Իջևանից մինչեւ Ֆրանսիա, երգչից մինչև դիզայներ․ Միքայելն ընդդեմ կարծրատիպերի
Իջևանից մինչև Ֆրանսիա, երգչից մինչև դիզայներ. սա Միքայել Սիմոնյանի ճանապարհն է իր մասնագիտական ու աշխարհագրական կողմնորոշումներով։ Միքայելը կամ, ինչպես իրեն հաճախ դիմում են, Միշան ծնունդով Իջևանից է, կարծրատիպեր կոտրել ու գնալ սեփական որոշման հետևից սկսել է դեռ մանկուց։ Միշան հենաշարժողական խնդիր ունի, և դեռ մանկուց հասակակիցների հայացքներն ու երբեմն հարցերը իրեն սովորեցրել են լինել ուժեղ ու առավել նպատակասլաց։
«Եթե չունես ներքին ընկալում, այսինքն՝ չես ճանաչում ու ընդունում ինքդ քեզ, մարդկանց կարծիքները կարող են անիրական պատկերացումներ տան ինքդ քո մասին։ Երբ ես փոքր էի՝ 4-6 տարեկան, հիշում եմ՝ հասակակիցներիս հարցերն ու հետաքրքրությունը կոմպլեքսներ էին ստեղծում այդ տարիքում, ես ինձ տարբեր էի զգում իրենցից. երևի այդպես է՝ մինչև մարդուն չես ասում իր՝ «ոչ սովորական» լինելու մասին, ինքն այդ ուղղությամբ չի էլ մտածում։ Կոմպլեքսները առավել կարծրանում են հասարակության կողմից ցուցաբերվող ավելորդ խղճահարության, նաև անհասկանալի էմոցիաների արդյունքում: Կյանքի որակը ևս ազդում է ինքնագնահատականի վրա, օրինակ՝ չունենալ հասանելիություն տրանսպորտի կամ շատ այլ բաների, որոնք մյուսների համար սովորական են»,-նշում է Միքայելը։
Հասարակական ոլորտը սկզբնակետերից է եղել, որտեղից էլ սկսել է բացահայտել աշխարհն ու ինքն իրեն. նշում է Միքայելը։ Սկսել է երգարվեստով զբաղվել ու մասնակցել փառատոնների՝ այսպիսով կոտրելով հարազատ քաղաքում՝ Իջևանում եղած կարծրատիպերը։
Լուսանկարում երգողը Միքայել է միջազգային բեմում։
«Մարդիկ տեսնում էին հենաշարժողական խնդրով երեխայի, իսկ մյուս կողմից մարդը, որը կարող է երգել, այսինքն՝ մարդուն նոր կարողությամբ։ Չնայած իմ բնավորությունն է հենց այդպիսին. ես պետք է միշտ բեմում՝ ուշադրության կենտրոնում լինեմ կամ ինչ-որ արվեստի ճյուղով զբաղվեմ, ստեղծեմ ինչ-որ նոր բան։ Հանրային ելույթները ևս այս ամենի անբաժանելի մասն են կազմել, ես դեռ 15-16 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի երկրից դուրս միջազգային կոնֆերանսի ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված երեխաների իրավունքները թեմայով, որտեղ պետք է ներկայացնեի իմ իրավունքներն ու խոսեի իմ մասին»:
Ինչպես ինքն է նշում՝ բոլոր այն կազմակերպությունները, որտեղ պետք էր խոսել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու կարծրատիպերի դեմ պայքարի մասին, ուրեմն, Միքայելն այնտեղ էր։ Բայց այս ամենն իրականություն դարձնելը առավել բարդ է լինում, եթե չկա աջակցություն ընտանիքի կողմից. նշում է Միքայելը։
«Ինձ թվում է՝ հենց ամենակարևոր ու դրական ազդեցություններից մեկը հենց ընտանիքում եղածն է։ Ես նաև երկու ավագ քույր ունեմ, նրանցից մեկը հիմա ներառական ոլորտում է աշխատում։ Կարծրատիպային ու սահմանափակ մտածելակերպը երբեք մեր ընտանիքում չի եղել, որ այս կամ այն բանը դու չես կարող անել, ինձ վերաբերվել են ինչպես հավասարը հավասարին։ Նույնիսկ երբ ես 11 տարեկանում առաջին անգամ ստացա հրավեր Ավստրիա գնալու, շատ ծնողների համար, անկախ նրանից, երեխան հաշմանդամություն ունի թե ոչ, ճանապարհել օտար երկիր շատ մեծ խնդիր է։ Նույնիսկ այդ տարիքում ծնողներիս ու իմ մեջ եղած վստահությունը թույլ տվեց ինձ շրջագայել Հայաստանից դուրս։ Իրենց վստահությունը ինձ շատ օգնեց, սովորեցրեց անկախ ու ինքնուրույն լինել։ Օգնություն, իհարկե, բոլորին ու տարբեր տարիքում պետք է, բայց պետք չէ հույս դնել ինչ-որ մեկի վրա ու կախվածություն ունենալ նրանից»:
Փոքր տարիքից անկախ՝ ապրելու փորձը Միքայելին 16 տարեկանում տանում է դեպի միջազգային դպրոց, հետո կրկին հայրենիքի սահմաններից դուրս։ ԱՄՆ-ում սովորում է արվեստի բաժնում չորս տարի և հետ վերադառնում Հայաստան, հիմնում նորաձևության առցանց հարթակը՝ «mischashop.com»-ը։ Դե իսկ, հաջորդ կանգառը աշխարհին հայտնի նորաձևության կենտրոն Ֆրանսիան ու սիրո մայրաքաղաք Փարիզն է, որը թեև դժվարություններով, բայց գրկաբաց է ընդունում Միքայելին, որտեղ էլ իր բրենդը՝ «MISCHA APHRODISIAC»-ը նոր կյանք է ստանում։
«Ես երբեք ինձ չեմ սահմանափակում միայն երգելով, նկարելով կամ ինչ- որ այլ բանով. Կարևորը ստեղծագործելն է, իսկ դա ես կարող եմ. այն ինձ էներգիա է տալիս, ու ես դրանից հաճույք եմ ստանում։ Ֆրանսիայում՝ իմ փոքրիկ աշխատասենյակում, մոդելավորեցի ու կարեցի նոր «Omission»-ը՝ 20 կտորից բաղկացած հավաքածուն։ Այստեղ հայելիներով դահլիճ կար, խնդրեցի տրամադրել ցուցադրության համար, և ոչ մի հավելյալ գովազդ այդ մասին, ընդամենը մեկ համեստ պաստառ ունեի։ Երբ դեռ հետնաբեմում մոդելներին էին պատրաստում ներկայանալուն, ընկերներից մեկը մոտեցավ ու ասաց՝ դու չես պատկերացնում ինչ է կատարվում այնտեղ՝ դահլիճում։ Երբ դուրս եկա, տեսա դահլիճը լեփ-լեցուն էր, 300 տեղ ունեցող դահլիճում արդեն տեղ չկար, իսկ դրսում 100-ից ավելի մարդիկ կային, որոնք չէին կարողանում ներս մտնել»,- նշում է Միքայելն ու համեստորեն պատճառաբանում, թե դա այն պատճառով էր, որ Ֆրանսիայում բոլորն են տրված նորաձևության մոլուցքով։
Իր խոսքով՝ այն պատկերացումները, թե Եվրոպան շատ ներառական է, հարկ է նշել, որ նորաձևություն մուտք գործել, ունենալով հաշմանդամություն, այդքան էլ հեշտ չէ, քանի որ այս ոլորտում ամեն ինչ հիմնված է չակերտավոր, ֆանտաստիկ ստանդարտների ու կատարելության վրա, որն իրականում գոյություն չունի։
Ամփոփելով զրույցը՝ Միքայելին հարցնում եմ , թե ի՞նչ խորհուրդ կտա հասարակությանն ու բոլոր այն մարդկանց, որոնք ունեն հաշմանդամություն ու կամա թե ակամա անցնելու են, եթե ոչ գրեթե նույն, գոնե նման ճանապարհով։
Ֆրանսիա, Փարիզ։ Լուսանկարում Միքայելի մոդելավորած հագուստների ցուցադրությունն է
«Հաշմանդամություն ունեցողն էլ, չունեցողն էլ պետք է հասկանա, որ մենք նույն մարդիկն ենք ու ունենք նույն ապրելու, երազելու, սովորելու ու երջանիկ լինելու իրավունքը, այսինքն՝ մենք տարբեր մոլորակներից չենք, և տեղափոխվելով Ֆրանսիա ու շարունակելով հաղթահարել տարբեր դժվարություններ՝ ես ունեմ մեկ կարգախոս՝ ես ընտրում եմ ինքս»։
Ընտանիքի կողմից աջակցությունը, Միքայելի ունեցած նպատակասլացությունը և կամքը այս հաջողված պատմության հիմքն ու կոտրվող կարծրատիպերի գրավականն են, ինչն էլ հույս է հայտնում, որ մի օր հասարակության կողմից ստեղծված կարծրատիպերի բուրգը կփլուզվի։
Կառավարությունը կապահովի մարզերում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերի իրականացումը
Կառավարությունն ընդունել է որոշում՝ ՀՀ մարզերում անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի, ինչպես նաև գույքի և բժշկական սարքավորումների ձեռքբերմանը վերաբերող կրթության, սպորտի և առողջապահության ոլորտներին առնչվող ծրագրերի իրականացմամբ պայմանավորված:
Ըստ այդմ՝ առաջարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 2022 թ. պետբյուջեից 707,427.4 հազ. դրամը վերաբաշխել և ուղղել 6 մարզերին:
Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի բժշկական հաստատությունների համար նախատեսվում է ձեռք բերել շուրջ 482.8 մլն դրամի բժշկական սարքավորումներ: Նախատեսվում է իրականացնել Տավուշի մարզի Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի ադմինիստրատիվ մասի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ;
«Այբ» կրթական հիմնադրամը՝ UNICEF Armenia – Յունիսեֆ Հայաստան-ի հետ համատեղ իրականացնում է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր ծրագիր
Նախագծային ուսուցում․ մեկնարկում է ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիրը
Հայաստանի 6 մարզի 33 համայնքում մեկնարկում է 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացման ծրագիր։ Դրա նպատակն է ուսուցիչներին ծանոթացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին և այդ թեմայի շուրջ ուսումնական նախագծային աշխատանքի կազմակերպման ողջ գործընթացին։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է ամբողջովին յուրացնելու նախագծային ուսուցումը, որը, ըստ հանրակրթական պետական չափորոշչի, 2023 թ.-ից դառնալու է ուսուցիչների աշխատանքի հիմնական բաղադրիչներից մեկը։ Ծրագրի շնորհիվ ուսուցիչները հնարավորություն կունենան նաև փորձառու մենտորների աջակցությամբ աշակերտների հետ մշակելու և իրագործելու իրենց իսկ համայնքների կլիմայական խնդիրների լուծմանը միտված նախագծեր։ Արդյունքում ուսուցիչները համապատասխան նախագծով կկարողանան մասնակցել միջհամայնքային մրցույթի և հաղթելու դեպքում ստանալ աջակցություն՝ կյանքի կոչելու նախագիծը:
Մասնակցող մարզերն են՝ Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ, Լոռի, Շիրակ և Գեղարքունիք։ Համայնքների ցանկը և գրանցման լինկը գտնել այստեղ։
Ծրագիրը համատեղ իրականացնում են «Այբ» կրթական հիմնադրամը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Հանդիպում՝ «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում
Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ-ի և Տավուշ Մեդիայի կողմից իրականցվող «Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի շրջանակում դեկտեմբերի 14-ին կայացավ հանդիպում Իջևանում գործող քաղհասարակության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն էր` բնակչության խոցելի խմբերին աջակցություն ցուցաբերող պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ վերհանել խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները: Մասնակիցներին ողջունեց և ծրագրի կարևորության մասին խոսեց Արտակարգ Ալիք տեղեկատվական ՀԿ և Տավուշ Մեդիայի խորհրդի նախագահ Նիկոլայ Գրիգորյանը: Ներկա գտնվող հասարակական կառույցների ներկայացուցիչները՝ ովքեր Կանաչ ու Դիմակայուն Տավուշ կոալիցիայի անդամներից են, ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին կատարված ու կատարվելիք աշխատանքների մասին: Հանդիպմանն նաև վեր հանվեց խոցելի խմբերի հիմնական խնդիրներն ու կարիքները:
«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագրի նպատակն է Տավուշի մարզում 2020թ․պատերազմից և Քովիդ 19 համավարակից տուժածներին աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների և նրանց գործունեության և թիրախային խմբերի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը։ Հանդիպումներ իրականացվելու է պետական, միջազգային, մասնավոր և հասարակական կազմակերպությունների հետ: Հադիպումները կազմակերպվելու են Տավուշի մարզի բոլոր համայնքներում:
«Բարոյահոգեբանական դիմակայուն Տավուշ» ծրագիրը իրականացվում է «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայացած սամբոյի երիտասարդների միջազգային մրցաշարում Իջևանի մարզադպրոցի սան Նարեկ Ամիրյանը գրավել է առաջին տեղ։
Մարզիչներ՝ Շահեն Օհանյան, Սարմեն Ամիրյան։
Ձմռան գալուստը Տավուշ․ Ջուջևան
Ձմռան գալուստը Տավուշ․ Եղիշե Պետրոսյանի տեսանյութը
Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ․ Կողբա գինիներ
Գինին հպարտ է, կամակոր ու ազնիվ, երբեմն` չափից դուրս համարձակ, իսկ Կողբի գինիները նաև խիզախ են ու անկոտրում: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում շուրջ 40 տարվա գինեգործական փորձ ոունեցող Գագիկ Աղաբաբյանին ոչ միյան սերն է ձգում այս ըմպելիքի հանդեպ, այլև ամենակարևորը՝ անսահման սերն ու հավատը Հայրենիքի և նրա ուժեղ ու անկախ ապագայի նկատմամբ:
«Կանչ գյուղ» ձեռնարկությունը ներկայացնում է Կողբա գինիները: Խաղողի էնդեմիկ տեսակներից պատրաստված գինիների ստեղծման նպատակը նաև դրանց պահպանումն ու զարգացումն է:
«Կողբա գինիներ» բրենդի հեղինակ Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ գինեգործ դարձել է 5 տարեկան հասակում, երբ առաջին անգամ գինի է համտեսել Բերդավան գյուղի գինու գործարանում: Երկար տարիներ աշխատելով Իջևանի, Բերդավանի, նաև՝ արտերկրում գործող գործարաններում՝ մտածեց, որ սեփական բոլոր գաղափարները կյանքի կոչելու համար պիտի ունենա սեփական գործարանը:
Կողբա գինիները պատրաստվում են էնդեմիկ խաղողից․ այս պահին արտադրվում է շուրջ 13 տեսակի գինի՝ Կողբա լալվարի, Կողբա կիսաչոր ու չոր սպիտակ, Կողբա կարմիր, Կողբա չոր ու կիսաչոր վարդագույն։ Գործարանում աշխատում են տեղացիիները՝ Բերդավան, Կողբ գյուղերից ու Նոյեմբերյան քաղաքից: Ընդհանուր առմամբ, ձեռնարկությունն աշխատում է շուրջ 60 տնտեսության հետ:
Վերջերս բացվեց նաև Կողբա գինիների գինետունը։ Գինետան յուրահատկությունն այն է, որ հաճախորդը կարող է գինի համտեսել, այնուհետև միայն գնել այն:
Հեռանկարների վերաբերյալ հարցին ի պատասխան Գագիկ Աղաբաբյանն առաջարկում է խմել տարածաշրջանի և սահմանին ապրող բնակիչների կենացը․ առաջնահերթ հեռանկարը գյուղացիներին տեղում ամրապնդելն է՝ «մեր սահմանը մենք ենք» կարգախոսով:
Կատարվում է աշխատանք արտադրանքը նաև Եվրոպա և Ռուսաստան արտահանելու ուղղությամբ: Վերջերս նաև ստեղծել են սև կոնյակ, որն առաջինն է Հայաստանում:
«Կանչ գյուղ» ձեռնարկությունում վստահ են՝ անհավատալի պատմությամբ և գեղեցիկ ավանդույթներով լի Հայաստանի արտակարգ բնությունը կարող է ստեղծել միայն կախարդական գինի: Նրանք իրենց գործով ապացուցում են, որ մեր երկրում գինեգործության անցյալը չեն, այլ՝ ապագան:
Օղի թորողները․ ավանդական օղու թորումը Գուրգեն և Անահիտ Եգանյանների ընտանիքում
Պատահեց այնպես, որ մի օր Տավուշ TV-ի մեր ստուդիայի հոսանքն անջատեցին․․․ Դե, մենք էլ որոշեցինք ժամանակ չկորցնել․ ողջ թիմով հավաքվեցինք ու գնացինք տավուշյան ավանդույթներին հյուր։
Գնացել ենք օղի թորելու, իսկ մեզ սիրով իրենց հարկի տակ են հյուրընկալել Գուրգեն և Անահիտ Եգանյանները՝ Ակնաղբյուր գյուղում։
Օղու թորման ավանդական գործընթացը, ինչպես ասում են՝ «Ա-ից մինչև Ֆ»՝ մեր տավուշյան վլոգում։
Աշունը Նոյեմբերյանում
Հրաժեշտ ենք տալիս տավուշյան աշնանը՝ ձմեռային հեքիաթի սպասումով։ Մեր թղթակից Ջուլիետա Խառատյանը պատմում է Նոյեմբերյանի աշնան, եռացող կյանքի ու մարդ-բնություն ներդաշնակության մասին։
«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ»․ տվյալների ցուցահանդես Տավուշի մարզպետարանում
Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում աղքատության, սոցիալական ծառայությունների բյուջետային քաղաքականության վերաբերյալ իրականացված հետազոտությունների արդյունքները դեկտեմբերի 9-ին ներկայացվեցին Տավուշի մարզպետարանում՝ «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսին:
Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» եռամյա ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները` նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքային կազմակերպությունների` աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը: Ծրագիրը հետազոտահեն միջամտություն է, որի նպատակն է մեղմել աղքատության պատճառները և հետևանքները Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում: Ծրագիրը նպատակ ունի նաև, հյուսիսային երեք մարզերի համայնքային փորձը հաշվի առնելով, առաջարկել աղքատության նվազեցմանն ուղղված մոտեցումներ ողջ հանրապետության համար:
Ներկայացվող հետազոտությունները կատարված են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացված «Համայնքային մակարդակում բազմաչափ աղքատությունը Հայաստանում» նախագծի շրջանակներում, որի ընտրության ծավալը թույլ է տալիս հանրապետությունում առաջին անգամ կառուցել բազմաչափ աղքատության ինդեքսը համայնքային մակարդակում:
Ծրագիրն իրականացվում է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան» հիմնադրամի, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» և «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի կողմից:
Դեկտեմբերի 8-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ցուցահանդեսը կայանալու է նաև Վանաձորում, Գյումրիում եւ Երևանում։