Աճարկուտ բնակավայրում գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը

2023 թվականի հունիսի 7-ին` Իջևան համայնքի Աճարկուտ բնակավայրում, ժամը 10։00-ից 15-00-ն ՀՀ ՆԳՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչությունը անց է կացնելու «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։
Գործարկվելու է բնակչության ազդարարման շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ:



Հովհաննես Շիրազ 109

Այսօր մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է:
Մեկնաբանություններում սպասում ենք ձեր սիրելի շիրազյան տողերին․
—–
Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա։
Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին,
Սակայն, իմացիր, հայրենի՛ք իմ մեծ,
Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին,
Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց։
Ես ամբողջովին քոնն եմ, հայրենիք,
Եվ մոմի նման, ճամփեքիդ վրա
Քո փառքի համար թե մի օր վառվեմ,
Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա։




Հրդեհ Ջուջևան գյուղում

Հունիսի 5-ին, ժամը 14։39-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջուջևան գյուղում այրվում է փայտաշեն տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջուջևան գյուղի Ռ․ Սևակի փողոցում գտնվող ինքնաշեն փայտե տնակում և տարածվել հարակից քարե շինություն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։13-ին, մարվել՝ 15։26-ին։ Այրվել են փայտե տնակը (մոտ 12 քմ), վառելիքաքսուկային նյութերով պահեստավորած տարաներ, հարակից շինության առաստաղի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և ջերմահարվել է մոտ 20 պարկ խտացված անասնակեր։




Կաշառք տալու մեջ մեղադրվող՝ Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի կենտրոնի աշխատակցի ու ևս երկու անձի վերաբերյալ քննված վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու և նպաստի տրամադրման ժամկետը երկարաձգելու գործընթացը սահուն և անխոչընդոտ կազմակերպելու համար հիշյալ անձանցից կաշառք է ստացել:

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Տավուշի մարզի բնակիչ Ա. Ա.-ն եղբոր պետական նպաստի իրավունքի ժամկետը երկարաձգելու և նպաստի տրամադրումը չդադարեցնելու դիմաց 2023 թվականի մարտի 1-ին 20.000 ՀՀ դրամ կաշառք է տվել Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ին:

Բացի այդ, պարզվել է, որ վերը նշված պաշտոնատար անձը նույն օրը կաշառք է ստացել նաև Տավուշի մարզի մեկ այլ բնակչից՝ Յ. Գ.-ից: Վերջինս, իր բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պետական նպաստ ստացող շահառուների ցուցակում ընդգրկվելը չուշացնելու և նպաստը ժամանակին ստանալու համար Լ. Ա.-ին տվել է 10.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք ստանալու համար Լ. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով(2 դրվագ), իսկ կաշառք տալու համար Ա. Ա.-ին և Յ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով




Ընթացքի մեջ են մայթերի բազրիքների՝ նորով փոխարինման և թեքահարթակների կառուցման աշխատանքները

Բերդ քաղաքի կենտրոնական հատվածներում մայթերի բազրիքների՝ նորով փոխարինման և թեքահարթակների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ Կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ:
__________________
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու, Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգու հիմնովին վերանորոգման, «Հերոսների պուրակի» կառուցման, հարակից տարածքների բարեկարգման ծրագրի շրջանակում նախատեսված են այլ աշխատանքներ ևս:

  • Հիմնովին վերանորոգել Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգին, կառուցել(սալիկապատել) նոր ճեմուղիներ, լուսավորության նոր համակարգ, տեղադրել նստարաններ և աղբամաններ:
  • Կենտրոնական զբոսայգու հիմնանորոգումից հետո հատուկ նախատեսված տարածքում տեղադրել հանուն հայրենիքի նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող:
  • Զբոսայգու՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի հարակից հատվածում տեղադրել մարզասարքեր՝ նախատեսված պատանիների համար:
  • Հիմնովին վերանորոգել Մաշտոցի փողոցի մանկական զբոսայգին, կառուցել լուսավորության համակարգ, տեղադրել նոր խաղասարքեր, նստարաններ, աղբամաններ:
  • Վերանորոգել Մաշտոցի փողոցի բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների բազրիքները, աստիճանավանդակներին տեղադրել նոր բազրիքներ, մայթերը հարմարեցնել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների և մանկասայլակների անխոչընդոտ տեղաշարժին:
  • Վերանորոգել Մաշտոցի փողոցից դեպի Մաշտոցի 84 ա շենքի մուտք տանող հատվածը:
  • Տարբեր հատվածներում կառուցել նոր հենապատեր:




Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցի հիմնադրման օրվանից անցել է 35 տարի

Այսօր կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում՝ նվիրված սիրելի դպրոցի 35-ամյակին: Աշակերտներն ուսուցիչների նվագակցությամբ ներկայացրին Կոմիտասի, Ռախմանինովի, Այնաուդիի, Խաչատուր Ավետիսյանի և այլ երգահանների հայտնի ստեղծագործությունները:

Միջոցառման հյուրերն էին Դիլիջան համայնքի ղեկավարը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցները, Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մ. Ապրեսյանը, Խոհարարների միության նախագահ Ս․ Մամուլյանը, հանրակրթական դպրոցի տնօրենները, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Դիլիջանի համայնքապետարանը սիրով շնորհավորում է Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցին՝ հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ: Թող ձեր հաջողություններն անսպառ լինեն, միտքը՝ ստեղծագործ, ելույթները մեծ բեմերում՝ շարունակական:




Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է. Դատախազություն

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արսեն Ղայթմազյանը 2 ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը։ Տեղեկությունը «Լուրերի» հարցին ի պատասխան հայտնել են Դատախազությունից։

Երեկ Ա. Ղայթմազյանը ձերբակալվել էր։

Նրան մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Հիշեցնենք, որ նա «Հաղարծին» ռեստորանային և հյուրանոցային համալիրում ծեծել էր 16-ամյա անչափահասի։




Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնն իր մասնակցությունն ունեցավ «Վարդատոն» ամենամյա փառատոնին

Ամեն տարվա մայիս ամսվա վերջին կիրակի օրը Թբիլիսիում հատուկ օր է։ Մայիսի 28-ին 109-րդ անգամ Թբիլիսիի կենտրոնում աշուղական երգ ու պարով նշվեց արդեն ավանդույթ դարձած «Վարդատոն»-ը, որը նվիրված է Սայաթ-Նովայի հիշատակին։

Ավելի քան մեկ դար առաջ հայ և վրացի մտավորականները Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ աշուղի շիրիմին վարդեր խոնարհելով և նրա երգերը երգելով՝ հիմք դրեցին թբիլիսահայության այս սիրելի տոնին։

Այս տարի տոնին մասնակցելու էին եկել Հայաստանի Հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան Մշակույթի կենտրոնը, մի շարք այլ երաժշտախմբեր, ինչպես նաև Տավուշի մարզից Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնը՝ ասմունքի ելույթով։

Միջոցառմանը ներկա էին մի շարք վրացի պաշտոնյաներ, մտավորականներ, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Ավանդական տոնին հնչեցին աշուղի ոչ միայն հայ, այլև վրացերեն երգերը։




Ավտոճանապարհային պատահար Երևան-Իջևան Մայրուղու Դիլիջան- Թեղուտ հատվածում (Թարմացված)

Հունիսի 2-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1974 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել դեպի ձորը (մոտ 5 մ) և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:




Պարզաբանում. մայիսի 5-ից Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի լիազորությունները դադարեցվել են

Այսօր լրատվամիջոցներով տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծում է մի տղայի:

Հայտնում ենք, որ վերոհիշյալ դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկատվություն էր ստացվել, որ 2023 թ. ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը Դիլիջանի ռեստորանային համալիրներից մեկում ծեծի է ենթարկել ռեստորանի աշխատակցին:

Վերոգրյալի կապակցությամբ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական հետախուզության բաժանմունքի պետը պաշտոնում մնալով՝ կարող էր խոչընդոտել քննությանը, մայիսի 5-ին նրա ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:
Ծառայողական քննությունը շարունակվում է: