Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունիսի 11-ին, ժամը 07:18-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:




Այգեհովիտ գյուղում բարեկարգվում են ճանապարհները

Վերջին շրջանում հորդառատ անձրևների հետևանքով անանցանելի էր դարձել Իջևան համայնքի Այգեհովիտ բնակավայրի ներհամայնքային մի շարք կարևոր ճանապարհներ։ Գյուղի գերեզմանատուն, հուշարձանային համալիր, անտառ տանող ճանապարհները ոչ միայն մեքենաների համար է դժվարացանելի, այլ նաև՝ ոտքով քայլելու։ Շնորհիվ ռուսաստանաբնակ բարերար, Այգեհովիտի բնակիչ Արսեն Սիմոնյանի այժմ գյուղի համար կենսական նշանակության ճանապարհները բարեկարգվում են։

Այգեհովիտի վարչական ղեկավար Լևոն Գրիգորյանը ուրախությամբ պատմում է կատարված աշխատանքների մասին, ցույց տալով վերանորոգված ճանապարհները։

Ավելի քան 2կմ երկարությամբ ճանապարհը հարթեցվել և խճապատվել է, աշխատանքները իրականացրել են Այգեհովիտի բնակիչները։
Բարերար Արսեն Սիմոնյանը մշտապես աջակցում է իր ծննդավայրի՝ Այգեհովիտ գյուղի հրատապ խնդիրների լուծմանը ու գյուղի զարգացմանը։ Նմանատիպ աշխատանքները կրում են պարբերական բնույթ։




Իրազեկում օդային տագնապի վերաբերյալ

Հունիսի 21-ին` ժամը 10:00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




«Հրդեհաշիջման աշխատանքերի կազմակերպումը և իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն Տավուշի մարզպետարանում

Այսօր՝ հունիսի 9-ին, Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել «Հրդեհաշիջման աշխատանքերի կազմակերպումը եւ իրականացումը անտառային հրդեհների ժամանակ» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որը ղեկավարել է Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը։

Ուսումնավարժության նպատակն է՝

Կատարեագործել ղեկավար մարմինների տեսական եւ գործնական ունակությունները անտառային հրդեհների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյան որոշումների ընդունման ուղղությամբ։

Կատարելագործել արձագանքող ուժերի գործնական հմտությունները եւ փոխհամագործակցության կազմակերպումը՝ համատեղ փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Կատարելագործել արձագանքող ուժերի եւ մասնագիտացված խմբերի գործնական ունակությունները անտառածածկ տարածքներում բռնկված հրդեհների մարման, ծխապատգոտիներից մարդկանց փրկման ուղղությամբ։




Իջևանում կհիմնվի ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոն 

Եվրամիության քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հունիսի 1-ին Մարտունիում ընդունել է ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը ներկայացրել է առաքելության մանդատը և գործունեությունը, տեղեկացնելով նաև տեղում անվտանգության առնչվող  զարգացումների մասին՝ հիմնվելով առաքելության դիտարկումների վրա:

Քաղաքացիական առաքելությունն իր գոյության առաջին երեք ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացրել է ավելի քան 300 դիտարկում Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իրենց օպերատիվ կենտրոններից: Ներկայացնելով եռամսյա կատարած աշխատանքները, ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մ. Ռիտերը տեղեկացրել էլ որ, առաջիկա ամիսներին առաքելությունը նախատեսում է երեք լրացուցիչ օպերատիվ կենտրոն բացել Իջևանում, Կապանում և Եղեգնաձորում՝ մոտ ապագայում աստիճանաբար հասնելով դրանց լիարժեք շահագործմանը: Ռիտերը։

«Մեր նպատակներից է նաև նպաստել սահմանամերձ շրջանների անվտանգության կայունացմանը։ Եվ, ըստ բազմաթիվ հայ պաշտոնյաների, դիտորդական առաքելությունը (EUMA) նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը։ Այնուամենայնիվ, իրավիճակը դեռ անկայուն է», – հավելել է Մարկուս Ռիտերը:




Հասմիկ Ղազարյանը «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին զբաղեցրել է առաջին հորիզոնականը

Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցում տեղի ունեցած «Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին Իջևան համայնքի Ազատամուտի Արվեստի դպրոցի աշակերտ Հասմիկ Ղազարյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը:

Հասմիկ Ղազարյանը սովորում է Ազատամուտի Արվեստի դպրոցի վոկալի բաժնի 2-րդ դասարանում: Փառատոնի ընթացքում նրան նվագակցել է դպրոցի տնօրեն Ս. Էլիբեկյանը:
Հասմիկի ուսուցիչը Վարդուհի Օթարյանն է:

«Փոքրիկ-քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթն անցկացվում է 4-րդ անգամ՝ հնարավորություն ընձեռելով ինչպես հայ, այնպես էլ այլազգի մասնակիցների դառնալու երաժշտական տոնի մի մասը։
Ավելի քան 1700 տաղանդաշատ պատանիներ իրենց կատարումներով պայքարեցին լավագույնի կոչման համար` 12 անվանակարգերում:

Մրցույթն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:




Սպասվող եղանակը Տավուշի մարզում

Հունիսի 6-ի ցերեկը, 7-ից մինչև 11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Տավուշի մարզում օդի ջերմաստիճանը հունիսի 7-ից ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը կնվազի նաև Սյունիքի, Լոռու մարզերում և Արցախում:

Հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը




Ձերբակալվել է «Իջևան Սիթի» սուպերմարկետի 5 աշխատակից (Թարմացված)

Radar Armenia-ի տեղեկություններով` «Նոր Զովք» ՍՊԸ-ի գործի շրջանակներում սերվերների շուրջ բացահայտումների արդյունքում «Իջևան Սիթի» սուպերմարկետի 5 աշխատակից ձերբակալվել է։

Պետությանը հասցված վնասը գնահատվում է մոտ 500 մլն ՀՀ դրամ։

—————————————————————————————————

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ․ մարտի 17-ից մինչև 2023թ․ փետրվարի 20-ը ներառյալ Ա․Ղ․-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։

Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

Այդ կերպ Ա․Ղ․-ն, Վ․Ս․-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ․-ի, Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:

Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց  նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։

Ա․Ղ․-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

ԾանուցումՀանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:




Իջևանի «Նիկարմ» ֆուտբոլային ակումբը ստացավ 2023/2024 մրցաշրջանին մասնակցելու արտոնագիրը

Հունիսի  6-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը՝ ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման վերաբերյալ:

Նիստի ընթացքում քննության էին դրվել արտոնագրման գործընթացին դիմած 8 թեկնածուների՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՍԱ Միկա» ՀԿ-ի, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «Օնոր» ՍՊԸ-ի, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ի և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ի արտոնագրային փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Առաջին խմբի արտոնագիր ստանալու համար:

Արտոնագրման գործընթացին դիմած ակումբների թվում էին նաև «Դովեղ ՖԱ» ՀԿ-ն և «Աղբյուրակ ՄՄ» ՀԿ-ն, որոնք, սակայն, արտոնագրման գործընթացի ընթացքում հետ էին վերցրել իրենց դիմումները` չներկայացնելով որևէ արտոնագրային փաստաթուղթ։

Քննելով ՀՀ Առաջին խմբի առաջնության ակումբների արտոնագրման համար դիմած 8 թեկնածու ակումբների դիմումները՝ Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Առաջին խմբի արտոնագրեր շնորհվեցին բոլոր 8 թեկնածու ակումբներին՝ «Գանձասար ՖԱ» ՀԿ-ին, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ին, «ՍԱ Միկա» ՀԿ-ին, «Հայասա ՖԱ» Մարզական ՀԿ-ին, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ին, «Օնոր» ՍՊԸ-ին, «Սյունիք ՖԱ» ՍՊԸ-ին և «Անդրանիկ ՖԱ» ՀԿ-ին:

Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու 2023/2024թթ․ մրցաշրջանի ՀՀ Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնությանը:




Դիլիջանի համայնքապետարանը հայտնում է

Հարգելի՛ քաղաքացիներ, Հունիսի 7-ից մինչև հունիսի 9-ը շինարարական աշխատանքների պատճառով փակ է լինելու Դիլիջան քաղաքի Կալինինի 4-րդ նրբանցք 2 հասցեից մինչև Կալինինի 4-րդ նրբանցք 16/1 հասցեն: Ճանապարհը կարող եք շրջանցել Գետափնյա փողոցով: