ՃՏՊ Նոյեմբերյանում․ «Mitsubishi» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել

ՃՏՊ Նոյեմբերյանում

Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նոյեմբերի 29-րդ փողոցում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Է. Ղ., ծնված 1948 թ.) և «Audi» (վարորդ՝ Ա. Ս.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Նորաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ․ իրազեկում

Տավուշ Նորաշեն

Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Սովորիր ու վաստակիր». աշխատանքի տոնավաճառ Իջևանում

«Սովորիր ու վաստակիր» կարգախոսը հուշում է կարիերայի նոր հնարավորությունների և հեռանկարների մասին: Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրի շրջանակում՝ Երևանի պետական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի հետ գործակցությամբ աշխատանքի մարզային տոնավաճառն անցկացվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Տոնավաճառի նպատակն աջակցելն է Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը:

Աշխատանքի կարիք ունեցող քաղաքացիների ու գործատուների միջև նորարար այս հանդիպումը նախաձեռնել է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը՝ նպաստելու ընտանիքների սոցիալական, տնտեսական ու ֆինասական կայունությանը:

Նախագծի միջազգային գործընկերների կարծիքով՝ աշխատաշուկայում քաղաքացիների մրցունակության բարձրացմանն ուղղված միջոցառումների կարիք կա..:

Տոնավաճառի գործատուների շարքում շուրջ 30 կառույցներ էին՝ տաբեր ոլորտներից. որոնք ներկայացնում էին իրենց կազմակերպությունում առկա և ակնկալվող թափուր հաստիքները:
Տոնավաճառի շրջանակում անցկացվեցին նաև հանրային խոսքի և անձնային բրենդինգի, աշխատանք գտնելու հմտությունների զարգացման դասընթացներ:

«Սովորիր ու վաստակիր» ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի կունենա Երևանում՝ ստեղծելով հնարավորություններ և գործնական աջակցություն այն անձանց համար, ովքեր ուզում են դրական փոփոխություններ բերել իրենց կյանքում։




Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն Իջևանում

Դեկտեմբերի 3-ին աշխարհում նշում են հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Իջևանում «Հույսի կամուրջ» ՀԿ-ն կազմակերպել էր «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով աշխատաժողովը՝ վերստին բարձրացնելով հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ն, «ՈւԵՖԱ-ն երեխաների համար» հիմնադրամի աջակցությամբ, արդեն երկրորդ տարին է, ինչ իրականացնում է սպորտային մի շարք ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին ներգրավվելու ֆիզիկական ակտիվության մեջ և զարգացնելու իրենց հմտությունները։ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ծրագրի շրջանակներում ձևավորված ներառական թիմերը ոչ միայն նպաստել են երեխաների ինքնավստահության բարձրացմանը, այլ նաև առիթ են տվել նոր ընկերներ ձեռք բերելու և կյանքի տարբեր ոլորտներում հավասար հնարավորություններ ունենալու։

Համաժողովի ընթացքում Տավուշի համայնքների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց հաջողության պատմությունները՝ թե ինչպես սպորտային միջոցառումները փոխեցին երեխաների կյանքը՝ սովորեցնելով թիմային աշխատանքի կարևորությունը, նպաստելով սոցիալական հմտությունների զարգացմանը և ավելացնելով նրանց հավատը սեփական ուժերին։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին հանրային ոլորտներում առկա մարտահրավերները և դրանք հաղթահարելու ուղիները։ Իսկ «Հույսի կամուրջը» երեխաններին սպորտի շուրջ կհամախմբի՝ արդեն 2025 թվականին։




Բերդ քաղաքում վրաերթի ենթարկված 70-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Բերդ վրաերթ

Նոյեմբերի 29-ին, ժամը 17.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 70-ամյա Ջիվան Ա.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




«Թատրոն հանուն բարեվարքության»․ նորարարական միջոցներով պայքար՝ կոռուպցիայի դեմ

Բարեվարք հասարակության ձևավորումը կարևոր է՝ կոռուպցիայի դեմ պայքարի և պատասխանատու վարքագծի համար։ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ ԱՄՆ ՄԶԳ-ի «Հայաստան Բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ, սկսել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրը՝ նպաստելու բարեվարք հասարակության ձևավորմանը՝ կոռուպցիայի վերացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել երիտասարդ մշակութային գործիչների և ՀՀ հյուսիսային մարզերի երիտասարդության իրազեկվածությունը կոռուպցիայի և բարեվարքության մասին։ Ծրագրի շրջանակում կլինեն թատերական ներկայացումներ, որոնք ինտերակտիվ ու նորարարական ձևով կբարձրացնեն երիտասարդների գիտակցությունը հակակոռուպցիոն վարքագծի և կոռուպցիայի տարբեր դրսևորումների վերաբերյալ։

Ներկայացումները նախատեսվում է ցուցադրել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում․ դրանցից հերթականը ցուցադրվեց նոյեմբերի 25-ին Հաղարծնի միջնակարգ դպրոցում։ «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագիրը նպատակ ունի ձևավորելու այնպիսի հասարակություն, որտեղ կոռուպցիան այլևս չի լինի ընդունելի երևույթ։




49.5 միլիոն դոլարի վնաս և 147 միլիոն դոլար՝ վերականգնման ընդհանուր կարիքների համար

2024 թվականի մայիսին Հայաստանի Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների հետեւանքով տուժել է մոտ 40,000 մարդ եւ գրանցվել 33 միլիոն ԱՄՆ դոլարի ընդհանուր կորուստ՝ համաձայն նոյեմբերի 22-ին Երեւանում ներկայացված Հետաղետային կարիքների գնահատման (ՀԱԿԳ):

Գնահատման ներկայացումը տեղի ունեցավ «ԿԱՆԱՉ Հայաստան» (Աճ եւ վերականգնում հանուն Հայաստանի հզորացման, վերազինման եւ զարգացման) հարթակի քաղաքականությունների շուրջ հինգերորդ երկխոսության շրջանակում, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին եւ այլ պաշտոնյաներ ու զարգացման կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ՀԱԿԳ-ն իրականացվել է տուժած մարզերի ինը խոշորացված համայնքներում՝ ԵՄ պատվիրակության հետ գործընկերությամբ։

Ըստ ՀԱԿԳ գնահատականների՝ ընդհանուր առմամբ գրանցվել է 49․5 մլն ԱՄՆ դոլարի վնաս, իսկ վերականգնման ընդհանուր կարիքները գնահատվել են 117 մլն ԱՄՆ դոլար բոլոր ոլորտներում։ Խոշոր բացասական հետեւանքներ են գրանցվել համայնքային կյանքի շատ բնագավառներում, այդ թվում՝ բնակարանաշինության եւ համայնքային ենթակառուցվածքների ոլորտներում, մինչդեռ ամենամեծ հետեւանքները գրանցվել են գյուղատնտեսության, բիզնեսի եւ տրանսպորտի ոլորտներում, ընդ որում՝ շրջակա միջավայրը, որպես փոխկապակցված ոլորտ, նպաստել է կորուստների ավելացմանը:

ՀԱԿԳ զեկույցը ՀՀ կառավարության, նվիրատու կազմակերպությունների եւ զարգացման ոլորտի գործընկերների համար արժեքավոր ռեսուրս կլինի՝ ապագա ինստիտուցիոնալ, վերականգնման եւ վերակառուցման գործողությունները ձեւավորելու համար: Այն տեղեկություն կապահովի քաղաքականությունների, գործընթացների եւ ֆինանսական մեխանիզմների մշակման համար, ինչը կնպաստի ռիսկերի մասին տեղեկացված եւ դիմակայուն զարգացմանը։




Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Նոյեմբերյանի և Բերդի բարձրադիր գոտիներում մառախուղ է․ իրավիճակը ճանապարհներին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար։
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է (տեղ-տեղ առկա է մերկասառույց):

Տիգրանաշենի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար, իսկ Դիլիջանի ոլորանները՝ կցորդիչով բեռնատարների։

Վարդենյաց լեռնանցքում, Շիրակի մարզում, բացի Ամասիայի տարածաշրջանից, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Գավառ, Մարտունի, Սևան, Սիսիան քաղաքներում, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։

Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:

Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։




Կոթիում երկու երկհարկանի հարակից տներում հրդեհ է բռնկվել․ այրվել են երկրորդ հարկերը

Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ոսկեվանի հրշեջ-փրկարարական խմբից մեկական մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոթի գյուղի 1-ին փողոցի երկու երկհարկանի հարակից տներում (ընդհանուր մոտ 150 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:13-ին, մարվել՝ 18:02-ին: Այրվել են տների երկրորդ հարկերը և առաջին հարկերը՝ մասնակի:

 




Տավուշի մարզպետի աշխատակազմը հորդորում է հեռացնել հանրային տարածքներում կուտակված շինարարական նյութերն ու աղբը

Տավուշի մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել։

«Խնդրում և հորդորում ենք Տավուշի մարզում հանրային տարածքներից հեռացնել ձեր կողմից կուտակված շինարարական նյութերը, շինաղբը և մետաղի ջարդոնի վերածված ավտոմեքենաները, որոնք խոչընդոտում են հետիոտնի և տրանսպորտային միջոցների երթևեկությանը։

Տեղեկացնում ենք, որ նշված գործողությունները չկատարելու դեպքում Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցառումներ»,- նշված է հայտարարության մեջ։