Զատկի տոնն արծվաբերդցի մանուկների աչքերով․ Գյուղական կյանք

Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,

Կարմիր հավկիթ ներկել կուզեմ․․․

Տավուշ Մեդիայի թղթակից Լաուրա Դուրյանի տեսանյութում Զատկի տոնն է՝ այնպես, ինչպես որ այն կա արծվաբերդցի մանուկների աչքերով։




ԵՊՀ ԻՄ-ում կայացել է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ապրիլի 15-ին մեկնարկեց «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը: Համաժողովի նպատակը ուսանողական հետազոտությունների խթանումն է, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովին մասնակցում էին բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ` Հայաստանից և աշխարհի 62 համալսարաններից:

Արտերկրից ժամանած երիտասարդ հետազոտողները կիսվեցին նաև իրենց տպավորություններով ու ակնկալիքներով:

Համաժողովի շրջանակում  քննարկվեցին մանկավարժության արդի հիմնախնդիրները, ներկայացվեցին սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները,  քննարկումներ ծավալվեց նաև մանկավարժության զարգացման հիմնական միտումների, արժեքների ու հեռանկարների վերաբերյալ:

Գիտագործնական համաժողովի շրջանակում  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը հետագայում ևս  բազմակողմանի հնարավորություններ է ընձեռելու ուսանողներին և դասախոսներին:

Նախաձեռնողների հավաստմամբ՝ նմանօրինակ համաժողովները կրելու են շարունակական բնույթ՝  նպաստելով ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացմանը:




Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են Renault Logan Van-ն ու Mercedes Viano-ն. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Իջևանի փրկարարները, պարեկներն ու բժիշկները

Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան – Սևան – Իջևան ավտոճանապարհի 124 կմ-ին բախվել են Երևանի բնակիչ, 24-ամյա Գարիկ Կիրակոսյանի վարած Renault Logan Van մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 55-ամյա Գուրգեն Սեդրակյանի վարած Mercedes Viano մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Renault Logan Van-ի վարորդ Գ. Կիրակոսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 23-ամյա Հարություն Կիրակոսյանը, Mercedes Viano-ի վարորդ Գ. Սեդրակյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Մավրիկ Դ.-ն, 63-ամյա Սեդրակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու տեղում իրականացրել հերթապահություն:

 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով նույն գումարտակի 1-ին վաշտի պարեկ Աստիկյանն ու կրտսեր պարեկ Մխիթարյանը տեղում ուժեղացված ծառայություն են կատարել, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Աչինյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Պարեկային ծառայության Տավուշի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հայտարարում է դրամաշնորհային մրցույթ/ Աջակցություն զբոսաշրջային առնվազն 2 բիզնես նախաձեռնություններին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

04․04․2023թ․

Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու) ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով հետևյալ միջոցառման համար

Աջակցություն զբոսաշրջային առնվազն 2 բիզնես նախաձեռնություններին (Ծածկագիր՝ 12/4-23zb)։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ պայմանագիր)։

Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգում։

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը ժամը 17։00-ն:

Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով armeps համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 16-րդ օրը ժամը 12։00-ին։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար Շաքե Հովսեփյանին։

 

Հեռախոս՝ 011597157

Էլ. փոստ` stc@mineconomy.am

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե




Աշխարհի ծայրերից՝ Տավուշին․ Լաս Վեգաս

Տավուշ TV-ի եթերում շարունակվում է Ասպրամ Սարատիկյանի հետ մեր ամերիկյան ճամփորդությունը: Մեր ամենահետաքրքիր թողարկումներից մեկը տանում է բոլորիս Լաս Վեգաս՝ բացահայտելու «գիշերը ապրող» քաղաքի գաղտնիքները։

Եթե ամբողջ աշխարհում մարդիկ արթնանում են առավոտյան, ապա Վեգասում կյանքն սկսում է գիշերը։ Լաս Վեգասը հսկայական խաղահրապարակ է, որտեղ ամեն բան արվում է, որպեսզի մարդկանց ներքաշեն խաղի մեջ։

Գիշերային Վեգասը նման է հեքիաթի․ բավական է լույսը բացվի, և այն միանգամից կանհետանա։ Ոմանք այս քաղաքում կարողանում են հասնել հրաշքին, բայց շատերն էլ անհետանում են լույսի բացվելուն զուգընթաց։




Տղերքը․ Լյովա Դանոյան

«Ինձ թվում ա՝ պատերազմի մասնակից բոլոր հերոս տղաները մի ընտանիքից են դուրս եկած․ որ պատմում ա ծնողը, ասում եմ՝ ոնց որ իմ երեխու մասին պատմի»,- պատմում է մայրը։

«Տղերքը» հաղորդաշարի մեր հերթական թողարկումը Լյովա Դանոյանի մասին է՝ Դիլիջան քաղաքում ծնված երիտասարդի, ում բարությունն ու հոգատարությունը տանը և շրջապատում նույնքան մեծ անվեհերության վերածվեցին վճռական պահին՝ մարտի դաշտում։

«Ինքը երբեք հետ չի նայել, հետ չի գնացել․․․ծառայակիցներն ասում են՝ ինքը ոչ մի բանից չէր փախչում, չէր վախենում»։

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Լյովա Արթուրի Դանոյանը ծնվել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում: 2015-2018 թթ. սովորել է Դիլիջանի ավագ դպրոցում:

2019 թ․-ի հունվարի 23-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցելով Հադրութում: Հոկտեմբերի 3-ին ստացել է երկու ոտքի բեկորային վրիավորում, սակայն շարունակել է կռվել՝ մարտի դաշտում չթողնելով իր զինակիցներին: Հոկտեմբերի 29-ին Լյովային տեղափոխում են Ճարտար գյուղ, որտեղ էլ զոհվում է նոյեմբերի 2-ին՝ թշնամու հերթական գրոհներից մեկի ժամանակ՝ անօդաչու թռչող սարքի հարվածից:

Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Գթության մայր» մեդալներով։




Տավուշում սահմանային իրավիճակը հանգիստ է

Տարածվող տեղեկությունը՝ Նոյեմբերյան և Բերդ համայնքի ուղղությամբ կրակոցների մասին չի համապատասխանում իրականությանը։ Տավուշ Մեդիայի հետ զրույցում հայտնեց Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը։

– Տարածվող լուրերը, իբրև Պառավաքարի ուղղությամբ հրաձգություն է՝ ապատեղեկատվություն է, – հավելեց համայնքապետը։

Իր հերթին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի հավաստմամբ՝ սահմանի՝ իրենց տարածաշրջանի հատվածում ևս այս պահին լարվածություն չկա։




Ենոքավան բնակավայրում շչակ է գործարկվելու

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 12-ին Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան բնակավայրում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ի սահմաններում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Խնդրում ենք չանհանգստանալ;




«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդում և Կողբում փոխադարձ այցերով բեմադրվել են «Սարերում կյանք կա…» և «Գարնանային ղողանջներ» պիեսները

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում մարտի 30-ին Բերդի համայնքային մշակույթի տանը Կողբի մշակույթի կենտրոնի թատերական խմբի կատարմամբ բեմադրվել է «Սարերում կյանք կա…» (պիեսի հեղինակ` Լիանա Անթառանյան, ռեժիսոր` Սասուն Մուրադյան) ներկայացումը:

Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ավագ մասնագետ Մարինե Խաչատրյանը կարևորել է միջոցառումը՝ մասնավորապես նշելով. «Մեր մարզը թատերական մշակույթի հարուստ ավանդույթներ է ունեցել: Բոլոր տարածաշրջանները՝ Բերդը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Իջևանը, ունեցել են իրենց թատերական խմբերը: Հուրախություն բոլորիս՝ Կողբի, Նոյեմբերյանի, Բերդի մշակույթի տները փորձում են վերածնել թատրոնի ավանդույթները մեր մարզում»:

Բերդի համայնքային մշակույթի տան տնօրեն Արմեն Մելիքյանը և Կողբի մշակույթի կենտրոնի տնօրեն Սասուն Մուրադյանը ևս կարևորել են միջոցառումը՝ համայնքների մշակութային կյանքը հարստացնելու, միջհամայնքային մշակութային համագործակցությունը զարգացնելու և թատերական մշակույթի ավանդույթները վերականգնելու առումով:

«Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառումը կայացել է ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, Տավուշի մարզպետարանի և Բերդի համայնքապետարանի աջակցությամբ:

Նշենք, որ «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակում Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան ապրիլի 2-ին փոխադարձ այցով Կողբի մշակույթի տանը հանդիսատեսին կներկայացնի Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Փոխադարձ այցով Բերդի մանկապատանեկան թատերախումբը Կողբում ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հովանավորությամբ, մարզպետարանի աջակցությամբ և «Կողբի գեղարվեստի դպրոց» գիտակրթական հասարակական կազմակերպության /տնօրեն՝ Արա Ղուլիջանյան/ համագործակցությամբ իրականացված «Թատրոնի օր» խորագրով միջհամայնքային մշակութային միջոցառման շրջանակներում օրերս փոխադարձ այցով Բերդի մշակույթի տանը գործող Արտավազդ Երիցյանի անվան թատրոն-ստուդիան Կողբի մշակույթի տանը ներկայացրել է Արտաշես Փալանդուզյանի «Գարնանային ղողանջներ» պիեսը (բեմադրող ռեժիսոր` Անուշ Մելիքբեկյան):

Կողբում Բերդի մանկապատանեկան թատերախմբի ելույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ներկայացումից հետո «Թատրոնի օր» միջհամայնքային մշակութային օրը խորհրդանշող հուշանվերներ են տրվել թե Կողբի և թե Բերդի դերասանական ու ռեժիսորական կազմի բոլոր անդամներին, իսկ թատերախմբերն ու մշակույթի տան տնօրենները, նախաձեռնողներն ու սատարողները արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի։




ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին

Ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։

Վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։