Նոյեմբերյանում էր նշանավոր կիթառահար Արտյոմ Դերվոյեդը

Օրերս Նոյեմբերյան քաղաքի Մշակույթի կենտրոնի դահլիճում կայացել է ռուս հայտնի դասական կիթառահար Արտյոմ Դերվոյեդի մենահամերգը։

Համերգի ավարտին Ա. Դերվոյեդը և միջոցառման կազմակերպիչ «Պրիմավերա» բարեգործական ֆոնդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել համայնքի երաժշտական դպրոցի տնօրենների հետ՝ քննարկելու դասական երաժշտության զարգացման հարցեր։ 

Հյուրընկալության երկրորդ օրը Կողբի գեղարվեստի դպրոցում Արտյոմ Դերվոյեդն անցկացրել է վարպետության դաս կիթառահար Կարինե Ալեքսանյանի սաների համար։ 

Պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։




ՃՏՊ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա տուժած

Մայիսի 18-ին, ժամը 21:33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Խ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի արգելապատնեշին և մոտ 5 մ սահելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Քաղաքացի Ս. Վ.-ն (ծնված 1965 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:




Նոյեմբերյանը կունենա համայնքի բրենդը

Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնում են, որ «Ապրելու» հիմնադրամի և «Սկևռա» քաղաքային պլանավորման ինստիտուտի հետ համագործակցությամբ Նոյեմբերյանն ունի համայնքի սեփական բրենդը:
Բրենդի վերջնական տեսքի համար համայնքապետարանը ակնկալում է բնակչության կարծիքը` վերջնական տեսք ստանալու համար: Ստորև ներկայացում ենք Նոյեմբերյան համայնքի նոր բրենդի նկարագրությունը.



«Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի արտահերթ նիստ

Այսօր՝ մայիսի 17-ին, Տավուշի մարզպետարանում կայացավ «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի արտահերթ նիստ։ Խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանի բացակակայությամբ պայմանավորված նիստը վարեց Նարեկ Ղուշչյանը:

Նիստին մասնակցում էին խորհրդի անդամներ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, խոշորացված համայնքների ղեկավարները, ԵՊՀ ԻՄ տնօրեն Անուշավան Մակարյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը, «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Սյուզաննա Պետրոսյանը և Սոս Խաչիկյանը:

Սյուզաննա Պետրոյանը ներկայացրեց մինչ այժմ կատարված աշխատանքները։
Նիստի ընթացքում քննարկվեց մայիսի 27-28-ին Երևանում կայանալիք Ներքին զբոսաշրջային էքսպոյին առնչվող հարցեր, առաջարկվեց հանայնքների ղեկավարներին ձեռնարկել համապատասխան միջոցներ` Տավուշի մարզը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար:

Նիստի վերջում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գոռ Ալեքսանյանն ազատվեց խորհրդի նախագահի պարտականություններից, միաժամանակ կազմակերպության խորհրդի անդամի պարտականությունից: Նրա փոխարեն քննարկման արդյունքներով որոշվեց Սոս Խաչիկյանին նշանակել խորհրդի նախագահի պաշտոնում, որն ընդունվեց միաձայն:




Տավուշեցի երիտասարդների ջանքերով կայացավ արդեն չորրորդ «Թամզարա»-ն

Մայիսի 14-ին ազգային պարերի ուղեկցությամբ Իջևանի շատրվանների հրապարակից մեկնարկեց թվով արդեն չորրոդ «Թամզարա»-ն:

Գետահովիտ համայնքում գտնվող հոգևոր- վերականգնողական կենտրոնում շարունակվեց «Թամզարա» նախաձեռնության երկրորդ մասը:

Որպես հատուկ հյուր հրավիրված էր «Կայթ բենդ»-ը։

Ընկերական մթնոլորտում, աշխատասիրության ջանքերով և մեծ նվիրվածության գաղփարով ի կատար ածվեց «Թամզարա 4»-ը:




Իրազեկում օդային տագնապի վերաբերյալ

Մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Լուսահովիտ բնակավայրում անցկացվելու է Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։




Աչաջուր բնակավայրում Փրկարար ծառայության թեմատիկ վարժանք է անցկացվել՝ օդային տագնապի վերաբերյալ

Հայաստանի  Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատանքային խմբի կողմից մայիսի 15-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրում անցակացվեց «Օդային տագնապ ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք: Աչաջրի վարչական շենքում, դպրոցում, մանկապարտեզում և բնակավայրում գործող այլ կառույցների աշխատակիցների, բնակիչների համար Տավուշի մարզային փրկարարական վարչության ծառայողները իրականացրին իրազեկման աշխատանքներ՝ արտակարգ իրավիճակներում վարվելակերպի, անվատագության կանոնների վերաբերյալ:

Միջոցառումների ընթացքում էլեկտրաշչակի միջոցով իրականացվեց ազդարարում, կազմակերպվեց տարհանում և պատսպարում: Աչաջրի միջնակարգ դպրոցում  քննարկվեց բնակչության վարվելակերպի կանոնները՝  «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում:  Կարևորելով նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, բնակչությանը մշտապես իրազեկ պահելու անհրաժեշտությամբ մասնագետները վստահեցնում են, որ այսօրինակ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ: 




Բերդավանում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը

Օրերս Բերդավանի գեղագիտական կենտրոնում տեղի ունեցավ «Հանդիպում 100 տարի անց» ներկայացումը:

Ներկայացման դերասանական կազմում աշակերտներն են, որոնք մարմնավորում են ականավոր հայ կանանց, ներկայացնում նրանց կյանքն ու գործունեությունը:

Մանրամասները՝ Տավուշ Մեդիայի թղթակից Արաքսյա Ամիրաղյանի ռեպորտաժում։




Դիտավանում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման արարողություն

Այսօր Իջևան համայնքի Դիտավան բնակավայրում տեղի ունեցավ մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողություն։ Մարզահրապարակը կառուցվել է ՖԱՅԴԵՔ Արմենիա հայ-արգենտինական առողջապահական հիմնադրամի նախաձեռնությամբ՝ գյուղի վաղեմի բարեկամ և բարերար Նադյա Կասպարի աջակցությամբ։ Նախագծային աշխատանքները և մարզահրապարակի կառուցումն իրականացվել է Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի կողմից:

Մարզահրապարակի բացմանը ներկա էր Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կառույցի համար բարերարին շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ Ողջույնի խոսք ասացին նաև Դիտավանի վարչական ղեկավար Հակոբ Սարիբեկյանը, Դիտավանի դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, բարերար Նադյա Կասպարը։ Մարզահրապարակի բացմանն իր օրհնությունն էր բերել Տավուշի թեմի Իջևանի հովվության հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը։

Իջևան խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը շնորհակալագիր հանձնեց կառույցի հովանավոր ու բարերար Նադյա Կասպարին։

Մարզահրապարակի կառուցման հիմնական նպատակն է պարբերաբար մարզվելու միջոցով գյուղի բնակչության շրջանում խրախուսել առողջ ապրելակերպը։ Առանց տարիքային սահմանափակման՝ այստեղ կարող են անվճար մարզվել բոլոր ցանկացողները: Մարզահրապարակը ներառում է և՛ ֆիթնես մարզասարքեր, և՛ վորքաութի մարզասարքեր 6-ից մինչև 80 տարեկանների համար։

Միջոցառման ավարտին ելույթ ունեցան Հայաստանի Սթրիթ Վորքաութ ֆեդերացիայի ատլետները։




Ընթացիկ աշխատանքներ՝ Բերդ և Դիլիջան համայնքների բնակավայրերում

Բերդ համայնքի բնակավայրերում շարունակվում են ներբնակավայրային ճանապարհների բարեկարգման, խմելու ջրագծերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները:

Բերդում
Իրականացվում են երկրորդային(թաղամասային) ճանապարհների բարեկարգման՝ հարթեցման և խճապատման աշխատանքներ:

Պառավաքարում
Իրականացվել են խմելու ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:

Վարագավանում
Իրականացվել են ոռոգման ջրագծի ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
_______
Աշխատանքներն իրականացրել է «Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ը(Վարագավանում՝ «Տավուշ» ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ):

Դրա հետ մեկտեղ ՀՀ Կառավարության սուբվենցիոն ծրագրով և Դիլիջանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ Հաղարծին գյուղական բնակավայրում մեկնարկել է բնակավայրի 2-րդ, 7-րդ և 10-րդ փողոցների հիմնանորոգման նախագիծը:

Վերականգնվող տեղամասի ընդհանուր երկարությունը 1,5 կմ է: Նախատեսվում է տուֆապատել ճանապարհը: Այս պահին իրականացվում են հողահարթեցման աշխատանքներ, որից հետո կմեկնարկեն սալարկման աշխատանքները:

Աշխատանքները կավարտվեն մինչև 2023 թվականի նոյեմբերը: Առավել մանրամասն տեղեկատվություն կհրապարակենք ավելի ուշ: