Արծվաբերդում արքայանարնջի բերքից չրեր են պատրաստում

Հեղինակ՝ Հայկ Դոմբրյան։




Ռոբոտաշինությունը՝ ազգային մարզաձև․ Դիլիջանում անցկացվեց «ԱրմՌոբոտիքս» 17-րդ առաջնությունը

«ԱրմՌոբոտիքս» հայաստանյան 17-րդ առաջնությունը `«Լոգիստիկան ապագայի քաղաքում» խորագրով, մեկնարկեց նոյեմբերի 17-ին՝ Դիլիջանի միջազգային դպրոցում: 2008 թվականից «ԱրմՌոբոտիքս»-ը կազմակերպվում է Հայաստանում՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ: «ԱրմՌոբոտիքս» մրցույթը յուրօրինակ հարթակ է՝ ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Մրցութային դաշտում թիմերի ստեղծած ռոբոտները պետք է լուծեն մասնագիտական խնդիրները՝ օգտագործելով նախապես ծրագրավորած ավտոմատ լուծումներ։ Կազմակերպիչների կարծիքով՝ կարևոր է, որ երեխաների մոտ վաղ տարիքից, ճարտարագիտության ուսուցմանը զուգընթաց, ձևավորեն ստեղծողի ու արտադրողի մտածողություն։

«ԱրմՌոբոտիքս 2025» մրցույթին մասնակցում էին թիմեր Հայաստանի բոլոր մարզերից, ներառյալ՝ Ջավախքից: Թիմերում ընդգրկված էին «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների աշակերտները: «ԱրմՌոբոտիքս»-ը շարունակում է լինել կարևոր հարթակ, որտեղ աշակերտները ցուցադրում են իրենց հմտություններն ու պատրաստվում ապագայի տեխնոլոգիական մարտահրավերներին:




Նկարչական սիմպոզիում 2025․ հանդիպում բնության, արվեստի ու կողբեցիների հետ

Յուրաքանչյուր տարի՝ 2004 թվականից ի վեր Կողբի գեղարվեստի դպրոցը կազմակերպում է նկարչական սիմպոզիում, որն ընթանում է Կողբի հարակից գեղատեսիլ վայրում՝ գեղարվեստի դպրոցի պլեներում։ Նկարչական սիմպոզիումին մասնակցում են Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչները, ուսանողները, սաները և գեղանկարիչներ՝ Հայաստանի տարբեր անկյուններից։ Կողբի սարերում են համախմբվում նաև արտերկրում բնակվող նկարիչները։ Այս տարի ևս գեղանկարիչները օրեր շարունակ գտնվել են Կողբի սարերում՝ բացահատել, արարել ու ստեղծագործել Տավուշի գեղատեսիլ բնության մեջ ու բնության մասին։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան




Վավերագիր Դիլիջան․ քաղաքը՝ Սերժ Եղիկյանի ժամանակի կադրերում

Դիլիջանի երկրագիտական թանգարանում բացվեց դիլիջանցի լուսանկարիչ Սերժ Եղիկյանի՝ «Պրինցի» արխիվային լուսանկարների ցուցահանդեսը։ Ցուցահանդեսն այցելուներին առաջարկում է հանդիպում քաղաքի հիշողության, անցած ժամանակի և լուսանկարչի անձնական պատմության հետ։

Արխիվային լուսանկարները կարծես բացում են ժամանակի վարագույրը՝ ցույց տալով այն Դիլիջանը, որ ժամանակին շնչել ու ապրել է այլ ռիթմով, կրել ու փոխանցել է այլ տրամադրություն։ Սերժ Եղիկյանը ծնվել է 1939 թվականին Դիլիջանում։ 23 տարեկանում աշխատանքի է անցել քաղաքի «Իմպուլս» գործարանում, որտեղ էլ առաջին անգամ ծանոթացել է տեսախցիկի հետ, և տարիների ընթացքում լուսանկարչությունը դարձավ նրա կենսակերպը։

Ցուցահանդեսի բացման օրն այցելուները երկար կանգնում են յուրաքանչյուր լուսանկարի առջև, դիտում անցյալի քաղաքային տեսարանները, անցյալի մարդկանց ու ֆոտո-պատմությունները։ Սերժ Եղիկյանը Դիլիջանը պատկերում էր ոչ որպես բնակավայր, այլ՝ որպես հոգեվիճակ․ նրա յուրաքանչյուր կադրում քաղաքի ներքին լռությունն է, մեղմությունը և մարդկանց առօրյա կյանքի անկեղծությունն ու պարզությունը։

Սերժ Եղիկյանի լուսանկարչական ժառանգությունը կրկին կենդանացավ հենց այնտեղ, որտեղ ծնվել ու ձևավորվել է նրա հայացքը՝ Դիլիջանում։ Ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի
15-ը։

Կարդացեք նաև՝




Մովսես գյուղում գործարկվելու է էլեկտրական շչակ. իրազեկում

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։

Խնդրում ենք չանհանգստանալ։




Նոյեմբերյանից տիկին Լաուրան արքայանարնջի չիր է պատրաստում

Տարվա այս եղանակին Տավուշի մարզում հաճախ կտեսնեք «քաղցր վարագույրներ»․ տարեշրջանում օրը սկսվում ու ավարտվում է չիր պատրաստելու իրարանցման մեջ։

Հեղինակ՝ Հրանուշ Անանյան։




Եվրոպական մասնագիտական փորձառություն Սլովակիայից Դիլիջան՝ երիտասարդների զարգացման ճանապարհին

Այս ամռանը տավուշեցի մի խումբ երիտասարդներ վերադարձան Սլովակիայից՝ նոր գիտելիքներով, հմտություններով և տպավորություններով։ Երիտասարդները մասնակցել էին «INVEsT in You» միջազգային ծրագրի ՄԿՈՒ ոլորտի ուսանողների աշխատանքային փորձառության բաղադրիչին, որն իրականացվել է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի և սլովակյան «Իգնիս Պլյուս» կազմակերպության կողմից։

Ծրագիրը հնարավորություն տվեց մասնագիտական ​​կրթության և ուսուցման ոլորտի ուսանողներին երեք ամիս ապրել և աշխատել Սլովակիայում։ Երիտասարդները ներգրավված էին տարբեր ոլորտներում՝ հյուրընկալություն, խոհարարություն, տուրիզմ և առողջապահություն։ Յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր տեսական գիտելիքները կիրառել իրական-գործնական միջավայրում՝ յուրացնելով եվրոպական աշխատանքային մշակույթը և ձեռք բերելով ինքնուրույնության փորձ։

Երիտասարդներն արդեն կուտակած փորձառությամբ Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնում կիսվեցին իրենց հասակակիցների ու շահագրգիռ կողմերի հետ: Երեք ամիսների ընթացքում ուսանողները կատարելագործել են մասնագիտական հմտությունները, զարգացրել հաղորդակցման, թիմային աշխատանքի կարողությունները:

Ծրագրի ազդեցությունը տեսանելի է հատկապես արդեն աշխատանք ունեցող երիտասարդների շրջանում: Միջազգային փորձառությունը նոր հնարավորություններ ստեղծեց արդեն այստեղ՝ Դիլիջանում։ Ծրագրի մասնակից երիտասարդերի ոգեշնչող պատմությունները հուշում են, որ ներդրումը երիտասարդության շրջանում դրսևորվում է  նոր գիտելիքի, փորձի և վստահության տեսքով։




Բերդ համայնքում նշեցին Տեղական ինքնակառավարման օրը

1996 թվականի նոյեմբերի 10-ի ընտրությունները պատմական նշանակություն ունեցան Հայաստանի համար․ հենց այդ օրը մեր երկրում առաջին անգամ ձևավորվեցին տեղական ինքնակառավարման մարմինները և նոյեմբերի 10-ը համարվեց Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օր։ Օրվա խորհրդով Բերդ համայնքում կազմակերպվել «Տերն ու ծառան» խորագրով միջոցառումը, որը միտված էր ընդգծելու համայնքային ծառայողների կարևոր դերը և արժևորելու նրանց կատարած աշխատանքը։

«Միջոցառման ընթացքում Բերդ համայնքի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին համայնքին տասնամյակներով ծառայած աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ կանգնած են եղել բնակիչների ամենօրյա խնդիրների կողքին։ Շնոհակալագրեր հանձնվեցին տեղական ինքնակառավարման համակարգում 10 և ավելի, ինչպես նաև 20 և ավելի տարվա ծառայության համար», – նշում է Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

Տոնական տրամադրությանը զուգահեռ՝ հանդես եկան Բերդ համայնքի մշակութային խմբերը՝ պարային և երգարվեստի գեղեցիկ կատարումներով։

Տեղական ինքնակառավարման համակարգը Հայաստանում, ձևավորվելով 1996 թվականին, դեռ շարունակում է իր կայացման և ամրապնդման ուղին։ 1995 թվականի համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ առաջին անգամ ամրագրվեց տեղական ինքնակառավարումը՝ որպես իշխանության ինքնուրույն և ժողովրդին առավել մոտ օղակ։




Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդներին տվյալ հատվածով երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր։

 Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», – ասված է հաղորդագրությունում։


Թարմացում

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը մասնակիորեն վերականգնվել է։


Թարմացում

Ժամը 17:30 դրությամբ Դիլիջանի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։




2021 թվականից հետախուզվող օտարերկրյա քաղաքացին ձերբակալվեց «Բագրատաշենի» անցակետում

Նոյեմբերի 9-ին` ժամը 22.40-ին, «Բագրատաշեն» սահմանային անցակետից Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը:
2021 թվականից միջազգային մակարդակով նա հետախուզվում էր Գերմանիայի իրավապահ մարմինների կողմից` բնակարանային գողության մեղադրանքով` խափանման միջոցը՝ կալանք։
Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: