Տավուշի մարզում 5 կրթահամալիր ու 8 դպրոց կկառուցվի

ՀՀ կառավարության որոշմամբ 224 մլն 100 հազար դրամ գումար կուղղվի Տավուշի ու Վայոց ձորի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը նշում է, որ հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: Տավուշի մարզում կրթահամալիրների ստեղծման համար ընտրվել են հետևյալ 5 բնակավայրերը՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն ու Ոսկևան:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որոնց դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր։ Տավուշի մարզում այդ դպրոցներն են՝ Այրումի Հ.Մալինյանի անվան միջնակարգ դպրոցը, Կոթիի միջնակարգ դպրոցը, Բագրատաշենի Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Այգեձորի միջնակարգ դպրոցը, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոցը (կկառուցվի միջնակարգ դպրոց), Կողբի Ջ.Կարախանյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցը ու Սևքարի միջնակարգ դպրոցը:

Ժամանակային ու ֆինանսական ռեսուրսները խնայելով՝ նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք կբերվեն առկա նախագծերի տեղակապման միջոցով, բացառությամբ Նոյեմբերյանի թիվ 1 դպրոցի, որտեղ անհրաժեշտ է անհատական նախագիծ, – հավելեց նախարարը։




Խոսք ու զրույց․ Արթուր Ճաղարյան

«Խոսք ու զրույց» հաղորդման ժամն էր՝ մեր երեկոյան եթերում, այս անգամ տաղավարում մեր հյուրը Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանն էր։ 

Երիտասարդ տարիքում ունեցած նպատակների, կյանքում կայացրած կարևորագույն որոշումների, Իջևանը սիրելու ու դեպի քաղաքական դաշտ մուտքի մասին զրուցել ենք պարոն Ճաղարյանի հետ։

Մեր հյուրը ընդգծում է՝ մարդկային փոխհարաբերություններում առաջնայինը մարդուն լսել կարողանալն է․ «Չպետք է քեզ վեր դասես դիմացինից, այլ ընդունես ինչպես հավասարը հավասարին»։ 

 Ձեզ մաղթում ենք հաճելի դիտում և հրավիրում՝ գրելու մեկնաբանություններում, թե հաջորդիվ ում կցանկանայիք տեսնել Տավուշ ՀԸ տաղավարում։




Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը

Նոյեմբերյանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքային միկրոավտոբուսի խափանման հետևանքով Արճիս-Նոյեմբերյան և հետադարձ Նոյեմբերյան-Արճիս երթուղին չի գործի մինչև հունիսի 16-ը։




Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը թեմայով վարժանքի մասին իրազեկում

Հունիսի 14-ին` ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ն. Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Այգեձորում Մշակույթի տան նախաձեռնությամբ նշվել է Համբարձման տոնը

Այս տարվա մայիսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին նշել է Համբարձման տոնը: Այգեձորի Մշակույթի տան նախաձեռնությամբ, հավատարիմ մնալով ավանդույթներին նշել են Համբարձման տոնը` մասնակից դարձնելով գյուղի փոքրերին ու մեծահասակներին: 

Այգեձորում Համբարձման տոնախմբության մասին Տավուշ Մեդիայի թղթակից Անահիտ Մակյանի տեսանյութում:




«Տանիք»․ արծվաբերդցի Դուրյանների ընտանեկան հյուրատունն իր տանիքի տակ անմոռանալի հանգիստ է խոստանում

Նոր զբոսաշրջային հասցե՝ Տավուշում․ Բերդի տարածաշրջանի Արծվաբերդ գյուղում գտնվող «Տանիք» հյուրատունը սպասում է իր հյուրերին։ Արծվաբերդում բնակվող Դուրյանների ընտանիքը գյուղական բնակելի տան տանիքում հյուրատուն է ստեղծել՝ որտեղ կարելի է վայելել Տավուշի ինքնատիպ բնությունն ու գյուղական կյանքը։ Հունիսի 3-ին հյուրատան պաշտոնական բացման օրն էր, որի առթիվ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը կատարեց տնօրհներքի արարողությունը։

Արարողությանը հաջորդեց ազգային, մշակութային երգ ու պարը՝ «Շուշիկի» բենդի և «Բեկոր» ազգագրական պարի խմբի կատարմամբ։ Այսնուհետև հյուրերը շրջեցին հյուրատան տարածքում․ բացման միջոցառումը «Մեր սրտի գյուղը» խորագիրն էր կրում, որի շրջանակում հյուրերը մասնակից եղան նաև ավանդական ու հենց տավուշյան խոհանոցին հատուկ ուտեստների պատրաստմանը։ Փռան հաց, Շամշադինյան սալի, դիլիմ, խնոցու հարում ու ոչ միայն․ Տանիքի հյուրերի գյուղական ժամանցը ապահովված է։

Ամենահետաքրքիր բացահայտումների ու ամենավառ տպավորությունների վայրը հենց գյուղն է, և հյուրատան նպատակը մարդկանց գյուղական կյանքին ու կենցաղին սիրահար դարձնելն է։

Հյուրատունը ներառում է 4 ննջասենյակ, 3 սանհանգույց, ընդհանուր սրահ և խոհանոց։ Տանիքի հյուրերին բացի գիշերակացը առաջարկվում է նաև քայլարշավներ տարածաշրջանի հետաքրքիր ուղղություններով։ Հյուրերը կծանոթանան գյուղական ավանդական ուտելիքներին, կմասնակցեն գյուղական մթերքների պատրաստմանը:

«Տանիք» հյուրատան ստեղծմանը աջակցել է Բերդի տարածաշրջանային զարգացման հիմնադրամը։ Հյուրատունը ապահովված է բոլոր հարմարություններով, որեպսզի հյուրերը վերադառնան լավագույն տպավորություններով։ 

Սիրո համադրությամբ, յուրահատուկ բնությամբ ու հյուրընկալությամբ Արծվաբերդը զբոսաշրջության նոր վայր կդառնա։ Տանիքը խոստանում է դառնալ զբոսաշրջիկների սիրելի ու սպասված հասցեն։




Շերամապահություն՝ Տավուշ գյուղում․ գյուղատնտեսության ավանդական ճյուղը վերադառնում է

Մոտ մեկ տարի առաջ շերամի առաջին բոժոժը «վերադարձավ» Տավուշ գյուղ․ տեղացի գյուղատնտես Հովսեփ Գյուրջինյանը որոշել էր զբաղվել ավանդական հենց այս ճյուղով։

Հովսեփը պատմում է՝ սովորելու, համագործակցելու և քրտնաջան աշխատանքի երկար ճանապարհից հետո արդեն մտածում են թթենիների պակասը լրացնելու և արտադրությունն ընդլայնելու մասին։ 

Տավուշ TV-ի նկարահանող խումբը եղել է Տավուշ գյուղում, տեղում զրուցել երիտասարդ գյուղատնտեսի հետ ու ձեզ համար պատրաստել տավուշյան շերամի պատմությունը:




Հայ Առաքելական եկեղեցու միաբանները հովվական առաքելությամբ ժամանել էին Տավուշ

Հայ Առաքելական եկեղեցու հայաստանյան և աշխարհասփյուռ թեմերի միաբան վարդապետների ու աբեղաների մասնակցությամբ հունիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է միաբանական համագումարը: Հունիսի 7-ին միաբանները հովվական առաքելությամբ ժամանել էին Տավուշ: Հոգևորականների այցի նպատակը 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված, վիրավորում ստացած կամ անհայտ կորած զինվորների ընտանիքներին այցելություն կատարելն էր:

Եկեղեցականների թափորի առաջին կանգառը Իջևան քաղաքի «Շատրվանների» հրապարակում էր, որտեղ կատարվեց անդաստանի կարգ: Իջևանի կենտրոնական հրապարակից օրհնվեցին աշխարհի 4 կողմերը:

Այնուհետև Միաբանական համագումարի մասնակից 56 վարդապետները ու աբեղաները Տավուշի թեմի հոգևորականների ուղեկցությամբ այցելեցին մարզի համայնքներ:

Այցելելով 44-օրյա պատերազմում նահատակված տղաների ընտանիքներին, Հայր Սուրբերը աղոթում են զոհված տղաների հիշատակի, անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման, վիրավորում ստացած զինվորների ապաքինման ու գերիների շուտափույթ վերադարձի համար: Հոգևոր հայրերը այցելել են նաև բազմազավակ ընտանիքներ, կատարել տնօրհներքի արարողություն։

Խմբերի բաժանված հոգևորականները ընտանիքներին այցի ավարտից հետո երեկոյան դարձյալ միաբանվեցին սահմանապահ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում:




Տավուշոտ պոեզիա․ «Սպիտակ բախտ»․ Համո Սահյան

Կանաչով խեղդված Տավուշը և «Տավուշոտ պոեզիա»-ն՝ մեր եթերում։ Համո Սահյան․ «Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան»․ կարդում է Հրանտ Ղազումյանը։ Տեսանյութում Հաղարծին վանական համալիրն է։

 

Ուզում եմ կորչել, չքվել հավիտյան

Այս շրջապատի անտարբերության

Սառուցյալ դաշտից,

Այս համատարած մտքի երաշտից,

Այս զրահակիր սնափառության

Համաճարակից,

Այս ամեն տեսակ ախտ ու վարակից

Ուզում եմ չքվել, կորչել հավիտյան:

Ուզում փրկվել

Փրկություն կոչվող այս գերությունից,

Ամենակարող այս անտերությունից:

Եվ այս տերության անտիրությունից,

Նրա վաղաժամ այս ծերությունից,

Իմ համբերատար համբերությունից,

Իմ թուլությունից, իմ թերությունից

Ուզում եմ փրկվել-չքվել հավիտյան:




Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Հունիսի 9-11-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 31 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ահազանգերից մեկը եղել է Տավուշի մարզի Բերդավան գյուղից, նաև` Երևան, Աբովյան քաղաքներից, Զովունի, Արգել, Ազատան գյուղերից:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 5 սահնօձ, 3 գյուրզա, 2 լորտու տեսակի սողուն, 2 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: Օձերին հանդիպելու կամ սողունների խայթելու դեպքում առաջնային կանոնների ու քայլերի պահպանման մասին առաջարկում ենք դիտել տեսանյութը.

ՕՁԵՐԻ ԿԾԱԾՆԵՐ, ՕՁԵՐԻ ԿԾԱԾՆԵՐ, ԿԱՐԻՃՆԵՐԻ ՈՒ ՄԻՋԱՏՆԵՐԻ ԽԱՅԹՈՑՆԵՐ

Բոլորս էլ սիրում ենք ամռանը հաճախ լինել բնության գրկում: Մեզանից բացի այս ժամանակը սիրում են նաև կենդանիները՝ հատկապես օձերը, կարիճները, բազմաթիվ միջատներ, որոնց հանդիպելը մեզ համար, թերևս, այնքան էլ հաճելի չէ: Պետք չէ նրանցից վախենալ, պարզապես զգույշ լինենք: Ինչպես հասկացաք, կխոսենք թունավոր և ոչ թունավոր օձերի կծածների, կարիճ ների և միջատների խայթոցների մասին: Մարդիկ սովորաբար սարսափում են այդ կենդանիների հենց միայն տեսքից ու խուճապի մատնված` հաճախ չեն կարողանում ճիշտ գործել: Կան վիճակագրական տվյալներ, որոնց համաձայն օձերի կծածներից մահացածների մոտ 40 տոկոսը մահանում է ոչ թե թույնից, այլ սարսափից: Սակայն իրականում դրանք այն քան էլ սարսափելի չեն, եթե կարողանաք սառնասրտորեն կողմնորոշվել ու ճիշտ օգնություն ցույց տալ:

Հայաստանում հանդիպում են 21 տեսակի օձեր, որոնցից թունավոր են միայն չորսը` իժերի ընտանիքին պատկանող տափաստանային իժը, Դարեւսկու իժը, փոքրասիական իժը և անդրկովկասյան գյուրզան: Տափաստանային իժը Հայաստանի տարածքում տարածված է կենտրոնական և հյուսիսարևմտյան շրջաններում: Փոքր կամ միջին չափերի օձեր են, մարմնի երկարությունը սովորաբար 30-60 սմ է: Թունավոր օձ է, բայց նրա խայթելու հետևանքով մարդկանց մահացու դեպքեր հայտնի չեն: Դարևսկու իժը հանդիպում է Հայաստանի հյուսիսում: Իր արտաքին տեսքով և մարմնի չափերով շատ նման է տափաստանային իժին: Փոքրասիական իժը Հայաստանում տարածված է Արագածի հարավային լանջերից մինչև Մեղրու շրջան:

Միջին չափսերի՝ 60- 120 սմ երկարությամբ օձեր են: Շատ թունավոր և վտանգավոր են մարդուհամար: Անդրկովկասյան գյուրզան տարածված է Հայաստանի հարավային շրջաններում, այն շատ թունավոր օձ է, որի կծելուց հաճախ են լինում մահացության դեպքեր: 134 Օձերի այս 4 տեսակները պատկանում են իժերի ընտանիքին, որոնց թույնն ազդում է սրտանոթային համակարգի վրա: Թունավոր օձերի վերին ծնոտի առջևի մասում տեղավորված են 2 խոշոր ժանիքատիպ ատամներ, որոնք կապված են թունավոր գեղձերի հետ: Հայաստանում ապրող թունավոր օձերը պատկանում են իժերի ընտանիքին և ունեն այնպիսի բնորոշ հատկանիշներ, որոնք չունեն ոչ թունավոր օձերը:

Դրանց գլխի վերին մասը ծածկված է մանր, անկանոն դասավորված թեփուկներով, որոնք իրենց չափերով նման են մարմնի վրա գտնվող թեփուկներին: Պոչն, ի տարբերություն ոչ թունավոր օձերի պոչի, կտրուկ ընդհատվում է: Աչքերի բիբը ճեղքաձև է, այն դեպքում, երբ ոչ թունավորներինը՝ կլոր է: Գլուխն ակնհայտորեն առանձնացած է պարանոցից: Սակայն ոչ մասնագետի համար դժվար է արտաքին հատկանիշներով անսխալ զանազանել թունավոր օձը ոչ թունավորից:

Այնինչ օձի կծելուց հետո մաշկի վրա մնացած հետքերով կարելի է հեշտությամբ կողմնորոշվել: Թունավոր օձի կծած տեղում մարմնի վրա նկատվում են թունավոր ատամներից առաջացած երկու խոր վերքեր, որոնց միջև երևում են ոչ թունավոր ատամներից մնացած երկու շարքավելի մանր հետքեր: Իսկ ոչ թունավոր օձերի կծած տեղում մարմնի վրա երևում են չորս շարքեր կայնական դասավորված կետիկներ: Թունավորման վտանգավորությունը կախված է օձի չափսից, տարիքից, տեսակից: Վերջին առումով առավել վտանգավոր են գյուրզաները:

Օձերն ավելի վտանգավոր են ամռանը: Թունավորման ծանրությունը կախված է նաև կծածների քանակից, տեղակայումից և խորությունից: Առավել վտանգավոր են պարանոցի և գլխի շրջանում տեղակայված կծածները, քանի որ այտուցի հետևանքով կարող է առաջանալ վերին շնչուղիների խցանում: Լուրջ են նաև իրանին և ձեռքի հատվածում կծածները, որովհետև այդ դեպքում թույնը շատ արագ տարածվում է ամբողջ օրգանիզմում:

Կծելու ժամանակ թունավոր օձի թույնը ներարկվում է մարդու մարմին: Կծած տեղում մարդն ուժեղցավ և այրոց է զգում: Քիչ անց կծած տեղը կարմրում է և սկսում այտուցվել: Այտուցը հետզհետե տարածվում է ամբողջ մարմնով, զգացվում է ուժեղ թուլություն, սրտխառնոց, փսխում: Տուժածը կարող է ունենալ գլխապտույտ, տեսողության և խոսքի խանգարումներ: Նկատվում են վերջույթների թուլություն կամ զգայունության կորուստ: Տուժածի շնչառությունը դժվարանում է, անոթազարկը` հաճախանում: Հնարավոր է արյունահոսություն բերանից, քթից և հետանցքից:

Ի՞նչ անել Ոչ թունավոր օձի կծածի դեպքում

Վերքը լվացեք և ծածկեք մանրէազերծ վիրակապով: Թունավոր օձի կծածի դեպքում մեծ նշանակություն ունի ժամանակին ցուցաբերված առաջին օգնությունը: Հնարավորության դեպքում աշխատեք հիշել կծող օձի տեսքը: Օձի կծելուց հետո առաջին 5 րոպեի ընթացքում սեղմեք կծած տեղի շուրջը, որպեսզի արյուն դուրս հոսի վերքից: Այս գործողությունը թույլ է տալիս որոշ չափով հեռացնել թույնը: Սեղմելը դադարեք, երբ վերքից այլևս արյուն դուրս չի գալիս: Հանգստացրեք տուժածին, քանի որ նյարդային, գրգռված վիճակն արագացնում է արյան շրջանառությունը` նպաստելով մարմնում թույնի տարածմանը:

Հանեք բոլոր զարդերը և ճնշող իրերը: Եթե օձը կծել է վերջույթը, ապա անշարժացրեք այն և պահեք սրտի մակարդակից ցածր: Սահմանափակեք տուժածի շարժումները, նստեցրեք կամ պառկեցրեք նրան: Թունավոր օձի կծելու դեպքում ճշմարիտ է հետևյալ ասացվածքը՝ «Օձի կծածը բուժելու ամենաարդյունավետ միջոցը ավտոմեքենայի բանալիներն են»: Ժամանակն այս դեպքում ամենաորոշիչ գործոնն է: Շատ կարևոր է ահազանգը կամ տուժածի արագ տեղափոխումը հիվանդանոց, սակայն դա պետք է անել պասսիվ կերպով` բացառելով տուժածի ցանկացած շարժում: Այդ ընթացքում տուժածին խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկներ` ջուր, հյութ, թեյ, թան և այլն: Վերահսկեք տուժածի վիճակը, տվյալները գրանցեք և համապատասխան առաջին օգնություն ցուցաբերեք:

Ի՞նչ չի կարելի անել

Կան գործողություններ, որոնք չի կարելի անել օձերի կծածների դեպքում: Մի արտածծեք թույնը բերանով. բերանում եղած անգամ փոքր վերքից թույնը կարող է անցնել ձեր օրգանիզմ: Կծած տեղի շրջանում կտրվածքներ մի արեք, մի այրեք կծած տեղը. ցավն արագացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է թույնի տարածմանը: Մի՛ օգտագործեք սառը թրջոցներ և սառցապարկեր. դրանք օգուտ չեն տա տուժածին և կարող են նրա ինքնագիտակցությունը վատացնել: Օձերի կծած ների դեպքում չի կարելի տեղադրել լարան՝ սեղմող միջոցներ. սա կբերի տվյալ հատվածի հյուսվածքների մեկուսացման, ինչի հետևանքով տուժածը կարող է կորցնել վերջույթը: Տուժածին մի՛ տվեք ոգելից խմիչքներ. որոնք ևս արագացնում են արյան շրջանառությունը:

Կարիճների ու միջատների խայթոցներ

Հայաստանում տարածված են երեք տեսակի կարիճներ՝ դեղին, սև և խայտաբղետ: Այս կարիճների և ընդհանրապես միջատների խայթոցները մահացու չեն մարդուհամար: Մահացության դեպքերը հիմնականում պայմանավորված են սուր ալերգիկ ռեակցիաներով: Ավելի վտանգավոր են բերանի խոռոչում կամ նրա շուրջը տեղակայված խայթոցները, որովհետև այդ դեպքում զարգանում է վերին շնչուղիների այտուց և շնչառության խիստ դժվարացում: Կարիճների և միջատների խայթոցների ժամանակ խայթած տեղում ցավ է լինում, այտուց, կարմրություն: Նման դեպքերում օգնություն ցուցաբերելիս մաշկի վրայից հեռացրեք խայթը և վնասված մասը պահեք սառը ջրի տակ: Այնուհետև վերքը ծածկեք մաքուր գործվածքով: Ի՞նչ անել Եթե խայթոցը պարանոցի կամ բերանի շրջանում է, ապա տուժածին կում-կում խմեցրեք մեծ քանակությամբ սառը ջուր: Պարզեք՝ տուժածն ունի՞, արդյոք, ալերգիա միջատների խայթոցներից: Եթե տուժածը ալերգիկ է, ապա այս դեպքում նրա մեջ հնարավոր է զարգանա անաֆիլակտիկ շոկ: Դա որևէ արտաքին ազդակի նկատմամբ մարմնի սուր ալերգիկ ռեակցիան է: Անաֆիլակտիկ շոկը կարող է զարգանալ միջատների խայթոցներից, որոշ դեղամիջոցներից: Դա կատարվում է շատ արագ, և հաճախ հնարավոր չի լինում կանխատեսել ու կանխարգելել այն: Նման դեպքերում տուժածի մոտ լինում են գլխացավ, գիտակցության խանգարում, մաշկի կարմրություն, տաքություն, ցան, այտուցներ: Տուժածի շնչառությունը շնչուղիների այտուցման հետևանքով դժվարացած է, աղմկոտ, անոթազարկը՝ թույլ և արագացած: Անաֆիլակտիկ շոկի դեպքում անհապաղ ահազանգեք շտապօգնություն, և եթե տուժածն իր մոտ պահում է հակաալերգիկ դեղամիջոցներ, ապա օգնեք նրան ընդունել դրանք:

Օձերի կծածներից, կարիճների և միջատների խայթոցներից կարելի է խուսափել` պահպանելով մի շարք պարզ, կանխարգելիչ կանոններ: Բնության գրկում զբոսնելու, հանգստանալու, արշավների կամ էլ աշխատանքի ժամանակ հագեք բացգույնի հագուստ, որի վրա լավ երևում են մուգ գույնի միջատները: Հագեք նաև երկարաճիտ և ամուր կոշիկներ: Տաբատի փողքերը դրեք գուլպայի կամ կոշիկների մեջ, շապիկի եզրերը՝ տաբատի մեջ: Զբոսնելիս քայլեք ծառուղու մեջտեղով, խուսափեք բարձր խոտերից: Օձի պատահելիս մի տրորեք, մի անհանգստացրեք նրան, ետ դարձեք նույն ճանապարհով, որով եկել եք և եղեք ուշադիր, որով հետև շուրջը կարող են լինել ուրիշ օձեր: Վերադառնալով տուն` ուշադիր զննեք ձեր մարմինը, հատկապես մազածածկ մասերը` միջատներ կամ նրանց խայթոցներ հայտնաբերելու համար: