Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը՝ պրոֆեսիոնալ ֆուտբոլում

Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ մասնակցում է Հայաստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ առաջնությանը։ Բարեհաջող անցնելով Ֆուտբոլի ֆեդերացիայի արտոնագրման փուլը, «Նիկարմ» ակումբին հնարավորություն է տրվել մասնակցելու Ֆուտբոլի Առաջին խմբի մրցաշարին։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցաշարին մասնակից դառնալը եղել է «Նիկարմի» կարևորագույն նպատակներից։
«Նիկարմ» ակումբի կազմում հիմնականում տավուշցիներ են․ ակումբը հնարավորություն է տալիս այս միջոցով զբաղվել պրոֆեսիոնալ ֆուտբոլով և գնալ իրենց ֆուտբոլային կարիերայի հետևից։

Թիմի կազմում կան նաև երևանաբնակ ու արտերկրից ժամանած ֆուտբոլիստներ, ովքեր իրենց փորձառությամբ են կիսվում։
Տոմոյա Շիմամուրան, ով թիմի հարձակվողն է, եկել է Ճապոնիայից։
-Նիկարմը լավ թիմ է, նոր է ձևավորվել թիմը, ու բոլորս ձգտում ենք հասնել առավելագույնին, և հավատում ենք, որ քայլ առ քայլ կարող ենք ունենալ առաջընթաց ու ձեռքբերում։ Գիտեք, ֆուտբոլում կարևոր է թիմային աշխատաքը, որը մեզ մոտ ստացվում է։ Հայաստանը ինձ շատ է դուր եկել, ու այստեղ ինձ լավ եմ զգում, հատակապես մարդկանց շնորհիվ, – նշում է ճապոնացի ֆուտբոլիստը։

Որն է հաջողության հասնելու ճանապարհը․ մեր հարցին ի պատասխան թիմի մարզիչը նշում է անդադար աշխատելը։ Վերջին տարիներին «Նիկարմ» ակումբը աննախադեպ թվով թիմեր է ձևավորվել Տավուշի մարզի տարբեր քաղաքային ու գյուղական բնակավայրերում, ովքեր խաղում են Սիրողական լիգայում, ներկայացված են մանկապատանեկան առաջնություններում, կանանց ֆուտբոլում․ այժմ նաև՝ ֆուտբոլի պրոֆեսիոնալ Առաջին խմբի առաջնությունում։
«Նիկարմ» ակումբը զարգացնում է ֆուտբոլը Տավուշում։ «Տավուշի մարզում ֆուտբոլի զարգացումը անխուսափելի է»․ այս կարգախոսն Նիկարմի ավելի քան 23 տարվա գործունեության նպատակակետը։




«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի հանդիպումը Տավուշում

«Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակում «Սոցիալական արդարություն» ՀԿ-ը մարզային այցելությունների շարքում հոկտեմբերի 19-ին Տավուշի մարզում էր․ նպատակը՝ մարզային հասարակական կառույցների մասնակցությամբ քննարկումների իրականացումն է, որոնք յուրաքանչյուր անգամ կառնչվեն արդարադատության բարեփոխումների տարբեր տարրերի։ Մարզային այցերի շրջանակում վերհանվում է նաև արդարադատության ոլորտի բարեփոխումներին առնչվող տեղական ՀԿ-ների գործունեության շրջանակը ու արձանագրվում արդարադատության բարեփոխումներով պայմանավորված խնդիրները և դրանց լուծումներ տալու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Հոկտեմբերի 19-ին Իջևանի «Քաղաքացիական երիտասարդական կենտրոնում» էին մեկտեղվել Տավուշի մարզում ակտիվ գործունեություն ծավալող շուրջ 10 ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնց ներկայացվեց նախագիծը, նախագծի մաս կազմող «Ջուրեմոնիա» հարթակը, որը ստեղծված է խթանելու արդարադատության ոլորտին առնչվող խնդիրների դուրսբերմանը, բարձրաձայնմանը, ոլորտի դերակատարներին առաջարկությունների ներկայացմանը։ Տավուշի քաղհասարակության ներկայացուցիչները կարևորեցին արդարադատության ոլորտի վերաբերյալ վերապատրաստումների իրականացումը՝ մշտադիտարկման իրականացման գործիքների և ոլորտային առանձնահատկություններին տիրապետելու ակնկալիքով:




Հայ համայնքի հոգևոր կյանքը Ֆրանսիայում

Ֆրանսիա կատարած մեր այցի շրջանակներում մենք արդեն ներկայացրինք ֆրանսիական հայ համայնքի առօրյան, կյանքը, Իջևան-Վալանս քույր քաղաքների բարեկամական կապը։ Այդ հաղորդումները կարող եք դիտել՝ անցնելով հղմամբ․

Վալանսի գաստրոնոմիական փառատոն 2023․ Մերոնք Ֆրանսիայում
Հարցազրույց՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ․
Վալանսի երգի ու պարի ակադեմիան՝ հայապահպանության կենտրոն․
Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Վալանս, Ֆրանսիա․
Ռասթկելենյանների ընտանիքի պատմությունը․

Այս հաղորդումն էլ հայ համայնքի հոգևոր կյանքի մասին է․ ինչպես են պահպանում իրենց հավատքը և հաղորդակից դառնում հոգևոր արժեքներին։ Վալանսի կենտրոնում, 1876 թվականին կառուցվել է կաթոլիկ այս եկեղեցին և կոչվել Saint Joseph (Սբ․ Հովսեփ)․ հայ համայնքի ջանքերով կաթոլիկ եկեղեցու շենքը փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցուն և 1992 թվականի աշնանը վալանսյան ճարարապետությամբ ու կաթոլիկ զարդաքանդակներով եկեղեցին օծվել և կոչվում է Սուրբ Սահակ Հայ առաքելական եկեղեցի։ Սուրբ Սահակ եկեղեցին կանոնավոր գործում է և միավորիչ դեր ունի՝ սփյուռքում ապրող հայ համայնքի համար․ օգնում է չհեռանալ հայկական արմատներից ու անուրանալի արժեքներից։

Եկեղեցու հովանու ներքո 2 կրթական հաստատություն է գործում․ առաջինը «Դավիթյան» մեկօրյա վարժարանն է, որը ունի 80 հայ աշակերտ, ովքեր սովորում են հայերեն լեզվով գրել, կարդալ, ծանոթանում են հայկական երգարվեստին ու պարարվեստին։ Երկրորդ կառույցը «Գէորգ Հ․ Արապյան» նորաստեղծ վարժարան է, որը ֆրանսիական թեքումով հայկական դպրոց է։ Այն ունի ավելի քան 45 աշակերտ, ովքեր ուսանում են հայերեն, ծանոթանում հայ ժողովրդի պատմությանը, ուսումնասիրում մշակույթը, արվեստն ու հավատքը։

«Դպրոցական 3-րդ շրջանը անցանք․ արդեն 3 տարի է՝ ինչ կայուն գործունեություն է ծավալում ֆրանսիական թեքումով հայկական այս դպրոցը։ Աշակերտները սովորում են հայերեն, ֆրանսերեն և անգլերեն, նաև դասավանդում ենք հայկական ազգային երգեր և պարեր, քանի որ գիտակցում ենք, որ դպրոցը կարևոր է սփյուռքում հայկական մշակույթը պահպանելու և տարածելու համար։ Եկեղեցական առարկաներ ևս ուսուցանում ենք աշակերտներին, քանի որ դպրոցին կից գտնվում է Սուրբ Սահակ Հայ Առաքելական եկեղեցին։ Դպրոցի մեկ նպատակ ունի՝ պահել հայի ինքնությունը և հավատարիմ լինել հայկական արմատներին» – նշում է Վալանսի «Գէորգ Հ․ Արապյան» վարաժարանի տնօրեն Սոֆի Վարդանյանը։

Վալանս քաղաքում բնակվող հայերի մի մասն էլ հետևորդն է Վալանսի Հայ ավետարանչական եկեղեցուն․ մենք այցելեցինք նաև այդ եկեղեցի։
Վալանս քաղաքից քիչ հեռու՝ Ռոման քաղաքում ևս մեկ Հայ Առաքելական եկեղեցի կա, որի գործունեությունը նպաստում է փոքր քաղաքի մեծաթիվ հայերի ազգային ինքնագիտակցության պահպանմանը։ Սուրբ Նիկողայոս եկեղեցին շուրջ տասը տարի է ինչ գործում է, այն դարձյալ կաթոլիկ եկեղեցու շինություն էր, որը քաղաքի հայ համայնքի ջանքերով վերածվել է Առաքելական եկեղեցու՝ իր շուրջը համախմբելով Ռոմանի ու մերձակա քաղաքների հայերին։ Հայ համայնքի կյանքը քաղաքում նման է ընտանեկան կյանքի, քանի որ բոլորը բոլորին ճանաչում են, օգնում են ցանկացած հարցում ու հարեհաս են ցավին, ուրախությանը։

Մեր այցի օրը հանդիպեցինք նաև պատարագի եկած Ալեքսանդր Սիրանոսյանին, ով Դրոմ դեպարտամենտի երաժշտության զարգացման մեջ լուրջ դերակատարում է ունեցել․ վաստակավոր երաժիշտը իր գործունեությամբ ամուր է պահել ֆրանս-հայկական բարեկամությունը հատկապես մշակույթի մեջ, սփյուռքում ապրող հայերին իր գործով թույլ չի տվել հեռանալ ինքնությունից, լեզվից, հավատից, մշակույթից։ Նրա աղջիկները ևս երաժշտության մեջ հաջողություններ ունեն․ մեզ հաջողվեց տեսնել նրա դուստր Աստղիկ Սիրանոսյանի կատարումը՝ միջազգային հեղինակավոր փառատոնի ընթացքում։




Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը

Շարոց կամ քաղցր շուջուխ, Նոյեմբերյանում՝ «չուչխել»․ Տավուշյան համ ու հոտ՝ մեր եթերում։
Միասին բացահայտենք Տավուշի գյուղական համերն ու վայելենք սիրելի քաղցրավենիքի պատրաստման ընթացքը։ Աշնանային բարիքներով Նոյեմբերյանում պատրաստվում են ձմռանը։ Տեսանյութը՝ ՏավուշՄեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի։




Այրվել է բեռնատար ավտոմեքենա

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12։00-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այրում քաղաքի երկաթուղային կայարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել և բռնկվել է:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Այրում» երկաթուղային կայարանի սկզբնամասում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1971 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել․ տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:33-ին, մարվել՝ 14:24-ին: Այրվել են բեռնատար ավտոմեքենան և կցորդիչը՝ մասամբ։




Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Վալանս, Ֆրանսիա

ՏավուշTV-ի եթերում «Աշխարհի Ծայրերից» հաղորդաշարն է` ֆրանսիական շնչով:
Այս հաղորդման ընթացքում Ասպրամ Սարատիկյանին է միացել Հրանտ Ղազումյանը. նրանք պատմում են Ֆրանսիայի հարավում գտնվող Վալանս քաղաքի մասին, որն Իջևանի քույր քաղաքն է:

Վալանսի մշակույթի, տեղի տաղանդավոր հայերի ու շատ ավելիի մասին` միացե՜ք ու հետևեք «Աշխարհի Ծայրերից» ձեզ հասնող ֆրանսիական պատմություններին։

Իսկ մեր հաջորդ ֆրանսիական հաղորդումը հենց Ռասթկելենյան ընտանիքի մասին կլինի: Եղեռնից փրկված մի ընտանիք, որ արհավիրքներն ու փորձությունները հաղթահարելով, հայտնվել է Ֆրանսիայում՝ Վալանսում, վերընձյուղվել, սերնդեսերունդ փոխանցելով հայի ինքնությունը, լեզուն, հավատը, մշակույթը, արվեստն ու արհեստները:

Բաց չթողնեք արևմտահայ Ռաստկելենյանների ընտանիքի պատմությունը, որն ասես հավաքական մի կենսագրություն է հարյուր հազարավոր հայերի: Նրանք այսօր Ֆրանսիայի հարգարժան քաղաքացիներ են՝ մշտապես կապված ու հանգուցված Հայաստանի Հանրապետությանը:




Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի ընտանիքում երեկ երեխա է ծնվել: Ծնողները Աշոտի քույրիկին անվանակոչել են Անգելինա: Վարդապետյանների ընտանիքում երեխայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու․ մայրն ասում է՝ փոքրիկը ծնվել է ապրելու և ապրեցնելու համար։




Մակարավանք վանական համալիր | Տավուշ

Աղստևի հովտին շռայլ բնապատկերներ կան․այդ բնապատկերների մեջ իր նշանակությամբ, զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ, բազմազանությամբ և հոգևոր ներդաշնակությամբ առանձնանում է տարածաշրջանի չքնաղ կոթողներից մեկը` Մակարավանքը:

Մակարավանք, 13-րդ դարի հայկական վանական համալիր Հայաստանի Տավուշի մարզում, գտնվում է Աչաջուր գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Միակ պատմական հիշատակությունը այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար։

Բարձրահայաց իշխող դիրքից դիտողի առջև փռվում են Աղստևի հովիտը, Կուր գետի հովտի լայնատարած տափաստանները, Աղստևի աջափնյա հանդիպակաց լեռնաշղթայի համայնապատկերը։

Մակարավանքի մասին պահպանվել է մի ավանդություն, որ վանքը կառուցել են Մակար անունով վարպետն ու իր միակ որդին։ Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր։ Վանքի պատերն աստիճանաբար բարձրանում էին, իսկ Մակար վարպետը՝ կտրվում հողից։ Նա գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա, քանի դեռ չէր ավարտել շինությունը։ Օրերից մի օր, վարպետ Մակարը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում, զարդաքանդակներն էլ նույնը չեն։ Վերևից հարցնում է որդուն, թե ինչ է պատահել։ Պատասխանում են, որ նա հիվանդ է։ Մակարը հասկանում է, որ որդին այլևս չկա։ Վարպետը, սակայն, ըստ ավանդույթի, սուրբ տաճարի շինարարությունը կիսատ չի թողնում: Կառուցումից հետո արդեն, վանքի գագաթից ցած է նետվում ու մահանում։ Վարպետին թաղում են վանքի պատի տակ և վանքն էլ անվանում Մակարավանք։

Մակարավանքի հիմնական եկեղեցին կառուցվել է 1205թվականին՝ Բազազ իշխանի որդի Վարդանի կողմից: Եկեղեցին, արտաքուստ ուղղանկյուն և խաչաձև ներքուստ, իրենից ներկայացնում է գմբեթավոր դահլիճ: Խորանի աջ և ձախ կողմերում գտնվում են երկհարկանի ավանդատները: Եկեղեցու ներքին հարդարանքը շռայլորեն զարդարված է հայ քանդակագործության վառ նմուշներով: Ութանկյուն աստղերը և ութանիստ բազմանկյուններն իրենց մեջ ներառված հուշկապարիկներին, թռչուններին, ձկներին և աստվածաշնչական հերոսներին պատկերող հարթաքանդակներով, դասվում են միջնադարյան հայկական արվեստի գլուխգործոցների շարքին:

XIII դարի սկզբին Վաչե Ամբերդցին (Վաչուտյանների իշխանական տոհմից) կառուցել է երկու եկեղեցիներն իրար կապող գավիթը: Արևելյան մուտքը զարդարված է բարձրաքանդակով, որը պատկերում ցուլի և առյուծի մենամարտը: Գավիթը առանձնանում է հարուստ ներքին հարդարանքով: Նրա պատերը զարդարված են ճոխ երկրաչափական և բուսական զարդամոտիվներով:

Մակարավանքի համալիրը իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի, Բղենո Նորավանքի, Գանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ:




Արևելյան գործընկերության երկրների ցանցային համաժողովը Վրաստանում

Վրաստանի Թելավ քաղաքում հոկտմբերի 5-ին մեկնարկեց է Արևելյան գործընկերության երկրների թվով 3-րդ համաժողովը, որին մասնակցում են 14 քաղաքներ՝ 5 երկրից, այդ թվում նաև Հայաստանը՝ Իջևան քաղաքի իր պատվիրակությամբ։

Իջևանը համայնքը մասանակցելով EU4Culture ծրագրին հաղթող է ճանաչվել և ստացել դրամաշնորհ՝ իրականացնելու համայնքային մշակութային ռազմավարությունը, որը գրվել է Իջևանի բնակիչների հետ միասին։ Արդեն իսկ մեկնարկել է ռազմավարության գործողությունների իրականացումը և մինչ այս կազմակերպվել է դասընթացներ, վերապատրաստումներ՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչների կարողությունների հզորացման համար, իրականացվել են մշակութային միջոցառումներ, որոնցից ամենախոշորը ապակենտրոնացված «Մենք ենք, մեր սարերը» եռօրյա փառատոնն էր։ EU4Culture ծրագրի մասնակից 14 քաղաքները՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Մոլդովայի:

Հանրապետությունից և Ուկրաինայից հոկտեմբերի 5-6-ը Վրաստանում մասնակցեցին Տարածաշրջանային ցանցային 3-րդ համաժողովին, որը հիմքում փորձի փոխանակման նպատակն է։

Խոսելով Իջևան քաղաքում և Խաշթառակ, Աչաջուր, Բերքաբեր գյուղերում անցկացված համաիջևանյան փառատոնը, համաժողովի մասնակիցներին ներկայացվեց իրականացման ընթացքում հանդիպած մարտահրավերները, նաև՝ ունեցած ձեռքբերումները։ Երկօրյա համաժողովը ուղեկցվեց գործնական աշխատանքներով, միջազգային փորձագետների բանախոսություններով։ Համաժողովը կազմակերպվել էր «Գյոթե» ինստիտուտի և Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից։




Հարցազրույց՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ

Ի աջակցություն Արցախի ժողովրդի, այս օրերին Վալանսում ընթանում են ակցիաներ։ Նրանք դատապարտում են էթնիկ զտումները, բռնությունը և վերահաստատում իրենց աջակցությունը հայ ժողովրդին։ (Ավելին՝ մեկնաբանություններում)

Տավուշ TV-ի հարցազրույցը՝ Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի հետ։
Քաղաքապետի հետ խոսել ենք մշակութային ժառանգության պահպանման ու փոխանցման, Ֆրանսիայում հայ համայնքի դերի, քաղաքային կառավարման, Իջևանի հետ համագործակցային ու բարեկամական հարաբերությունների մասին։