիայի համագործակցության հիմնական առաջնահերթությունների շարքում են կանաչ տնտեսությունը, տնտեսական զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը։

 

Կարդացեք նաև՝




«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանք՝ ջահելություն»․Գայանե Բադալյանի 40 տարին՝ Արծվաբերդի սերունդների հետ

Արծվաբերդում կան մարդիկ, որոնց կյանքի պատմությունն այնքան սերտորեն է միահյուսված գյուղի առօրյային, որ նրանց մասին պատմելիս կարծես պատմում ես հենց գյուղի մասին։ Այդ մարդկանցից է Գայանե Բադալյանը։ Նա ծնվել, մեծացել և մինչ օրս ապրում է Արծվաբերդում։ Տարիները փոխվել են, սերունդներն են փոխվել, երեխաները մեծացել ու հեռացել են գյուղից, բայց նրա առավոտները շարունակում են սկսվել նույն սիրով՝ ընտանիքից, աշխատանքից ու երգից։

Տիկին Գայանեն ասում է՝ սիրում է գյուղի մարդկանց, բնությունը, սովորույթները, գյուղի հետ կապված ամեն ինչ։ Այդ սերը զգացվում է նրա աշխատանքի ամեն մի դրվագում։ Շուրջ չորս տասնամյակ է՝ Գայանե Բադալյանն աշխատում է Արծվաբերդի մսուր-մանկապարտեզում՝ որպես երաժիշտ-դաստիարակ։ Քառասուն տարին՝ մի ամբողջ մասնագիտական կյանք, որի ընթացքում մանկապարտեզի դռներից ներս են մտել բազմաթիվ սերունդներ։ Երեխաները փոխվել են, նրանց խաղերը, հագուստը, հետաքրքրություններն ու ժամանակը՝ նույնպես, բայց երաժշտությունը մնացել է նույնը։

«Մանկապարտեզը մի հեքիաթային աշխարհ է», — ասում է տիկին Գայանեն։

Ու հենց այդ հեքիաթային աշխարհ մտնելուն պես առօրյա հոգսերը կարծես մնում են դռան մյուս կողմում։ Այստեղ նրան սպասում են երեխաները՝ իրենց անհոգությամբ, հարցերով, ծիծաղով ու երգերով։ Այստեղ նա և դաս է տալիս, և ամեն օր մի փոքրիկ աշխարհ է կառուցում երեխաների հետ։

«Ես նրանց սեր եմ տալիս, իսկ նրանցից ջահելություն եմ ստանում»․․․ Թերևս այս մեկ նախադասությունն ամենից ամբողջականն է նկարագրում նրա աշխատանքի փիլիսոփայությունը։

Տիկին Գայանեի համար երաժշտությունը երեխաների հետ խոսելու, նրանց արժեքներ փոխանցելու, զգալու ու զգացմունքները ճանաչելու լեզու է։ Մանկապարտեզում երաժշտական խաղերը, երգերն ու կոմպոզիցիաները միաժամանակ դառնում են ուսուցում ու խաղ։ Երեխաները ճանաչում են միմյանց ձայները, սովորում լսել, տարբերել, համագործակցել։

«Դուք պետք է յուրաքանչյուրդ գուշակեք ձեր ընկերոջ ձայնը», — ասում է նա երեխաներին՝ հերթական խաղը բացատրելու ժամանակ։

Այս փոքրիկ դրվագների մեջ էլ հենց թաքնված է մանկավարժի աշխատանքի մեծ իմաստը. երեխային սովորեցնել ճանաչել աշխարհը՝ խաղի, երաժշտության ու սիրո միջոցով։

Գայանե Բադալյանի համար հատկապես կարևոր տեղ ունեն հայրենասիրական երգերը։ Նա համոզված է՝ հայրենիքի հանդեպ սերը պետք է ձևավորվի դեռ մանկուց։ Ավագ խմբերի երեխաների հետ նա հատուկ ուշադրություն է դարձնում հայրենասիրական երգերի ուսուցմանը՝ փորձելով երգի միջոցով նրանց փոխանցել մի գաղափար, որն իր համար հիմնարար է։

Հայրենիքը ծնողի սիրուն հավասարազոր է։

Եվ հայրենասիրությունը, նրա պատկերացմամբ, միայն հայրենիքի մասին երգել չէ։ Ընկերոջը սիրելն է, բարություն անելն է, մեծին հարգելն է, տանը տատիկ-պապիկի նկատմամբ հոգատար լինելն է։ Այս ամենը միասին, նրա խոսքով, երեխային սովորեցնում է լինել լավ մարդ։ Այդ պատճառով մանկապարտեզի երաժշտական պարապմունքը երբեմն վերածվում է շատ ավելի մեծ դասի՝ կյանքի դասի։

Տիկին Գայանեի ձայնը մանկապարտեզում երեխաների համար վաղուց ծանոթ է։ Դասի սկիզբը, խաղի կանոնները, երգի առաջին հնչյունները, հարցերը՝ այս ամենը տարիների ընթացքում դարձել է նրա մասնագիտական առօրյայի մի մասը։

«Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»․ այս պարզ նախադասության հետևում քառասուն տարվա փորձ կա։ Տարիներ, որոնց ընթացքում մանկավարժը սովորել է հասկանալ երեխաների տրամադրությունը, նրանց հետաքրքրությունները, լսել նրանց լռությունն անգամ։

Եվ գուցե հենց այդ պատճառով է, որ երեխաների հետ անցկացրած ժամանակը Գայանե Բադալյանի համար երբեք չի դարձել սովորական աշխատանքային օր։ Ասում է՝ աշխատանքը մեծ սիրով է կատարում։ Մանկապարտեզ մտնելիս կտրվում է ընտանեկան առօրյա հոգսերից ու ամբողջությամբ մտնում երեխաների աշխարհ։ Այդ աշխարհում ժամանակը կարծես այլ կերպ է անցնում։

Գայանե Բադալյանի օրը սկսվում է երգով։ Տանը, առավոտյան, առօրյա գործերի ժամանակ, ճանապարհին՝ երգը միշտ նրա կողքին է։ Երգելով է նա երբեմն կտրվում հոգսերից, իսկ մանկապարտեզ հասնելուց հետո շարունակում է երգել արդեն երեխաների հետ։ Երգը նրա համար տրամադրություն է, հիշողություն, երբեմն՝ մխիթարություն։ Ուրախ ժամանակ նա երգում է մի երգ, տխուր պահին՝ մեկ ուրիշը։ Երաժշտության մեջ նա տեղ է տալիս իր զգացմունքներին, իսկ երգը դառնում է այն տարածքը, որտեղ կարելի է առանց բառերի պատմել սեփական ապրումների մասին։

«Երգը ինձ համար կյանք է, առանց որի չեմ կարող ապրել», — ասում է Գայանե Բադալյանը։

Քառասուն տարվա աշխատանքի ընթացքում երաժշտությունը նրա մասնագիտությունից վերածվել է կենսակերպի։

Տարիների մասին խոսելիս Գայանեի ձայնի մեջ արդեն այլ տրամադրություն է հայտնվում։ Չորս տասնամյակն անցել է՝ գրեթե աննկատ։ Երեխաները, որոնց ժամանակին ինքն է երգ սովորեցրել, այսօր արդեն մեծահասակներ են։ Ոմանք գուցե իրենց երեխաներին են բերում նույն մանկապարտեզ, ոմանք հեռացել են գյուղից, բայց նրանց ձայների, դեմքերի ու մանկության հիշողությունները շարունակում են մնալ Գայանեի կյանքում։

Գայանե Բադալյանի պատմությունը նաև պատմություն է գյուղում ապրելու, մնալու ու սեփական աշխատանքով համայնքի կյանքում հետք թողնելու մասին։ Սահմանամերձ Արծվաբերդում նա երեխաներին երգ է սովորեցրել, բայց նրանք էլ իրենց հերթին նրան վերադարձրել են մի բան, որը դժվար է չափել տարիներով՝ երիտասարդության զգացումը։ Գուցե հենց այդ պատճառով է, որ քառասուն տարվա աշխատանքից հետո էլ մանկապարտեզի դռները նրա համար չեն դարձել պարզապես աշխատավայրի մուտք։ Դրանք շարունակում են բացվել դեպի նույն հեքիաթային աշխարհը։ Մի աշխարհ, որտեղ ամեն օր կարելի է նորից ասել՝ «Երեխաներ, եկեք այսօր սովորենք․․․»

