Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը Կողբում

Կողբի Գեղարվեստի դպրոցում նոյեմբերի 12-ին տեղի ունեցավ Գոռ Կարապետյանի «Հաջողության թաքնված կողմը» գրքի շնորհանդեսը։ Շնորհանդեսին հեղինակը պատմեց իր գործունեության մասին և ներկայացրեց գիրքը։

Գիրքը հաջողության, անձնային աճի և մասնագիտական կողմնորոշման մասին է։ Գրքում ներառված են պատմություններ հեղինակի կյանքից, որոշ գիտական տվյալներ, օնլայն գործիքներ, ինտերակտիվ նյութեր, պրակտիկ խորհուրդներ, բազմաթիվ մեջբերումներ և համաշխարհային լավագույն փորձից դուրս բերված մեթոդներ։

Շնորհանդեսի ավարտին ներկաները ձեռքբերեցին հեղինակի մակագրությամբ գրքերը։






Տավուշոտ պոեզիա․ «Գլուխ չեմ հանում»․ Համո Սահյան

Միասին շարունակենք վայելել աշնանային Տավուշը և սահյանական պոեզիան։ Համո Սահյան․ «գլուխ չեմ հանում»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութի կադրերը Բերդի տարածաշրջանից են։ Երաժշտությունը՝ Տիգրան Համասյանի։


ԳԼՈՒԽ ՉԵՄ ՀԱՆՈՒՄ

 

Ես իմ օրերից գլուխ չեմ հանում,

Ջոկել չի լինում էլ ճիշտը ստից…

Սառնամանիքին ձյունի պես հալվում,

Շոգ ու կրակին դողում եմ ցրտից։

Գլուխ չեմ հանում… իմ անտեր գլխից,

Էն գլխից է, որ գլուխ չեմ հանում.

Չի զանազանում նա մուխը ծխից

Եվ բախտը գաղթից չի զանազանում։

Գլուխ չեմ հանում նաև իմ սրտից…

Տեղավորում է տիզերքն իր մեջ,

Նեղվում է, սակայն, փոքրիկ մի ստից

Եվ մռնչում է տիեզերքով մեկ։

Չգիտեմ ինչու գլուխ չեմ հանում

Ոչ սիրուց, ոչ էլ ատելությունից,

Տերերից, որ դեռ սուտն են խթանում,

Եվ այս տիրական անտերությունից։

Բախտը բաշխում են դեռ հին շերեփով,

Իսկ նորով, միայն հույսն են բաժանաում,

Ննջում են լույսերն օրը ցերեկով,

Ու ոչ մի բանից գլուխ չեմ հանում։

Շատ եմ հոգնած և գլուխ չեմ հանում,

Թե ինչու եմ ես թափառում ոտքով

Եվ ինչու եմ ձեր գլուխը տանում

Հազար անգամ ձեր լսած աղոթքով։






Սպիտակ խաչքար, թոնիր, հարթակ․ Տավուշի կյանքի ու կենցաղի մասին պատմող գտածոներ՝ Տավուշ ամրոցում

2022 թվականի  պեղաշրջանի ընթացքում բացի բուն միջնաբերդի տարածքում կատարվող պեղումներից, հնագետները աշխատել են նաև  դեպի   միջնաբերդ բարձրացող արահետի տարբեր մասերում՝ բացահայտելու ամրոց տանող  հին ճանապարհը ։

Տիգրան Ալեքսանյան Արշավախմբի ղեկավարՊեղումների, մաքրման աշխատանքների  արդյունքում հայտնի  դարձավ, որ միջնաբերդ բարձրացող հին ճանապարհը եղել է ներկայիս կածանի տեղում, որի տարբեր մասերում կառուցվել են հենապատեր: Դրանից վերև՝ աջ և ձախ կողմերում, հայտնաբերվել  են հատվածական պահպանված պատերի մնացորդներ:

Պեղումները բացահայտում են Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության մեջ կառուցապատման սկզբունքները, որոնք պաշտպանել են միջնաբերդը հարձակումներից, թշնամին անմիջապես չի  մտել  միջնաբերդ,  այլ  հայտնվել  է պարիսպներով շրջափակված մի տարածքում, որտեղ բոլոր կողմերից ընկել  է ամրոցի պաշտպանների հարվածի տակ։

 

Տավուշ ամրոցի պեղումներից հայտնաբերվել են՝ քարե  գործիքներ, սպիտակ խաչքար, թոնիր, հացահատիկը մանրացնելու հարթակ, իրեր,  որոնք պատկերացում են տալիս  և հիմնավորում են   գրավոր փաստերը միջնադարյան Տավուշի կյանքի ու կենցաղի մասին։

 

 

 

Տավուշ ամրոցում երրորդ տարին է ընթանում են հնագիտական պեղումներ՝ ի հայտ բերելով միջնադարյան կառույցի ճարտարապետական  մանրամասները:  Բերդի հիմնադրման ստույգ թիվը հայտնի չէ, առաջին հիշատակումը ուղիղ  1100 տարի առաջ է 921թ․, որը հայտնի է դառնում  Հովհաննես Դրասխանակերտցու  «Հայոց պատմությունից»։




Վերաբացվել է Կոթիի Մշակույթի կենտրոնի գեղարվեստի դասասենյակը

«Տարածքը ևս մեկ անգամ վերածնունդ առավ մեր երեխաների համար՝ որպես մշակույթի հետ կապված լավ օջախ»․ նոյեմբերի 11-ին Կոթի գյուղի Մշակույթի կենտրոնում վերաբացվեց գեղարվեստի դասասենյակը։

Նորաբաց դասասենյակում սովորելու և իրենց հմտությունները կատարելագործելու հնարավորություն են ունենալու 35-ից ավելի սաներ։

Մանրամասները պատմում է մեր թղթակից Հրանուշ Անանյանը:






Մի սիրո պատմություն՝ համեմված գյուղական առօրյայով․ Գոհար Քոսակյան

Այսուհետ մեր սիրելի գործընկերների թիմին է միանում Տավուշի ամենահայտնի վլոգերներից մեկը՝ Գոհար Քոսակյանը․ նրա «Շամշադինի համը» վլոգը, վստահ ենք, շատերիդ սիրելին է։ 

Մասնագիտությամբ հաշվապահ և երկու երեխայի մայր Գոհարն արդեն երկու տարի է, որ իր հարազատ Իծաքար գյուղում զբաղվում է վլոգերությամբ՝ այս կերպ փորձելով նոր կյանք տալ տավուշյան ավանդույթներին ու սովորույթներին։

Գոհարի հեղինակած այսօրվա տեսանյութը 60-ամյա Հասմիկ Չիլինգարյանի ու 59-ամյա Գագիկ Պետրոսյանի սիրո պատմությունն է։

Հասմիկն ու Գագիկը իրար սիրել են դեռ դպրոցական նստարանից․ նրանց սերը շատ փորձությունների է ենթարկվել, սակայն պատմության հերոսները շարունակում են պնդել, որ կյանքում ամենակարևոր բանը սերն է…






Մեր բարբառն ու բարքերը․ Նգյարան թողարկում

3…2…1… Կամ՝ ինչպես մեզ մոտ հայտնի խաղում են ասում սկսելուց առաջ՝ «ի-նա-չի-լի»․ «Մեր բարբառն ու բարքերը» հաղորդաշարի հերթական թողարկումն է մեր եթերում։ 

Իջևանյան լեգենդար հոգեվիճակներից է «նգյարան մեռնիլը»։ Ա՛յ, օրինակ՝ հրևանի աղջկա ծեռը էկել են ուզիլու ու պա՜հ՝ հրևաննին մի ոտն առաջ արդեն իրարով են հընցել՝ քիմ են, կյալի, որ մի պյան տենան՝ ովքեր են կյալի, որդի են կյալի ու ինչ են պիրըմ հետերնուն։ 

Չեք հավատա, բայց ճիշտ նույն կերպ էլ մենք ենք «նգյարան մեռնըմ» ցանկացած թողարկում հրապարակելուց հետո՝ տեսնենք՝ ի՞նչ կասեք, կհավանե՞ք։ Այնպես որ, գրե՛ք ձեր կարծիքները մեկնաբանություններում՝ իմանանք։ 

Ու դե, էլ չերկարացնենք․ մեր, ձեր՝ բոլորիս բարբառի, բարքերի, կենցաղավարության, լավ ու վատ «ղոլերի» մասին, ամենակարևորը՝ ժպիտով, Տավուշ TV-ի եթերից կրկին պատմում է Հրանտ Ղազումյանը։






Տավուշի մարզպետարանում կայացավ Լիլիթ Չիբուխչյանի երեք գրքերի շնորհանդեսը

«Գթության մայր» միջազգային միության նախագահ Լիլիթ Չիբուխչյանի  գրած գրքերը կրկին Տավուշի մարզը միավորել էին մեկ հարկի տակ։ Լույս տեսած 3 նոր գրքերում ներկայաված են 44-օրյա պատերազմում նահատակված տղաների կյանքի պատմությունը, նրանց մարտական ուղին ու սխրագործությունները: Նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցան Լիլիթ Չիբուխչյանի «Պահիր վերջին փամփուշը, որդիս», «Սիրո ուժը, երկինք, երկիր» և  «Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք» գրքերի շնորհանդեսները:

«Պահիր վերջին փամփուշը, որդիս» վերնագրով  գիրքը նվիրվում է բոլոր հերոսածին մայրերին: Այս միջոցով հեղինակն իր երախտագիտությունն ու խոնարհման խոսքն է հղում բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի համար դաստիարակեցին նվիրյալ զավակներ: 

«Պատիվ.. Հայրենիք, որ չծնկի սերունդս գալիք»․ այս վերնագրով գիրքը պատմում է մեր անմահացած տղերքի՝ նրանց կյանքի ու հերոսությունների, երազանքների ու նպատակների մասին, իսկ «Սիրո ուժը, երկինք, երկիր» գիրքը հերոսների կանանց` այրիների մասին է:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան Իջևանի երաժշտական միջնակարգ դպրոցի սաները, «M» պարային համույթը և ԵՊՀ ԻՄ ուսանողները:

Միջոցառման վերջում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած տղաների ծնողներին «Գթության մայր» Միջազգային միության կողմից հանձնվեցին գրքերից օրինակներ, պատվոգրեր ու մեդալներ: 






Պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները․ ինչպե՞ս առերեսվել. հարցազրույց

Պատերազմական իրավիճակի ազդեցության, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, հոգեկան առողջության խնդիրները հաղթահարելու ձևերի, առաջին հոգեբանական աջակցության և այլ հարցերի մասին մեր տաղավարում զրուցում ենք հոգեբույժ Արմեն Սողոյանի և հոգեբան Արմեն Բեջանյանի հետ։

2021 թվականից սկսած Տավուշի մարզում հասանելի է անվճար հոգեբանական խորհրդատվություն պատերազմի հետևանքով տուժած բոլոր անձանց համար։

Արդեն իսկ իրականացվել է 1940 այցելություն, մոտ 100 հոգեբան 250 ժամ վերապատրաստում է անցել, հոգեբանական աջակցություն է ստացել 84 դպրոցահասակ ու 356 հաշմանդամություն ունեցող երեխա։ Ծրագրի շնորհիվ 200-ից ավելի ուղղակի շահառուների համար դյուրացվել է վերաինտեգրումը հասարակություն և մուտքն աշխատաշուկա։

ԱՆՎՃԱՐ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՈՒ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՏԱՎՈՒՇՈՒՄ

Դիլիջան

Ինգա Վատինյան, հոգեբան

Բջջային 098 300 847

Ժաննա Քոչարյան, հոգեբան

Բջջային 094 624 122

Լիլիա Պողոսյան, հոգեբույժ

Բջջային 094 747 778

Իջևան

Անուշ Մարալչյան, հոգեբան

Բջջային 093 440 540

Անի Մելքումյան, հոգեբան

Բջջային 093 745 818

Գայանե Բաբլումյան, հոգեբույժ

Բջջային 094 686 262

Նոյեմբերյան

Քրիստինե Վարդանյան, հոգեբան

Բջջային 094 443 747

Բերդ

Վարդուհի Միրզոյան, հոգեբան 

Բջջային 094 767 973

Սույն ծրագիրն իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորում է Եվրոպական միությունը և իրականացնում է  ՆԵՖ Բելգիան՝ գործընկերությամբ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի:

 






Իջևանում տնտեսական զարգացման և նորարարության խթանման ճանապարհին․ տեղի ունեցավ «ԻննոԻջևան» նախագծի բութքեմփի բացումը

Նոյեմբերի 1-ին «Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» ծրագրով նախատեսված բութքեմփի պաշտոնական բացման արարողությունն էր։ Միջոցառումը մեկնարկեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում: Բացման խոսքերով  հանդես եկան ՀՀ-ում ԵՄ Համագործակցության բաժնի ղեկավար  Ֆրենկ Հեսը և ծրագիրը իրականացնող կառույցների ներկայացուցիչները: Ներկաներին ներկայացվել են նաև ծրագրի շրջանակում ստեղծված նախագծերը ու կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակներում Իջևանում այս սեպտեմբերին մեկնարկեց «Իրական դպրոց» կրթական ծրագիրը:

«Իրական դպրոցը» գործում է արդեն 2 ամիս: Այն աշակերտներին տալիս է մասնագիտական վերապատրաստման հնարավորություններ՝ վարժանքների, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և կոշտ ու փափուկ հմտությունների զարգացման միջոցով:

Բութքեմփի բացումից հետո տեղի ունեցավ Իջեւան համայնքում փորձարկվող համայնքային կառավարման մոդելի ներկայացումը, որը միտված է խթանելու տեղական տնտեսական զարգացմանը: Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները ներկայացվեցին Իջևան համայնքապետարանի աշխատակիցներին, բնակավայրերի վարչական ղեկավարներին:

Ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունները ներկայացվեց Իջևան համայնքապետարանի աշխատակիցներին,  բնակավայրերի վարչական ղեկավարներին:

«Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում ՝ պետություն – մասնավոր համագործակցության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» նախագիծն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, CoWo ընկերության և Իջևանի համայնքապետարանի համատեղ ջանքերով։ Նախագծի նպատակն է Իջևանում խթանել տնտեսական զարգացումն ու նորարարությունը՝ պետություն-մասնավոր համագործակացության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից։






Տեղեկատվական դիմակայունություն և մեդիագրագիտություն․ Քննարկում Տավուշ TV-ի եթերում

fake information

Մեդիագրագիտության, տեղեկատվական հոսքերի, ապատեղեկատվության և առնչվող թեմաների շուրջ զրուցում ենք Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանի և «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» կազմակերպության մեդիա փորձագետ Արմեն Սարգսյանի հետ։

Քննարկմանը մասնակցում են նաև #ՏավուշՄեդիա-յի աշխատակազմն ու երիտասարդ թղթակիցները։