Սովորականից՝ յուրահատուկ․ Էդիտա Էլլարյանի բիզնեսը սահմանամերձ Սարիգյուղում

3 տարի առաջ դեռևս 15-ամյա Էդիտան մասնակցում էր բիզնես ծրագրեր կազմելու դասընթացի և այդ ժամանակ մտածեց՝ կարող է սեփական բիզնեսն ունենալ: Այժմ  արդեն 18-ամյա սարիգյուղցի Էդիտա Էլլարյանն ունի սեփական բիզնեսը․ կտորի վրա նկարում է՝ կյանք տալով իր պատկերացումներին և, վաճառելով սեփական ձեռքի աշխատանքները, գումար է վաստակում:

Առաջին աշխատանքն իր հագուստի վրա է կատարել, ապա արդյունքից գոհ մնալով՝ սկսել է պատվերներ ընդունել: Աշխատելու ընթացքում էլ երգում է՝ դրական տրամադրություն փոխանցելով իր հաճախորդներին:

Էդիտան նպատակ ունի ընդլայնել իր բիզնեսը՝ ճանաչելի դարձնելով նաև իր գյուղը՝ սահմանամերձ Սարիգյուղը: Նա վստահ է, որ աշխատանք կարող ենք ստեղծել բոլորս՝ չլքելով մեր գյուղերը և ապրելով ու ստեղծելով հենց սահմանին։ 






Դեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն

Դեկտեմբերի 3-ին հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղ, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Դեկտեմբերի 3-ի գիշերը, 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 3-ի ցերեկը, 4-ի գիշերը և 7-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։
Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ: Քամին՝ արևելյան` 2-5մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 4-ին և 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:




«Հույսի կամուրջ» ՀԿ Իջևանի մասնաճյուղի նախաձեռնությունները Հաշմանդամություն ունեցող անձանց օրվան ընդառաջ

1992 թվականից ի վեր ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր. օրվան ընդառաջ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղը նախաձեռնել էր հաշմանդամության վերաբերյալ դաս-քննարկում: «Ի՞նչ է հաշմանդամությունը» թեմայով դաս-քննարկմանy մասնակցում էին Իջևանի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտները: Քննարկման ընթացքում խոսվեց հաշմանդամության մոդելների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցման և նրանց իրավունքների մասին:

Իրազեկման ակցիաներ են իրականացվել նաև համանքի հանրակրթական դպրոցներում, իսկ դեկտեմբերի 2-ին «Հույսի կամուրջի» Իջևանի կենտրոնում կազմակերպվել էր հանդիպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու որոշում կայացնողների հետ. նպատակը հասարակության իրազեկման բարձրացնումն էր հաշմանդամության ընկալման շուրջ:

«Հույսի կամուրջ» կենտրոնում հաճախ են կազմակերպվում բարության դասեր, քննարկումներ, ֆիլմի դիտումներ. Աննան, ով մանկուց ընդգրկված է «Հույսի կամուրջի» տարբեր միջոցառումներում, իր ընկերների հետ մեր նկարահանման ընթացքում դիտում էր «Հրաշքը» ֆիլմը:

«Հույսի կամուրջը» Տավուշի մարզում իրականացնում է կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական ծառայություններ, որոնք տրամադրվում են երեխաներին, ծնողներին և ուսուցիչներին: Այն իր մեջ ներառում է նաև վերականգնողական կենտրոն՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների համար:

«Հույսի կամուրջը» զբաղվում է հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանությամբ: Կառույցի առաքելությունն է պաշտպանել նրանց իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Այս ներառմանն աջակցում են կրթություն ստանալու, համայնքային ծառայությունների և ինքնուրույն ապրելու հավասար հնարավորությունների գաղափարների քարոզումը: Կազմակերպությունը գործում է 1996 թվականից և այժմ ունի կենտրոններ Երևանում ու Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան համայնքներում:






Նոյեմբերյանում կայացավ շախմատի հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին

Նոյեմբերյանի «Պապոնց տուն» սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցավ եռօրյա հուշամրցաշար՝ նվիրված բարերար Րաֆֆի Ճիկերեանին։ Մրցաշարին մասնակցեցին Նոյեմբերյան համայնքի երեխաներն ու մեծահասակները։

14-18 տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրեց Գարիկ Բարսեղյանը, երկրորդը՝ Նարեկ Նավասարդյանը, երրորդ տեղում Մարիա Նավասարդյանն էր, ով աղջիկների խմբում արժանացավ առաջին մրցանակին։

12-14 տարիքային խմբում առաջին տեղում Էդմոն Կրակոսյանն էր, 10-11 տարիքային խմբում՝ 10-ամյա Նանե Չիլինգարյանը։

Մեծահասակների խմբում հաղթող ճանաչվեց ամենաերիտասարդ մասնակիցը՝ Գարիկը։

Մրցաշարն անցավ չափազանց հետաքրքիր՝ ջերմ ու ընկերական մթնոլորտում։ Մրցաշարի վերջում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով։

Մրցաշարի մասին պատմում է Նոյեմբերյանից Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանը։






Առաքելոց վանք․ Կիրանց․ Ճամփորդական վլոգ Տավուշից

Մեր օպերատորներ Արտյոմի ու Վաղարշակի և ընկերների հետ շարունակում ենք Տավուշում ճամփորդությունների շարքը։ 

13-րդ դարի Առաքելոց վանքը մեր առաջ բացվում է ողջ գեղեցկությամբ, և ինչպես տեսնողներն են փաստում, անտառի լռության մեջ վանքն ինքն է պատմում իր մասին։ 

Համեցե՜ք Տավուշ՝ ավելին տեսնելու և վայելելու․․․






Մատուռի օծում և կիսանդրու բացում՝ 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի հիշատակին

Նոյեմբերի 23-ին Պառավաքար գյուղում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած Կարեն Մարգարյանի կիսանդրին։ Գյուղի բարձունքում օծվել է նաև Կարենի հիշատակին կառուցված մատուռը։

Կարեն Մարգարյանը ծնվել է 2000 թվականի նոյեմբերի 23-ին, Տավուշի մարզի Պառավաքար գյուղում։ 2006 – 2018 թվականներին գերազանցությամբ սովորել է Պառավաքարի Էդիկ Մելքումյանի անվան միջնակարգ դպրոցում։ Դպրոցական տարիներին մասնակցել է տարբեր մրցույթների, ունեցել հաջողություններ, ստացել մրցանակներ։ 2014-2015 թվականներին հաճախել է Դիլիջանի Թումո կենտրոն, իսկ 2016 թվականին՝ Արմաթ ինժեներական լաբորատորիա։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ, սակայն 2019 թվականի հունվարի 30-ին, ուսումը կիսատ թողնելով, զորակոչվել է Հայոց բանակ։

Գերազանց ծառայության համար արժանացել է «Բանակի գերազանցիկ» մեդալի, ստացել շնորհակալական նամակներ։ Մինչև վերջ անառիկ պահելով Հայրենիքի սահմանի իրեն վստահված մասը՝ Կարենը զոհվել է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին՝ մարտական առաջադրանք կատարելիս։

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Կարեն Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։ Պարգևատրվել է նաև «Գթության մայր», «Առյուծ ֆիդայի» մեդալներով:






Մարզային մեդիա․ իրականություն և մարտահրավերներ․ հարցազրույց Infocom-ի խմբագիր Սևակ Մամյանի հետ

Տավուշ ՀԸ տաղավարում մեր գործընկերոջ հետ զրուցել են մարզային լրատվամիջոցների անհրաժեշտության, գոյատևման խնդիրների, մեդիայի ստանձնելիք պատասխանատվության, մարզային մեդիայի թիրախների և նորից ու նորից մեդիագրագիտության թեմաների շուրջ։

Խոսել ենք նաև «Ինֆոքոմ»-ի՝ մեր հեռուստադիտողի կողմից արդեն սիրված «մարzoom» նախագծի գաղափարի և շարունակության մասին։






Կվերակառուցվի Նոյեմբերյանի քաղաքային այգին

Մեկնարկել է Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգու վերակառուցման և վերակենդանացման նախագիծը.

Այգու առաջարկվող նախագիծը ընդհանուր առմամբ դասական է` ճարտարապետական կառուցվածքներով, կոմպոզիցիայով, մանրախճային արահետներով և որոշ այլ լուծումներով։ Այն միաժամանակ ազատ նախագիծ է, որտեղ միավորված են ժամանցի տարբեր հատվածներ՝ մեկ ամբողջության մեջ: Այգու հիմնանորոգման նախագծի հիմքում դրվել է ոչ միայն հանգստի ու զբոսանքի համար գոյություն ունեցող տարածքի վերանորոգումը, այլև ամեն տարիքի և կարողությունների մարդկանց համար հասանելի, անվտանգ, հարմարավետ, կանաչապատ ու խնամված հանրային տարածք ստեղծելը:

Այգում տեղ են հատկացրել սպորտի և խաղերի համար նախատեսվախ տարածքներ՝ տարբեր տարիքային խմբերի համար: Այգին և հարակից հանրային տարածքը հավակնում են լինել ոչ միայն Նոյեմբերյան քաղաքի, այլև խոշորացված համայնքի 19 բնակավայրերի բնակիչների համար սիրելի վայր: Նոյեմբերյանի դիրքը` միջպետական ճանապարհով անցնելը, ինչպես նաև խոշորացված համայնքի կենտրոն լինելը հնարավորություն են տալիս տարածքի վերակառուցմամբ աշխուժացնել համայնքը:
Այգու բարեկարգման թեմայով համայնքում տեղի է ունեցել նաև հանրային լսում՝ վերհանելով բնակիչները տեսակետները: Նախագիծը իրականացվում է «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի, «Ապրելու» հիմնադրամի և Նոյեմբերյանի համայնքապետարանի միջև կնքված եռակողմ հուշագրի շրջանակում:




«Հայագիտությունն այնպես, ինչպես կա»․ 10-օրյա աշնանային դպրոց Կողբում

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Նոյեմբերյան խոշորացված համայնքը Կողբի գեղարվեստի դպրոցում կազմակերպել էին «Հայագիտությունն այնպես, ինչպես կա» 10-օրյա աշնանային դպրոցը 14 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։

Դասընթացավարները մասնակիցներին փոխանցեցին մասնագիտական հմտություններ հայոց մշակույթն արդյունավետ ուսումնասիրելու, պահպանելու և պաշտպանելու համար։

«Կողբում մեր անցկացրած և՛ ամառային, և աշնանային դպրոցների նպատակը հիմնականում այն է, որ տեղի բնակչությունը տեղյակ լինի ամբողջ Հայաստանի մշակույթի մասին։ Բայց, իհարկե, դա առերես նպատակն է, իսկ ավելի թաքուն նպատակն այն է, որ հատկապես երիտասարդների մեջ սեր արթնացնենք հայրենի մշակույթի հանդեպ, իրենց համար ապագայում Հայաստանն ուսումնասիրելու համար նախադրյալներ ստեղծենք»,- նշում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Լիլիթ Սիմոնյանը։

Ծրագիրը բաղկացած էր «Հեթանոսությունը և քրիստոնեությունը հայոց մշակույթում», «Հայկական մանրանկարչության արխետիպիկան», «Խորհրդանիշները հայկական մշակույթում», «Տիեզերքի, բնության, ժամանակի մասին պատկերացումները հայոց մեջ», «Հուշարձանների ուսումնասիրության ձևերը», «Ժողովրդական երգ-երաժշտություն, «Հայագիտությունը գրողների և արվեստագետների երկերում», «Բանահյուսություն» և «Ամփոփում» թեմաներից։

Դասախոսություններն ուղեկցվեցին պատկերային նյութի ցուցադրությամբ, ձայանագրությունների ունկնդրումով։ Այն մասնակիցներին, ովքեր հաճախել են 8 և ավելի դասսխոսությունների, տրվելու են վկայականներ։






Ավտոմեքենան ընկել է ձորը․ կա զոհ

Նոյեմբերի 25-ին, ժամը 20։53-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գանձաքար-Բերդ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին «Gaz-66» (վարորդ` Ն․ Մ․, ծնված 1968 թ.) մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 800 մետր գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պատգարակով (մոտ 1 կմ) ձորից դուրս բերել Ն․ Մ․-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: