ԵՊՀ ԻՄ-ը պատրաստ է ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է սիրով ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին և կազմակեպելու նրանց հետագա ուսումնառությունը ԵՊՀ ԻՄ-ում:
Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի կառավարման և իրավական ապահովման բաժին (հասցե` ՀՀ Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ-ի գլխավոր մասնաշենք) երեքշաբթիից շաբաթ օրերին՝ ժամը 9:15-16:00-ն:
Անհրաժեշտ է դիմումներին կցել հետևյալ փաստաթղթերը (առկայության դեպքում)՝
1. 2 լուսանկար,
2. անձնագրի պատճեն,
3. ակադեմիական տեղեկանք կամ տեղեկագիր,
4. ԳԹԿ-ի վկայական,
5. միջնակարգ կրթության ավարտական վկայական և/կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության ավարտական վկայական,
6. ընդունման և ազատման կամ հեռացման հրամաններ,
7. ուսանողական տոմս,
8. ստուգման գրքույկ,
9. այլ փաստաթուղթ:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով սպասում է արցախցի ուսանողներին
Վալանսի երգի ու պարի ակադեմիան՝ հայապահպանության կենտրոն
Ֆրանսիայում գործող հայկական կառույցներից յուրաքանչյուրը ունի առաձնակի կարևորություն, քանի որ արտահայտում է հայ ժողովորդի դերն ու վարկանիշը Ֆրանսիայի հանրության շրջանում։ Թեև ամբողջ երկրում կան հայեր ու հայկական համայնքներ, Վալանս քաղաքը այս առումով եզակի դեր ունի․ քաղաքի բնակչության ավելի քան 10-ը տոկոսը՝ շուրջ 12 հազար հայեր ապրում են Վալանսում։ Քաղաքում հայապահպանության ու հայկականության զգացումը պահպանելու հսկայական աշխատանք է կատարվում՝ տեղի Հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների համատեղ ջանքերով։ Հայության շրջանում մշակույթի, ազգային արժեքների փոխանցման նպատակով 2011 թվականից Վալանսում գործում է Վալանսի երաժշտության և պարի ակադեմիան։ «Պետք է աշխատենք, որ աշխարհը մեզ չմոռանա»․ այս գաղափարով հիմնադրվել է հայկական երաժշտության ու պարի ակադեմիան։
Ակադեմիան ունի 150 աշակերտ, ովքեր սովորում են հայկական ազգային, ժողովրդական պարեր ու երգեր, ծանոթանում և խորացնում են գիտելիքները հայկական երգարվեստում ու պարարվեստում։
Ակադեմիայի սաները հաճախ են մասնակցում մրցույթ-փառատոնների, ներկայանալով հայկական կատարումներով։ Մեր նկարահանման օրը ակադեմիայի պարի «Աստղիկ», «Անի», «Անահիտ» և «Արա» խմբերի սաները ստացան նաև խրախուսական ու ոգևորիչ պատվոգերեր։ Ֆրանսիայի հարավում գտնվող հայկական այս դպրոցը կարևոր ներդրում ունի հայապահպանության գործում և ապրելով հայրենիքից հեռու, դպրոցի ուսուցիչները ձևավորում են հայրենասիրություն՝ օտար ափերում հայկական մշակույթը կրելու, հայրենասիրաբար ապրելու համար։
Ուսումնավարժություն` «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը` ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով
Հրդեհի բռնկում, ահազանգում, փրկարարների ժամանում դեպքի վայր, աշխատանքների կառավարում և հրդեհաշիջում։ Հայաստանի ՆԳՆ ՓԾ–ը Իջևան համայնքի «Խոլարքեր» կոչվող հանդամասում սեպտեմբերի 29-ին իրականացրել է «Անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը՝ ուղղաթիռի ներգրավմամբ» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ անտառային խոշոր հրդեհներին արձագանքող ստորաբաժանումների միջև փոխգործողությունների ու հմտությունների կատարելագործման նպատակով՝ հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ կատարելիս։
Համաձայն սցենարի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջևանի» անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը նկատում է, որ անտառտնտեսության տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի վերաբերյալ տեղեկատվությունը աշխատակիցը փոխանցում է «Իջևանի» անտառտնտեսություն մասնաճյուղի ղեկավար կազմին և միաժամանակ ահազանգում 911։ Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի կրտսեր հրահանգիչը ահազանգը փոխանցում է արձագանքող ստորաբաժանումներին՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի, Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներին և Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկին։ Դեպքի մասին ահազանգը փոխանցվելուց հետո, շտաբի պետի հրահանգով թռչող սարքի միջոցով կատարվում է հետախուզում:
Կենդանի կադրեր
Ուսումնավարժությանը մասնակցել են Փրկարար ծառայության փրկարար ծառայողները, Փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, հրշեջ-փրկարարներ՝ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ու Դիլիջանի ջոկատներից, տեղամասերում անվտանգության աշխատակիցները, «Իջևանի անտառտնտեսության» և «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները՝ ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցների հետ միասին։ Աշխատանքներում ներգարվվել են նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորները։ Ուսումնավարժության աշխատանքներում ներգրավվել են ընդհանուր՝ 9 միավոր հատուկ տեխնիկա, 38 փրկարար, անօդաչու թռչող սարքեր և Պաշտպանության նախարարության ավիացիայի 1 ուղղաթիռ։
Ուսումնավարժության գործողությունների կառավարումը իրականացվել է դեպքի վայրին կից գտնվող ղեկավարման շտաբից։ Փրկարար ծառայության ուսումնավարժութունն ամփոփեց փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետը նշելով, նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակական և արդյունավետ լինելու մասին, հատկապես կարևորելով գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Իջևանում վերաբնակեցված ընտանիքում երեխա է ծնվել
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Տավուշի մարզում վերաբնակեցված ընտանիքում այսօր առավոտյան երեխա է ծնվել. փոքրիկը ծնվել է Իջևանի բժշկական կենտրոնում: Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ է եկել Մարտակերտի Ճանկաթաղ գյուղից բռնի տեղահանված և Իջևան քաղաքում վերաբնակեցված Սարդարյանների արու զավակը: Իջևանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից հայտնում են որ երեխան ծնվել է լիովին առողջ, 2900 գրամ կշռով: Ծնողները փոքրիկին դեռ չեն անվանակոչել:
Խաղաղ ու անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։
Դիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանի թունելի հիմնանորոգման նախագծային աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես դադարեցվելու է ճանապարհային երթևեկությունը
թունելով՝ սույն թվականի հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 6-ը՝ ժամը 22:00-ից մինչև 06:00-ը:
Պետական աջակցության այն ծրագրերը, որոնք իրավունք ունեք ստանալ
Իրազեկման հարթակը ձեզ կօգնի գտնել պետական աջակցության այն ծրագրերը, որոնք դուք իրավունք ունեք ստանալ։
Հարթակ մուտք գործելու համար սեղմեք այստեղ։
Տավուշ գյուղում առկա է բնակելի տուն` արցախցի ընտանիքի համար
Ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Ղևոնդյանը հայտնում է, որ Տավուշի մարզի Բերդ համայնքի Տավուշ գյուղում առկա է տուն՝ տնամերձ հողատարածքով, որը կարող է հատկացվել Արցախից տեղահանված ընտանիքի:
«Տունը բավականին երկար տարիներ բնակեցված չի եղել` բնականաբար վիճակը տպավորիչ չէ, բայց գուցե հետաքրքրի Արցախի գյուղերից տեղահանված բնակիչներին: Ամեն ինչ կա` գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, կան նաև բերքատու ծառեր: Եթե ցանկացողներ լինեն, ապա սիրով, անհատույց և անժամկետ կտրամադրենք»,- գրված է Սոնա Ղևոնդյանի էջում:
Անհրաժեշտ տեղեկություների համար գրեք էջին:
«Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի ներկայացումը Իջևանում
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի նախօրյակին աշխարհահռչակ գիտնական Հակոբ Այնթապլեանը զեկույցով հանդես եկավ Իջևանում։ Սեպտեմբերի 18-ին՝ Տավուշի թեմի առաջնորդարանում կայացավ հանդիպում սփյուռքահայ անվանի բժիշկ, գրող-հրապարակախոս, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ Հակոբ Այնթապլեանի հետ։ «Հայրենատիրությունն ու անկախությունը» թեմայով զեկույցը դոկտոր Այնթապլեանը ներայացրեց երեկոյի հյուրերին։
Երեկոն նշանավորվեց նաև «Թաքուն…անխոս» և «Մայրս» բանաստեղծությունների երգերի շնորհանդեսով, որոնց բառերի հեղինակը Հակոբ Այնթապլեանն է, իսկ երաժշտության հեղինակը Մարգարիտ Սարգսյանը։
Երեկոյի ընթացքում ներկա գտնվող հյուրերը իրենց հարցերը ուղղեցին՝ «Հայրենատիրությունն ու անկախությունը» խորագրով զեկույցի վերաբերյալ, նաև ընթացս ծավալվեց քննարկում՝ Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած արդի մարտահրավերների ու խնդիրների վերաբերյալ։
Գրավիչ զբոսաշրջային նոր հասցե Գոշ գյուղում․ իր դռները բացեց «Արևի Գոշ» հյուրանոցը
Գրավիչ զբոսաշրջային նոր հասցե՝ Գոշ գյուղում։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի աջակցությամբ հիմնված «Արևի Գոշ» հյուրանոցը արդեն իսկ ընդունում է իր հյուրերին։
Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցավ հյուրանոցի բացման արարողությունը։ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը մեկնարկել է 2022թ ապրիլին և տևելու է մինչ 2029թ։ Այն իրականացվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսական աջակցությամբ, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ: Նախագիծը ընդգրկում է թիրախային 16 գյուղական բնակավայրեր՝ Հայաստանի Տավուշի, Լոռու, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերից։
«Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի նպատակը թիրախային բնակավայրերի ֆերմերների, գյուղական բիզնեսների եկամուտների և գյուղերի բնակչության կենսապայմանների ապահովումն է՝ բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ ու ավելի կայուն օգտագործման և կառավարման շնորհիվ։ Այսօրինակ նախագծերը նպաստում են մարզերում տուրիզմի աշխուժացմանը ու նպաստում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։
Գոշ այցելած զբոսաշրջիկները այսուհետ ունեն հարմարավետ վայր, որտեղ կարող են հանգստանալ ու վայելել Տավուշի բնությունն ու զբոսաշրջային վայրերը։
Երկրաշարժ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք. զգացվել է նաև Տավուշի մարզում
Սեպտեմբերի 24-ին, տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04:00-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.82⁰ և արևելյան երկայնության 44.88⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Վրաստան՝ Թբիլիսի քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։