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան

 




Դիլիջանում միջազգային չափանիշներով նոր կրթական միջավայր է ստեղծվել․ բացվել է Apicius Armenia-ի նոր մասնաշենքը

Դիլիջանում բացվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցի նոր մասնաշենքը։ Միջազգային չափանիշներին համապատասխան կառուցված եռահարկ շենքը հագեցած է հյուրընկալության ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով։

«Երբ մենք սկսեցինք ձևավորել Դիլիջանի զարգացման մեր տեսլականը, գիտեինք, որ դրա ապագան պետք է շատ ավելին լինի, քան շենքերն ու ենթակառուցվածքները։ Այն պետք է լինի մարդկանց մասին՝ ստեղծելով միջավայր, որտեղ տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդները կարող են սովորել, զարգանալ և կառուցել իրենց ապագան։ Հենց այդ պատճառով կրթությունն այդքան կարևոր տեղ ունի մեր տեսլականում։ Apicius Armenia-ն Հայաստան է բերում միջազգային փորձն ու գիտելիքը՝ երիտասարդներին հնարավորություն տալով ձեռք բերել միջազգային հմտություններ, բացահայտել իրենց ներուժը և կարիերա կառուցել հյուրընկալության ոլորտում։ Այսօր մենք բացում ենք նոր շենք, բայց առավել կարևոր է՝ բացում ենք նոր էջ», — Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

Apicius Armenia-ն Ֆլորենցիայի Apicius միջազգային հյուրընկալության դպրոցի հայաստանյան ներկայացուցչությունն է։ Դպրոցը Դիլիջանում գործում է 2025 թվականից՝ Green Rock հիմնադրամի նախաձեռնությամբ և Green Rock-ի աջակցությամբ։ Դպրոցը միջազգային կրթական փորձը տեղայնացնում է՝ ձևավորելով մասնագետների, որոնք կարող են բավարարել Հայաստանի արագ զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի պահանջներին։

«Green Rock հիմնադրամը իր նախագծերը մշակելիս միշտ հաշվի է առնում ազդեցության երկարաժամկետությունը։ Մենք մտածված մի շարք նախագծեր ենք իրականացնում՝ մշակութային, կրթական և համայնքային, որպեսզի կարողանանք կոմպլեքս զարգացում ապահովել Դիլիջանի քաղաքում։ Նույն տրամաբանությամբ, Apicius-ը պարզապես դպրոց չէ, այլ ամբողջական համակարգ է, որը ուսանողին տալիս է կրթություն, իրական փորձ և անմիջական կապ տեղի համայնքի ու բնակիչների հետ։ Մեր նպատակն է պատրաստել մասնագետներ՝ պատրաստ աշխատելու իրական միջավայրում առաջին իսկ օրվանից և աջակցելու Դիլիջանի երկարաժամկետ զարգացմանը», — նշում է  Green Rock Foundation-ի տնօրեն Կատյա Բրեդիխինան։

Apicius Armenia-ն առաջարկում է երկամյա կրթական ծրագիր։ Ուսանողները հնարավորություն ունեն երկրորդ տարին շարունակելու Ֆլորենցիայում կամ ամբողջ կրթական ծրագիրն ավարտելու Հայաստանում։ Իսկ առաջին ուսումնական տարվա արդյունքն արդեն միջազգային փորձի մեկնարկն է․ ութ ուսանող մեկնել է Ֆլորենցիա՝ կրթությունը շարունակելու և ոլորտում նոր փորձ ձեռք բերելու համար։ Դպրոցում ուսումնական գործընթացի շուրջ 80 տոկոսն անցկացվում է իրական-գործնական աշխատանքային միջավայրում, ինչի շնորհիվ ուսանողները մասնագիտական փորձ են ձեռք բերում դեռևս ուսումնառության ընթացքում։

Այս ուսումնական տարում դպրոցն արդեն ընդունել է մի քանի տասնյակ ուսանողների՝ աշխարհի տարբեր երկրներից։ Նրանց միավորում է հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթություն ստանալու և ապագան այս ոլորտի հետ կապելու ցանկությունը։

Ծրագրի զարգացումը Դիլիջանի և ամբողջ Տավուշի զարգացմանն ուղղված ավելի լայն ռազմավարության մասն է։ Միջազգային կրթական փորձը տեղայնացնելով՝ նախաձեռնությունը նպատակ ունի նոր հնարավորություններ ստեղծել մարզի երիտասարդների համար, միաժամանակ ձևավորելով մասնագետներ, որոնք իրենց գիտելիքն ու փորձը կարող են ներդնել Տավուշի զարգացող զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում։

Նոր մասնաշենքի բացմամբ Դիլիջանում ընդլայնվում են նաև միջազգային կրթության հնարավորությունները՝ քաղաքը դարձնելով հյուրընկալության ոլորտում մասնագիտական կրթության նոր կենտրոններից մեկը։

 

Կարդացեք նաև՝

 

 




Փրկարարի օրը Տավուշում․ ցուցադրվել են հրշեջ-փրկարարական տեխնիկան ու սարքավորումները

Սեպտեմբերի 4-ին՝ Փրկարարի օրվա կապակցությամբ, ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչությունն իրականացրել է տեղեկատվական, ուսուցողական և իրազեկման միջոցառումներ։ Միջոցառումների նպատակն էր բարձրացնել բնակչության իրազեկվածության մակարդակն արտակարգ իրավիճակների կանխարգելման և ճիշտ արձագանքման ուղղությամբ, ինչպես նաև ներկայացնել փրկարարի կարևոր առաքելությունը հասարակության անվտանգության ապահովման գործում։

Իջևանում ցուցադրվել է հրշեջ-փրկարարական տեխնիկան, իրականացվել են սարքավորումների օգտագործման եղանակների ցուցադրում և բացատրություն։ Քաղաքացիները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալու փրկարարական մեքենաներին, գույք-սարքավորումներին, մասնակցել մարտական բացազատմանը։

Կարդացեք նաև՝




Մենք ենք Տավուշի թավիշը, իսկ դուք՝ Տավշո ավիշը

Մեր հեռուստաընկերության գույնը կանաչն է՝ ոչ միայն որպես տարբերանշան, այլև որպես հավատամք, էություն և աշխարհայացք։ Կանաչը Տավուշի բնության գույնն է՝ անտառների, լեռների, նոր բացվող տերևի ու շարունակվող կյանքի։ Այն բնության և շրջակա միջավայրի պահպանության, կայուն ու անխաթար զարգացման, կենսաբազմազանության, դիմակայուն համայնքների և մարդկանց բարեկեցության խորհրդանիշն է։

Կանաչը մեզ համար նաև պատասխանատվություն է՝ տեսնել, բարձրաձայնել ու պաշտպանել այն ամենը, ինչից սնվում է Տավուշի կյանքը։ Այն վերածնվելու կարողությունն է, վաղվա օրվա հանդեպ հավատը և այն համոզմունքը, որ զարգացումը պետք է ամուր արմատներ ունենա, բայց նաև՝ նոր ճյուղեր ու նոր հեռանկարներ։ Այս հավատամքով էլ Տավուշ Մեդիան լավագույնս ներկայացավ «Մարզային հեռարձակողների արդի մարտահրավերները․ խնդիրներից դեպի ռազմավարություն» միջոցառմանը՝ իր կանաչ գույնով, հստակ ձայնով և Տավուշի հանդեպ անսակարկ նվիրումով։




«Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնը Դիլիջանում

«Արվեստների և արհեստների» համահայկական 15-րդ փառատոնը Դիլիջանում

Դիլիջանը 15-րդ անգամ հյուրընկալեց «Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնը, որի շրջանակում Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մասնակիցները ներկայացրին իրենց համայնքների մշակույթը, արհեստները, տեղական արտադրանքն ու խոհանոցը։

Փառատոնին ներկայացված էին նաև Տավուշի մարզի համայնքները։ Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի տաղավարներում այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու Տավուշին բնորոշ ձեռագործ աշխատանքներին, տեղական արտադրանքին, մթերքին ու ավանդական ուտեստներին։

Փառատոնի որոշ տաղավարներում այցելուները ոչ միայն դիտում էին վարպետների աշխատանքները, այլև հնարավորություն ունեին մասնակցելու վարպետության դասերի և սեփական ձեռքերով փորձելու տարբեր արհեստներ։

«Տարբեր էին նաև տաղավարների խոհանոցները։ Յուրաքանչյուր համայնք ներկայացնում էր իր տարածաշրջանին բնորոշ ուտեստները՝ տեղական բաղադրատոմսերով ու պատրաստման ավանդույթներով»,– նշել է փառատոնի կազմակերպիչ, Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման ընկերության տնօրեն Մարիա Մինասյանը։

Տավուշի համայնքների ներկայացուցիչների խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս ոչ միայն ներկայացնելու տեղական արտադրանքը, այլև հանրությանը ճանաչելի դարձնելու համայնքների մշակութային ժառանգությունն ու ավանդույթները։

Փառատոնի այցելուները մեկ վայրում հնարավորություն ունեցան տեսնելու Հայաստանի տարբեր համայնքների արտադրանքը, ծանոթանալու ավանդական արհեստներին և համտեսելու տարբեր բնակավայրերի խոհանոցը։

«Արվեստների և արհեստների» համահայկական փառատոնն անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։

Փառատոնը եզրափակվեց տարբեր անվանակարգերում հաղթող մասնակիցների պարգևատրմամբ։ Կազմակերպիչներն ու մասնակիցները պայմանավորվեցին հաջորդ տարի կրկին հանդիպել՝ շարունակելու Հայաստանի համայնքների մշակութային ու ստեղծագործ ներուժի ներկայացման ավանդույթը։




Ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն խիստ միջոցներով․ Իջևանի համայնքապետարան

Ապօրինի առևտրի դեպքերը կկանխվեն խիստ միջոցներով․ Իջևանի համայնքապետարան

Իջևանի համայնքապետարանը քաղաքացիներին կրկին հորդորում է զերծ մնալ ընդհանուր օգտագործման տարածքներում ապօրինի առևտուր կազմակերպելուց։

«Այսուհետ նման գործունեության դեպքերը կանխվելու են օրենքով սահմանված խիստ միջոցների կիրառմամբ»,- հայտնում է համայնքապետարանը։

 




Ծանրամարտի աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ալեն Զուրաբյանին հայրենի Բերդավանում դիմավորել են տոնական մթնոլորտում

Կոլումբիայի Կալի քաղաքումամռանն անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ալեն Զուրաբյանը փայլուն արդյունք է գրանցել՝ դառնալով աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Ալեն Զուրաբյանը Տավուշի մարզի Բերդավան գյուղից է։ Սեպտեմբերի 3-ին աշխարհի առաջնության մեդալակիրին հայրենի Բերդավանում դիմավորել են ջերմ ու տոնական մթնոլորտում։ Բերդավանի Գեղագիտական կենտրոնի նախաձեռնությամբ գյուղում կազմակերպվել էր դիմավորման տոնական միջոցառումը, որին մասնակցել են գյուղի բնակիչները։ Բերդավանցիները նշել են, որ նրա նվաճումը հպարտության առիթ է իր և իր ընտանիքի, ամբողջ համայնքի ու Տավուշի մարզի համար։

Հիշեցնենք, որ Կոլումբիայի Կալի քաղաքում անցկացվող աշխարհի առաջնությունում Ալեն Զուրաբյանը պոկում վարժությունում հաջողությամբ կատարել է բոլոր երեք մոտեցումները՝ բարձրացնելով 130, 134 և 137 կգ։
Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 166, 176 և 180 կգ։ Երկամարտում 317 կգ արդյունքով Ալեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ և դարձել աշխարհի առաջնության փոխչեմպիոն։

Կարդացեք նաև՝