ՃՏՊ Բերդ-Իջևան ավտոճանապարհին

Ապրիլի 10-ին, ժամը 17։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ու․, ծնված 1981 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 600 մետր գլորվել հարակից ձորը։

Վարորդը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ձորից։




Թամզարա – 3․ Իջևանում Սուրբ Հարությունը ազգային գույներով է տոնախմբվել

Ի՞նչը կարող է միավորել Դիլիջանից Ստելլային, շվեյցարահայ Լեռնային, սիրիահայ Ջոնիին, ֆրանսահայ Ցողիկին․ իհա՛րկե՝ «Թամզարա» նախաձեռնությունը։ 

Ապրիլի 9-ին Իջևանի Շատրվանների հրապարակը մարդաշատ էր․ Սուրբ Հարության տոնի առթիվ կազմակերպված «Թամզարա – 3»-ը մեծ սիրով ու լույսով բոլորին վարակելու նպատակ ուներ․ ներկաները հավաստում են՝ լիովին հաջողված նպատակ։

Իջևանի կենտրոնում մշակութային մեծ տոնախմբությունից Տավուշ TV-ն իհարկե, անմասն չի մնացել․ Հրանտ Ղազումյանը և մեր թիմը պատմում են միջոցառման մասին՝ հատուկ ձեզ համար։ 




«Գարունը երկնքում»․ հուշ-ցերեկույթ Դիլիջանում՝ նվիրված անմահացած Լևոն Մանթաշյանին

Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Լևոն Մանթաշյանը ապրիլի 3-ին կդառնար 22 տարեկան։ Լևոնի ծննդյան օրը Դիլիջանի մանկական երաժշտական դպրոցում կայացավ «Գարունը երկնքում» հուշ-ցերեկույթը։

Դեռևս 15 տարեկանում Լևոնը սկսել է նվագել կիթառ, ավելի ուշ սկսել է նաև ստեղծագործել։ 2018 թվականին ընկերների հետ ստեղծել են «Եղևնուտ» երաժշտական խումբը, որտեղ ստանձնել է առաջնորդ-կիթառահարի, վոկալիստի ու երգերի հեղինակի դերը։ Այդ ընթացքում գրել է մի շարք հեղինակային երգեր ու բանաստեղծություններ, որոնք ամբողջացվել են և շուտով կհրատարակվեն։

Լևոն Մանթաշյանին նվիրված «Գարունը երկնքում» հուշ-ցերեկույթը նախաձեռնել էր Դիլիջանի համայնքապետարանը։ 

Լևոնը ծնվել է 2001 թվականի ապրիլի 3-ին, Ռուսատանի Դաշնության Պերմ քաղաքում: 2007 թվականին տեղափոխվել է Դիլիջան, ընդունվել քաղաքի թիվ 4 հիմնական դպրոց, ուսումը շարունակել է Դիլիջանի ավագ դպրոցում։ 2019 թվականին զորակոչվել է բանակ` ծառայության անցնելով Արցախի Հանրապետության առաջին պաշտպանական շրջանում։ Լևոնը զինակից ընկերների հետ կռվել և զոհվել է մարտի դաշտում՝ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին։




Բեզու հեծանիվները ուղևորվում են Իջևան

Բեզուն սկսում է նոր սեզոնը շատ հաճելի միջոցառումներով: Մենք ներկայացնում ենք հեծանիվները մարզային քաղաքներում:

Այսպես, ապրիլի 8-ին ուղևորվում ենք Իջևան՝ Տավուշի մարզ։ Հրավիրում ենք բոլոր տավուշեցիներին Իջևանի քանդակների այգի՝ հեծանիվ քշելու և լավ ժամանակ անցկացնելու։

Մենք նաև հետաքրքիր առաջարկ ունենք քաղաքային առաքմամբ զբաղվողների, ինչպես նաև հյուրատների համար, այնպես որ եթե այս ոլորտներում զբաղված եք, ապա առանց մտածելու եկեք:

Գալու է նաև Տավուշ ՀԸ նկարահանող խումբը, այնպես որ հեռուստացույցով էլ մեզ կտեսնեք
Կհանդիպենք այս շաբաթ օրը՝ Ապրիլի 8-ին, ժամը 13։00 Իջևանի քանդակների այգում։

Մեզ գտնելու համար զանգեք 098 222 389 հեռախոսահամարով։

Մինչ հանդիպում




Մակարավանքում մեծ շուքով տոնախմբվել է Ծաղկազարդը

Աչաջուր, Ծաղկավան, Կիրանց ու Բերքաբեր գյուղերի բնակիչները հավաքվել էին Մակարավանքում․ Հայ առաքելական եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը։

Տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ։ Այս տարի այն նշվեց ապրիլի 2-ին։ Ծաղկազարդի առավոտյան եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, օրհնվում են ձիթենու կամ ուռենու ճյուղերն ու նվիրում ժողովրդին, որոնք, ըստ սովորության, պետք է պահվեն մինչև հաջորդ Ծաղկազարդ, քանի որ իրենց հետ առատություն, պտղաբերություն ու բարիք են բերում ։

Արարողության ժամանակ Իջևանի թիվ 1 երաժշտական դպրոցի ժող. գործիքների համույթը հանդես եկավ տոնական համերգով։

Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները՝ խորհրդանշելով Տիրոջ երկրորդ գալուստը, աշխարհի վախճանը և Վերջին դատաստանը։




«ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ընկերությունը հաղթող է ճանաչվել ՀՀ Տավուշի մարզի տարածքում լսողական ծրագրի սփռման մրցույթում

Այսօր՝ ապրիլի 3-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության վերաբերյալ հարցը։

Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են լսողական ծրագրի մրցույթի մասնակիցներին:

Վարկանիշային քվեարկության արդյունքում մասնակցության համար հայտ ներկայացրած «ԷՖ-ԷՄ» ՍՊ ընկերությունը ստացել է 81, «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը՝ 85, իսկ «ՄԵԴԻԱ ՄԱՐՍԵՏ» ՍՊ ընկերությունը՝ 66 միավոր:

Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «ՏԱՎՈՒՇ ՄԵԴԻԱ» ՍՊ ընկերությունը:




Զրույցներ գնդապետի հետ․ Դաստիարակություն

«Զրույցներ գնդապետի հետ»․ Տավուշ TV-ի եթերում այսօր նոր շարք է մեկնարկում։

Հեռուստադիտողին հրավիրում ենք մեզ հետ միասին տեղափոխվելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժարանի լսարան․ այստեղ միասին ունկնդրելու ենք վարժարանի հիմնադիր գնդապետ Ալեքսան Մինասյանի զրույցներն իր սաների և արդեն նաև՝ մեզ հետ հետ։

Առաջին թողարկման թեման է՝ «Դաստիարակություն»։




Մարմնամարզության երիտասարդական ԱԱ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալներ են նվաճել Թուրքիայում

Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր:

Անթալիա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Մամիկոն Խաչատրյանը, 14.100 միավորով, դարձել է արծաթե մեդալակիր: Հայաստանի ներկայացուցիչները երեկ մասնակցել էին աշխարհի երիտասարդական առաջնության բազմամարտի եզրափակչին։ Համլետ Մանուկյանը 78.666 միավորով գրավել է 6-րդ, իսկ Էրիկ Բաղդասարյանը՝ 12-րդ տեղը։




Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի. Նաիրա Աբրահամյան

«Եթե բոլորը ձգտեն քաղաք, այստեղի մշակույթն ո՞վ կպահի»։

Դերասանուհի Նաիրա Աբրահամյանը Նոյեմբերյանի Մշակույթի կենտրոնում է 1991 թվականից, խաղացել է 30-ից ավելի ներկայացումներում, վերջերս պարգևատրվել է նաև ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով։

Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանի տեսանյութը գծում է Նաիրա Աբրահամյանի դիմանկարը՝ այն նվիրյալներից մեկի, ում շնորհիվ կենդանի և բաբախող է Նոյեմբերյան համայնքի մշակութային սիրտը։




Կողբի գեղարվեստի դպրոցում բացվել է «Քեզ համար» խորագրով խմբակային ցուցահանդեսը

«Քեզ համար»․ այս խորագիրն է կրում մարտի 20-ին Կողբում բացված խմբակային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մի շարք արվեստագետների աշխատանքներ։

Կողբի գեղարվեստի դպրոցում ընթացող ցուցահանդեսի խորագիրը՝ «Քեզ համար», ընտրված է այնպես, որ յուրաքանչյուր այցելու ներկայացված աշխատանքներում և միջավայրում գտնի այն, ինչն իրեն հոգեհարազատ է՝ գույները, նախասիրությունները, տրամադրությունը։ 

Ցուցահանդեսը բաց կլինի 20 օր, այնպես որ շտապե՛ք այցելել։

Բացման մասին մանրամասները պատմում է Տավուշ Մեդիայի թղթակից Հրանուշ Անանյանը։