Տավուշում բացվեց Պատրիկ Տէվէճյանի անվան տարածաշրջանային պետական քոլեջը

Տավուշում բացվեց Պատրիկ Տէվէճյանի անվան տարածաշրջանային պետական քոլեջը, որտեղ ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ:

Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը պաշտոնական այցով Տավուշի մարզում էր: Նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած պատվիրակության այցի գլխավոր նպատակը Պատրիկ Տէվէճյանի անվան Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի բացումն էր: Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ Ֆրանսիայի պատվիրակության անդամները շրջայց կատարեցին քոլեջում՝ մանրամասն ծանոթանալով կատարված աշխատանքներին:

Սա ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի առաջին պաշտոնական այցն էր Տավուշի մարզ: Դեսպանն ուրախությամբ նշում է, որ այս համագործակցությունը գյուղատնտեսությունն ու կրթությունը զարգացնելու նպատակ ունի։ Այս 2 կարևոր ոլորտները հնարավորություն են տալու նպաստել Տավուշի առաջխաղացմանը:

Քոլեջը կրում է ֆրանսահայ քաղաքական ու պետական գործիչ Պատրիկ Տէվէճյանի անունը: Տավուշի մարզպետի խոսքով՝ հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման, և հատկապես՝ Տավուշ-Օը-դը-Սեն համագործակցության հաստատման գործում Պատրիկ Տէվէճյանը անգնահատելի մեծ դեր է ունեցել։

Կրթահամալիրում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումը կիրականացվի ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, սակայն կկիրառվեն նաև ֆրանսիայում գործող ուսուցման մեթոդներ: Կրթահամալիրի ուսանողների համար որպես ուսումնական բազա է  ծառայելու Լուսաձոր գյուղում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը:

Շրջայցից հետո հյուրերը պատասխանել են լրագողների  ու ոսանողների հարցերին:

Հիշեցնենք, որ 2021 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» միջև կնքվել էր ագրոտնտեսական կրթության, մասնագիտական ուսուցման և գիտելիքների տարածման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում էր Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպել հիմնադրամի՝ գործնական ուսուցման կենտրոնի ֆրանսիական մոդելի կիրառմամբ:






Իջևանում կայացավ արագ շախմատի մանկապատանեկան միջմարզային առաջնություն

Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությամբ հոկտեմբերի 29-ին Իջևան քաղաքում կայացավ «Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղի գավաթ – 2022» խորագրով արագ շախմատի մանկապաատնեկան առաջնություն։

Առաջնությանը մասնակցում էին 80 դպրոցական Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներից, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան համայնքներից և Գեղարքունիքի մարզից։

Մինչ առաջնության մեկնարկը շախմատի ակադեմիայի ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրեց շախմատի առաջնության կանոնակարգը և դիտարժան ու հետաքրքիր խաղ մաղթեց։ Մրցաշարին մասնակցեցին մինչև 16 տարեկան պատանիներն ու աղջիկները։

Կազմակերպիչները նշում են, որ նման մրցաշարերին մասնակցությունը նաև փորձի ձեռքբերում է՝ հետագայում ավելի լայնամասշտաբ առաջնություններին լավագույնս ներկայանալու համար։

Մրցաշարի կայացմանն աջակցել են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցը և Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Ղալթախչյանը։

Մարզիչներն ուրախությամբ նշում են նաև, որ նմանատիպ առաջնությունները շարունակական են լինելու, քանի որ երեխաների հետաքրքրությունը շախմատի հանդեպ տարեցտարի ավելանում է։






Տավուշոտ պոեզիա․ «Դու»․ Պարույր Սևակ

Տավուշոտ պոեզիայով և լավ երաժշտությամբ համեմված աշնանային Տավուշ ենք ձեզ բերել։ Պարույր Սևակ․ «Դու»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Ենոքավանի և Գետահովիտի սարերն են։ 

 

ԴՈՒ 

 

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Դո՛ւ՝

        հասարա՜կ մի դերանուն,

Եվ ընդամենն այդ քո երկո՛ւ հատիկ տառով

Այս բովանդակ աշխարհին ես ինձ տեր անում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես գարնան հողի նման

Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Եվ ահա ես

Երջանկության համն եմ զգում իմ բերանում,

Անջատումին ըմբերանում

Եվ թերանում եմ կատարել հրամանը տառապանքի…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու ես, անգի՛ն,

Ինձանից ինքս վերանում`

Փոշիացած հերոսների

Ու ծնվելիք հանճարների

Դասակին եմ ընկերանում…

Դո՛ւ՝

        երկու տա՜ռ,

Ու երբ հանկարծ

Թողնում ես ինձ ու հեռանում`

Լքված տան պես ճեղք եմ տալիս,

Ծեփըս թափում, անտերանում,

Եվ կսկիծը, ցեցի նման,

Բույն է դնում իմ սյունի մեջ,

Ձեղունի մեջ ու գերանում…

Դո՛ւ`

        երկու տա՜ռ,

Դո՛ւ`

        հասարա՜կ մի դերանուն…






Գյուղական կյանք․ Աշնանային բերքահավաքը Բաղանիսում

Աշունը գյուղում ամբողջ տարվա աշխատանքի պտուղները հավաքելու, պահեստավորելու և վայելելու եղանակն է։

Հասած խաղողի հյութեղ բույրը խառնվում է թարմ ընկույզի, տաք կարտոֆիլի, եգիպտացորենի ու թթուների տեսակ-տեսակ գույն ու բույրերին՝ իսկական աշնան համ ու հոտ ստեղծելով։ 

Գյուղացու երազանքը մեկն է՝ բերքը վայելել խաղաղ պայմաններում․․․

Տեսանյութում սահմանապահ Բաղանիսի աշնանային առօրյան է։

Հեղինակ՝ Վերա Սահակյան։




Աննախադեպ ֆուտբոլային հանդիպում Բերդավանում՝ պապիկների ու թոռնիկների միջև

«Պապը և թոռը»․ սերունդների համերաշխությունը Բերդավանում ՝ աննախադեպ ու ջերմ ֆուտբոլային հանդիպմամբ։

Ֆուտբոլային հանդիպումը կազմակերպել էին Բերդավանի գեղագիտական կենտրոնն ու Բերդավանում գործող «Փյունիկ» ֆուտբոլային թիմը։ Ներկաների խոսքով՝ հանդիպումը հաճելի էմոցիաներ փոխանցեց ոչ միայն խաղացողներին, այլ նաև երկրպագուներին։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, և լավագույն խաղացողները թե՛ պապիկների, թե՛ թոռների թիմերից ստացան պատվոգրեր։

Պատմում է Բերդավանից մեր թղթակից Լիլիթ Դավթյանը։






Այրումի միջնակարգ դպրոցի սաները նշեցին Բերքի տոնը

Հոկտեմբերի 5-ին Այրումի միջնակարգ դպրոցի սաները նշեցին Բերքի տոնը։ 

Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 5-12-րդ դասարանների աշակերտները, ովքեր ներկայացան գեղարվեստական ելույթներով, ինչպես նաև հյուրերին ներկայացրին աշնան բերք ու բարիքով զարդարված սեղանները։

Տեսանյութը՝ Տավուշ Մեդիայի թղթակից Ջուլիետա Խառատյանի։






Գյուղական կյանք․ Խաղողաքաղ․ Աշնան բերքը

Եթե գոնե մեկ անգամ մասնակցել եք գյուղական խաղողաքաղի, կփաստեք, որ այն չափազանց հետաքրքիր, աշխույժ, ինչու ոչ՝ նաև համեղ գործընթաց է։

Խաղողը խորհրդանշում է հարստություն, առատություն և ուրախություն։ Խաղողաքաղին հաջորդում է խաղողի ճզմումը, հյութի առանձնացումը և մաճառի վայլելումը:

Տեսանյութը՝ Արծվաբերդից մեր թղթակից Լաուրա Դուրյանի




«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ համերգը Բերդում

Օգոստոսի 24-ին Բերդի համայնքային մշակույթի տանը կայացավ «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի ամփոփիչ, հաշվետու համերգը: Համերգը մեկնարկել է Բերդ համայնքի Արծվաբերդ, Վերին Կարմիրաղբյուր, Տավուշ գյուղերից։

Հանդիսատեսներըը համույթի ելույթի ընթացքում ունկնդրեցին և վայելեցին հայկական, ազգային, ժողովրդական և աշուղական երաժշտություն ու երգեր:

«Ժողովրդական երգարվեստը և պարարվեստը տավուշյան արմատներում սերմանված են, և այն սերնդեսերունդ կրում ենք և պարտավոր ենք կրել»,- իր ելույթում նշում է «Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթի համահիմնադիր Արմեն Մելիքյանը:

«Մեղեդի վոկալ» ժողգործիքային համույթը ստեղծվել է «Բերդ մշակույթի կենտրոն» մշակութային ՀԿ-ի կողմից՝  Բերդի համայնքային մշակույթի տան և ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Համույթի նպատակն է տարածել և հանրահռչակել հայկական, ազգային, ժողովրդական  երգարվեստը: Այն նպատակ ունի նաև ժողովրդական երգի միջոցով նպաստել սերդունդների միջև համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, և այդ նպատակով է, որ  համույթի կազմում ներգրավված են Բերդ համայնքի և շրջանի բնակավայրերի տարբեր սերունդների ներկայացուցիչներ:






«Հյուն»․ ծաղկային հիմքով ձեռագործ օճառներ` պատրաստված սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում

Հոկտեմբերի 15-ից սկսած Տավուշ TV-ն առաջարկում է մեկ ամիս շարունակ ներկայացնել սահմանամերձ շրջաններում գործող բիզնեսների գովազդը մեր եթերում և կայքում՝ լիովին անվճար։  Գովազդային տեսանյութի բացակայության դեպքում Տավուշ TV-ի թիմը կաջակցի այն պատրաստելու հարցում: Մեզ դիմել էին սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցահասակ երեխանները, ովքեր հիմնել են ծաղկային հիմքով բնական և ձեռագործ օճառների բիզնես և զբաղվում են օճառների արտադրությամբ:

Արտադրություն սկսկելու միտքը երեխաների մոտ առաջացել է 2 տարի առաջ, երբ իրենց ուսուցչուհու հետ բարձրացել էին մոտակա սար՝ ուսումանսիրություններ կատարելու։ Պատմում են, որ այնտեղ շատ գեղեցիկ ծաղիկներ կային և իրենք սկսել են մտածել, թե ինչ կարող են անել, այդ ծաղիկների կյանքը երկարացնելու համար։ Հենց այս մտահղացումից սկսվեց ծաղկային հիմքով բնական օճառների արտադրությունը: Արտադրությունը բարբառով անվանել են «Հյուն» անվանումը պատահական չէ ընտրված՝ աղջիկների համար հոն ծառատեսակի ծաղիկն ամենագեղեցիկն է:

Աղջիկները օճառները գունավորում ու պատկերավորում են՝ կյանք տալով իրենց մտքերին: «Երազնաք» անվանումն ունեցող օճառի գույները, օրինակ, իրենց երազանքի գույներ են:

Ստեղծագործող և արարող դպրոցականները վստահեցնում են, որ մեծ ներուժով շարունակելու են իրենց աշխատանքը՝ լավագույնս ներկայանալով իրենց վստահող հաճախորդներին:

Իսկ Տավուշ Մեդիան շարունակում է աջակցել Տավուշ աշխարհի սահմանամերձ բիզնեսներին: Եթե չունեք գովազդային տեսանյութ, ապա մենք կաջակցենք Ձեզ պատրաստել այն և 1 ամիս շարունակ ներկայացնել ձեր սահմանամերձ բիզնեսի գովազդը մեր եթերում և կայքում՝ լիովին անվճար։ Շտապե՛ք դիմել:






Հեքիաթներ տավուշյան բարբառով․ Արդար կնիկն ու հալալ զավակը

Ժողովրդական հեքիաթն, անկասկած, կարող է դառնալ երեկոյի լավագույն ուղեկիցը թե՛ փոքրերի, թե՛ մեծերի համար։

Մեր հեռուստադիտողներին հրավիրում ենք միասին վայելելու Տավուշի բարբառով հերթական հեքիաթը․ այս անգամ՝ Նոյեմբերյանի խոսվածքով։

Արդար կնիկն ու հալալ զավակը․ կարդում է Արթուր Մուսայելյանը։