ՀՀ-ում Դանիայի դեսպանի ու դանիական պատվիրակության այցը Իջևան

Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 19-ին այցելել է Տավուշի մարզ։ Դանիական պատվիրակությունը առավոտյան այցելեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց, այնուհետև Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի ունեցավ հանդիպում՝ մարզային ու տեղական իշխանությունների հետ, որի ընթացքում քննարկվեցին համատեղ իրականացվող և իրականացվելիք ծրագրերը։ Հանդիպմանը հաջորդեց այցը՝ «Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի գրասենյակ։
Դանիական պատվիրակության կազմում էր նաև «Առաքելություն Արևելք» մարդասիրական կազմակերպության գլխավոր քարտուղարը․ դանիական այս կազմակերպության միջոցով Հայաստանում ներդրվել է համընդհանուր ներառական կրթական համակարգը, բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունները։ Նախագծերը առաջինը իրականացվել են Տավուշի մարզում:
«Հույսի կամուրջի» Իջևանի կենտրոնում հյուրերը ծանոթացան երեխաների, ծնողների, գործընկերների հետ։ Քննարկեցին կենտրոնի կատարած աշխատանքների արդյունքները, համայնքում առկա խնդիրներն ու կարիքները հետագա համատեղ իրականացնելիք աշխատանքների պլանավորման համար:




Հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին այսօր երեխա է ծնվել

Հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ գյուղերի ճանապարհին այսօր աղջիկ երեխա է լույս աշխարհ եկել։ «Վարդապետյան» ընտանեկան բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում գրել են․ «Մեր երկրի այս ծանր, անկայուն իրավիճակում, հայ-ադրբեջանական սահմանի՝ Կայանավան-Այգեհովիտ ճանապարհին աղջիկ երեխա է ծնվել։ Ծննդկանին օգնության է հասել բժիշկ Կորյուն Վարդապետյանը»։ Փոքրիկը ծնվել է 3300գրամ կշռով, 51 սմ հասակով։

Ծննդաբերությունից հետո ծննդկանին և երեխային շտապ օգնության մեքենան տեղափոխել է Իջևանի բժշկական կենտրոն։ «Վարդապետյան» ընտանեկան բժշկական կենտրոնի տնօրեն, բժիշկ Կորյուն Վարդապետյանը շնորհակալություն է հայտնում Այգեհովիտ գյուղի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանին և համայնքի բնակիչներին՝ իրեն օգնելու համար։ «Մեր երկրին շատ երեխաներ են հարկավոր», – գրված է բժշկական կենտրոնի էջում։




Վալանսում անցկացվեց գաստրոնոմիական փառատոնը․ Մերոնք Ֆրանսիայից

Հաջորդ տարի՝ 2024 թվականին կլրանա 30 տարին՝ ինչ Իջևանն ու Վալանսը մտերմիկ ու հարազատ՝ քույր քաղաքներ են։ Սեպտեմբերի 8-ից Տավուշ Մեդիայի նկարահանող խումբը Վալանսի քաղաքապետի հրավերով Վալանս քաղաքում էր․ այնտեղ անցկացվում է մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գաստրոնոմիական փառատոն, որն արդեն ավանդույթ է դարձել։

Վալանս քաղաքի մշակույթի մեջ կարևոր տեղ ունեն ֆրանսիական ազգային երգ-երաժշտությունը, պարերը, հասարակական, ազգակցական ու ընտանեկան ավանդույթները, նաև պատմաճարտարապետական շենք-շինությունները, որոնք քաղաքի ու բնակչության մշակույթի անբաժանելի բաղադրիչներն են։ Ֆրանսիայի մշակույթի մեջ նշանակալի դեր ունի նաև բազմահամ ազգային խոհանոցը։ Սեպտեմբերի 8-ից Վալանսի սրտում՝ կենտրոնական հրապարակում մեկնարկեց եռօրյա գաստրոնոմիական փառատոնը՝ նպատակակետում պահելով տարածաշրջանի արտադրողների խոհարարական հմտությունների բարելավումը, գիտելիքների օգտագործումը՝ փառատոնի շրջանակում կայանալիք իրադարձություններում։

3 օր շարունակ Վալանսի քաղաքացիները հավաքվում էին՝ վայելելու համեղ , թարմ ուտեստները, դիտելու խոհարարական շոուները, համտեսելու և զգալու ֆրասիական խոհանոցի համերն ու բուրմունքը։ Մասնակիցները անմասն չէին մնում հաճելի ու ջերմ երեկոների։ Տաղավարնում իրենց արտադրանքները ցուցադրողների շարքերում կային նաև հայեր, ովքեր ներկայացնում էին հայկական ուտեստներ։
Վալանսի գաստրոնոմիական փառատոնը եզակի հնարավորություն է, որը արդեն 7-րդ անգամ առաջարկում է բացահայտել տեղացի արտադրողներին, համտեսել, վայելել ու փոխանակվել լավագույն փորձով։ Այս միջոցառումը նաև մասնավոր ընկերություն և տեղական իշխանություն համատեղ համագործակցության օրինակելի դրսևորում է։

Վալանսի գաստրոնոմիական փառատոնը այս տարի կրկին միավորեց նորարարությունն ու գեղեցիկը, համերն ու բույրերը, ժամանցն ու հանգիստը։ Եռօրյա փառատոնի ողջ ընթացքում ներկայացված էր նաև Վալանսի քույր քաղաքների՝ այդ թվում Իջևանի խոհանոցը՝ հայկական ուտեստներով ու տավուշյան համերով ու իջևանյան շնչով։




SeptemberFest 2023-ը՝ սեպտեմբերի 23-ին Կողբ գյուղում

Հերթական մեծ ու ավանդական միջոցառումը` գունառատ Տավուշում։

Սեպտեմբերի 23-ին՝ Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի արդեն ավանդույթի վերածված Septemberfest մրգօղու փառատոնը։ Սահմանամերձ համայնքը պատահական չի ընտրվել․միջոցառման հիմնական նպատակն է ակտիվացնել կյանքը Տավուշի սահմանային բնակավայրերում՝ միաժամանակ տարբեր տեսակի մրգերից թորվող մրգօղին դիրքավորելով որպես հայկական տեղական ապրանքանիշ։

Սեպտեմբերի 23-ին փառատոնի հյուրերը ողջ օրվա ընթացքում հնարավորություն կունենան տաղավարների միջոցով ծանոթանալ տարբեր մրգօղիների, համտեսել ու ձեռք բերել դրանք։ Տեղում կցուցադրվի նաեւ օղու թորման գործընթացը, ինչը յուրահատուկ գույն կհաղորդի ողջ միջոցառմանը։Տաղավարներում ցուցադրվելու են Հայաստանի բոլոր մարզերում արտադրված մրգօղիներ և այլ բարիքներ։

Septemberfest փառատոնի նախաձեռնողները հրավիրում են Տավուշի տեղացի արտադրողներին և Հայաստանի բոլոր մարզերի մրգօղի արտադրողներին՝ մասնակցություն ունենալ կայանալիք յուրօրինակ միջոցառմանը: Տաղավարներ ամրագրելու համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել փառատոնի սոցիալական հարթակներում նշված հղումով կամ զանգահարել կոնտակտային հեռախոսահամարով։
Մասնակցել կարող են նաեւ այլ բարիքներ արտադրողներ եւ արհեստագործներ:

Փառատոնի ընթացքում հնարավորություն կլինի ծանոթանալ նաեւ տեղացի արհեստագործների, արվեստի եւ արհեստների դպրոցների արտադրանքին, մասնակցել սեղանի տարբեր խաղերի առաջնությունների։ Փառատոնի գործընկեր «Վարը Վարենկի» օգնությամբ մասնակիցներն իրենց օրը կլցնեն նաեւ հայկական ազգային խաղերով։ Դե իսկ օրվա երաժշտական տրամադրությունը կապահովեն Another Story Band-ը, ինչպես նաեւ Արսեն եւ Արթուր Սաֆարյանները՝ երեկոյան նախատեսվելիք համերգային ծրագրում։

Միջոցառման հետ կապված բոլոր այլ մանրամասները կարող եք գտնել փառատոնի սոցիալական հարթակներում։ Փառատոնի կազմակերպիչները մրգօղու սիրահարներին սիրով սպասելու են լուսավոր ու գունառատ Կողբում։




Իջևանի Մետաղագործների թաղամասը նոր խաղավայր ունի

Նոր մանկական խաղահրապարակ՝ Իջևանի Մետաղագործների թաղամասում։ Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ խաղահրապարակի բացման միջոցառումը։
Նմանատիպ խաղահրապարակ է կառուցվում նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայրում։




Իջևանում կայացավ գիտապրակտիկ հանդիպում՝ ստոմատոլոգների համար

Իջևանում գործող «GT – Dental» ստոմատոլոգիական կլինիկայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին կազմակերպվել էր արդի ստոմատոլոգիական հարցերին վերաբերող գիտապրակտիկ սեմինար։ Սեմինարը գիտապրակտիկ հանդիպման տեսական հատվածն էր, որի ժամանակ, մեկ հարթակում հավաքված տեղացի մասնագետների համար բանախոսություններով հանդես եկան Ամերիկայի Միացյալ նահանգներից ժամանած վիրաբույժ-պարօդոնտոլոգ Գրեգորի Կազանճիանը, վիրաբույժ-իմպլանտոլոգ Հայկ Չերգեշտյանը ու ստոմատոլոգ-էնդոդոնտիստ Գառնիկ Ցուցուլյանը։ Փորձառու բժիշկների հետ հանդիպումը մասնակից մասնագետների համար փորձի փոխանակում էր, մասնագիտական կարողությունների զարգացում։ Հանդիպման սկզբում Գրեգորի Կազանճիանը, ով մի քանի տասնամյակ դասավանդել է Նյու-Յորքի բժշկակական համալսարանում և ունի մեծ փորձառություն պարօդոնտոլոգիայի բնագավառում, մասնակիցներին ներկայացրեց նեղ մասնագիտական վերջին նորությունները, լնդերի բուժման ու պատշաճ վիճակում պահելու գործոնն ու նշանակությունը։

Փորձառու բժշկի հետ հանդիպումը մասնակիցներին հնարավորություն տվեց թարմացնելու և խորացնելու իրենց իմացությունները ձեռք բերել ստոմատոլոգիակա նորագույն գիտելիքները։ Գրեգորի Կազանճիանից հետո հանդես եկավ Հայկ Չերգեշտյանը, բանախոսելով ընդհանուր ստոմատոլոգիայում համակարգչային տոմոգրաֆիայի կիրառման ու համակարգչային շերտավորման առավելությունների մասին։ Բժիշկը իր բանախոսությունը հավելեց իրական օրինակներով, որոնց առնչվել է աշխատանքային գործուեության ընթացքում։

Տեսական հանդիպումը ավարտեց Գառնիկ Ցուցուլյանը՝ խոսելով բարեհաջող էնդոդոնտիկ բուժման նախադրյալներից, բուժման ընթացքում կիրառվող նրբություններից։ Տեսական մասից հետո բժիշկները մասնակից եղան նաև վարպետաց դասի՝ ԱՄՆ-ից ժամանած Գրեգորի Կազանճյանի կատարմամբ։ Փորձառու բժշկի վիրահատությունը կոչվում էր «վիրահատություն՝ ուղղված գեղեցիկ ժպիտի վերականգնմանը»։

Գիտապրակտիկ հանդիպումը կազմակերպած «GT – Dental» կլինիկան նախատեսում է առաջիկայում ևս իրականացնի նմանատիպ կոնֆերանսներ՝ ներգրավվելով նոր մասնագետների։ «GT – Dental» կլինիկան, որը Իջևան քաղաքում հայտնի է որպես «9-հարկանի շենքի» կլինիկա իր մեջ ներառում է ստոմատոլոգիական ընդհանուր բոլոր ծառայությունները։ Բուժառուները կարող են օգտվել թերպևտիկ, վիրաբուժական, օրտոդոնտիկ, այդ թվում նաև իմպլանտացիոն ծառայություններից։ Կենտրոնում գործում է նաև Տավուշի մարզի առաջին ու դեռևս միակ համակարգչային տոմոգրաֆին, որը հնարավորություն է տալիս բժիշկներին կատարել գերճշգրիտ հետազոտություններ, իսկ ճշգրիտ հետազոտությունները ենթադրում են արդյունավետ բուժում։




«10-օրյա ամառային դպրոց» նախագիծը Նոյեմբերյանում

Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը՝ «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի» աջակցությամբ Կողբի Մշակույթի կենտրոնում անցկացրեց «10-օրյա ամառային դպրոց» նախագիծը, որին մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի դեռահասները:

Դասախոսություններն ամրապնդվեցին միջնադարյան մշակութային կոթողներ այցելելով, դրանց ուսումնասիրությամբ և բացօթյա հանդիպումներով: Ծրագրի մասնակիցները կստանան վկայականներ, իսկ առավել ակտիվ երիտասարդները կդառանան ապագայում՝ Նոյեմբերյան համայնքում բացվող Հայագիտական կենտրոնի հիմնադիրները:

«10-օրյա ամառային դպրոց» նախագծի մասին՝ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի ռեպորտաժում։




Մեկ օր սարում․ «Կարմիր գյուղ», Նոյեմբերյան

Բոլորս էլ գիտենք՝ սարի կաթը, օդը, հացն ու ջուրը, տնական մածունը ուրիշ են՝ անմահական։ Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը դրախտից՝ Նոյեմբերյանի «Կարմիր գյուղ» սարից հոլովակ է պատրաստել, որում կլսեք ձեր մանկության ձայները, կարթնանա տեղանքի հետ կապված մաքուր ու գեղեցիկ ձեր հուշերը։

Աշնան կանչը՝ կատարյալ ներդաշնակության գրկից՝ Տավուշի սարերից։ Այնտեղ խաղաղ է․․․ Բարի դիտում։
Հոլովակն՝ այստեղ




Օդի ջերմաստիճանը Տավուշում կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին կեսօրից հետո, 4-ի գիշերը, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սեպտեմբերի 3-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Շրջակա միջավայրի նախարարության տեղեկացմամբ, սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 3-5 աստիճանով։




ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր՝ 2023-2024 ուսումնական տարին

2023թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտելիքի և դպրության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի Հանրապետության օրհներգը և Երևանի պետական համալսարանի հիմնը, 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հայորդիների հիշատակին:

Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը շնորհավորական ուղերձ հղեց բոլոր համալսարանականներին՝ բուհի ամբողջ անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին (տնօրենի ուղերձը տե՛ս այստեղ): Այս տարի Մայր բուհի սահմանապահ մասնաճյուղն իր հարկի տակ ընդունել է 161 առաջին կուրսեցիների:

2023-2024 ուստարում հաճելի անակնկալ էր սպասում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ վճարովի հիմունքներով ընդունված այն 4 դիմորդներին, ովքեր ընդունելության քննություններին հավաքել էին ամենաբարձր միավորներ:

Պարոն Մակարյանը ուսման վճարի լրիվ փոխհատուցման հավաստագրեր հանձնեց «Ֆինանսներ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Աշոտի Վարդումյանին, «Դեկորատիվ-կիրառական արվեստ» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աստղիկ Գեղամի Ներկարարյանին, «Հոգեբանություն» մասնագիտության աառաջին կուրսի ուսանողուհի Սերինե Գեորգիի Պատառյանին և «Պատմություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Մերի Հրաչյայի Բաղդասարյանին:

Միջոցառման շրջանակներում իրականացվեց նաև «Տարվա ուսանող-2023» ամենամյա մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը. ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը պարգևատրվեց արծաթե մեդալով և հավաստագրով, իսկ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2023թ. շրջանավարտ Նարա Արմենի Մելքումյանը ստացավ հաղթողի հավակնորդի հավաստագիր:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Էռնեստ Խանումյանը՝ ընդգծելով. «Այս տարի Գիտելիքի և դպրության օրը տոնում ենք միասնությամբ և վճռականությամբ՝ վերստին կարևորելով ուսանողների շարունակական հզորացումը, ուսանողակենտրոն նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունն ու ուսանողների մասնակցությունը համալսարանական կյանքին` բոլոր դրսևորումներով»:

Ապա կայացավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա առավելագույն միավորներ հավաքած դիմորդը՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանը: Համալսարանականները երդվեցին արժանի լինել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը: Պահպանելով ավանդույթը՝ գիտելիքի բանալին 4-րդ կուրսի ուսանողուհի Իննա Հրայրի Հարությունյանը փոխանցեց առաջին կուրսեցի Լուիզա Աշոտի Մելիքբեկյանին:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Տոնական միջոցառումից հետո լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2023-2024 ուսումնական տարվա դասերը: